Գրքեր

Սուրբ Բարսեղ եպիսկոպոսի ճառը վաթսունմեկերորդ (ԿԱ) սաղմոսի մասին

Երկու սաղմոս կա, որ, ինչպես գիտենք, երգվել է Իդիթոմիի կողմից. դրանք են՝ երեսունութերորդ սաղմոսը և մյուսն էլ այն, որը այժմ մեր ձեռքի տակ է։ Այս սաղմոսների հեղինակությունը, համաձայն ավանդության, վերագրում ենք Դավթին։ Վերջինս հորինելով՝ Իդիթոմիին է փոխանցել ժողովրդի համար սաղմոսների նվագերգությամբ մարդկանց իրենց հոգու ախտերից հեռու պահելու հնարավորությունը, որի շնորհիվ էլ ովքեր լսում էին, հետ էին դառնում իրենց սխալ ուղուց, իսկ Աստված էլ փառավորվում էր։

Ինքը՝ Իդիթոմին, սաղմոսերգող էր, ինչի մասին մեզ վկայում է Մնացորդաց գրքի պատմությունը՝ ասելով. «Նրանց հետ էին Եմանն ու Իդիթոմին, որոնք շեփորներ ու ծնծղաներ ունեին՝ Աստծուն փառաբանելու համար» (հմմտ. Ա Մնաց. ԺԶ 41-42)։ Իսկ փոքր-ինչ հետո էլ ասում է. «Ծառայության համար իշխաններ նշանակեցին Ասափի, Եմանի ու Իդիթոմիի որդիներին, որոնք երգում էին քնարների, տավիղների, ու թմբուկների նվագակցությամբ» (հմմտ. Ա Մնաց. ԻԵ 1)։

Արդ, յուրաքանչյուր ոք էլ, իբրև համբերությամբ սպասումը դյուրացնելու մի եղանակ, իր ձեռքն էր առնում սաղմոսների գրքերն ու սկսում էր կատարել, ինչն էլ մի կողմ էր վանում անձի մեջ կուտակված ողջ սրտմտությունն ու հպարտությունը՝ դեպի խոնարհությունն ուղղելով մարդու ընթացքը։

Իսկապես որ, այլ կերպ անհնար կլիներ անընչության կարիքի մեջ գտնվողին զերծ պահել սրտմտությամբ դյուրապես ամեն մի առիթ թշնամանքին ծառայեցնելու մոլությունից և կամ առանց համբերատար լինելու առաքինության հաղթող դուրս գալ փորձությունների բովից։

Իսկ ահա նա, ով խոնարհությամբ ուղղում է իր ընթացքը, միաժամանակ նաև այլևս չի թշնամանում իրեն վերագրվող որևէ անարգանքի դեմ և չի մարտնչում ընդդեմ իր հասցեին հնչած անպատվաբեր խոսքերի։ Այլ երբ իր մասին լսում է, թե իրեն խեղճ են կոչում, չի սրտնեղում, քանի որ ինքն էլ գիտի և խոստովանում է, որ խեղճ ու ամեն բանի կարոտ մեկն է ինքը, որ հանապազ Տիրոջից օժանդակություն է սպասում։

Եվ եթե իր մասին լսում էլ է, թե իբր ինքը ստորաստիճան ու ոչ երևելի ազգատոհմից է սերում, չի ըմբոստանում այդ խոսքի դեմ, քանի որ նախապես իսկ իր սրտում է պահում այն մտածումը, թե ինքը հողից է ստեղծվել։ Այս պատճառով է սաղմոսերգուն այնտեղ՝ վերոթվարկյալ այն մյուս սաղմոսում ասում հետևյալը՝ «Ասացի՝ «զգուշանամ իմ ճանապարհին» (Սղմ. ԼԸ 2), և պատմում է իր՝ մի մեղավորի դեմ պայքարի դուրս գալու և իր երկայնամտության մասին, «քանի որ,- ասում է,- երբ մեղավորը հակառակվեց ինձ, ես խուլ եղա և խոնարհ դարձա ու բարիքս լռության մատնեցի» (հմմտ. Սղմ. ԼԸ 2-3)։

Իսկ այնուհետ էլ սաղմոսերգուն ասում է՝ «ոչնչություն է ամեն մարդ, որ կենդանի շունչ ունի» (հմմտ. Սղմ. ԼԸ 6), և ապա, թե՝ «մարդ գանձ է կուտակում՝ չիմանալով, թե ում համար» (հմմտ. Սղմ. ԼԸ 7)։

