5 Հունիս, Ուր, Զ օր Հոգեգալստյան, Պահք

Գրքեր

Սուրբ Գևորգ զորավարի պատկերագրությունը

Սուրբ զինվորների կերպարների առկայությունն ընդունված սովորույթ էր հայկական միջնադարյան արվեստում: Սուրբ Գևորգ զորավարը ձեռագրերի բազմաթիվ լուսանցազարդերում պատկերվում է վիշապին նիզակահարելիս: Այս հորինվածքը կապվում է քրիստոնեական հավատի հետ (տվյալ դեպքում վիշապը խորհրդանշում է Դիոկղետիանոս կայսրին): Պատկերագրական այս ձևը՝ գեղարդով վիշապին խոցելիս, կարելի է տեսնել Թորոս Տարոնացու մոտ (Ավետարան, 1323թ., Մատենադարան, № 6289): Նկարչի նկարազարդած խորաններում ու լուսանցանմուշներում տեսնում ենք օձերի և վիշապների, որ կռվում են իրար դեմ ու սպանվում՝ սրբազան զինվորի կողմից: Ավետարանը (№ 6289) նկարազարդված է շատ շքեղ: Շլացուցիչ են խորանները, որոնց բուսական զարդերի մեջ պատկերված է Սուրբ Գևորգը՝ վիշապին սպանելիս:

Ուշագրավ են Սուրբ զինվորների պատկերները Գուգարքի կոթողների պատկերաշարում: Այստեղ կարելի է տեսնել Սուրբ Գևորգի հեծյալ պատկերը (Դմանիսի, Բրդաձորի մեծ կոթող), ինչպես նաև ուղղահայաց կանգնած ֆիգուր՝ զենք ու զրահով: Սուրբ զինվորի այս վերջին տարբերակը՝ որպես կանգնած ֆիգուր, պատկերագրական տեսանկյունից համարվում է վաղագույնը, բայց հիմնվելով կոթողների պատկերաշարում կիրառված երկու տարբերակների վրա՝ կարելի է եզրակացնել, որ 7-րդ դարի Սուրբ զինվորի հեծյալ տարբերակն արդեն տարածում ուներ: Դա են հաստատում նաև հեծյալ Սուրբ զինվորների պատկերները հայկական 7-րդ դարի որմնանկարչության մեջ (Լմբատ, Թալինի Կաթողիկե):

Լմբատի Սուրբ Ստեփանոս եկեղեցում աբսիդից ձախ և աջ Սուրբ ձիավորների պատկերները վատ են պահպանվել: Չնայած այդ վատ պահպանվածությանը՝ տպավորիչ են ձիերը՝ սպիտակ ու սև, համաչափ, ծանր սմբակներով, գլուխները թեքած: Հեծյալների դեմքերը ջնջված են: Նրանցից Սուրբ Գևորգը թիկունքում ունի վահան, ձեռքին՝ խաչով գավազան: Չկան վիշապների պատկերներ հեծյալների ձիերի սմբակների տակ: Նման պատկերը ոչ թե վիշապասպան է, այլ նահատակ, այսինքն՝ վկա: Ձիավոր նահատակի նման պատկերագրությունը քիչ է հայտնի նույնիսկ Մերձավոր Արևելքում: Ըստ Լ. Դուռնովոյի՝ սպիտակ ձիու վրա Սուրբ Սարգիսն է, սևի վրա՝ հարավային կողմում՝ Սուրբ Գևորգը:

Օձունի կոթողների հարավային կողմի սրբերի շարքը սկսվում է խորհրդանշական հորինվածքով: Շարքի առաջին ֆիգուրը Սուրբ զինվորն է: Ե՛վ հյուսիսային, և՛ հարավային կոթողների պատկերաշարերը սկսվում են Սուրբ զինվորի՝ ամբողջ հասակով կանգնած ֆիգուրով, զինվորական հանդերձանքով, վահանով (հարավային կողմ) ու սրով (հյուսիսային կողմ), ինչպես նաև խաչգավազանով: Եթե հարավային կողմում շարքը շարունակվում է այլ սրբերի պատկերներով, ապա հյուսիսային կողմում՝ պատվիրատուների ֆիգուրներով: Միայն հյուսիսային կոթողի առաջին՝ Սուրբ զինվորի պատկերը վերաբերում է ոչ թե պատվիրատուների, այլ սրբերի ու նահատակների շարքին:

