Գրքեր

Սուրբ Բասսոսի և նրա որդիներ Թեոգնեսի, Ագապի և Պիստիսի վկայաբանությունը

Մաքսիմիանոս թագավորը եկավ մի երևելի քաղաք, որ կոչում են Բիքով, որն արևմուտքում է և Գալիլեայի ու Հռոմի միջև է: Կանչեց աստվածների քուրմ կոչվածներին և մեծ ուրախություն արեց: Խնջույքի ժամանակ ասաց մեկին, որ նրանց պիղծ պաշտամունքի առաջնորդն էր և առանց որին զոհ չէին մատուցում աստծուն և որի անունը Մարկեղինոս էր. «Մեծ աստվածների հայր, քո կամքով են լինում ամբողջ աշխարհում զոհաբերություններն աստվածներին, և մեծապես կկատարվեն»: Մարկեղինոսն ասաց. «Քո քաջությունը թող հրամայի գրով օրենք հաստատել, որ ամեն մարդ զոհ մատուցի աստվածներին, առավել ևս Արամազդին և Ապողոնին, որոնք քո քաջությունը պահում են խաղաղության մեջ»: Եվ թագավորն արեց` ինչպես ասաց [Մարկեղինոսը], գրավոր օրենք տվեց Բիքովին` սնոտի մոլորության մասին, քանի որ քաղաքը երևելի էր, այնտեղից առաքեց հրամանը ամեն տեղ: Այնուհետև մեծ տրտմություն եղավ քրիստոնյաներին, քանի որ շատերը հրաժարվում էին ճշմարիտ հավատից ու Քրիստոսի հույսից:

Հրամանը եկավ-հասավ Եդեսա քաղաքը, որ առաջին Մակեդոնիան է, Էլլադայի բդեշխին [...] Մակեդոնիան, որ Եդեսան էր: Նրանք ընդունեցին հրամանը, գրավոր առաքեցին բոլոր քաղաքները, հրամայեցին մեծ ճշտությամբ կատարել կուռքերի զոհաբերությունը, իսկ անհավաններին չարաչար տանջանքով սպանել: Այնուհետև քրիստոնյաներից շատերը, չդիմանալով սպառնալիքներին, ամբարշտության էին դառնում: Նրանց միտքը խավարած էր ստույգ Լույսի հանդեպ: Իսկ ովքեր աստվածային Սիրով ճշմարտված էին ի Քրիստոս` խրախուսված համարձակվում էին խոստովանել ճշմարիտ Աստծուն:

Քաղաքում մի բարեպաշտ ու Աստծու երկյուղած, երևելի մեծ ազգից մի կին կար, որի անունը Բասսա էր: Ուներ երեք որդի. առաջինի անունը Թեոգնես, որ նշանակում է Աստվածապաշտ, երկրորդինը` Ագապիս, այսինքն Սիրուն, և երրորդինը` Պիստիս, որ թարգմանվում է Հավատարիմ: Իսկ նրանց հայրը քրմապետ էր, ծանոթ թագավորին և սիրելի` իշխաններին և քաղաքում մեծարված: Նրա անունը Վաղերիոս էր, որ բազմիցս կռվել էր կնոջ հետ և չէր կարողացել կռապաշտության դարձնել: Եվ մի օր, որ հեթանոսների տոն էր, իշխանները հրամայեցին զոհ մատուցել կուռքերին, իսկ Վաղերիոսը` Բասսայի ամուսինը, առաջ գալով` նախ ինքն է մատուցում զոհեր կուռքերին, ապա շատ ուրիշներ նրանից հետո: Իսկ երանելի Բասսան, իր երեխաներին տանելով մի կողմ, հուսացողներին հիշեցրեց Քրիստոսի հավատքը` պաշտել սուրբ Երրորդությանը, որով մնացին խոստովանեցին և զոհվեցին, իսկ այլ աստվածներ հեթանոսների ոչինչ են, և մարդիկ դևերից խաբված պաշտում են դրանց և չգիտեն ճշմարիտ Աստծուն և իրենց պարգևատուին երկնքից երկինք. ովքեր կան և մնում են Քրիստոսի գալստյան հատուցումին: [Ասում է]. «Եվ ձեր հայր Վաղերիոսը խավարած լույսի և ճշմարտության դեմ, նրանց ժառանգությունն է և կորստյան խորքում բռնված չհամաձայնեց գալ ճշմարիտ լույս Քրիստոսի մոտ: Արդ, մի՛ հավանեք մոլորեցնողին` գթալով ձեր հորը, որ համաձայնեց լինելու դժոխքի ժառանգորդ: Որովհետև ով սիրում է հորն ու մորը` առավել քան Քրիստոսին` արժանի չեն նրան, մանավանդ Աստծուն ուրացողները (հմմտ. Մատթ. Ժ. 37): Որդյակնե՛րս, հիշեցեք իմ հոգևոր սնունդը, որ ձեզ ավետարանով ծնեցի, թեպետ ես ըստ մարմնի ծնող և սնուցող եմ, հասցրել եմ այդ հասակին, իմը չեմ համարում ձեզ, այլ ձեր և բոլոր արարածների Ստեղծողինը: Այժմ աղաչում եմ ձեզ, որդյակնե՛րս, ընթացեք դեպի հավիտենական կյանքի հույսը, ոչինչ են բռնավորների սպառնալիքները: Բոլոր երկրավորները, որ երևում են` անցավոր են ու ժամանակավոր, իսկ ձեր և իմ ցանկությունն է խնդրել Նրա կամքը և պատվիրանի պահպանությունը, և այսպես մեռնել Նրա կամքի համաձայն»:

Եվ երբ ավարտեցին կուռքերին զոհ մատուցելը և պղծության պաշտամունքները, և Վաղերիոսը տեսավ, որ կինն ու որդիները չմոտեցան զոհերին, բարկացած` իր որդիներին ատյան տարավ և աղաչում էր իշխաններին, որ իր որդիներին ստիպեն պաշտելու կուռքերին, որ ինչքան հնարավոր է համոզելով կամ սպառնալով և կամ տանջանքով համոզեն նրանց սնոտի չաստվածներին պաշտելու: Եվ բռնավորները հարցաքննեցին, թե ինչու չուզեցին լսել և զոհ մատուցել: Եվ մեծ որդին ասում է բռնավորին. «Քեզ հայտնի լինի այս, որ մի օրինակով և նույն կրոնով պահում ենք Քրիստոսի օրենքը և կատարում Նրա պատվիրանները, նաև մայրական խրատը և ոչ հայրականը, որ չի ճանաչում Աստծուն. նրա միտքը խավարած է պիղծ դևերից, իսկ Աստծու իմաստությունը մեզ առաջնորդում է իր հրամաններին, որպեսզի արդարանալով հավատքով Լույսի որդիներ լինենք և երանելի սուրբ հայրերին ժառանգակից երկնքի արքայության մեջ: Նրանք ճշմարիտ հավատով ծնեցին մեզ` հավիտենական Կյանքի հույսին: Ունենք և մեր պարկեշտ ու քրիստոսասեր մոր նույն խրատը և խոստովանում ու փառավորում ենք ամենակալ Աստծուն: Այժմ դուք շտապեցեք տանջանքների միջոցով ընտիր երևացնել մեզ, քանի որ պատրաստ ենք մեր մարմինները մահի մատնել հանուն Քրիստոսի, որպեսզի դատաստանի օրը մեր հոգիները լուսավոր հույսին ժամանեն»: Իշխանները լսեցին, հրամայեցին նրան կախել և քերել, իսկ մյուս եղբայրներին` մոր հետ մոտը լինել և նայել: Եվ բդեշխն ասում է նրան. «Ի՞նչ է քո անունը»: Եվ նա պատասխանում է. «Իմ մայրը գեղեցիկ անուն է դրել` Թեոգնիս, որի հետ իսկապես գնացել եմ` նոր գիտություն առ Աստված, ճգնության միջոցով ջանում եմ հաստատվել դրանում և հավատում եմ, որ հաղորդ կլինեմ սրբոց մասունքին»: Բդեշխն ասում է. «Ինչո՞ւ համոզիչ խոսքերով խաբված մանկան պես ուզում եք ձեզ կյանքից հանել»: Եվ հրամայեց քերել նրան: Ու մինչդեռ չարչարում էին` քարոզիչն աղաղակում էր. «Զոհ մատուցիր Արամազդ և Ապողոն մեծ աստվածներին և ապրիր»: Իսկ սուրբ նահատակն ասում է իշխաններին. «Տկար են ձեր սարքերը, ո՛վ պիղծ արբանյակներ սատանայի: Երդվում եմ Քրիստոսի նահատակների երանելի մահով, որ չեմ վախենում ձեր տանջանքներից` հանուն Աստծու ճշմարտության: Այլ մեծամեծ խոշտանգումների միջոցով կհաղթեմ ձեր չար հնարքներին»: Եվ քերանքը հասավ մինչև սրբի ոսկորները, ոսկորները մերկացան: Երանելի Բասսոսը տեսավ և ասաց. «Նահատակվիր, որդյա՛կ, ընդդեմ սատանայի հագած Քրիստոսի զենքը, քո ապականացու մարմինը տուր այդ բռնավորներին, որպեսզի Քրիստոսի գալստյանը վերստին ստանաս դա»: Եղբայրները նույնպես ասում էին. «Պինդ կաց, տե՛ր, մեզ ևս ընդունիր միաբան, քանի որ պատրաստ ենք և մենք քեզ հետ գնալ Տիրոջ ճանապարհը, ընթանալ քո շավղով, որովհետև այսուհետ դու հոր տեղ ես մեզ համար»: Իսկ Քրիստոսի երանելի նահատակը աչքերը վեր բարձրացնելով ասաց. «Աստվա՛ծ, ինձ տուր կատարյալ համբերություն և ավարտիր իմ ընթացքը, որ ժառանգորդ լինեմ սուրբ խոստումներին, որ խոստացար քո սիրելիներին»: Այս ասելով փառավորեց Հորը Որդուն և Սուրբ Հոգուն, ասաց ամենը և այդպես ավանդեց հոգին:

Եվ բդեշխը կանչեց երկրորդ եղբորը, ասաց. «Ի՞նչ է քո անունը»: Նա պատասխանեց. «Ճշմարիտ Աստծու մտերիմ աղախին իմ մայրը Ագապիոս կոչեց ինձ: Այդ անվանը վիճակված աշխատում եմ չզրկվել իմ Աստծու սիրուց, այլ Նրան սիրելի երևալ»: Իսկ բդեշխը մեղմորեն վարվեց մանկան նկատմամբ. «Ո՛վ մանուկ, քո գեղեցկությամբ զարմացած աստվածները մեզ հորդորում են գթալ, որովհետև խղճում են քեզ` քո հոր ուղիղ վարքի համար: Արդ, քո եղբոր մոլորությամբ մի՛ մոլորվիր, այլ հավանիր և զոհ մատուցիր աստվածներին, որպեսզի սիրելի լինես մեզ»: Իսկ սուրբը ծիծաղելով ասաց. «Ո՛վ ամբարիշտ և անաստված, ձեր այսչափ շատ պիղծ և չար հնարքներից ձեր հայր սատանան հրապույր է մատուցում, որ համոզիչ խոսքերով խաբե Աստծու ծառայիս: Երդվում եմ իմ սուրբ եղբոր պատվական մահով, որ հավատով ավարտեց իր ընթացքը, նաև մեր սուրբ մոր կանոնավոր վարքով, թե իմ մարմինը սրի և հրի, գազանների մատնեք` չեմ ուրանա իմ եղբոր բարեպաշտ ճանապարհը, այլ նրա խոստովանության հետքով կգնամ, և օտար կհամարեմ այս կյանքի ստվերը, որպեսզի իմ հոգու անմահ զգայությունը Աստծուն կատարյալ երևա»: Երբ նա այդ ասաց` պիղծ իշխանները հրամայեցին կախել և գլխից մինչև լանջը մաշկատել: Իսկ սուրբը համբերելով այդպիսի դառն տանջանքներին աղոթում էր և ասում. «Ամենակալ Աստված, որ Քո կամքով ապրեցրիր քրիստոնեից ազգը` մեր Տեր Հիսուս Քրիստոսի ձեռքով, անապական արա մարմնի անդամներն իմ, որ դասեցիր ինձ բարեպաշտության կարգը, որպեսզի քաջությամբ համբերելով այս փորձությանը անապական պսակն ընդունեմ Քրիստոս թագավորից, որի համար արհամարհում եմ սնոտի աշխարհս` մերկացած իմ մարմնի մաշկից»: Երբ նա այս ասաց, անօրեն դահիճները վայրենի գազանի նման պոկում էին մաշկը մինչև կուրծքը: Այդ պես քաջությամբ վախճանի հասցրեց նա իր ընթացքը, մինչդեռ աղոթում էր` ավանդեց հոգին:

Եվ նա վախճանվեց: Բդեշխը հրամայեց բերել երրորդ որդուն և ասաց նրան. «Ի՞նչ է անունդ»: Եվ նա պատասխանեց. «Զգաստության զարդ իմ սուրբ մայրը Քրիստոսի հավատով է պահել ինձ և հավատարմացրել իմ հոգու խորհուրդները և հանձնել Քրիստոսին: Պիստիս անվանեց ինձ, և այդ անունը ցույց է տալիս մեր մոր բարեպաշտ մտքերը»: Իսկ անօրեն իշխանները ցանկանում էին համոզելով խաբել քրիստոսազգեստ մանկանը: Եվ բդեշխն ասում է նրան. «Իմաստուն խանձարուրի մեջ ես մեծացել, մանո՛ւկ դու, խմել ես ազնվական կաթ, և աստվածները քո հորը գթալով` խնայում են քեզ. մի՛ լինիր անհավան, իսկ եթե քո մոր պատիր խոսքերով խաբվեցիր մանկան պես, այժմ հավանիր մեր խոսքին և սիրելի եղիր Արամազդ մեծ աստծուն, կատարիր թագավորի հրամանը և եղիր մեզ բարեկամ: Եթե զոհ մատուցես մեծն Արամազդին` կբուժվես տանջանքներից, քանի որ մենք ևս գիտենք, որ խաբվել ես իբրև մանուկ»:

Իսկ քրիստոսազգյաց մանուկը հեզորեն պատասխանելով ասաց. «Բարով ինձ դրեք ճշմարտության ճանապարհի վրա, թեկուզև չիմանաք, որպեսզի հավատաք Հիսուս Քրիստոսի երկնային Հոր բարեգթությանը, որ գնալով ասպարեզ` հաղթեմ ձեր չարահնար զենքերին: Քանզի ճշմարիտն Աստված իմ կողքին է` արդարության պսակը բռնած: Արդ, մի՛ կարծեք, թե իբրև մանուկ կհավանեմ ձեր հորդորներին և կվախենամ առաջիկա տանջանքներից: Քանզի թեպետ մանուկ եմ երևում ձեզ, բայց մտքով կատարյալ եմ ձեր առջև` խրատված Քրիստոսի իմաստությամբ, և շտապում եմ զոհված իմ սուրբ եղբայրներին ընդառաջ, գրվելու սրբերի շարքում»:

Չարաչար իշխանները հրամայեցին նրա ձեռքերը հետևը կապել և կապարով ձգել ջիլերը, պրկել պարանոցի կապանքները, որ ետ ձգված արմունկները կոտրվեն, խաղերն ու հոդերը պոկվեն, և իսկույն ավանդի հոգին:

Իսկ Քրիստոսի սուրբ նահատակը այդ չարչարանքների մեջ աչքը երկինք հառած բարձրաձայն ասաց. «Քրիստո՛ս Փրկիչ, Լույսդ իմ ճշմարիտ, արդարության Ճառագայթ, որ մոտիկ ես Քո երկյուղածներին, և որոնք պահում են Քո պատվիրանները, գթած և ողորմած Տեր, ինձ ևս առաքիր Քո օգնությունը: Այո՛, իմ Տեր Հիսուս Քրիստոս, ինձ փրկիր հակառակորդի ապականությունից և դասիր ճշմարիտ առաքինի նահատակների կարգը, որ Քո սուրբ անվան համար իրենց անձերը մահվան մատնեցին»:

Երբ լսեցին իշխանները, չհանդուրժելով այդպիսի համարձակություն` հրամայեցին գլխատել նրան, և սուրբն ասաց. «Մի քիչ թողեք, որ մտածեմ»: Եվ թողտվություն ստանալով ասաց. «Ամբողջ հավերժի ամենակալ Թագավոր, որ Քո Քրիստոսի միջոցով ամեն ինչ իմաստությամբ ստեղծեցիր` ինչ որ երկնքում է և երկրի վրա, որ ամեն ինչ կատարյալ հորինեցիր, որ դևերի գնդերը տարտարոս ընկղմեցիր, իսկ ովքեր Քո անվան համար ճգնեցին` երկնային քաղաքացի դարձրիր, և Քո սրբերի հետ տոնում ես հավիտենական ցնծության մեջ: Դու Տեր, ընդունիր և իմ հոգին և դասիր երկնային քաղաքացիների շարքը` վերին Երուսաղեմում այս խոստովանությամբ: Եվ մեր սուրբ մորը դասիր սրբերի մեջ, որ Քո պատվիրաններով երեք որդի ծնեց և Քեզ ծառայեց սուրբ սրտով»: Երբ ավարտեց աղոթքը` ասաց դահիճին. «Արի՛ կատարիր քեզ հրամայվածը»: Եվ այդպես վկայեց Քրիստոսի առաքինի նահատակը:

Դրանից հետո իշխանները հրամայեցին մանուկների քրիստոսազգյաց մորը տանել բանտ և զգուշությամբ պահել: Եվ նրա սիրելիներից ոմանք մտնում էին նրա մոտ, համոզելու նրան զոհ մատուցել աստվածներին: Իսկ սուրբը բանտում անընդհատ աղոթում էր և փառավորում Աստծուն և ուզում էր անխափան կատարել իր ընթացքը Քրիստոսի խոստովանությամբ: Եվ նրանց, որ մտնում ու ելնում էին իր մոտ` համոզելու իրեն, մեծ թշնամանքով էր ճանապարհում:

Շատ օրեր անց իշխանը կամեցավ գնալ Մակեդոնիա և մտածեց առավոտյան զոհ մատուցել դևերին, հրամայեց բերել սուրբ Բասսային, որպեսզի զոհ մատուցի: Եվ երբ եկավ` իշխանն ասաց նրան. «Ի՞նչ է քո անունը»: Եվ նա ասաց. «Քրիստոնյա եմ, և մարդիկ, Բասսա են կոչում»: Իշխանն ասաց. «Տեսար տանջանքները քո երեխաների, որ քո կրծքով են սնվել և քո գրկում են մեծացել և իրենց անհավանության պատճառով դառն ու անհնարին տանջանքով մեռան: Իսկ դու տեսար նրանց չար մահը, դիմացար: Այժմ, եթե դու ևս չլսես` մեծագույն ու չարաչար տանջանքով կկորչես»: Եվ սուրբ Բասսան ասաց. «Անօրե՛ն և չարիմաց հոգով և պիղծ բարքով, կարծում ես թե կթողնեմ իմ զավակների ընթացքը և այն վկայությունը, որով նահատակվեցին իմ մեծացրած զարմանալի մանուկները, որ այժմ երկնքում Քրիստոսի հետ ցնծում են, քո սնոտի խրատը ընդունե՞մ` չմեռնելու համար. դադարեցրու մոլորությունդ, ո՛վ բռնավոր, որովհետև Քրիստոսի ասպարեզը պատրաստ է, և ինձ մնում է նահատակվել ընդդեմ քո հայր սատանայի ու գնալ երկնային Թագավորի մոտ` ստանալով վերին կոչման առհավատչյա: Այժմ տանջիր ինչպես ուզում ես, քանի որ չեմ ուզում զոհ մատուցել անշունչ դևերին»: Զայրացած իշխանը հրամայեց կապել նրա ձեռքերը հետևը, նախ կապարով ջարդել բոլոր անդամները և ջարդելուց հետո գլխատել նրան: Բասսան ասաց. «Գոհանում եմ Քեզնից, Քրիստոս, միակդ, որ ունես անմահություն, որ արժանացրիր ինձ այս կոչմանը և աղաչում եմ Քեզ, Տե՛ր, ընդունիր իմ խոստովանությունը, ինձ խառնիր Քո սրբերի թվին, որովհետև փառավորված է Հոր, Որդու և Սուրբ Հոգու անունը»: Եվ այդպես խոնարհեցնելով պարանոցը գլխատվեց սուրբ ու առաքինի վկան` ի Քրիստոս Հիսուս Տեր մեր, որին փառք և զորություն. հավիտյանս հավիտենից. ամեն:

 

Վարք Սրբոց, Հատոր Ա, Ս. Էջմիածին – 2010թ.

26.05.15
ԲաԺանորդագրվել
Ընթերցել նաև
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․