Բայց արդեն այս մյուս սաղմոսը նա սկսում է տարակուսանքով՝ ասես իր իսկ հոգու հետ երկխոսելով նախկինում ասվածների մասին, որպեսզի իր միտքն ու մարմինը հաստատակամորեն հեռու պահի ցանկություններին գերի դառնալուց ու այդպիսով՝ տրտմությամբ զայրույթ չբորբոքի։

«Ինչո՞ւ,- ասում է,- իմ հոգին չար ախտերի ծառան դարձնեմ, չէ՞ որ Արարիչ Աստծո՛ւց եմ ես իմ մարմնի զորությունն առել, ուրեմն ինչպե՞ս այն ծառայեցնեմ մեղքին։ Այլ հարկավոր է, որ ես իշխեմ իմ ախտերի վրա ու ծառայեմ Աստծուն, քանի որ անհնար է մարմնի համար և՛ մեղքերի թագավորության ներքո լինել, և՛ լինել Աստծու հետ։ Ուստի մեզ անհրաժեշտ ու վայել է, որ մենք տեր լինենք արարչությանը, բայց և հնազանդվենք ամենքի Աստծուն»։

Ահա սրա մասին է խոսում սաղմոսերգու մարգարեն՝ հիշելով իր անցած փորձություններն ու իր վրա սաստիկ նեղություններ հարուցած չարիքները, որոնց պատճառը այն էր եղել, որ ինքն իր հոգու խորհուրդները ծառայեցրել էր մարմնին։ Եվ, ահա՛, ինքն իրեն հանդիմանելով իր ունեցած սնոտի մտածումների համար՝ սաղմոսերգուն ասում է՝ «ա՛նձ իմ, ինչո՞ւ ես ինձ «ստիպում» ծառայել մի բանի, ինչին ծառայելը ճիշտ չէ։ Ես Տեր ունեմ և Նրա՛ն եմ ճանաչում իբրև ճշմարիտ Թագավոր»։

«Չպե՞տք է, արդյոք, Աստծո՛ւն հնազանդվի իմ անձը,- ասում է,- քանի որ Նրանի՛ց է իմ փրկությունը» (հմմտ. Սղմ. ԿԱ 2)։ Հնազանդության առաքինության անհրաժեշտությո՛ւնն է շեշտում մարգարեն, քանի որ, միևնույն է, Աստծո՛ւց է փրկությունը և միայն Արարչի՛ն է հատուկ Իր արարածների մասին հոգ տանելը։

«Նրանից է իմ փրկությունը» ասելով՝ սաղմոսերգուն մարգարեաբար ու կանխապես տեսնում էր ապագայում տեղի ունենալիք՝ Քրիստոսի մարդեղության տնօրինությունը, այս պատճառո՛վ է, որ նա հարկ է համարում Աստծուն ծառայել ու Նրան սիրել, քանի որ Տերը այդքան բարեգործություններ արեց մարդկային ազգին՝ մինչև իսկ չխնայելով Իր Որդուն, որին մատնեց ամենքիս համար (հմմտ. Հռոմ. Ը 32)։

Սուրբ Գրքում սովորություն է «փրկություն» անվանել Քրիստոսին, ինչպես որ Սիմեոնն էլ ասաց. «Այժմ, ո՛վ Տեր, խաղաղությա՛մբ արձակիր Քո ծառային… որովհետև աչքերս տեսան փրկությունը Քո» (Ղուկ. Բ 29-30)։

Արդ, հնազանդվե՛ք Աստծուն, քանի որ Նրանից է փրկությունը։ Իսկ թե ի՞նչ է փրկությունը, ահավասիկ, մարգարեն մեկնում է. այդ փրկությունը սոսկ մեկի կողմից մեզ շնորհված հիվանդությունների բժշկումը կամ մարմնական առողջության ընձեռումը չէ. այդ դեպքում ի՞նչ է փրկությունը։ Սաղմոսերգուն պատասխանում է այս հարցին՝ ասելով. «Նա է Աստվածն իմ ու Փրկիչն իմ, ապավենն իմ, որ էլ չսասանվեմ» (Սղմ. ԿԱ 3)։

