Գրքեր

Սուրբ Բարսեղ եպիսկոպոսի ճառը առաջին սաղմոսի մասին

«Սուրբ Գրքի ամեն մի գիրք աստվածաշունչ է և օգտակար» (Տիմ. Գ 16)՝ շարադրված Սուրբ Հոգու կողմից այն նպատակով, որ ծառայի իբրև մարդկային հոգիների բժշկարան, որտեղից յուրաքանչյուր ոք կարող է իր մեղքի համար դարման ընտրել։ «Իսկ այդ բժշկությունն էլ,- ինչպես ասում է Սուրբ Գիրքը,- կարող է դադարեցնել մեծամեծ մեղքերը» (հմմտ. Ժող. Ժ 4)։

Մարգարեները մեզ այլ կերպ են խրատում, պատմագիրները՝ ուրիշ, Օրենքը՝ մեկ այլ կերպ՝ առաքինության մասին զանազան խրատներ տալով։ Իսկ ահա Սաղմոսների գիրքը ուսուցման այս բոլոր կերպերից վերցնում է օգտակարագույնը. մարգարեանում է հանդերձյալի մասին, հիշատակում անցյալի պատմությունը, ներկայում ապրելու համար օրենքներ է սահմանում, շարադրում գործնական հմտություններ և ամենքի համար շատ պարզ կերպով իրենում ամբարում է բարու մասին ուսմունքը՝ յուրաքանչյուրին պիտանի դառնալով։

Սաղմոսաց գիրքը բժշկում է մարդկանց հին վերքերը և իսկույն էլ ազատում նորահաս խոցերից, փրկում է անմեղներին և ախտերն ամբողջովին, հնարավորինս հեռու է վանում մարդկանցից՝ յուրաքանչյուրի կյանքում իր զորությունը գործադրելով։ Եվ այդ անում է ներդաշնակ վայելչությամբ՝ բավականին դյուրությամբ մարդու միտքը ողջախոհության մեջ պահելով։

Արդ, քանի որ Սուրբ Հոգին տեսավ, որ մարդկային ազգը մեծ դժվարությամբ է իր վրա ընդունում առաքինությունը և այս կամ այն ցանկության հետևից ընկնելով՝ շեղվում է կյանքի ուղիղ ընթացքից, ուստի մի հնար գտավ մեզ համար։ Սուրբ Հոգին մեղեդու վայելչությանը խոսքը «խառնեց», որպեսզի մենք դյուրությամբ ու անտրտունջ ունկնդիրները լինենք աստվածաշունչ խոսքերի օգտակարությանն ու այդ «ծածուկ» կերպով ընդունենք ճշմարտությունը։

Եվ ինչպես որ իմաստուն բժիշկները, հիվանդներին դառնահամ դեղեր ըմպել տալուց հետո մեղրով մի քանի անգամ մաքրում են այդ դեղի ըմպանակը, այդկերպ էլ մենք, գոնե գեթ քիչ թվով սաղմոսնե՛ր իմանանք, որպեսզի մանուկ հասակից իսկ և կամ երիտասարդ տարիքում արդեն մեզ համար հաճելի մեղեդին զուգակցենք սաղմոսերգության քաղցրությունը և այդկերպ, միաժամանակ, նաև ճշմարտության ոգո՛վ խրատվենք։

Ո՛չ առաքելական և ո՛չ մարգարեական պատվիրանը մարդկանց բազմության ու մանավանդ ծուլացողների ականջին այնքան դյուրությամբ չի հասնում, որքան Սաղմոսի խոսքերը, որոնք և՛ տանը երգելուն, և՛ հրապարակներում հնչելուն են պատշաճում: Ու թերևս եթե մեկը, բարկությամբ սաստիկ գազազած լինելով, սկսի սաղմոսերգել, ապա այդ երգեցողության շնորհիվ իսկույն կհանդարտվի նրա հոգու գազանությունը:

Սաղմոսերգությունը հոգու խոնարհությունն է, խաղաղության հաղթաթուղթը, որը զսպում է խռովված ու ալեկոծությամբ լեցուն խորհուրդները: Այն փափկեցնում է հոգու սրտմտությունն ու ողջախոհ դարձնում պագշոտությունը: Սաղմոսը սիրո ժողովարանն է, համախմբվածների միությունը, իրարից թշնամացածների հաշտարանը, քանի որ ո՞վ կարող է թշնամանալ այնպիսի մեկին, որը աղոթերգության ձայն է բարձրացնում առ Աստված՝ խնդրելով, որ այդ սաղմոսերգության միջոցով Տերը իրեն տա աստվածային մեծամեծ բարիքներից ճառագող սերը: Այլ դեռ նման մի մարդու հետ մնացյալ ամենքն էլ կամենում են միություն կազմել ու այդկերպ ողջ ժողովուրդն էլ միևնույն ձայնով երգակցում է սաղմոսերգությանը:

Սաղմոսերգությունը դևերի փախուստն է, հրեշտակների օգնականությունը հրավիրողը, այն զենքն է գիշերվա երկյուղների դեմ, հանգիստը՝ տվնջյան աշխատությունների ժամանակ: Սաղմոսերգությունը մանուկների կայունությունն է, երիտասարդների պճնանքը, ծերերի մխիթարությունը, կանանց վայելուչ զարդը: Այն բնակելի է դարձնում անապատները, ողջախոհության է դարձնում մարդկանց բազմություններին, խելամիտ է դարձնում տխմարներին:

