Գրքեր

«Սուրբ Գիրքը կյանքի գիրք է և այն պետք է կյանքով ընթերցել»

Աստված Իր կամքը բացահայտել է մարդուն և բացահայտել՝ Սուրբ Գրքի միջոցով: Գիրք, որ հասանելի է բոլորին և որի էջերից բացահայտվող Արարչի կամքն ընդունելի կամ մերժելի կարող է լինել մարդու կողմից՝ Արարչից նրան իսկ շնորհված ազատ կամքի միջոցով: Եկեղեցու հայրերը շեշտում են, որ մարդու հավիտենական կյանքն ու հավիտենական մահը մարդու ձեռքում է, և նա պետք է դատի, թե որքան խոհեմ ու զգուշավոր պետք է լինի, որ չխաղա իր հավիտենական ապագայի հետ:

Ավետարանն ընթերցելիս հարկ է հիշել եկեղեցու հայրերի խրատները, թե՝ կարդալիս մի՛ փնտրեք հիացմունք, փայլուն մտքեր, այլ փնտրե՛ք ճշմարտություն, մի՛ բավարարվեք միայն անպտուղ ընթերցմամբ, ջանացե՛ք պատվիրանները կատարել, քանի որ Սուրբ Գիրքը կյանքի գիրք է և այն պետք է կյանքով ընթերցել: Ավետարանն է լուծելու մարդու հավիտենական ապագան, Աստծո խոսքով է մարդը դատվելու՝ նայած, թե ինչպիսին է եղել նրա վերաբերմունքը Աստծո խոսքի հանդեպ: «Սակայն կա մեկը, որ պիտի դատի նրան, ով անարգում է Ինձ և չի ընդունում Իմ խոսքերը: Աստծո խոսքը, որ Ես ասացի ձեզ,- դա՛ պիտի դատապարտի նրան վերջին օրը» (Հովհ. 12:48): Հարկ է Ավետարանն ընթերցել երկյուղածությամբ և ուշադրությամբ՝ աննշան և սակավ արժանահավատ չհամարելով ոչինչ: Ավետարանի յուրաքանչյուր տառից տարածվում է կյանքի շողը, իսկ արհամարհանքը կյանքի նկատմամբ մահ է: Կարդալով բորոտների, տկարների, կույրերի, կաղերի և դիվահարների մասին, որոնց բժշկել է Քրիստոս, մարդու մտածումն այն պետք է լինի, որ իր հոգին ևս մեղքի տարատեսակ խոցեր ունի և գտնվում է դևերի գերության ներքո: Ուստի Ավետարանից պետք է հավատ ուսանել, որպեսզի Աստված բժշկի նրանց, ովքեր հավատալով Իրեն՝ ընդունում են իրենց մեղավոր լինելը: Հպարտ արդարին, այսինքն՝ մեղավորին, ով չի տեսնում իր մեղավոր լինելը, անհրաժեշտ չէ Փրկիչը: «Ես չեկա արդարներին կանչելու, այլ մեղավորներին»,- ասում է Տերը (Մատթ. 9:13): Մեղքերը տեսնելն աստվածային առանձնահատուկ պարգև է, որը տրվում է նրան, ով խնդրում է:

Սուրբ Գիրքը գրվել է մարգարեների ու առաքյալների կողմից և գրվել է ոչ կամայականորեն, այլ՝ Սուրբ Հոգու ներշնչմամբ. «Եվ չմոռանաք երբեք, որ որևէ մեկը ինքն իրենից չի կարող բացատրել Սուրբ գրքերի մարգարեությունները, որովհետև մարգարեությունները բնավ էլ մարդկանց կամքի ծնունդ չեն, այլ Աստծո մարդիկ Սուրբ Հոգու մղումով խոսեցին դրանք» (Բ Պետ. 1:21): Աստծո խոսքը տրվել է մարգարեների և առաքյալների միջոցով, իսկ այն մեկնել են եկեղեցու հայրերը: Միայն այս մեկնությունն է ընդունում եկեղեցին և նրա մարմինը կազմող անդամները, ինչի մասին եկեղեցու հայրերը վկայում են, թե նա, ով մեկնում է Ավետարանն ու Սուրբ Գիրքը կամայականորեն, մերժում է եկեղեցու հայրերի մեկնությունը Սուրբ Հոգու ներշնչմամբ, իսկ ով մերժում է Սուրբ Հոգով Սուրբ Գրքի մեկնությունը, անկասկած մերժում է և Սուրբ Գիրքը: Սուրբ Գիրքը չարափոխող անձանց մասին Պետրոս առաքյալն ասել է. «Այդ նամակներում կան մի շարք դժվարհասկանալի մասեր, որոնց իմաստը չարափոխում են տգետ և փոփոխամիտ մարդիկ: Նրանք չարափոխում են նաև մյուս Սուրբ գրքերը՝ իրենց սեփական կորուստը պատրաստելով» (Բ Պետ. 3:16): Իրենց հավիտենապես սպանեցին Արիոսը, Նեստորը, Եվտիքեսը և այլ հերետիկոսներ՝ ընկնելով Սուրբ Գրքի կամայական և հանդուգն մեկնության աստվածհայհոյության մեղքի մեջ: «Ես ո՞ւմ եմ նայելու, եթե ոչ հեզերին ու խոնարհներին և նրանց, ովքեր դողում են Իմ խոսքից»,- ասում է Տերը (Եսայի 66:2):