Կարելի է ենթադրել, որ Սուրբ զինվորների ֆիգուրները ներկայացնում են շատ հեղինակավոր սրբեր՝ Սուրբ Գևորգին և Սուրբ Սարգսին: Սակայն եթե հայկական որոշ հուշարձաններում վերջիններս հեծյալներ են, ապա Օձունի կոթողներին կանգնած դիրքով համապատասխանում են վաղ պատկերագրությանը: Արևելաքրիստոնեական արվեստում այս պատկերագրությամբ հայտնի են հուշարձաններ, որոնցից է, օրինակ, Սուրբ Թեոդորոսի սրբապատկերը Կահիրեի թանգարանում (6-րդ դ.):

Աղթամարի Սուրբ Խաչ եկեղեցու արևելյան խաչաթևի ինչպես հյուսիսային, այնպես էլ հարավային մասում գտնվող թեմաները կապված են պայքարի ու թշնամու դեմ տարած հաղթանակների հետ: Հարավային մասում են սուրբ զինվորներ Սուրբ Թեոդորոսը, Սուրբ Սարգիսը և Սուրբ Գևորգը: Վերջիններս պատկերված են նժույգների վրա՝ խաչազարդ նիզակներով հարվածելով օձին, հովազի կերպարանքով վիշապին և ձեռքերն ու ոտքերը կապած մի մարդու: Նրանց ձիերը հիշեցնում են առասպելական հրեղեն կենդանիների՝ ոտքերին ագուցված իշխանական պատկանելության վարդյակաձև տարբերանշաններ:

Սուրբ Գևորգի պատկերին հանդիպում ենք Ազնաբերդի Սուրբ Գրիգոր եկեղեցու հարավային ավանդատան որմերի պատկերների մեջ: Այս եկեղեցու նկարազարդումները կատարել են Հակոբ և Հարություն Հովնաթանյանները:

Առանձնակի հետաքրքություն և գեղարվեստական արժեք են ներկայացնում չորս Սուրբ զորավարների՝ Սուրբ Սարգսի, Սուրբ Թեոդորոսի, Սուրբ Մերկուրիոսի և Սուրբ Գևորգի միաժամանակ պատկերումը մի ձեռագրում (Մատ., № 6305)՝ յուրաքանչյուրն առանձին էջով: Նրանց առանձին պատկերները պահպանված են հայ կերպարվեստի տարբեր հուշարձաններում՝ Գլաձորի, Կիլիկիայի, Վասպուրականի ձեռագրերում, մի շարք եկեղեցիների որմնանկարներում ու բարձրաքանդակներում: Զորավարները ներկայացված են տարբեր հրաշքներ գործելիս: Նրանցից և ոչ մեկի անունը չի պահպանվել: Ելնելով սրբերի վարքերի հայկական խմբագրություններից, մանրանկարների վրա պահպանված մակագրությունների մնացորդներից, հրաշագործությունների բնույթից ու նրանց պատկերագրական առանձնահատկություններից՝ հնարավոր է լինում վերականգնել այդ անունները:

Ձեռագրի 284ա էջում պատկերված է վերջին՝ չորրորդ ձիավորը՝ Սուրբ Գևորգը, կապույտ ձիով ու նիզակով՝ ծայրին խաչ: Նա տեգահարում է ոտքերը կապված դևին: Այն երբեմն պատկերվում է մարդու դեմքով: Դևի դեպի վեր դարձած բաց երախից արյուն է հոսում, հետևի ոտքերը կապված են ու գտնվում են ձիու առջևի ձախ սմբակի տակ: Ձին պատկերված է դեպի ձախ շարժմամբ: Հեծյալը երիտասարդ է, առանց բեղ ու մորուքի: Մանրանկարի վրա պահպանվել է՝ «…որէ ռըմպովն ղգ(ե)վն խորտա…» մակագրությունը: Կապույտ ձիավորի կատարած հրաշագործության պատկերագրական առանձնահատկությունը բնորոշում և բացահայտում է Սուրբ Գևորգի զուտ հայկական տիպը: Հայաստանում ընդունված էր Սուրբ Գևորգի պատկերման հենց այս ձևը, որը Վ. Ն. Լազարևը համարում է հայկական: Սուրբ Գևորգը այսպես է պատկերված Թորոս Տարոնացու 1312թ. ավետարանի մանրանկարում, Աղթամարի Սուրբ Խաչ եկեղեցու (915-921) բարձրաքանդակում:

Այս բոլոր չորս մանրանկարներից յուրաքանչյուրը կերտված է մեծ ներշնչանքով: Անառարկելի են այս աշխատանքների գեղարվեստական արժանիքները: Նրանք աչքի են ընկնում ձևերի ավարտվածությամբ ու մոնումենտալությամբ: Նկարիչը կարողացել է որսալ ու մեծ վարպետությամբ պատկերել ձիու տարբեր վիճակները: Մի տեղ ձին գլուխը բարձր պահած վարգով առաջ է ընթանում, մի այլ տեղ պատրաստվում է ծառս լինել՝ սմբակների տակ վիշապին ոչնչացնելու համար:

Մանրանկարների ճոխ գույների նուրբ հյուսվածքը, նրանց հարաբերությունները, նպաստում են մեկը մյուսի հնչեղությանը: Գույները օգտագործված են մտածված: Մի էջում հակադրվում են սպիտակ ու մուգ կարմրին մոտեցող նժույգները իրենց գույնով, կանաչ ու դեղին քղամիդները, մյուս էջում՝ սև ու կապույտ նժույգները և գետնի դեղին ու կանաչ ֆոնը: Գույների ընտրությունը հատուկ է անգամ ամենափոքր մանրամասներին: Որևէ գույն ստեղծելիս նկարիչը տեսնում է էջը իր ամբողջության մեջ: Դրանով է բացատրվում և այն, որ երկու զինվորները առանձին-առանձին առնված են նույն գույնի շրջանակի մեջ (առաջին 2-ը կարմիր, վերջին 2-ը կապույտ): Եվ չնայած թվում է, թե նկարիչը բավարարություն է տվել հնարավորին չափ շատ գույներ օգտագործելու իր ցանկությանը, ուշադիր դիտելուց ստանում ենք բոլորովին այլ տպավորություն, այն, որ ամենուրեք հանդես է բերված գույնի և չափի արտակարգ զգացողություն: Նկարիչը ելնում է ոչ միայն տվյալ մանրանկարին ներդաշնակություն հաղորդելու սկզբունքից, այլ նաև հանդիպակաց էջի հետ ամբողջություն ստեղծելու նպատակից, քանի որ ձիավորները հանդիպակաց էջերի վրա պատկերված են այնպիսի միտումով, որպեսզի երկու աշխատանքները դիտվեն որպես տարբեր ձևերի մեկ ընդհանրություն:

Մեր ձեռագրում (№ 6305) զորավարներին հատկացված այսպիսի նշանակությունը բացառիկ երևույթ է հայկական մանրանկարչության մեջ: Քրիստոնեական արվեստում վիշապամարտ հերոսների հիմնական գաղափարը դառնում է «դևերի»՝ հեթանոսների դեմ պայքարը: Ն. Կոնդակովը գրում է, որ Գևորգ զորավարի սրբապատկերները, որտեղ նա հանդես է գալիս որպես վիշապահար, դևին խորտակող, մշակվեցին հենց այն ժամանակ, երբ արևելյան Եվրոպայի ժողովուրդները ավարտում էին քոչվոր հորդաների դեմ մղվող հազարամյա պայքարը: Ձեռագրի ծաղկող Գրիգորն իր միտքը փոխաբերական իմաստով արտահայտելու համար դև անվան տակ դնում է տարբեր հասկացություններ: Հայ ժողովուրդը, որն իր գոյատևման ընթացքում հաճախ տառապել է օտար նվաճողների կործանիչ բռնություններից, երազել է նվաճողից՝ «դևից» ազատագրվել: Նկարիչն իր մանրանկարները ստեղծել է այնպիսի մի ժամանակ, երբ մոնղոլական հորդաները տեր ու տնօրինություն էին անում Հայաստանում: Այս արշավանքներն ամենակործանարարն են եղել հայ ժողովրդի պատմության մեջ: Բնակչությունը ոչ միայն թալանի ու կողոպուտի էր ենթարկվել, այլև մասսայաբար կոտորվել, ոչնչացվել, գերեվարվել է: Ուստի ամեն մի հայի իղձն էր՝ ազատվել վիշապից՝ նվաճողից: Հավանականությունից զուրկ չէ, որ նկարիչը որոշակի իմաստավորում է դրել այս զորավարների կերպարներում, նրանց մեջ տեսնելով այն ազգային հերոսներին, որոնք կխորտակեն չարը և կազատագրեն ժողովրդին:

Սուրբ Գևորգի հրաշագործության հիմնական մոտիվը՝ պայքար դևերի ու հեթանոսների դեմ, հատկանշական է բոլոր Սուրբ զորավորներին:

 

Կազմեց Գայանե Սուգիկյանը

28.09.19
ԲաԺանորդագրվել
Ընթերցել նաև
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․