Սաղմոսերգությունը առաջադեմների զարգացումն է, կատարյալների հաստատունությունը, եկեղեցու ձայնը: Այն պայծառեցնում է տոնակատարությունները ու նաև աստվածահաճ տրտմություն է առաջ բերում, քանի որ սաղմոսը քարեղեն սրտից արտասուք է կարողանում բխեցնել: Սաղմոսերգությունը հրեշտակների գործիքն է, հոգևոր խունկը, երկնային քաղաքացիությունը:

Սաղմոսերգության եղանակը իմաստուն վարդապետի՝ Դավթի միտքը երկնեց իբրև օգտակարը ուսանելու միջոց, ինչի շնորհիվ էլ սաղմոսների միջոցով մեզ համար առավել տպավորիչ է դառնում ճշմարիտ վարդապետությունը: Քանի որ բռնի կերպով մատուցվող ուսումը չի կարող երկար հարատևել մարդու մեջ, իսկ ահա դյուրությամբ ու շնորհով ուսուցանվող գիտելիքն իսկույն բնավորվում է հոգու խորքում:

Եվ ի՜նչ չես կարող ուսանել սաղմոսերգությունից. այն պարունակում է իրենում և՛ վայելչագեղ զորությունը, և՛ հաստատամիտ արդարությունը, և՛ ողջախոհ պարկեշտությունը, և՛ կատարյալ իմաստությունը, և՛ ապաշխարության հորդորակը, և՛ համբերության «չափը» և, առհասարակ, գոյություն ունեցող յուրաքանչյուր բարիք:

Սաղմոսներում կատարյալ աստվածաբանությունն ենք գտնում, Քրիստոսի՝ մարմնով գալստյան կանխասացությունը, դատաստանի սպառնալիքն ու հարության հույսը, տանջանքների երկյուղն ու փառքի ավետիսը և աստվածային խորհրդի  մեծ հայտնությունը: Սաղմոսների գրքում, իբրև մի մեծ ու հասարակական շտեմարանում, ամենայն բարիք է ամբարված և այդ բարիքները մարգարեները գեղեցիկ երգակցությամբ շարահյուսեցին իրենց խոսքերում:

Եվ ինձ թվում է, թե յուրաքանչյուր սաղմոսերգություն Հոգու շնորհն է փոխանցում մարդուն, ինչի վկայությունն է խոսքին միահյուսված երկնային երաժշտության հնչեղությունը: Քանի որ, եթե քնարն ու տավիղը հնչում են պղնձե երաժշտալարերի շարժմամբ, ապա սաղմոսերգությունը հնչում է ասես երկնքից իջնող ձայնակցության զուգորդությամբ, որպեսզի մենք երկնային շնորհներ խնդրելուն վարժվենք և ոչ թե մարմնական ստորաքարշ ցանկությունների ախտը փափագենք:

Նաև այնպես եմ կարծում, որ այս մարգարեական խոսքերը մեր մեջ խորին հետք թողնելու միտումով է, որ զուգորդվում են երգեցողությամբ, քանի որ երաժշտությունը ինքնին մեզ խորհել է տալիս վերին բաների մասին: Տեսնե՛նք այժմ, թե որն է սկիզբը Սաղմոսարանի:

«Երանելի է այն մարդը, որն ամբարիշտների խորհրդով չշարժվեց»:

Շինարարները, ըստ կառուցվող շինության մեծության ու բարձրության, անհրաժեշտ ամրությամբ հիմք են գցում: Նավաշինարարները նույնպես, երբ բազում բեռներ տեղափոխելու համար նավ են կառուցում, ըստ բեռների հնարավոր ծանրության ամրացնում են տախտակամածը: Եվ նույնկերպ սիրտն էլ հանդիսանում է յուրաքանչյուր էակին կենդանություն հաղորդողն ու մարմինը ողջ պահողը, և որքան առողջ է սիրտը, այնքան ավելի մեծ է մարմնի զորությունը:

Արդ, ինչպես որ տան հիմքը, նավի տախտակամածն ու կենդանի էակի սիրտը, նույնկերպ էլ և յուրաքանչյուր սաղմոս իրենում մեծագույն զորություն է պարունակում: Քանի որ իր բերապաշտության հորդորող մեկ խոսքով խրատում է ուսանել մեծ ջանք ու քրտինքով ուսանելու ենթակա ճշմարտությունը՝ նախ երանությունը մատնանշելով, որպեսզի բարի հույսի բացակայությունն ուրախությամբ պատկերացնելով՝ սկզբից ևեթ զերծ մնանք մեր կյանքը վշտի մատնելուց:  

Այս նույն կերպ էլ երկար ու դժվարանցանելի ճանապարհով ընթացող ուղեգնացների համար հանգստավետ մխիթարություն է հանդիսանում հուսալի օթևանի առկայության մասին սկզբից ևեթ ունեցած վստահությունը, ինչպես և վաճառականներին էլ շահույթ ստանալու՝ նախապես ունեցած ցանկությունն է համարձակություն տալիս ծովը հաղթահարել փորձելու մեջ, ու նաև բերք ստանալու հույսն էլ հողագործի համար մխիթարություն է հանդիսանում իր քրտնաջան աշխատանքը կատարելիս:

Ուստի և մարդկային կյանքի ուղղորդիչ մեծագույն Վարդապետը՝ ճշմարտության Հոգին, իմաստաբար ու հմտությամբ նախևառաջ վարձատրությունն է մատնացույց անում, որպեսզի երևակայելով մեր ջանքերի արդյունքը վայելելու ակնկալությունը՝ փութանք՝ ամբարելու մեզնից «բացակա» եղող բարիքները:

«Երանելի է այն մարդը, որն ամբարիշտների խորհրդով չշարժվեց»: Արդ, Տիրոջ կողմից ընդունելի ու ամեն բանից առաջ երանելի է ճշմարիտ Բարին, իսկ այդ Բարին Աստված է: Ուստի նաև Պողոսը երանելի է համարում Աստծու ու մեր Փրկչի՝ Հիսուս Քրիստոսի հայտնությունը (հմմտ. Տիտ. Բ 13):

Իրապես, երանելի է Նա՝ նույն ինքը՝ Բարին, և Նրան է, որ ուղղված են ամենքի հայացքները, և Նրան է, որ փափագում են ամենքը։ Նա անփոփոխելի բնություն է, անլուծանելի կնիք, անտրտում հանդիսություն։ Նրանում չկա այլայլություն, Նա հեռու է ամեն տեսակի փոփոխումից։ Հորդահոս աղբյուր է Նա, աննախանձ շնորհ, անծախելի գանձ։ Մինչդեռ անուսում ու պճնամոլ մարդիկ, անգետ լինելով Նրա բարի բնության մասին, հաճախ երանի են տալիս անարժան բաներին՝ հարստությանն ու բարեկեցությանը, և գովելի երանություն են փնտրում իրենց մեղսալի կենցաղում։

Այդպիսիք բարի չեն իրենց բնությամբ, և դա ոչ միայն այն պատճառով, որ դյուրությամբ դառնում են դեպի չարը, այլ նաև քանի որ անկարող են՝ Արարչից ստացած բարին գործադրելու։ Արդարև, այդ ո՞վ է արդար դարձել իր հարստության պատճառով, կամ ո՞վ է ողջախոհ դարձել իր քաջառողջության «շնորհիվ»։ Այլ դեռ մի բան էլ ընդհակառակն է լինում շատ հաճախ, և այդ հարստությունն ու մարմնի փարթամությունը ծառայում են մարդկանց՝ մեղքի միջով չար ընթացքին։

Արդ, ոչ թե նա՛ է երանելի, ով բարիք է ստանում Աստծուց, այլ նա՛, ով իր ստացածի համեմատ ունակ է բարին գործելու։ Իսկ ինչպե՞ս ճանաչենք այդպիսիններին։ Ըստ սաղմոսի՝ այդպիսին նա՛ է, ով «ամբարիշտների խորհրդով չի շարժվում»։

Բացատրելուց առաջ, թե ինչ է նշանակում՝ «չշարժվել ամբարիշտների խորհրդով», նախ կամենում եմ այստեղ առկա մի խնդրի լուծումն ասել ձեզ։ Այդ խնդիրը հետևյալն է. մարգարեն ինչո՞ւ է, ասես խտրականություն դնելով, երանի տալիս միայն մարդուն (իմա՝ տղամարդուն)։ Արդյո՞ք նա կամենում է կանանց «զրկել» այդ երանությունից։ Քավ լիցի, ո՛չ, քանի որ մեկն է և՛ տղամարդու, և՛ կնոջ առաքինությունը, ուստի և այդ առաքինության պատիվն էլ, վարձատրությունն էլ հավասարաբաշխ է երկուսից յուրաքանչյուրին։

Մտաբերի՛ր մարդկության արարման պատմությունը։ «Աստված ստեղծեց մարդուն ըստ Իր՝ Աստծու պատկերի,- ասում է Սուրբ Գիրքը,- արու և էգ ստեղծեց նրանց» (հմմտ. Ծննդ. Ա 27)։ Եվ քանի որ նրանց բնությունը նույնն է, ուրեմն նաև նրանց ներգործության զորությունն է նույնը։ Իսկ որոնց գործերը համապատիվ են, նաև նրանց վա՛րձն է նույնը։ Այդ դեպքում ինչո՞ւ է, ուրեմն, տղամարդուն հիշելով՝ կնոջ մասին լռում. քանի որ բավական է համարում մի բնությունից գոյացածների մասին խոսել՝ առավել մեծ իշխանություն ունեցողի անձը մատնացույց անելով։

Արդ, «երանելի է այն մարդը, որն ամբարիշտների խորհրդով չշարժվեց»։ Նայի՛ր այս խոսքի կազմությանն ու տե՛ս, որ յուրաքանչյուր բառը պատգամ է պարունակում իրենում։ Չի ասում, թե՝ «չի շարժվում», այլ ասում է՝ «չշարժվեց», քանի որ նա, ով արդեն իր կյանքում մեկ անգամ ընկել է այդ մեղքի ծուղակը, այլևս «երանելի» չէ այդ ծուղակից նրա դուրս գալու անհայտության պատճառով։ Իսկ ահա նա, ով կարողացել է խուսափել այդ մեղքի մեջ ընկնելուց, նա՛ է, որ զգուշությամբ «երանելի» է անվանվում։

Եվ ինչո՞ւ է, որ երանելի մարդիկ գնում են Տիրոջ օրենքով (հմմտ. Սղմ. ՃԺԸ 1), քանի որ, այստեղ արդեն, երանության արժանի են ոչ թե նրանք, ովքեր մեկ անգամ միայն շարժվեցին Տիրոջ օրենքով, այլ նրա՛նք, ովքեր շարունակաբար ընթանում են դեռևս։ «Երանելի» բառն է ասում՝ ցույց տալու համար, որ ով բարի բան է անում, այդ պահից իսկ իր այդ գործով հաճելի է դառնում Տիրոջը։ Իսկ ահա չարից խուսափելու պարագան գովելի է ոչ թե միայն մեկ, երկու կամ երեք անգամ սեփական անձը մեղքից զերծ պահելու, այլ չարությունից իսպառ հրաժարված լինելու դեպքում։

