Գրքեր

Սուրբ Անանիա առաքյալի հիշատակության օրվա քարոզ

«Եւ էր Անանիա փառաց մարմնով, այլ յոյժ հեզ և հանդարտ սրտիւ, լի հոգւով Աստուծոյ, առատ ի բանս և զուարթ ի գործս»

Սիրելի՛ բարեպաշտ հավատացյալներ,

Հայ Առաքելական Սուրբ եկեղեցին այսօր նշում է Տեր Հիսուս Քրիստոսի յոթանասուներկու աշակերտներից՝ Անանիայի, Մատաթիա, Փիլիպպոս առաքյալների և օրվա մյուս սրբերի հիշատակության օրը, իսկ Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցին, սուրբ Պատարագով, տոնում է մասնավորապես Անանիա առաքյալի հիշատակը, քանի որ, ինչպես գիտեք, նրա սուրբ մասունքների մի մասը դարեր ի վեր ամփոփված են մեր եկեղեցուն կից մատուռում՝ սրբի հովանավորությունն ու աստվածընկալ զորությունը պարգևելով թե՛ մեր եկեղեցուն, թե՛ հավատավոր ուխտավորներին: Այս տոնը նշանավորվում է նաև այն սքանչելի իրադարձությամբ, որ տեղի է ունենում տարին ընդամենը մեկ անգամ, այն է՝ Մայր Աթոռում պահվող սուրբ Անանիայի հրաշագործ աջի բերումը մեր եկեղեցի՝ բոլոր հավատացյալների երկրպագության համար: Սա մի անգին պարգև է մեզ՝ քրիստոնյաներիս համար, անգին հնարավորություն՝ հաղորդակցվելու Քրիստոսի երկրային կյանքի ժամանակակցի մասունքներին, մարդու՝ ով Տիրոջ տասներկու մերձ աշակերտների թվում չէր, սակայն արժանացավ տասներեքերորդի դարձի գալու անմիջական մասնակիցը լինելուն: Նա յոթանասուներկու աշակերտներից էր միայն, սակայն արժանացավ անձամբ Տիրոջից կարգադրություն ստանալու, անձամբ Ամենակալից ստանալու բժշկելու աստվածային զորությունը: Համաձայնեք, որ սա մեծ պատիվ է, սիրելի՛ հավատացյալներ, սակայն այդպես էլ պետք է լիներ, քանզի  Տեր Հիսուս Քրիստոս ի դեմս Անանիայի տեսավ այն մաքուր ու խոնարհ սիրտը, որ պատրաստ էր Աստծո հոգով լցվելու և հեզությամբ ենթարկվելու Տիրոջ առաջին իսկ կանչին, որքան էլ այն մարդկային տրամաբանությամբ տարօրինակ թվար: Քանզի Աստված նրան կանչեց բժշկելու մեկի աչքերը, ով անողոք հալածչի անուն էր վաստակել քրիստոնյաների շրջանում: Եվ իրոք, Սավուղը կամ Սողոսը՝ ապագա Պողոս առաքյալը, Դամասկոս էր գնացել տեղի քրիստոնյաներին հալածելու, այսինքն՝ հետապնդելու, ձերբակալելու և նույնիսկ սպանելու նրանց, և միգուցե հենց իրեն՝ Անանիային նույնպես: Եվ այն փաստը, որ ինքը պետք է գնար ու բժշկեր, այսինքն կրկին զորացներ իր և իր հավատակից եղբայրների հավանական դահճին, պետք է որ առնվազն շփոթության մատներ ապագա սրբին: Չեմ վախենա ասել, որ սա ինչ-որ առումով դժվարին մի փորձություն էր Անանիա աշակերտի համար, քանի որ պետք էր ակնթարթային որոշում կայացնել՝ հետևել Տիրո՞ջ ձայնին ու գնալ թշնամու մոտ, թե՞ սեփական «առողջ դատողությանը» և հեռու փախչել թվացյալ վտանգից: Այստեղ ուզում եմ մի պահ կանգ առնենք առաջին դարի սկզբում ծավալվող պատմության ոլորաններում և դառնանք մեր օրերը: Սիրելինե՛ր, մինչ կրկին կվերադառնանք Աստծո ընտրյալ ծառայի մաքրամաքուր սրտին, ուզում եմ, որ մեր հոգևոր հայացքն ուղղենք դեպի մեր սրտերը: Կտրվենք վերջապես մեր մտերիմների, ծանոթ-անծանոթների սրտերը փորփրելուց և նայենք մեր սեփականին: Նայենք այն ազնվությամբ ու շիտակությամբ, որոնց ունակ ենք: Եվ թող վախի ու զզվանքի զգացումները չվանեն մեզ, կրկին չդրդեն ինքնախաբեության, որովհետև սեփական մեղքերի աղտեղության կույտին ազնվորեն անդրադառնալն առաջին քայլն է դրանից ձերբազատվելու ճանապարհին: Ուզում եմ յուրաքանչյուրդ նայի իր սրտին և ազնվորեն ինքն իրեն խոստովանի՝ աշխարհիկի, մարմնականի, «ես»-ի կուտակած այդ աղբի մեջ արդյոք կա՞ մի փոքրիկ տարածք, որ դեռ ի վիճակի է ընդունելու աստվածային լույսի կանթեղը: Ուզում եմ անկեղծ լինեք ինքներդ ձեզ հետ և պատասխանեք՝ փորձության ժամին, երբ կանգնած եք դեպի Տիրոջ կանչող ձայնը տանող փշոտ ու խրթին, բայց փրկություն խոստացող և փախուստի ու ինքնախաբեության հեշտ ու զվարճալից, բայց կորստյան տանող ճանապարհների առջև, ո՞րն եք ավելի հաճախ ընտրում: Ինձ պատասխանել պետք չէ, սիրելինե՛ր, և ոչ էլ Ամենակալին, քանզի նա հրաշալի տեսնում է յուրաքանչյուրիդ սիրտը, այլ ինքներդ ձեզ պատասխանեք՝ առանց արդարանալու և այլ մեղավորներ փնտրելու: Ես միայն կասեմ, որ փրկության ճանապարհը միայն առաջին հայացքից է դժվար թվում, բայց բավական է միայն առանց երկմտանքի ու անկեղծ սրտով ամբողջովին վստահելով Աստծուն՝ ոտք դնել դրա վրա, և միանգամից կզգաք, թե Տերն ինչպես է թեթևացնում ձեր բեռն ու քաղցրացնում լուծը:

Սակայն, կրկին դառնանք մեր սիրելի սրբի պատմությանը, որի հիշատակությունն ենք տոնում այսօր և տեսնենք, թե էլ ինչ օրինակներ կարող ենք քաղել քրիստոնյայի մեր ընթացքի համար: Ինչպես արդեն նշեցի, Տեր Հիսուս Իր Անանիա աշակերտին կարգադրեց գնալ իրեն հալածողի մոտ և բժշկել նրա աչքերը: Եվ կարծիք հայտնեցի, որ դա ինչ-որ առումով փորձություն էր Անանիայի համար, սակայն կոնկրետ այս պարագայում կարող ենք նաև ասել, որ Անանիան հասել էր հոգևոր այն աստիճանին, երբ փորձությունը չի էլ հասցնում որպես այդպիսին ձևավորվել, քանզի Տիրոջ նվիրյալն այնպիսի աներկբա սիրով էր սիրում Աստծուն և այնպիսի անխախտ հավատ ու վստահություն ուներ առ Աստված, որ վայրկյան անգամ չերկմտեց Քրիստոսի կամքը կատարել: Եվ հենց այս անգին հատկանիշներն էլ ձևավորեցին Աստծո սուրբ նահատակի հետագա ուղին, երբ առանց երկմտելու, առանց վարանման ու երկյուղի դեմ գնաց իր դաժանությամբ հայտնի դատավորին, չհրաժարվեց իր որդեգրած հավատից և մարմինը զոհելով անմարդկային դաժան չարչարանքներին՝ անմահ հոգին փրկեց և դասվեց սրբերի երանելի շարքին:

Այո՛, ցավով ու տառապանքով լի ճանապարհ անցավ Աստծո երանելին, սակայն որը պսակվեց հավիտենական երանությամբ: Այո՛, դժվարանցանելի ճանապարհ, սակայն սուրբը երբեք լքված ու միայնակ չեղավ այդ ճանապարհին, այլ գոտեպնդվեց ու զորացավ Քրիստոսի սիրով: Իր սիրտն անմնացորդ կերպով Նրան նվիրեց, իր ձեռքը վստահությամբ Նրա ափի մեջ դրեց ու քայլեց՝ Աստծո Արքայությունը սրտում փայփայելով: Սուրբ Անանիան այս աշխարհում Կենդանի Աստծուն ընտրեց և Աստված փառավորեց նրան հավիտենության մեջ: Բժշկելու հրաշագործությամբ օժտեց ոչ միայն երկրային կյանքում, այլև ժամանակից դուրս: Եվ փա՜ռք Ամենակալին, որ այսօր էլ ականատես ենք լինում, սրբի բարեխոսությամբ կատարվող բժշկություններին:

Սիրելի՛ եղբայրներ և քույրեր, սիրելի՛ ուխտավորներ, թող Աստված ընդունի այսօր ձեր ուխտը՝ Իր հավատարիմ սրբի բարեխոսությամբ, ապաքինի ձեր հոգու ու մարմնի վերքերը, ի բարին դարձնի ձեր ցանկությունները: Սակայն թույլ տվեք մի խնդրանք էլ ես հայտնեմ Տիրոջն այսօր, որը հուսամ Նրա սուրբ կամքով կկատարվի: Ես այսօր աղաչում եմ Տեր Հիսուս Քրիստոսին, որպեսզի սուրբ Անանիայի առաքինազարդ կերպարը Աստծո ճշմարիտ ծառայի օրինակ հանդիսանա ձեզանից յուրաքանչյուրի համար: Որպեսզի նրանից բարեխոսություն խնդրեք ոչ միայն մարմնի ախտերի համար, այլ առաջին հերթին՝ հոգու: Որպեսզի սրբի աստվածավախությունը, աներկբա հավատը, անհատնում սերը Տիրոջ նկատմամբ փոխանցվի ձեզնից յուրաքանչյուրին և դուք էլ պատրաստ լինեք Տիրոջ առաջին իսկ կանչին պատասխանելու. «Այստեղ եմ, Տե՛ր» (Գործք 9:10): Թող Տիրոջ շնորհները զարդարեն ձեզ, որպեսզի Աստծո Արքայության մեջ սրբերի հետ միասին դուք էլ կարողանաք փառաբանել Ամենասուրբ Երրորդությանը՝ Հորը, Որդուն և Սուրբ Հոգուն: Ամեն:

 

Տեր Գրիգոր քհն. Գրիգորյան

17.10.17
ԲաԺանորդագրվել
Ընթերցել նաև
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․