Որդի Աստված է մեր Աստված, Նա՛ է մարդկային ազգի Փրկիչը, որ տեսնելով փորձությունների մեջ գտնվող մեր անձերը՝ ուղղեց գայթակղություններին մատնված մեր ընթացքը։ «Որ էլ չսասանվեմ» ասելով էլ՝ սաղմոսերգուն խոստովանում է նախկինում մարդկայնորեն իր սասանության մասին և վկայում, որ անհնար է՝ մարդու հոգին փորձությունների ժամանակ չսասանվի։ Եվ ինչքան որ մենք ոչ խորապես ու չնչին կերպով իսկ մեղանչում ենք, հանդարտորեն քամուց տարուբերվող ծառի ճյուղերի նման սկսում ենք մեղմիկ սասանվել։

Իսկ որքան որ մեր գործած չարիքները հաճախակիանում ու գնալով ահասարսուռ չափերի են հասնում, այդքան էլ, ըստ մեղքերի առատության, նաև մեր սասանո՛ւմն է ավելի ուժգնանում։ Ոմանք սասանվում են այնքան, մինչև վրա է հասնում իրենց վախճանը, երբ բոլոր մրրիկներից էլ ավելի ուժգին եղող չար հոգիների փոթորիկը Աստծու հավատի վրա հաստատված արմատները ամբողջովին արմատախիլ է անում ու կործանելով՝ վայր է տապալում։ «Սակայն ես,- ասում է,- թեպետ սասանվեցի իբրև մարդ, բայց և հավետ չեմ սասանվի Փրկչի մեկնած օգնականության ձեռքի շնորհիվ»։

«Մինչև ե՞րբ պիտի հարձակվեք մարդու վրա՝ ամենքին թեքված պարսպի ու խախտված ցանկապատի պես կործանելու համար» (հմմտ. Սղմ. ԿԱ 4)։ Դարձյալ մարգարեն մարտնչում է բանսարկուի չար սպասավորների նենգության դեմ, քանի որ նրանք մարդկանց հարկադրում են ուրանալ իրենց Աստծուն։

Մարդիկ տկար արարածներ են, և երբ նրանց դեմ գրոհում են, ու այն էլ՝ ո՛չ մեկ, այլ դեռ՝ երկրորդ ու երրորդ անգամ, մարդկանց գայթակղության մեջ գցելով՝  կործանում են, նմանեցնելով փլուզված պարսպի ու տապալված ցանկապատի։ Ցանկապատը որքան ուղղաձիգ կանգնեցված լինի, այնքան հաստատուն կմնա, իսկ երբ թեքվի այս կամ այն կողմ, անպայմանորեն փուլ կգա ու կկործանվի, քանի որ որմերի հաստատահիմնությունը շեղվելուց հետո այլևս չի ուղղվում։

Այդ նույն կերպ էլ նաև, ինչպես շատ-շատերի օրինակն է վկայում, մարդը, երբ իր որևէ մեղքի համար գթության է արժանանում, այդուհետ էլ, այնուամենայնիվ, չի ուղղվում։

Արդ, այս խոսքը մեզ ուսուցանում է, որ մարդկային բնությունը, բազմաթիվ «որմերից» կազմված լինելով, խախտվեց մեղքերի պատճառով և ստիպված եղավ ամբողջովին տապալվելու, մինչև որ Արվեստագետ-Աստված դարձյալ ու վերստին ստեղծեր նրան՝ առավել ամուր և երկրորդ կործանման համար անմերձենալի դարձնելով։

«Որովհետև,- ասում է Պողոս առաքյալը,- Աստծուն գործակից ենք, Աստծու կառո՛ւյցն եք» (հմմտ. Ա Կորնթ. Գ 9)։ Այդ կառույցը թշնամին սասանեցրեց, սակայն Արարիչը վերաստեղծեց խորտակված այդ շինությունը։ Կործանումն անխուսափելի էր մեղքերի պատճառով, որին էլ հետևող մեծ «վերականգնումը» անմահության միջոցով էր, որ եղավ։

«Սակայն նրանք իմ գինը չիմացան և ինձ պատվից զրկելու մասին էին մտածում միայն՝ տոչորվելով նախանձից՝ իրենց շուրթերով օրհնելով, բայց իրենց սրտով ինձ անիծելով» (հմմտ. Սղմ. ԿԱ 5)։ Մարդու «գինը» Քրիստոսի արյունն է, ուստի և, քանի որ «մեծ գնով գնվեցիք,- ասում է առաքյալը,- մարդկանց ծառաներ մի՛ եղեք» (Ա Կորնթ. Է 23)։