Այս խոսքի շարադրանքից գուցե մեկ այլ տարակուսանք էլ է ի հայտ գա։ Ինչո՞ւ է, որ ոչ թե առաքինություն գործողին, այլ մեղք չգործողին է երանի տրվում։ Չէ՞ որ, այդ տրամաբանությամբ, և՛ ձին, և՛ եզը, և՛ քարն էլ արժանի են երանության, քանի որ այդ ո՞ր անշունչ էակն է հայտնվում մեղավոր ճանապարհների վրա, կամ այդ ո՞ր անխոս կենդանին է բազմում մեղքի «գահին»։

Փոքր-ինչ ունկ խոնարհելով՝ կգտնես քեզ տանջող այս հարցի բժշկությունը։ «Երանելի» է համարվում մեղքից խուսափող մարդը, քանի որ նա առաջնորդվում է Տիրո՛ջ օրենքով, իսկ աստվածային օրենքներով ապրելու պատվիրանը միայն բանական մարդկային բնությունն ունի։ Եվ մենք էլ կարող ենք ավելացնել, որ բարու մեջ առաջադիմելու սկիզբը չարից հեռանալն է՝ ըստ սաղմոսի խոսքի, որն ասում է. «Խուսափի՛ր չարից ու բարությո՛ւն արա» (հմմտ. Սղմ. ԼԶ 27)։

Առաքինությունը իմաստությամբ ու խելամտորեն գործադրելով ու նախ՝ չարից հեռանալով՝ կարող կլինես սկզբնավորել բարին։ Իսկ եթե սաղմոսում նախևառաջ երանության արժանի ցուցադրվեր այն կատարյալ վիճակը, ինչին հարկ է հասնել մեծ ջանքերի գնով, ապա գուցե այդժամ դու դանդաղեիր քո բարի գործերը կատարելիս։

Իսկ այսկերպ Դավիթ մարգարեն քեզ ընտելացնում է ամենադյուրին ճանապարհով բարին գործելու համարձակությանը։ Ես բարեպաշտության ճգնությունը նմանեցնում եմ սանդուղքի, ա՛յն սանդուղքին, որը երբեմն տեսավ երանելի Հակոբը։ Այդ սանդուղքի մի ծայրը երկրի վրա էր ու հասնում էր գետնին, իսկ մյուս ծայրը ձգվում էր մինչև երկինք։

Ըստ այս օրինակի էլ անհրաժեշտ է, որ մարդը, առաքինության կյանքի մեջ թևածելով, նախ առաջին աստիճանին դնի իր ոտքն ու այնուհետ մեկ առ մեկ աստիճանով ու կարգավորված ընթացքով բարձրանա մինչև մարդկային բնության վերին մակարդակը, այսինքն՝ հարկավոր է փոքր-փոքր քայլերով դեպի վեր ելնել։ Եվ ինչպես որ սանդուղքի առաջին աստիճանին բարձրանալն է երկրից հեռանալու քայլ համարվում, նույնկերպ էլ և, ըստ Աստծու օրինադրության, դեպի բարին առաջադիմելու սկիզբը չարից հեռանալն է։

Որևէ չար գործի մեջ դանդաղելը անհամեմատ ավելի հեշտ է, ուստի և չարը չգործելու եղանակո՛վ են մեզ տրվում այս պատվիրանները, թե՝ «մի՛ սպանիր», «մի՛ շնացիր», «մի՛ գողացիր» (հմմտ. Ելք Ի 13-15)։ Յուրաքանչյուր ոք չարը գործելիս ինքն իրեն «անգործության մատնելու» և անշարժության «տրվելու» կարիքն ունի։

Սրան հակառակ էլ ասվում է՝ «քո ընկերոջը քո անձի պես պիտի սիրես» (Մտթ. ԺԹ 19), նաև՝ «վաճառի՛ր քո ունեցվածքն ու տո՛ւր աղքատներին» (Մտթ. ԺԹ 21)։ «Եվ եթե մեկն էլ քեզ հարկադրի մեկ մղոն ճանապարհ գնալ, նրա հետ երկո՛ւսն էլ գնա» (հմմտ. Մտթ. Ե 41)։ Այս պատվիրաններն էլ հենց քաջամարտիկների վայելչական զորություններն են ու երիտասարդի անձը դեպի առաքինություն ուղղորդող նշանացույցները։

Ուրեմն, սքանչացի՛ր իմաստությամբ, որն իբրև գեղեցկագույն ու դյուրությամբ կիրառելի գործիք, մեզ վեր է բարձրացնում դեպի կատարելություն։ Եռաշերտ պահպանություն է մեզ համար հանդիսանում սաղմոսի այս խոսքը՝ հորդորելով 1. չշարժվել ամբարիշտների խորհրդով, 2. չհայտնվել մեղավորների ճանապարհի վրա, 3. չբազմել մեղքի ժանտ «գահին»։