Քրիստոս, Իր երեքամյա քարոզչության ընթացքում, շրջում էր մարդկանց մեջ, բժշկում նրանց: Շատերը, տեսնելով Նրան, միաժամանակ և չէին տեսնում, այսինքն՝ տեսնում էին մարմնական աչքերով, բայց ոչ հոգևոր աչքերով: Ըստ հայրաբանության՝ հոգևոր աչքերը բյուր անգամ ավելին են տեսնում քան մարմնականը, վերջինս գործիք է հոգևոր աչքի համար՝ ճանաչելու բոլոր տեսանելի առարկաները: Հոգևոր աչքերով մարդը տեսնում է հոգևոր աշխարհի երևույթները, քանի որ բացի տեսանելի աշխարհից կա Աստված՝ անվերջանելի Հոգին՝ նյութական աշխարհի Արարիչը: Հոգևոր աչքերը նպաստում են, որ մարդն աստվածճանաչողությամբ հասնի անսահմանելի Աստծուն, մոտենա Կատարելությանը՝ լույսի, մտքի և կյանքի Աղբյուրին: Ինչ օգուտ, երբ մարդը տեսնում է մարմնական աչքերով, բայց ոչինչ չի տեսնում հոգու աչքերով, ամեն օր կարդում է Ավետարանը, բայց և չի կարդում: «Ավետարանը,- ասել է երանելի մի անապատական,- կարդում են մաքուր մտքով և հասկանում այն չափով, որքանով, որ գործադրում են աստվածային պատվիրանները»: Մի աշակերտ գալիս է ծերի մոտ և ասում. «Ի՞նչ անեմ, որքան կարդում եմ Սուրբ Գիրքը, ոչինչ չի մնում գլխումս, ոչինչ չեմ հիշում: Արժե՞ այդ դեպքում կարդալ, գուցե՞ պետք չէ»: Ծերը նրան պատասխանում է. «Ինչպես ոչ մաքուր սպիտակեղենն է հոսող  ջրի՝ գետի մեջ, մաքրվում առանց լվանալու, այնպես էլ աստվածային գրքերն են մաքրում այն աղտոտվածությունը, որ կա մեր գլխում՝ ավետարանական լույսով լուսավորելով մեր միտքը»: Ավետարանի կատարյալ բացահայտումն անհնար է սեփական ջանքերով, այն Աստծո պարգևն է:

Ավետարանն ուշադիր ընթերցողն անմիջականորեն զգում է այնպիսի հոգևոր ուժ, ինչպիսին զգաց արյունահոսությամբ տառապող կինը, երբ հավատով դիպավ Քրիստոսի զգեստին (Մարկ. 5:24-35): Ավետարանը գրքերի գիրքն է, բոլոր առաքինությունների ուսուցիչը և ծնողը՝ բարի գործերի: Ինչպես թռչունն առանց թևերի չի կարող թռչել, այնպես էլ միտքն առանց Սուրբ Գրքի չի կարող գտնել փրկության ուղին: Սուրբ Գիրքն ու հայրաբանական հոգեշահ գրականությունը ցույց են տալիս փրկարար ուղու թե՛ սկիզբը, թե՛ ընթացքը և թե՛ ավարտը, այսինքն՝ այն սանդուղքը, որը տանում է դեպի Երկնային Արքայություն:

 

Կազմեց Կարինե Սուգիկյանը

27.08.19
ԲաԺանորդագրվել
Ընթերցել նաև
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․