Այս գինն էր, որ չարի զինվորները կամենում էին մեր աչքին անպիտան երևեցնել ու մեզ՝ մեկ անգամ ազատվածներիս դարձյալ ծառայության լծի տակ գցել։ «Տոչորվում էին»,- ասում է սաղմոսերգուն՝ ակնարկելով դևերի վրեժխնդրության համառությունը, որով նրանք շարժվում են մեր դեմ՝ մեր կորստյան «ծարավն» ունենալով։

«Իրենց բերանով օրհնում էին, բայց իրենց սրտով՝ անիծում» (Սղմ. ԿԱ 5)։ Շա՜տ-շատ են նրանց գործած չարիքները, որոնցից են, օրինակ՝ ծաղրանքը ու մեկին ամոթանք տալը, գարշելի երևույթը քաղաքակիրթ կոչելը, դառնասիրտ ու բարկացկոտ մարդու վարքուբարքը քամահրանքի արժանի չհամարելը, ժլատին ու անարդարին իբրև խոհամիտ գովելը, շվայտակենցաղին ազատամիտ անվանելը, պոռնիկին ու շռայլողին՝ կյանքը վայելող համբավելն ու փափկասեր և իր չարությամբ ամեն մի առաքինությանն ընդդիմացողին էլ փաղաքշելը։

Ահա այդպիսի՛ք են, որ իրենց բերանով օրհնում, մինչդեռ սրտով՝ անիծում են։ Նրանք բարեհամբավ խոսքերով ամեն տեսակ նզովք են թափում մարդկանց վրա, և ովքեր էլ որ «ընդունում» են այդ նզովքները, իրենց կյանքն հավիտենական դատապարտության են ենթակա դարձնում։

Այնուհետ սաղմոսերգուն դարձյալ իր հոգու հետ է խոսում՝ Աստծու հանդեպ հնազանդության կոչ անելով ինքն իրեն։ «Ամբողջովին Աստծո՛ւն հնազանդվիր, հոգի՛ իմ,- ասում է,- քանի որ Նրանի՛ց է իմ համբերությունը» (հմմտ. Սղմ. ԿԱ 6)։ Իր այս խոսքով սաղմոսերգուն ուզում է մատնացույց անել փորձության մեծությունը՝ հավաստելով, որ, ինչպես առաքյալը ևս ասում է, Աստված թույլ չի տա, որ մենք փորձվենք առավել, քան կարող ենք տանել այդ փորձությունը. «քանի որ Նրանի՛ց է իմ համբերությունը» (Սղմ. ԿԱ 6)։

«Աստծուց է իմ փրկությունն ու փառքը, Աստված է իմ օգնականն ու Աստծու վրա է իմ հույսը» (հմմտ. Սղմ. ԿԱ 8)։ Երանելի է նա, ով կենցաղային որևէ փառքով չի ցնծում, այլ Աստծուն է իր Փառքը համարում, ով Քրիստոսո՛վ է պարծենում և այդպիսով կարող է դառնում առաքյալի հետ ասելու. «Քավ լիցի, որ ես ուրիշ բանով պարծենամ, այլ միայն՝ մեր Տեր Հիսուս Քրիստոսի խաչով» (հմմտ. Գաղ. Զ 14)։

Մինչդեռ այժմ շա՜տ-շատերը պարծենում են իրենց մարմիններով՝ ոմանք մերկամարտության համար մարզվելով, ոմանք՝ տակավին արբունքի տարիքում լինելով՝ իրենց ոչ վայել մտքեր ունենալով։ Ուրիշները՝ պատերազմների ժամանակ նույն իրենց մարդկային բնությունն ունեցողներին քաջաբար սպանելն են առաքինություն վարկանում, քանի որ պատերազմի դաշտում նվաճում ու հաղթում են միայն զորավարներին կամ քաղաքի պաշտպաններին սպանելու դեպքում։ Մյուսներն էլ պարծենում են քաղաքների շուրջը պարիսպներ կառուցելով և զանազան այլ շինություններ ու մեծամեծ կրթարաններ հիմնելով։

Նման մարդիկ իրենց հարստությունը գազանամարտերի վրա վատնելով՝ բազմության սնոտի բացականչություններով են «փառավորված» զգում իրենց և ունայնամտությամբ իրենք իրենց մասին մե՜ծ-մե՜ծ բաներ են խորհում, մինչդեռ այդպիսինների փառքը իրենց ամոթն է (հմմտ. Փլպ. Գ 19)։ Նրանք այս կամ այն քաղաքում իբրև երևելի մեկը համարվելով՝ իրականում իրենց վարքուբարքի «գրչով» իրենց իսկ մեղքե՛րն են սեպում Աստծու քննատախտակին։

