Գրքեր

Սուրբ Անանիայի հրաշագործ աջը Զորավոր Ս. Աստվածածին եկեղեցում

Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին Քրիստոսի 72 աշակերտներից Ս. Անանիայի հիշատակության օրը այս տարի նշեց հոկտեմբերի 17-ին: Օրհնաբեր օրը բազում ուխտավորների էր առաջնորդել դեպի Երևանի հնագույն եկեղեցիներից մեկը՝ Զորավոր Ս. Աստվածածին: Ուխտավորների մեծ փափագն էր սրբի ամենազոր նշխարների օրհնությանը հաղորդակից լինել ինչպես եկեղեցուն կից Ս. Անանիայի մատուռ-դամբարանում, այնպես նաև առաքյալի մասնատուփ-աջից (17 դար), որ արդեն հինգերորդ տարին է, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնությամբ, Մայր Աթոռ Ս. Էջմիածնից Զորավոր Ս. Աստվածածին եկեղեցի է բերվում: Նշենք, որ եկեղեցու «Զորավոր» անվանումը կապված է թե՛ Ս. Անանիայի մասունքների և թե՛ հրաշագործություններով հայտնի «Զորավոր» Ավետարանի (13-րդ դար) հետ, որ ժամանակին այս եկեղեցում է պահվել:

Վաղ առավոտյան Զորավոր Ս. Աստվածածին եկեղեցու համայնքի անդամները և բազմաթիվ ուխտավորներ նախ մասնակցեցին Առավոտյան ժամերգությանը, ապա հանդիսավոր թափորը Փարպեցի փողոցից, եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյանի գլխավորությամբ, առաքյալի մասնատուփ-աջը բերելու հատուկ արարողակարգով, իր խոնարհումը բերեց Ս. Անանիայի մասունքներին՝ եկեղեցուն կից մատուռ-դամբարանում: Այնուհետև եկեղեցում շարունակվեց արարողակարգը, և ներկաներն ունկնդրեցին Գործք 

Առաքելոցից այն հատվածը, որ պատմում էր, թե ինչպես քրիստոնյաների հալածիչ Սողոսը, ճանապարհին հանդիպելով Քրիստոսին, կուրանում է: Տիրոջ տեսիլքին անսալով՝ Քրիստոսի 72 աշակերտներից՝ Սուրբ Անանիան, Դամասկոսում բուժում և մկրտում է Սողոսին՝ ապագա Պողոս առաքյալին՝ հեթանոսների առաքյալին: Արարողակարգին հնչեց Ս. Անանիային ուղղված բարեխոսական աղոթք, որը նաև գոհաբանություն էր Աստծուն՝ Հայոց աշխարհին սրբի մասունքները պարգևելու համար:

Բազմադարյան սրբավայրի սուրբ կամարների ներքո սրբի հիշատակությունը նշանավորվեց նաև Սուրբ և Անմահ Պատարագով: Պատարագիչը՝ Զորավոր Ս. Աստվածածին եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյանը, շնորհավորեց ներկաներին օրվա կապակցությամբ և առաքյալի վարքագրությանն անդրադառնալով՝ մասնավորաբար ասաց. «Ցավով ու տառապանքով լի ճանապարհ անցավ Աստծո երանելին, սակայն որը պսակվեց հավիտենական երանությամբ: Սուրբ Անանիան այս աշխարհում Կենդանի Աստծուն ընտրեց և Աստված փառավորեց նրան հավիտենության մեջ: Բժշկելու հրաշագործությամբ օժտվեց ոչ միայն երկրային կյանքում, այլև ժամանակից դուրս: Եվ փա՜ռք Ամենակալին, որ այսօր էլ ականատես ենք լինում, սրբի բարեխոսությամբ կատարվող բժշկություններին: Սիրելի՛ ուխտավորներ, թող Աստված ընդունի այսօր ձեր ուխտը՝ Իր հավատարիմ սրբի բարեխոսությամբ, ապաքինի ձեր հոգու ու մարմնի վերքերը, ի բարին դարձնի ձեր ցանկությունները: Ես այսօր աղաչում եմ Տեր Հիսուս Քրիստոսին, որպեսզի Սուրբ Անանիայի առաքինազարդ կերպարը Աստծո ճշմարիտ ծառայի օրինակ հանդիսանա ձեզանից յուրաքանչյուրի համար: Որպեսզի նրանից բարեխոսություն խնդրեք ոչ միայն մարմնի ախտերի համար, այլ առաջին հերթին՝ հոգու: Որպեսզի սրբի աստվածավախությունը, աներկբա հավատը, անհատնում սերը Տիրոջ նկատմամբ փոխանցվի ձեզնից յուրաքանչյուրին և դուք էլ պատրաստ լինեք Տիրոջ առաջին իսկ կանչին պատասխանելու. «Այստեղ եմ, Տե՛ր» (Գործք 9:10)»:

Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցում մինչ Երեկոյան ժամերգության ավարտը հավատացյալները հնարավորություն ունեցան, սրբի բարեխոսությունը հայցելով, հաղորդակից լինել նրա օրհնաբեր աջին:

Սրբերի սրբակենցաղ ուղին ոչ միայն սրբացրեց իրենց հոգին, այլ նաև մարմինը, մահից հետո իրենք հավատավորների համար դարձան աստվածային օրհնության աղբյուրներ: Սրբերի մասունքների հանդեպ հարգալից վերաբերմունքի սովորույթը տարածում է գտել դեռ վաղուց՝ մինչ քրիստոնեության շրջանում: Այդ մասին առաջին հիշատակությանը հանդիպում ենք Հին Կտակարանում, երբ Հոսիա արքան, ոչնչացնելով հեթանոսական տաճարները, հարգանքով վերաբերվեց Աստծո մարգարեի մասունքներին այն ժամանակ, երբ սրբապիղծների ոսկորները նրա կողմից ոչնչացվում էին. ««Այս ի՞նչ կոթող է, որ տեսնում եմ»: Քաղաքի մարդիկ ասացին. «Աստծո մարդու գերեզմանն է, որ եկավ Հուդայի երկրից և Բեթելի այս զոհասեղանի մասին այդ բաներն ասաց»: Հոսիան ասաց. «Ձեռք մի՛ տվեք, ոչ ոք թող տեղահան չանի նրա ոսկորները»: Նրա ոսկորները Սամարիայից եկած մարգարեի ոսկորների հետ էին թաղված» (Դ Թագավորություններ 23:17-18): Աստվածաշնչի նույն գրքում նաև պատմվում է. «Մեռավ Եղիսեն, և նրան թաղեցին: Հետևյալ տարին Մովաբի կողոպտիչ զորքը հարձակվեց երկրի վրա: Այդ ժամանակ մի մարդու էին թաղում: Երբ թաղողները տեսան Մովաբի կողոպտիչ զորքին, այդ մեռած մարդուն շտապ գցեցին գերեզմանը: Այդ մեռած մարդու դիակը Եղիսեի ոսկորներին դիպչելու պես հանգուցյալը կենդանացավ ու կանգնեց իր ոտքերի վրա» (Դ Թագավորություններ 13:20-22):

Քրիստոնյան, խոնարհվելով սրբի մասունքների առջև, հարգում է և ոչ երկրպագում, դիմում է Տիրոջը մերձ գտնվողների բարեխոսությանը՝ միաժամանակ հավատալով զինվորյալ և հաղթական եկեղեցիների միասնությանը:

 

Կարինե Սուգիկյան

17.10.17
ԲաԺանորդագրվել
Ընթերցել նաև
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․