Մեր մարդկային բնության կազմությանն աչք գցելով՝ այս կարգավորության նախասահմանումը կարող ենք նշմարել, քանի որ նախ մեր մտքում խորհում ենք, և ապա միայն՝ «հաստատվում» այդ խորհրդի մեջ։ Ուստի և առաջին երանությունը մեր միտքը մաքուր պահելուն է առնչվում, քանի որ մարմնի կատարած մեղսագործության արմատը մեր սրտից բխող չար խորհուրդն է։

Չէ՞ որ, օրինակ, շնությունը նախ հոգու մեջ ծնվող հեշտասիրությունից է բորբոքվում, և ապա միայն մարմինը ապականություն է գործում, ինչի համար էլ Տերը ասում է, որ այն, ինչ սրտից է ելնում, ա՛յդ է պղծում մարդուն (հմմտ. Մտթ. ԺԵ 18)։ Իսկ եթե Աստված Իր ողջ տիրական իշխանությամբ ասում է, թե մտքում ծնվող ամբարշտությունն արդեն իսկ մեղք է, ուրեմն թող որ երբևէ չլինի այնպես, որ մենք անհավատութամբ մեր մտքում իսկ կասկած ունենանք Աստծուն առնչվող որևէ հարցի վերաբերյալ։

Իրապես, ամբարիշտների խորհրդով շարժվել է նշանակում, եթե անգամ քո սրտում խորհես, թե արդյոք Աստվա՞ծ է ուղղում մեր՝ ամենքիս ընթացքը, որպեսզի չսայթաքենք, կամ թե արդյո՞ք երկնքում Աստված կա, որը տնօրինում է ամեն բան։ Արդյո՞ք գոյություն ունի դատաստանը և արդյո՞ք յուրաքանչյուր ոք հատուցելու է ըստ իր կատարած գործերի։

Եվ թե արդյոք ինչո՞ւ են արդարները աղքատանում, իսկ մեղավորները՝ հարստանում, նրանք՝ տկարանում, իսկ սրանք՝ զորեղանում, թե ինչո՞ւ են նրանք անպատիվ, սրանք՝ փառավոր: Արդյո՞ք էական չէ, թե ինչպիսի կյանքով է ապրում մարդը, մի՞թե մեր կյանքում ամեն բան պատահականության հետևանքով է տեղի ունենում: Եթե այս ամենը քո մտքով անցկացնես, ուրեմն իմացի՛ր, որ դու շարժվեցիր ամբարիշտների խորհուրդներով:

Արդ, երանելի է այն մարդը, որը Աստծու վերաբերյալ երկբայություն չունի, որը սակավամիտ չէ ապագայի սպասումի վերաբերյալ, այլ համբերությամբ սպասում է իր հուսացած բարիքների շնորհմանը և այդ բանի շնորհիվ էլ Արարչի կողմից իբրև անհավատ մեկը չի դիտարկվում: Երանելի է նաև նա, ով մեղավորների ճանապարհով չի ընթանում, քանի որ յուրաքանչյուր լույս աշխարհ եկող մարդ պարտավոր է փութալ՝ քայլելու կյանքի՛ ճանապարհով:

Եվ ինչպես որ թեպետ նավաստիները քնած էլ լինեն, սակայն, միևնույն է, նավը քամուց ընթացք առնելով՝ «ինքն իրենով» շարժվում է դեպի նավահանգիստը, մինչդեռ նավաստիները չեն էլ զգում, որ ընթացքի մեջ են, սակայն ինքնաբերաբար ընթանում են դեպի իրենց նպատակը, այդկերպ էլ մենք, մեր կյանքի ժամանակի հոլովույթում ապրելով, որևէ ուժի կողմից մշտապես առաջ ենք շարժվում մեր կյանքի ճանապարհով՝ առանց անհանգստանալու մեր ընթացքի համար ու առանց հիշելու մեր անձի վախճանի օրվա մասին:

Մենք էլ, վերոհիշյալ նավաստիների նման, ասես քնի մեջ լինենք, իսկ ժամանակը, իբրև քամի, մեզ քշում-տանում է դեպի մեր կյանքի վախճանը, մինչդեռ մենք, որ մեր միտքը զանազան այլ բաներով ենք զբաղեցնում, չենք էլ մտաբերում, որ մեր կյանքը գնալով սպառվում ու «խույս է տալիս» մեզնից:

Յուրաքանչյուր մարդ էլ իր կյանքի ընթացքի մեջ է և յուրաքանչյուրն էլ հետզհետե մոտենում է իր կյանքի վախճանին, ուստի և ճիշտ է այն խոսքը, թե մենք ամենքս էլ ճանապարհորդ ենք. հարցն այն է, թե արդյո՞ք այդ ճանապարհին մենք առաքինի գործեր կկատարենք: Դու, որ իբրև ուղեգնաց՝ ապրում ես քո կյանքը, շատ բան պիտի տեսնես քո կյանքի ճանապարհին, շատ բան պիտի գա ու անցնի կողքովդ: Քո այդ ճանապարհին և՛ տունկ կտեսնես, և՛ բանջար, և՛ ջուր, կամ ուրիշ այլ բան, որն օգտակար է կյանքի համար:

Եվ երբ փոքր-ինչ վայելես այդ բարիքներն ու առաջ ընթանաս, պիտի տեսնես նաև քարեր ու ձորեր, բարձունքներ ու ժայռեր և գուցե նաև գազաններ ու սողուններ, և՛ փուշ, և՛ տատասկ: Սակայն դրանց միջով ևս անցնելով՝ պիտի դրանք էլ հետևում թողնես: Այսպիսին է կյանքը. ո՛չ վայելչական բարիքներն են հավիտենական, ո՛չ տրտմելի երևույթները՝ չափազանց «անանցանելի»: Այդ ճանապարհին քեզ որևէ բան չի պատկանում, դու չունես որևէ ունեցվածք, այլ պարտավոր ես միայն քո հստակ քայլերը կատարել այդ ճանապարհին՝ անշտապ ու ճշգրիտ քայլերով գնալով դեպի փրկություն:

Նայի՛ր ու տե՛ս, որ քո կյանքը հար և նման է այդպիսի մի ճանապարհի: Քո կյանքի ընթացքում նույն հողն այսօր դու ես մշակում, վաղը՝ մեկ ուրիշը, նրանից հետո՝ մյուսը: Տեսնո՞ւմ ես, ահա՛, այս անդաստաններն ու զանազան հորինվածքներով կառուցված տները: Քանի՜-քանի՜սն են տիրել ու ապրել այս վայրերում: Եվ նրանցից յուրաքանչյուրն էլ իր անունով է կոչել այդ վայրերը, որոնք նման կերպով մեկից մյուսին փոխանցվելով՝ զանազան «անուններ» են ունեցել և այսօր էլ այլ անունով են կոչվում:

Այդ անդաստաններն ու տները, որոնք մինչ այժմ գոյություն ունեն, նման են մեր կյանքի ճանապարհին. դրանք մշտապես «կանգուն» են, մինչդեռ շատ մարդիկ ու երևույթներ են գալիս ու գնում իրենց աչքի առջևով: Ըստ այսմ էլ՝ կյանքը ճանապարհ է, որը շատերին է ընդունում իր ուղեծրի վրա ու ձգում է դեպի իրեն, սակայն երանելի է ա՛յն մարդը, որը մեղավորների ճանապարհը չի ընտրում:

Իսկ ի՞նչ է նշանակում մեղավորների ճանապարհը չընտրելը: Մենք՝ մարդիկս, մեր կյանքի վաղ հասակում ո՛չ չարության, ո՛չ առաքինության ընթացքի մեջ ենք, քանի որ այդ վաղ հասակում եղող մարդն անընդունակ է ո՛չ մեկը, ո՛չ մյուսը գործելուն, իսկ երբ մեր բանականությունը սկսում է «աշխատել», այդժամ տեղի է ունենում այն, ինչ գրված է. «Երբ պատվիրանն ինձ հասավ, մեղքը կենդանացավ, և ես մեռա» (Հռոմ. Է 9):

Այդժամ սկսում են ծագել մեր մարմնի ախտերից ծնվող չար խորհուրդները, քանի որ, արդարև, «պատվիրանի հասնելը» բարու հետ ծանոթությունն է, և եթե մարդը՝ բարին ճանաչելով, չի կարողանում զսպել վատթար խորհուրդները, այլ թույլ է տալիս, որ ախտերը ստրկացնեն իր մտածումները, այդժամ մեղքը կենդանանում է և միտքը՝ մեռնում, ոչնչանում է հանցանքի մեջ:

Արդ, ուրեմն, երանելի է նա, ով չի ընտրում մեղավորների ճանապարհը, այլ մտքի լավ խորհուրդներով դեպի բարեպաշտ կենցաղավարությունն է շտապում: Քանի որ երկուսն են ճանապարհները, և դրանք հակառակ են միմյանց: Մեկն ընդարձակ է ու դյուրանցանելի, իսկ մյուսը՝ անձուկ ու նեղ: Այդ երկու ճանապարհներից յուրաքանչյորն էլ իր առաջնորդն ունի, որը ձգտում է դեպի իրեն քաշել «ուղեգնացին» և ուղղորդել նրան:

Նա, ով մեզ առաջնորդում է հարթ ու ընդարձակ ճանապարհով, մոլության առաջնորդն է, մի խաբեբա, որը հեշտասիրություններով գայթակղեցնելով՝ դեպի կործանում է տանում մոլորյալներին: Իսկ մյուս՝ դժվարընթաց ու զառիվեր ճանապարհի առաջնորդը մի բարի հրեշտակ է, որը առաքինության ջանքերով դեպի երանելի վախճանն է առաջնորդում իր հետևից գնացողներին:

Մեզնից յուրաքանչյուրն էլ, քանի դեռ մանուկ է, իրեն հեշտ թվացող ճանապարհով է ընթանում և բացարձակապես ապագայի մասին հոգ չի տանում, մինչդեռ հասակ առնելով ու խելք ամբարելով՝ մարդն ի վիճակի է դառնում գիտակից ընտրություն կատարելու առաքինության և չարագործության միջև, ու ստիպված լինելով ընտրել դրանցից որևէ մեկը՝ իր հոգու աչքերը ուշադրությամբ հառում է՝ զննելու այդ երկու ճանապարհները:

Այն ճանապարհի վրա, որը «կյանք» է մեղավորների համար, երևում են մոտակա ժամանակներում սպասվող վալելչությունները միայն, իսկ ահա արդարների ճանապարհի վրա է միայն, որ տեսանելի են ապագայի բարիքները: Եվ այս փրկվածների ճանապարհին որքան բարիք որ խոստացվում է հանդերձյալ կյանքի համար, նույնքան էլ մշտամնա բարիք տրվում է այդ ճանապարհով ջանասիրությամբ ընթացողներին:

Իսկ ահա հեշտասեր ու պագշոտ կյանքով ապրողները որևէ հույս չունեն ապագայի բարիքների վերաբերյալ, այլ նույն պահին իսկ նրանց «մատուցվում» են իրենց ցանկալի վայելքները, որոնք, սակայն, շատ շուտ էլ հօդս են ցնդում: Մինչդեռ ամեն մարդ, որ խոնարհ է մտքով, հավիտենական առաքինությունն է փափագում: Իսկ նա, ով խոնարհ չէ մտքով, երբ նայում է իր առաջ եղող լավ ու վատ «բարիքներին», նախապատվությունը տալիս է այդ պահին իրեն ցանկալի եղողին:

Այդ ճանապարհին հայացք գցելով՝ տեսնում է մարմնական բարեկեցությունը, իսկ այն մյուսին նայելով՝ մարմնի ծառայությունը, այստեղ՝ արբեցությունը, այնտեղ՝ պահքը, այստեղ՝ ծաղրանքն ու անարգանքը, այնտեղ՝ զղջման արտասուքը, այստեղ՝ պարերգությունը, այնտեղ՝ աղոթքը, այստեղ՝ փող հնչեցնելը, այնտեղ՝ հառաչանքը, այստեղ՝ պոռնկությունն ու այնտեղ՝ կուսությունը:

Արդ, քանի որ ճշմարտապես բարին և՛ մտքով, և՛ հավատով ըմբռնելի է, մինչդեռ զգայարանների «տեսողությունից» հեռու է (ըստ այն խոսքի, թե՝ «աչքը չտեսավ, և ականջը չլսեց» (Ա Կորնթ. Բ 9)), իսկ մեղքերի ցանկությունը բոլոր զգայարաններով էլ տեսանելի է ու մարմնական վայելք է, ուստի և, առավել ևս, երանելի է այն մարդը, որը չխոտորվեց ու հեշտասիրության խաբկանքին տրվելով՝ կորստյան չմատնվեց, այլ համբերությամբ սպասում է հույսի փրկությանն ու երկու ճանապարհներից դեպի չարը տանող ճանապարհը չի ընտրում:

Նաև երանելի է նա, ով մեղքի ժանտ աթոռին չի բազմում: Արդյո՞ք դա այն գահն է, որի վրա «բազմում» են մեր մարմինները: Եվ արդյո՞ք այդ գահը մեղավորության փայտե գահը չէ, որն իր գիրկն է կանչում մեղավորին՝ նրան հրահրելով պղծություն գործելու: Սակայն մի՞թե դա մեզ իրավունք է տալիս, մեղքը մեզ իր գիրկը կանչող «աթոռ» համարելով, այդպիսով արդարացնել մեր մեղքերի հակումը և չարության մեջ հարատևելը:

Բնավ ո՛չ, քանի որ անհրաժեշտ է, որ ինքներս մեզ հեռու պահենք ամեն տեսակի մեղք գործելուց և շատ զգույշ լինենք՝ գիտենալով, որ մեղքը դեպի իրեն է ձգում մարդուն: Իսկ եթե մարդու հոգին վաղուց ի վեր այս կամ այն ախտին է ընտելացել ու չարությունը բույն է դրել նրա մեջ, ինչպես շատերի դեպքում է լինում, ապա այժմ արդեն բավականին դժվարաբուժելի պետք է լինի նրա բնության առողջացումը և դրա համար մեղավոր մարդուն հարկ կլինի հրաժարվել բոլոր տեսակի չար սովորություններից:

Արդ, նախևառաջ աղոթել է անհրաժեշտ՝ չարից հեռու մնալու համար: Երկրորդ հերթին փութանակի «նավարկություն» է անհրաժեշտ փորձության մեջ ընկնելուց հետո, որպեսզի այդկերպ կարողանանք անմիջապես հեռու փախչել թունաբեր վերքից, ըստ Սողոմոնի՝ չար կնոջից հեռու մնալու վերաբերյալ ասած խոսքի, թե` «աչքդ մի՛ հառիր նրա վրա, այլ հեռացի՛ր նրանից ու նրա տան դռանը մի՛ մոտեցիր» (հմմտ. Առակ. Ե 8):

Իսկ ես ճանաչում եմ մարդկանց, որոնք մանկությունից ի վեր մի ախտ «շալակած»՝ մինչև իրենց վախճանը այդ չարափառ մեղքի մեջ են շարունակ մնում: Եվ ինչպես որ խոզերը, տիղմի մեջ թավալվելով, մշտապես իրենց մարմինների վրա ցեխ են կրում, սույնպես և հանապազ իրենց զազրելի ցանկություններին տրվող մարդիկ են մշտապես կրում իրենց վրա մեղքը:

Արդ, երանի է քեզ, եթե չխորհես չարի մասին, իսկ եթե թշնամու հափշտակությանը տրվելով՝ ամբարիշտ խորհուրդների մեջ էլ ընկնես, մի՛ մնա այդ մեղքերի մեջ: Եվ եթե մեկ անգամ էլ մեղք գործեցիր, մի՛ հաստատվիր չարը գործելու մեջ: Արդ, ուրեմն, նույնն է, թե՝ մի՛ նստիր մեղքի ժանտ աթոռին: Եթե հասկացար, թե ինչ է նշանակում այս խոսքում «աթոռ» բառը, որը, փաստորեն, մեղսալի բավականությունների նախաթոռն է խորհրդանշում, ապա ուրեմն այժմ տեսնենք, թե ինչ իմաստ է արտահայտում «ժանտ» բառը:

