Գրքեր

Սուրբ Ղինկիանոս հարյուրապետի վկայաբանությունը

Այս երանելի այր Ղինկիանոսը մեր Տեր Հիսուս Քրիստոսի օրերին էր` զինվորյալ հարյուրապետ, խաչելության ժամանակին մոտ էր և հրամանի համաձայն խոցեց Հիսուսի կողերը, և երբ տեսավ խաչի նշանները` խավարած արեգակը և պատռված վեմերը, հերձված վարագույրները` հավատաց Տիրոջը, բախում էր իր կուրծքը և բարձրաձայն ասում. «Սա իրոք Աստծու Որդին է» (Մարկ. ԺԵ. 39: Հմմտ. «Յայսմաւուրք», Ա. սեպտ.): Եվ ժամանակ անց թողեց զինվորությունը` համբերությամբ տարվեց Տիրոջը վերաբերող հիշատակարաններով, և սուրբ առաքյալներից լսեց Տիրոջ բարերար հրամանները: Իրեն ամբողջովին նվիրեց Աստծուն, ողորմություններ էր անում, ինքնիրեն առաջնորդում էր բարեպաշտության, ինքնիրեն կրթում բարեպաշտության, երկնային վարքով սուրբ էր պահում միտքը: Եվ քրիստոսական բոլոր առաքինություններով զարդարվեց համբերությամբ, ավելի զվարթացավ պարկեշտորեն ու մեղմ հայեցվածով, հանդարտ իմացությամբ ու խոնարհ մտքով, անցավ մարմնով և անխռով էությամբ: Գնաց Գամիրք, քսանութ տարի զբաղվում էր խոնարհ և միանձնական վարքով և բազմաթիվ մարդկանց դարձնում էր աստվածպաշտության ու արդարության, խափանում էր կուռքերի զոհաբերությունը, սերմանում Տիրոջ աստվածպաշտությունը:

Այս ամենը եկավ հասավ դատավորի ականջին, և երբ [բերին նրա մոտ], Օկտավիանոս դատավորն ասաց. «Ի՞նչ է քո անունը»: Եվ նա կատարյալ մտքով և Աստծու հանդեպ բարեխոհ` ասաց. «Քրիստոնյա եմ», քանի որ, ասում էր, պետք է Քրիստոսի անունը խոստովանել բարվոք շնորհով: Օկտավիանոս դատավորն ասաց. «Քեզնից առաջ այդ անունից ոչ ոք չօգտվեց: Այժմ ասա` ի՛նչ է քո անունը»: Եվ սուրբը պատասխանեց. «Ղինկիանոս է իմ անունը»: Դատավորն ասաց. «Ո՞ր գավառից ես»: Ղինկիանոսն ասաց. «Այուրիացոց»: Օկտավիոսն ասաց. «Ծառա՞ ես, թե ազատ»: Ղինկիանոսն ասաց. «Առաջ մեղքի ծառա էի, և մարդասերն Հիսուս Քրիստոս Իր խնամակալությամբ, խաչի ու կողերի կրկնակ շնորհով ազատեց ինձ` մի անգամ ջրով, իսկ այժմ արյամբ` եթե վախճանվեմ մարտիրոսության ասպարեզում»: Դատավորն ասաց. «Ի՞նչ բանի համար ես եկել այստեղ»: Ղինկիանոսն ասաց. «Քաղաքացի էի և զինվորվեցի այս աշխարհում, իսկ այժմ զինվորվեցի Քրիստոսին»: Դատավորն ասաց. «Ո՞վ քեզ արժանացրեց թողնելու քաղաքը, ո՞վ ազատեց քեզ զինվորությունից»: Ղինկիանոսն ասաց. «Քաղաքիս կարիքների համար շատ աղաչեցի իմ եղբայրներին, և վերցնելով իմ ունեցվածքը` թույլ տվին, և ինձ տարեկան հարյուր դահեկան էին տալիս, որ վերցնելով բաժանում էի աղքատներին ու կարոտյալներին: Իսկ հիմա աղաչեցի իմ Տեր Հիսուս Քրիստոսին` ճշմարիտ և երկնային Թագավորին` ազատեց ինձ այս աշխարհի կապանքներից, ինչպեսև մարմնական զինվորությունից` ինձ կրոնավորի կյանք տվեց, որ այստեղ ապրեմ խաղաղությամբ, և նրա անունը փառավորվի իմ` մեղավորիս մեջ»:

Դատավորն ասաց. «Ազատ, մեծ ու փառավոր մեկն ես դու. այսուհետև հնազանդ եղիր թագավորներին և աստվածներին զոհ մատուցիր, ճաշակիր զոհերից և դարձյալ վարիր քո խաղաղ կյանքը, որ կամաց-կամաց չմաշվես տանջանքով»: Ղինկիանոսն ասաց. «Ոչ ոք չի կարող ծառայել երկու տիրոջ (Մատթ. Զ. 24), որոնք միմյանց հակառակ են. քանի որ իմ Աստվածը լուսավորության, հանդարտության, համբերության, անընչության ու խոնարհության, և ամեն առաքինության աստվածային վարքի առաջնորդ ու տվիչ է, իսկ քո աստվածները հակառակն են հոգում, ցանկացող են պոռնկության, շփոթության, արծաթասիրության, և կուռքերը հակառակ են ամենայն առաքինության: Արդ` ի՞նչպես կարող եմ կուռքերին [հաճելի] գործ կատարել և խոկալ իմ Աստծուց ստացած պատվիրանների մասին»: Դատավորն ասաց. «Ինչպես դու ես ասում, ա՜յ անսուրբ, մեր աստվածները և քո Աստվածը հակառակն են խորհում, հապա ինչո՞ւ հեթանոսությունը օգնում է թագավորներին ու դատավորներին, և հեթանոսությունը բարձրանում է ու փառքով բազմանում, իսկ քրիստոնեությունը անպատվությամբ խոնարհվելով` պակասում է»:
Ղինկիանոսն ասաց. «Տեսնո՞ւմ ես, որ հեթանոսությունը քրիստոնեության դեմ է` համբերության արգելիչ, զգաստության վնասիչ, աստվածպաշտության խափանիչ, օտարացուցիչ` հավատից, առաքինության ավերիչ, միտք խավարեցնող, աչք կուրացնող, ամեն բարեգործության ու խրատների քանդիչ, շատակերության գործակից, անընչության խափանիչ, արծաթսիրության ցանկացուցիչ, խոնարհությունից հեռացնող, ամբարտավանության առաջնորդ, անձի սրբության աղտեղացնող, պատերազմի գործակից, ո՛չ խոսքով, ո՛չ գործով ու կրոնով, և ո՛չ խորհրդով չի ամփոփում մարդուն, այլ ամբողջապես մոլեկան ու այլամիտ է դարձնում: Արդ, եթե հրամայում ես` կասեմ և քրիստոնեության մասին»:

Օկտավիոս դատավորն ասաց. «Բազում իմաստությամբ ավելի բարձր ոչինչ չբարբառեցիր, բայց մոտեցիր զոհ մատուցելու աստվածներին, ճաշակիր մսից, և քո աստվածը քեզ թողություն կշնորհի. քանզի քեզ տեսնում եմ շատ նվազ, գունատ ու անզոր, և տանջանքներին չես կարող դիմանալ, եթե քեզ սկսենք դառնորեն տանջել` չես կարող համբերել, այլ ամոթով հարկադրված կանես այդ»:
Ղինկիանոսն ասաց. «Իսկապես դու ասո՞ւմ ես այդ. դարձիր քրիստոնյա և քո թագավորը հանձն կառնի, որովհետև մեծ Աստծուն արդարությամբ ճանաչես` քո թագավորը կուզենա քեզ հարվածել` քեզ չեն մոտենա տանջանքները, եթե շատ տկար ես` միայն հավատացյալ եղիր, քանի որ տանջանքների ամբարշտությունը չի զորանա Քրիստոսի բարեպաշտության դեմ»:

