Գրքեր

Սուրբ Աստվածածնի ընծայումը տաճարին

Դուք տաճար Աստուծոյ կենդանւոյ էք։

Կենդանի Աստծու տաճար եք դուք (Բ Կորնթացիներ 6։16)։

Սիրելի՛ հավատավոր զավակներ Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու.

Այսօր երեքամյա Սուրբ Աստվածածնի՝ տաճարին ընծայման օրն է։ Սուրբ Աստվածածինը մեր անձերը Աստծուն նվիրելու և մեր սրտերում Աստծուն ընդունելու մեծագույն բարեխոսն է։ Աստվածամայրը հավատաց Աստծուն, վստահեց Աստծուն և արժանացավ Աստծու մայրը լինելու մեծ պատվին։ Իր մաքրությամբ և անաղարտությամբ կրեց ողջ մարդկության փրկչին։ Աստվածածնի բարեխոսությանը ապավինած, նաև նրա օրինակը մեր աչքի առաջ ունենալով՝ զորանում ենք մեր հավատքի մեջ։ Թեև աշխարհը, աշխարհիկ մտածելակերպն ու բարքերը մեզ միշտ հեռացնում են հոգևորից, այդուհանդերձ մեզ համար բացարձակ ճշմարտություն, կյանքի սկզբունք պետք է լինի հոգևորը, հոգևոր արժեքները, որով էլ կգործադրենք Աստվածային պատգամներն ու պատվիրանները։ Աստծուն մեր հոգիներում ընդունելու համար անհրաժեշտ է հավատք և մեղքերից հրաժարում։ Իսկ մեղքերից հրաժարումը կատարվում է պատվիրանապահությամբ։ Մեր Տեր և Փրկիչ Հիսուս Քրիստոս ասում է. «Եթե մեկը սիրում է Ինձ, Իմ խոսքը կպահի, և Իմ Հայրը նրան կսիրի, և մենք նրա մոտ կգանք ու նրա մոտ կօթևանենք» (Հովհաննես 14։23)։ Մենք պետք է մաքրենք մեր հոգին մեղքերից, այլապես հնարավոր չէ ընդունել Աստծուն այնտեղ, հոգով ու ճշմարտությամբ երկրպագել Նրան և Աստծու տաճար լինել։ Երբեմն նույնիսկ գիտակցում ենք, որ մեղքի մեջ ենք ընկնում մեր գործերով, սակայն ինքնարդարանում ենք, որովհետև մեր հոգին արդեն իսկ ծանրացած է լինում մեղքերով, մեր միտքը դժվարությամբ է դատարկվում աշխարհիկ հոգսերից, մտքերից և գաղափարներից։

Աստծուն մեր մեջ ընդունելու համար անհրաժեշտ է մաքրել մեր հոգին, միտքն ու սիրտը։ Հիսուս, երբ տաճար մտավ, առևտրականների սեղանները վայր գլորեց, և կրկին ցույց տվեց մեր հոգու տաճարում տիրող իրավիճակը։ Մենք կարող ենք այնքան թաթախված լինել մեղքերի մեջ, որ նույնիսկ չզգանք մեր մեղավորության աստիճանը։

Այսօր հին ժամանակների ձուլածո կուռքերը չկան, բայց այսօրվա համակարգիչը, հեռախոսը, համացանցը, հեռուստացույցը և տարբեր գերժամանակակից տեխնոլոգիաներ կարող են կլանել մեզ և դառնալ միտքը կլանող կուռքեր։ Ժամանակակից տեխնիկան և նրա հնարավորությունները կլանում են մեր միտքն ու ժամանակը, և Աստծու ճշմարիտ տաճարը այցելելու փոխարեն, ժամանակ ենք սպանում մեր իսկ ստեղծած տաճարներում։

Այսօր աշխարհում «մարդու ազատության» տեսությամբ ջնջվում է «մեղք» հասկացությունը, վերանում է Աստծու առջև սեփական խոսքերի ու գործերի համար պատասխանատվություն կրելու գաղափարը, և ոմանք ավելորդ են համարում հոգևոր և բարոյական արժեքները։ Ով ինչ ուզում է, կարող է անել, ով ինչ ուզում է, անում է։ Սիրո փոխարեն մեղքն է տարածում գտնում։ Յուրաքանչյուրն ապրում է իր համար՝ դրանով իսկ հակասելով Աստվածային սիրո և զոհաբերության պատվիրանին։ Անշուշտ, Աստված մարդուն ազատ է ստեղծել, սակայն, սիրելով Իր արարածին, ցույց է տալիս նրա մեղքերը և պատվիրում հեռու մնալ դրանցից, որպեսզի մարդ արարածը կարողանա փրկություն գտնել այս աշխարհի հրամցրած մեղքերից ու փորձություններից։