Ուրիշ շատերն էլ իրենց հարստությամբ են մեծամտանում, սակայն այդպիսիք ու ըստ այս աշխարհի իմաստության «խելացիները» ևս դժնդակ ու անբեկանելի ատյանի առաջ են կանգնեցվելու։ Նրանց բոլորի այս «փառավորությունն», իսկապես, միայն ողորմության է արժանի, իսկ ահա երանության արժանի է նա, ով Աստծո՛ւն է իր փառքը համարում։

Քանի որ եթե թագավորի ծառան հպարտանում է այն հանգամանքով, որ ինքը նման մեծահարգ մարդու ծառան է և նրա պատվի ու հովանու ներքո է գտնվում, որքան ևս առավել դո՛ւ հպարտանալու տեղ ունես, քանի որ ծառան ես մեծ Թագավորի՝ Նրա կողմից ընտրված ու Հոգու ավետիսը քեզ վրա ընդունած, որպեսզի այդ Հոգով դրոշմվելով՝ Աստծու որդի դառնաս։

Քեզ ծանուցելով Աստծու հույսին հարազատորեն կառչած մնալու օգտակարությունը՝ սաղմոսերգուն իր զույգ մաղթանքով հետևյալ նախանձախնդրությանն է կոչում ժողովրդին՝ ասելով. «Ձեր հույսը դրե՛ք Նրա վրա, ժողովուրդների ո՛ղջ բազմություններ, բացե՛ք Նրա առջև ձեր սրտերը» (Սղմ. ԿԱ 9)։

Մեզ համար անկարելի է աստվածային շնորհի ընդունողը լինել, եթե նախկինում ամբարած չար ախտերը մեր հոգուց դուրս չնետենք։ Ես ականատեսն եմ եղել, թե ինչպես բժիշկները հիվանդին առողջացուցիչ դեղը չեն տալիս այնքան ժամանակ, մինչև որ վերջինս չփսխի իր հիվանդության պատճառ դարձած վնասանյութ կերակուրը։ Նաև՝ այն ափսեն, որը խոնավության պատճառով զազրահոտություն է արձակում, մինչև չլվացվի, չի կարող տարա դառնալ անուշաբույր յուղի համար։ Արդ, ուրեմն, հարկավոր է, որ այսուհետ մենք ևս դուրս վանենք այն, ինչ ամբարվել է մեզանում, որպեսզի կարող լինենք ընդունելու մեզ մատուցվող նորը։

«Ամբողջովին ընդունայն են մարդկանց որդիները» (Սղմ. ԿԱ 10)։ Եվ, ահա՛, մարգարեն տեսնում է, որ ոչ ոք իր պատվիրանին հավատարիմ չի մնում ու չի ապավինում Աստծու հույսին, այլ ամենքի հույսն էլ իրենց ընդունայն կյանքի վրա է։ Այս պատճառով է սաղմոսերգուն ասում՝ «ամբողջովին ընդունայն են մարդկանց որդիները» (Սղմ. ԿԱ 10)։ Ինչո՞ւ են «ընդունայն». որովհետև սուտ են նրանք (հմմտ. Սղմ. ԿԱ 10), ինչի համար էլ որ հավիտյան դատապարտվում է նրանց ստությունը։

«Իրենց կշռով անարդար են» (Սղմ. ԿԱ 10)։ Ո՞ր կշիռը, սակայն, նկատի ունի սաղմոսերգուն, չէ՞ որ բոլոր մարդիկ չէ, որ կշռելու գործն են անում, որովհետև բոլորը չէ, որ բրդավաճառ կամ մսավաճառ են և կամ ոսկի ու արծաթ ամբարող, կամ էլ արդյո՞ք միայն այդպիսիններին՝ նժարով ու կշեռքով վաճառականություն անողներին է վերաբերում սաղմոսի այս խոսքը։

Չէ՞ որ արհեստի շատ տեսակներով զբաղվող մարդիկ իրենց գործում բնավ էլ կշեռքի անհրաժեշտությունը չունեն։ Շատերը, որոնք նավարկությամբ են զբաղվում, կամ նրանք, ովքեր դատական ատյաններում են աշխատում և այս կամ այն իշխանությունը բանեցնում, ի՞նչ ստության մեջ են ընկղմված, եթե ոչ մի կշեռքով էլ նենգություն չեն գործում։