Օկտավիոսն ասաց. «Կռան վերցրեք և դրա ատամները փշրեցեք, և սրով կտրեցեք լեզուն, քանի որ հայհոյում է աստվածներին և արհամարհում է ինքնակալ թագավորին»: Եվ դահիճները կատարեցին նրա հրամանը. արմատներից պոկեցին նրա ատամները: Իսկ երանելի Ղինկիանոսը արիաբար համբերում էր Քրիստոսի բարեպաշտությամբ: Եվ ասաց դատավորին. «Դրան աստվա՞ծ ես համարում. հիմա կփշրեմ դրանք, և իրենք իրենց օգնել չեն կարող»: Դատավորն ասաց. «Իսկ որ քո գլուխը այդպիսի տանջանքի մեջ է, ինչո՞ւ քո Քրիստոսը չի օգնում քեզ»: Ղինկիանոսն ասաց. «Տեսնո՞ւմ ես, անզգա, այսքան տանջանք է եկել ինձ վրա, բայց ինձ չմոտեցան` ինչպես դու ես կարծում: Այժմ ինձ թող, և կմանրեմ քո աստվածներին. եթե կարող են ինձ վնասել` կհավատամ նրանց, որ աստված են: Իսկ եթե իմ Աստվածը քեզ վնասի` հավատա Նրան, որ ճշմարիտ Աստված է»: Օկտավիոսն ասաց. «Քեզ իշխանություն եմ տալիս աստվածների վրա»: Եվ Աստծու սուրբը տապար վերցրեց և մանրեց նրանց աստվածները, նրանց սեղանները, և նրանց փայտե արձանները, և թափեց նրանց արյան տաշտերը, և դևերը, որ մտել էին կուռքերի մեջ, իսկույն փախան, և նրանցից մեկը հարձակվեց իշխանի, մեկը` բանտապետի վրա, այլ դևեր` այլ զինվորների վրա: Եվ բոլորը մեծ նեղության ու մոլորության մեջ էին, միասին հաչում էին հանդիմանելով և ասում. «Ինչո՞ւ այստեղ բերիք Աստծու սուրբ Ղինկիանոսին, որ մեզ ժամանակից շուտ հալածի մեր բնակությունից»: Ապա ընկան սուրբ Ղինկիանոսի ոտքերը և ասացին. «Քեզ գիտենք, որ սուրբ Ղինկիանոսն ես` բարձրյալ Աստծու ծառան»: Եվ երանելին սկսեց սաստել նրանց, ասելով. «Ի՞նչ պատճառով էիք բնակվել այս զոհարանում»: Նրանք ասացին. «Զարդարված քարեղեն պատկերներ գտանք, ուր չկար Քրիստոսի անունը և ոչ խաչի նշան, որին նրանք երկրպագեին, գտանք զոհարանն ու խառնարանը հանուն մեր, բնակվեցինք այստեղ: Քանի որ այնտեղ, ուր Աստված չեն կանչում և խաչի նշան չկա վրան` այն մեր բնակարանն է: Ուստի քեզ աղաչում ենք, Աստծու սուրբդ, մեզ անդունդները մի՛ հալածիր»:

Ղինկիանոսն ասաց բազմությանը, որ մոտ էր. «Ի՞նչ եք կամենում. ուզո՞ւմ եք դրանց աստված համարել և պաշտել. տեսնո՞ւմ եք ձեր դատավորին` Քրիստոսի զորությամբ փրփրած և ընկած իմ ոտքերը»: Եվ բազմությունն աղաղակեց, ասելով. «Մեծ է քրիստոնյաների Աստվածը: Աղաչում ենք քեզ, Աստծու սուրբ Ղինկիանոս, դևերին մի՛ թող բնակվել մեր քաղաքում` ի կորուստ և ապականություն մարդկանց»: Այս լսելով` երանելի Ղինկիանոսը աչքերը երկինք բարձրացրեց և ասաց այսպես. «Տե՛ր իմ Հիսուս Քրիստոս, ըստ Քո բազում ողորմության և մարդասիրության` ինձ ցո՛ւյց տուր Քո մարդասիրական գթությունը: Գիտեմ, որ ամեն ժամ լսում ես ինձ. և հավատում եմ, որ իմ խնդրելուց առաջ կտաս մանավանդ փրկության խնդրանքը: Այժմ մերձավորներիս բազմության և Քո անարժան ծառայի, և Քո աստվածության փառքի համար հրամայի՛ր այս պիղծ հոգիներին` ելնել այս մարմիններից, քանի որ Քո ձեռքի գործերն են»: Երբ սուրբն այս ասաց, դևերն [այնպես] գոչեցին, որ պիղծ հոգի ունեցող մարդիկ աղաղակելով ելան քաղաքից: Բարձրաձայն գոչելով` ելան դևերը, և այդ ժամից մարդիկ սրբվեցին, և ուրախություն եղավ այն քաղաքում, և շատերը հավատացին Տիրոջը:

Սուրբ Ղինկիանոսը քիչ ժամանակ ազատ էր, և դարձյալ անամոթ սատանան դատավորի սիրտը ծռեց, որ պատերազմում էր Աստծու ծառա Ղինկիանոսի դեմ: Հրամայեց բերել նրան, և երբ նա մտավ, դատավորն ասաց. «Իմացա՞ր, որ ամբողջ քաղաքը հեռացավ զոհելուց քո կախարդության պատճառով, և եթե թագավորն իմանա` ես և քաղաքը մահապարտ ենք»: Եվ Ափրոդիտես բանտապետն ասաց դատավորին. «Մեզ այս փրկությունը տվողին` քաղաքի երախտավորին, դարձյալ հրամայում ես տանջե՞լ: Մեծ է քրիստոնյաների Աստվածը, նրան դիմացից կամ նենգությամբ [վնասել] չի լինի: Նրան մի՛ թերագնահատիր և չար բան մի՛ խորհիր Նրա ծառայի համար, որ քեզ ավելի չար չլինի»: Օկտավիոս դատավորն ասաց. «Հրամայում եմ կտրել քո լեզուն, որ չխոսես, ո՛վ թշվառական»: Ղինկիանոսն ասաց. «Գոհանում ենք Քեզնից, Քրիստոս, որ նաև այլ պատերազմող ցույց տվիր Քո բարեպաշտության համար»:

Ու մինչդեռ կտրում էին բանտապետի լեզուն` հոգոց հանեց երանելի Ղինկիանոսն առ Աստված, և իսկույն հնչեց Տիրոջ ձայնը դատավորին, որ զրկվեց աչքի լույսից, և երբ բանտապետը տեսավ, որ նա կորցրեց աչքի լույսը` աղաղակեց. «Արդար ես Դու, Քրիստո՛ս, և ուղիղ է Քո դատաստանը»: Դատավորն ասաց. «Եղբա՛յր Ափրոդիտոս, իմ տեր Ղինկիանոսին համոզի՛ր, որ ինձ համար աղոթի, քանի որ շատ անիրավ եղա Աստծու ծառայի նկատմամբ»: Ափրոդիտոս բանտապետն ասաց. «Ա՛յ թշվառագույն անձ, քեզ չէ՞ի ասում, թե չար մի՛ խորհիր Աստծու ծառայի համար, քանի որ մեր Աստվածը անհաղթ է. ե՞րբ ինձ տեսար անարժան լեզվով խոսելիս»: Դատավորն ասաց. «Եղբայր Ափրոդիտոս, ոչ միայն աչքերս կորցրի, այլև սիրտս չարաչար տանջվում է»: Ղիկիանոսն ասաց. «Եթե ուզում ես, որ [քեզ] ողորմի` արագ սպանիր ինձ, որ իմ մահից հետո աղաչեմ իմ Տեր Հիսուս Քրիստոսին` և քեզ կբժշկի, քանի որ այլ կարգի համարձակություն ունեմ Տիրոջ մոտ»:

Եվ [դատավորը] իսկույն նրան մահվան վճիռ արձակեց, և սուրբը մոտ մեկ ժամ աղոթեց: Այսպես վախճանվեց Աստծու սուրբը` գլուխը հատած, և հոգին խաղաղությամբ հանձնեց Տիրոջը: Եվ դատավորն իսկույն մոտեցավ երանելիի մարմնին, հոգոց հանեց ու ասաց. «Մեղա՜, Տե՛ր, մեղա՜, և իմ անօրինությունը ինքս գիտեմ»:

Եվ անմիջապես տեսավ ու բժշկվեց այն ժամին: Եվ վերցրեց սրբի ոսկորների նշխարները, պատեց սուրբ կտավով և դրեց հանգստարան, հավատաց Քրիստոսին, մկրտվեց` փառավորելով Աստծուն:

Սա եղավ Գամիրքում, օգոստոս ամսին, ութ կաղանդից առաջ, Օկտավիոսի դատավորության և մեր Հիսուս Քրիստոսի թագավորության ժամանակ. Նրան փառք և պատիվ` Հոր և Որդու և Սուրբ Հոգու հետ, այժմ, միշտ և հավիտյանս:

 

Վարք Սրբոց, Հատոր Գ, Ս. Էջմիածին – 2010թ.

14.04.15
ԲաԺանորդագրվել
Ընթերցել նաև
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․