 Այս «ժանտ» բառից է ծագում «ժանտախտ» բառը, որով մարդիկ բնորոշում են այն ախտը, որին թե՛ մարդ ու թե՛ անասուն, երբ մերձենում են, վարակվում են ու ախտանում, քանի որ այդ ախտի բնույթն է այնպիսին, որ այն կրող մի մարդուց վարակը փոխանցվում է մյուսին, և այդպես՝ ամենքն էլ հիվանդանում են: Այս հիվանդության նման են նաև անօրենություն գործողները, քանի որ նրանցից մեկը մյուսին է «փոխանցում» ախտը և այդպիսով՝ ամենքը հիվանդակից են դառնում միմյանց ու միասին կորստյան են մատնվում:

Կամ մի՞թե չես նկատել, թե ինչպես են պոռնիկները, հրապարակներում նստելով, ողջախոհներին պատմում իրենց ամոթալի «արհեստի» ու խավարային գործերի մասին՝ անպատվության իրենց ախտը ներկայացնելով իբրև «առաքինություն» կամ էլ ասես մի «սխրագործություն»: Ահա այսպիսիննե՛րն են «ժանտերը», որոնք իրենց մեջ եղող չարությամբ կամենում են վարակել ուրիշ շատերին և ձգտում են նրանց էլ իրենց պես դարձնել, որպեսզի այդ մեղսալի չարության՝ բազում հետևորդներ ունենալու «շնորհիվ» իրենք կարողանան ձերբազատվել համընդահանուր նախատինքից:

Այսկերպ է նաև հուրը, որը դյուրայրելի նյութի մերձենալով, այրում է իրեն մոտ եղող ամեն բան, և եթե այդժամ քամի էլ է լինում, ապա այս հուրը տարածվում ու հպվում է իրեն մերձ գտնվողներին՝ նրանց հոգու չարությամբ «վառելով»։ Եվ այս օժանդակ պոռնկության հողմն էլ չի բավականանում միայն մեկի մեջ անօրենություն սերմանելուց, այլ իսկույն «համախոհներ» է գտնում, որոնք իրենք իրենց մատնում են երգերին ու արբեցությանը, ունկնդիրն են դառնում գարշելի պատմություններին՝ անբարոյականների հետ խմելով ու հռհռալով, ու այդպիսով ամենքն էլ այդ նույն մեղքով են բոցակիզվում:

Արդ, եթե փոքր ես կարծում ժանտախտի այս տեսակը կամ քիչ մեղք ես նկատում այս ամենի մեջ, ապա ուրեմն ի՞նչ կարող ես ասել նույնանման վարակելի ախտով բռնված ագահի, նախանձի կամ որևէ այլ տեսակի չարությամբ լցված մարդկանց մասին, որոնք իշխանական զորության, քաղաքական առաջնորդության կամ զինվորական իշխանության են հասել: Այս դեպքում նրանց ախտն առավել սարսափելի է դառնում, քանի որ այդ նախանձի ժանտախտը շատ ավելի մեծ թվով մարդկանց է վնաս պատճառում:

Այդպիսի մարդկանց բարեկեցիկ կյանքը սրում է նաև նրանց ախորժակը. զորականները անզսպելիորեն ցանկանում են «հասնել» զորապետի փառքին, նրանք, որ քաղաքական իշխանություն ունեն, նախանձում են զինվորականներին, և այդպես շարունակ: Եվ երբ այսկերպ չար մարդիկ նախանձի պատճառով կամենում են տիրանալ բազում «բարիքների», նրանց մեղքերը հոգու ժանտախտի նման տարածվում են շատերի վրա, քանի որ երևելի մարդկանց չարության նախանձը շատերի համար է գայթակղություն հանդիսանում:

Այդպիսով, մեկը մյուսից «վարակվելով»՝ ամենքն էլ ժանտացնում են իրենց հոգիները: Արդ, ուրեմն, մի՛ նստիր ժանտ գահի վրա և աթոռակից մի՛ եղիր ապականացու ու ժանտ մարդկանց և մի՛ հաճեցիր չար խորհուրդներին:

Իմ այս խոսքն ընդունելը միայն նախասկիզբն է այն ժուժկալության, որը դուք պետք է, որ ունենաք ձեր գործերում, և ինչքան էլ որ դյուրին չլինի իմ այս խոսքերը պահելն ու ասածներիս համաձայն սպասավորելը, միևնույն է, թույլ չտա՛ք, որ մեղքի ախտը լռեցնի ձեզ ուղղված իմ այս բարի պատգամի ձայնը: Այլ մեր այս անկատար խոսքին ականջալուր լինելով՝ կարող եք բարի գործերի կատարելությանը հասնել, ուստի բարեմիտ ունկնդիրներիդ, Աստծուն մեջբերելով, խոստանում ենք ձեր կյանքում շնորհների լրումը, միայն թե դուք արհամարհելով՝ լռության մի՛ մատնեք իմ խոսքերը, որպեսզի Տերը մեզ՝ քարոզողներիս վարձ տա՝ քարոզելու, իսկ ձեզ՝ պտուղ՝ ունկնդրելու համար Քրիստոսի՛ շնորհներով, ում փա՜ռք հավիտյանս: Ամեն:

  

 

Սուրբ Բարսեղ Կեսարացի, «Գիրք պահոց», Ս Էջմիածին, 2008թ,

Գրաբարից թարգմանեց Գևորգ սրկ Կարապետյանը

 

26.08.20
ԲաԺանորդագրվել
Ընթերցել նաև
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․