Արդ, ուրեմն, ի՞նչ է նշանակում այն խոսքը, որը մարգարեն ասում է։ Այդ նշանակում է, որ յուրաքանչյուր ոք իր ներսում թաքնված կշեռք ունի՝ Արարչի կողմից մեզ տրված, որով ընդունակ ենք զատորոշելու իրերի բնությունները։ «Քո առջև եմ դնում կյանքն ու մահը, բարին ու չարը» (Բ Օրենք. Լ 15)՝ երկու իրար հակառակ բնությունները։

Կշռի՛ր դրանք քո սեփական դատաստանով, անխարդախորեն կշռի՛ր ու տե՛ս, թե ժամանակավոր հեշտությունն ինչքանով է օգտակար քեզ համար, ա՛յն դեպքում, երբ այդ ժամանակավոր հեշտության պատճառով հավիտենական մահն ես ընդունելու։ Նաև քո հոգու կշեռքի՛ն դիր առաքինական ճգնությամբ չարչարանքները հանձն առնելու և այդկերպ հավիտենական փափկությանը հասնելու «ծանրությունը»։    

Սուտ մարդկանց հոգու ատյանը, սակայն, ապականված է, ինչի մասին որ ողբում է Եսայի մարգարեն՝ ասելով. «Վա՜յ նրանց, ովքեր լույսը խավար կհամարեն և խավարը՝ լույս, ովքեր դառը քաղցր կհամարեն և քաղցրը՝ դառը» (հմմտ. Ես. Ե 20)։ Սակայն դու, որ անգամ քո մոտակա վախճանը չես տեսնում, անզոր ես նաև ապագա հատուցումը պատկերացնել, այդ պատճառով էլ չարամտությամբ ես «կշռում»՝ բարու փոխարեն չարը ընտրելով ու ճշմարտության փոխարեն ունայնությունը պատվելով, ժամանակավորը նախադասելով հավիտենականին ու նախընտրելով այդ անցողիկ հեշտությունները այնտեղ՝ Երկնքում քեզ սպասվող մշտնջենավոր ուրախությունից։

Արդ, «սուտ են մարդկանց որդիները և իրենց անիրավ կշեռքով զրկում են ուրիշներին» (հմմտ. Սղմ. ԿԱ 10)։ Սակայն առաջին հերթին նրանք իրենք իրենց են զրկում, ապա՝ իրենց մերձավորներին, որոնց համար նրանք իրենց գործերով չար խորհրդակիցներ են դառնում և ուրիշներին վատ օրինակ են ցույց տալիս։

Դատաստանի ժամանակ դու չես կարողանալու ասել՝ «ես չգիտեի, թե ո՛րն էր բարին», քանի որ քեզ մի կշեռք է տրված, որով դու պիտի բարին ու չարը զատորոշես միմյանցից։ Եվ եթե մարմնի ծանրությունը կշեռքի սլաքի օգնությամբ ենք ստուգում, ապա մեր կյանքում բարին կամ չարն ընտրելը մեր հոգու ինքնիշխան կամքով է, որ որոշվում է, այդ պատճառով էլ մենք պետք է ճիշտ ընտրություն կատարենք մեր հոգու կշեռքի երկու նժարներին դրված բարի կամ չար երևույթների միջև։

«Հույս մի՛ դրեք անիրավության վրա, հափշտակություն մի՛ ցանկացեք» (Սղմ. ԿԱ 11)։ Ավելի վերևում մարգարեն ասել էր՝ «ձեր հույսը դրեք Նրա՛ վրա, ժողովուրդների ո՛ղջ բազմություններ» (Սղմ. ԿԱ 9)։ Նաև, սաղմոսերգուն, տեսնելով հնազանդության մեջ նրանց դանդաղկոտությունը, վկայակոչեց, որ «ամբողջովին ընդունայն են մարդկանց որդիները» (Սղմ. ԿԱ 10)։ Իսկ այժմ էլ նա հրաժարեցնում է մեզ անիրավության վրա հույս դնելուց (հմմտ. Սղմ. ԿԱ 11)։

Երբ անիրավության միջոցով ձեռք բերված հարստությունը զորություն ու իշխանություն է ծնում Աստծու դատաստանին ենթակա մարդու համար, նա նմանվում է մի հիվանդի, որն իր ցավերի ուժգնացմանը զուգահեռ կորցնում է իր քաջառողջությունը։