Աստված է արարել աշխարհը, բայց աշխարհը անընդհատ վեր է ածվում հավատքի հակառակ բևեռի։ Եվ թող չլինի այնպես, որ մեր հոգու տաճարներում դադարի աղոթքի ձայնը, ունայնություն համարվի հավատքը, և Աստված մերժվի մեր սրտում։ Մենք, լինելով առաջին քրիստոնյա պետություն, պիտի ամուր կառչենք մեր հայրերի հավատքից, մեր փրկությունը պիտի տեսնենք Ճշմարիտ Աստծու մեջ և հարատև ջանանք մաքրվել մեղքերից։

Մարդու և՛ հոգու, և՛ մարմնի համար վտանգավոր է մեղսագործությունը։ Անհաջողություններից, փորձություններից ու հիվանդություններից հետո մարդ պետք է անդրադառնա իր մեղքերին և Տիրոջ օգնությամբ ձերբազատվի աշխարհը խեղդող խաբեբայական պատրանքներից։ Ամենակարող Տերը հիվանդներին բուժելիս նաև ասաց՝ քո մեղքերը քեզ ներված են։     

Երբ ասում ենք, որ Աստված լույս է, հասկանում ենք, որ մեզ մեղքերից կարող է մաքրել միմիայն Նա։ Ինչ մեղք էլ որ գործած լինենք, Հիսուս Քրիստոսի խաչելությամբ և զոհաբերությամբ դրանք մաքրվում են, եթե հավատանք Նրան, խոստովանենք մեր մեղքերը և թողություն խնդրենք։ Աստծու լույսը օգնում է, որպեսզի մենք մեղքերի խավարի մեջ չմնանք։ Հովհաննես Ավետարանիչը ասում է Հիսուս Քրիստոսի մասին. «Այդ լույսն էր ճշմարիտ լույսը, որ լուսավորում է ամեն մարդու, որ գալու է աշխարհ։ Նա աշխարհի մեջ էր, և աշխարհը Նրանով եղավ, սակայն աշխարհը նրան չճանաչեց» (Հովհաննես 1։9, 10)։  

Սուրբ Պողոս առաքյալը կորնթացիներին ուղղված երկրորդ նամակում ասում է. «Մաքրենք մենք մեզ մարմնի և հոգու ամեն պղծությունից, կատարյալ դարձնենք սրբությունը Աստծու երկյուղով, որպեսզ Տերը բնակվի մեր մեջ (Բ Կորնթացիներ 7։1)։ Արդարև, կենդանի Աստծու տաճար եք դուք, ինչպես ասաց Աստված. «Պիտի բնակվեմ նրանց մեջ ու պիտի ընթանամ նրանց միջով և նրանց Աստվածը պիտի լինեմ, և նրանք պիտի լինեն Իմ ժողովուրդը։ Դրա համար դո՛ւրս եկեք նրանց միջից և հեռո՛ւ մնացեք, – ասում է Տերը, – և մի՛ դիպեք պիղծ բաներին. և Ես պիտի ընդունեմ ձեզ, և ես պիտի լինեմ ձեզ համար հայր, և դուք պիտի լինեք Ինձ համար որդիներ և դուստրեր», – ասում է Ամենակալ Տերը (Բ Կորնթացիներ 6։16)։

Սիրելինե՛ր, մեր և մեր զավակների մտքերը հեռու պահենք արդի Աստվածամերժ գաղափարներից, տուրք չտանք հակաստվածային նորամուծություններին, քննենք իրողությունները և ընտրենք լավը, բարին, Աստծու եկեղեցիներում վառ պահենք մեր հավատքի լույսը, սնուցենք մեր հավատքը աղոթքներով և պատվիրանապահությամբ, մեր հոգու տաճարը չզիջենք աներևույթ կուռքերին, Աստծուն երկրպագենք և թողություն խնդրենք մեր՝ կամա թե ակամա գործած մեղքերի համար։ Պահքով և աղոթքով մաքրենք մեր հոգիներն ու խորհուրդները, ժամանակ հատկացնենք Աստծուն, որպեսզի Նա գա և բնակվի մեր մեջ։ Թող որ մեր հոգիները իսկապես Աստծու տաճար լինեն և չնահանջենք ու չմոլորվենք մեղքերի խավարում, այլ Աստվածամոր և բոլոր սրբերի բարեխոսությամբ արժանանանք Աստծու մեծ օրհնությանն ու ողորմությանը։ 

Շնորհք, սէր և խաղաղութիւն Տեառն մերոյ Յիսուսի Քրիստոսի եղիցի ընդ ձեզ, ընդ ամենեսեանսն․ ամեն։

 

Տեր Վահան քհն․ Առաքելյան

 

21.11.21
ԲաԺանորդագրվել
Ընթերցել նաև
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․