Ուստի և սաղմոսերգուն ասում է. «Հույս մի՛ դրեք անիրավության վրա» (Սղմ. ԿԱ 11), քանի որ այն ձախողում է քո բոլոր գործերը։ Եվ ապա ասում է. «Հափշտակություն մի՛ ցանկացեք» (Սղմ. ԿԱ 11)՝ այդպիսով խրատելով ուրիշների ունեցածին աչք չունենալ։ Այնուհետ էլ հավելում է. «Եթե հարստությունը լի ու լի էլ լինի, թող ձեր սրտերը այն չցանկանան» (հմմտ. Սղմ. ԿԱ 11)։ Սաղմոսերգուն իր այս խոսքով պատգամում է, որ եթե դու տեսնես հարստացած մեկին, երանի չտաս նրա կյանքին և եթե բազում կողմերից՝ աննախանձ աղբյուրներից քեզ վրա հարստություն ու շատ ունեցվածք էլ հեղվի, տեղի չտա՛ս այդ հորձանքին։

Այլ դու սքանչացի՛ր սաղմոսերգուի այս խոսքերով։ Իսկապես որ, հարստությունն ավելի հորդահոս ու անցողիկ է, քան գետի արագընթաց հոսանքը, որը երբեմն-երբեմն փոխում է իր ընթացքի արագությունը։ Օրինակ, երբ գետը, բարձրավանդակից հոսելով, արագահոսությամբ վար է իջնում ու «բախվում» գետեզրին, դանդաղում է իր ընթացքի մեջ։ Նույն կերպ նաև հարստությունը. սկզբում սրընթաց կերպով հոսում է դեպի մարդը, սակայն հետո սկսում է դանդաղեցնել իր ընթացքն ու, ի վերջո, հեռանալ նրանից։ Այսօր մեկի անդաստանն է «ջրում», վաղը՝ մյուսի, փոքր ժամանակ անց էլ արդեն՝ մեկ ուրիշի։

Նայի՛ր ու տե՛ս, թե ինչպես են այս նույն կերպով քաղաքներում ապրող մարդկանց տները մերթընդմերթ փոխում իրենց «անունները»՝ մեկ՝ սրան, ու մեկ՝ նրան պատկանելով և իրենց տերերի անունները փոխառելով։ Նույն կերպ նաև ոսկին մշտապես անցնում է այն ունեցողի ձեռքից՝ մյուսին, ու այդպես շարունակ։ Ավելի շուտ դու կարող ես ձեռքիդ մեջ ջուրը, քան թե՝ քեզ բավականացնող հարստությունն ամուր սեղմած՝ պահել։ Ուրեմն, գեղեցիկ է ասված՝ «Եթե հարստությունը առատորեն հեղվի էլ, թող ձեր սրտերը այն չցանկանան» (հմմտ. Սղմ. ԿԱ 11)։

Սա էլ իր հերթին նշանակում է, որ հարստություն ունենալով՝ ախտերի մեջ չգցե՛ս քո անձը, այլ քո այդ ունեցածը պիտանի կերպով օգտագործես. ոչ թե երբևէ այն որևէ բարիքից ավելի շատ սիրես ու հիանաս հարստությամբդ, այլ ծառայեցնես որևէ սպասավորություն իրականացնելուն։

Այնուհետ էլ սաղմոսերգուն հավելում է, որ իր կողմից ասված խոսքերը ոչ թե իր երկնած խոսքերն էին, այլ հենց իսկ Նրանից՝ Աստծո՛ւց էր նա դրանք լսել. «Մի անգամ խոսեց Աստված,- ասում է,- սակայն ես երկու բան լսեցի» (հմմտ. Սղմ. ԿԱ 12)։ Այս հրաշափառ երևույթը թող որ չխռովեցնի՛ ձեզ՝ տարակուսելու տեղիք տալով, թե ինչպե՞ս կարող էր Աստված մեկ անգամ խոսել, մինչդեռ մարգարեն երկու բան լսել, քանի որ միանգամայն հնարավոր է մեկի կողմից մեկ անգամ ասված խոսքը այնուհետ շատերը կրկնեն տարբեր կերպերով, ու դարձյալ՝ շատերը ունկնդրեն նույն խոսքը այլ ձևակերպմամբ։

Որևէ մարդ էլ, երբ բազմության առաջ մեկ անգամ միայն խոսում է ինչ-որ բանի մասին, չնայած այդ խոսքը մեկ անգամ է հնչում, սակայն հնչում է շատերի համար և հնարավոր է, որ յուրաքանչյուրն այլ կերպ ըմբռնի այն։ Իսկ ահա մարգարեի՝ այժմ սաղմոսում ասվող խոսքը ա՛յս է նշանակում խորհրդաբանորեն. Աստծու հայտնությունը մեկ անգամ միայն եղավ, և երկու կերպով Աստված խոսեց։ Սաղմոսերգուն չի ասում, թե՝ «Աստված մի բան ասաց, բայց ես երկու տարբեր բաներ լսեցի», քանի որ այդ դեպքում հակասություն կարող էր առաջանալ մեկի ու մյուսի միջև, այլ ասում է՝ «մի անգամ խոսեց Աստված, սակայն ես երկու բան լսեցի» (հմմտ. Սղմ. ԿԱ 12)։

Արդ, որո՞նք են այդ երկու բաները, որոնք մարգարեն լսեց Աստծուց։ Ահավասի՛կ. «Աստծունն է զորությունը, և Քոնն է, Տե՛ր, ողորմությունը» (Սղմ․ ԿԱ 13)։ Արդ, ուրեմն, քանի որ «զորավոր Աստված է, որ դատում է Իր ողորմությամբ», ուստի «հույս մի՛ դրեք անիրավության վրա» (Սղմ. ԿԱ 11) և «մի՛ փափագեք հարստությանը» (հմմտ. Սղմ. ԿԱ 11), մի՛ ընդունեք ունայնությունն ու մի՛ ապականեք ձեր հոգու արդար դատը, այլ գիտենալով, որ զորավոր է մեր Տերը, զարհուրե՛ք Նրա ուժից և մի՛ հրաժարվեք Նրա մարդասիրությունից։

Արդ, բարի է նրա՛ երկյուղը, ով անիրավ չի գտնվել իր կյանքում, բարի է նաև նրա՛ երկյուղը, ով մեկ անգամ մեղքով գայթակղվելով՝ անհուսության չի մատնվել, քանի որ բարի է ողորմության հույսը։ Եվ քանի որ Աստծուց է զորությունն ու, միաժամանակ, Նրանից է ողորմությո՛ւնը, և Նա է, որ հատուցում է յուրաքանչյուրին ըստ իր գործերի (հմմտ. Սղմ. ԿԱ 13), ուստի և «ինչ չափով որ չափում էք, նրանով պիտի չափվի ձեզ համար» (Մտթ. Է 1)։

Տրտմեցրի՞ր եղբորդ. փոխարենը նույնն ես ստանալու։ Հափշտակեցի՞ր տկարից, հարստահարեցի՞ր աղքատին, նախատեցի՞ր թշնամանքով, զրպարտեցի՞ր, ստեցի՞ր, մերժեցի՞ր պանդուխտներին մասնակից դարձնել քո ուրախությանը, սուտ երդո՞ւմ տվեցիր, փոփոխեցի՞ր քո հայրերի դրած հավիտենական սահմանները (հմմտ. Առակ. ԻԲ 28), խլեցի՞ր որբերի հացը, նեղությո՞ւն պատճառեցիր այրիներին, գերադասեցի՞ր ներկա հեշտությունները հանդերձյալ կյանքի համար քեզ ավետվող բարիքներից. այս միևնույն քո արածների չափով քե՛զ է լինելու, քանի որ յուրաքանչյուր ոք ինչ որ սերմանում է, այդ էլ հնձում է (հմմտ. Գաղ. Զ 8)։

Ըստ այդմ էլ նաև քո գործած որևէ բարիքի փոխարեն բազմապատիկ անգամ ավելին է փոխհատուցվելու քեզ, քանի որ Տերը յուրաքանչյուրին հատուցում է ըստ իր գործերի (հմմտ. Սղմ. ԿԱ 13)։ Այս խոսքերը քո ողջ կյանքում հիշելով՝ կարող կլինես խույս տալու մեղքերի բազմությունից մեր Տիրոջ՝ Քրիստոս Հիսուսի միջոցով, ում փա՜ռք և զորություն հավիտյանս հավիտենից։ Ամեն։

 

 

Սուրբ Բարսեղ Կեսարացի, «Գիրք պահոց», Ս. Էջմիածին, 2008թ.,

Գրաբարից թարգմանեց Գևորգ սրկ. Կարապետյանը

 

07.10.20
ԲաԺանորդագրվել
Ընթերցել նաև
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․