11 Օգոստոս, Գշ, Աստվածածնի պահքի Բ օր

Գրքեր

Սուրբ Գրիգոր Լուսավորչի մասունքների գյուտի տոնին նվիրված քարոզ

Սիրելի՛ եղբարներ և քույրեր ի Քրիստոս,

«Տիրոջ Աջն ամեն առավոտ օրհնում է երկիրը, բայց երբ Աստված խոնարհ մարդու է տեսնում, երկու ձեռքով է օրհնում նրան»,- այսպես էր ասում մի սրբակյաց վանական, և ես այսօր ուզում եմ հավատալ, որ խոնարհ ու մաքուր սրտով եք կանգնած Տեր Հիսուս Քրիստոսի առջև՝ փառաբանելու Նրան հերթական օրվա, հերթական պայծառ ու լուսաշող տոնի համար, որոնց արժանի դարձրեց մեզ: Շնորհավորում եմ ամենքիս, սիրելինե՛ր, այսօրվա սրբաբույր տոնի՝ Սուրբ Գրիգոր Լուսավորչի մասունքների գյուտի տոնի կապակցությամբ, որը նաև մեր սիրելի եկեղեցու ուխտի օրերից մեկն է:

«Բոլոր լեռներդ, այսօր ցնծացե՛ք հրաշափառ Սեպուհ լեռան մեծապայծառ փառքով, քանի որ այնտեղ բնակվեց Հայաստանյայց սուրբ Եկեղեցու լույսի սյուն սուրբն Գրիգորը, որը ցնծում է ի փառս վերին Սիոնի։ Եվ ահա այսօր Սեպուհ լեռն այդ առավել խորին խորհրդով է խնդում, քան Արարատյան բարձր Մասիսը, քանի որ նրա վրա հանգչեց սուրբ Գրիգորը` հայոց ազգին մեղքի հորձանքից ազատող փրկարար տապանը, որի միջոցով մշտապես փրկվում ենք մենք այդ մեղսալի հոսանքի ջրերից»,- օրվա չքնաղ շարականն է հնչում Հայաստանյայց եկեղեցիներում՝ իր սիրասուն զավակներին հրավիրելով՝ մասնակցելու երանելի ու մեծ սրբի մեծարմանը: Մենք՝ սուրբ Գրիգորի ձեռքով մկրտված ժողովուրդս, այսօր միասիրտ ու միատեղ փառաբանում ենք Ամենակալին՝ Հայոց ազգին նման մեծություն սուրբ պարգևելու և Հայոց հողը նման սրբության նշխարներով սրբագործելու համար: Հայ Առաքելական Սուրբ եկեղեցին այսօր երկնաշող խնդությամբ տոնում է Մեծն Հայրապետի սրբալույս մասունքների գտնվելու տոնը, և խոնարհվում նրա սուրբ աջի առջև, որ Հայ եկեղեցու գլխավոր սրբություններից մեկն է և պահվում է աթոռանիստ սուրբ Էջմիածնում: Իսկ մենք խոնարհվում ենք նաև Լուսավորչի այն սուրբ մասունքի առջև, որ Կենաց Փայտի մասունքի գլխավորությամբ, սուրբ Անանիայի, սուրբ Բարսեղ Մեծի, սուրբ Մակարիոսի և երկու անհայտ սրբերի մասունքների հետ մեկտեղ պահվում են մեր հարազատ Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցում՝ ավելի զորավոր դարձնելով այն:

Ինչպես սրբապատկերների, այնպես էլ մասունքների պարագայում, մենք մեծարում ենք ոչ թե ոսկորը, այլ նրան, ում պատկանում են այդ սրբագործված մասունքները: Մենք մեծարում ենք սրբերին, որովհետև նրանցում Քրիստոսին ենք տեսնում: Մեծարում ենք սրբերին, որովհետև նրանցով ենք տեսնում ավետարանական պատգամների կատարումը: Սրբերն ապացուցում են մեզ, որ Տիրոջ պատվիրանները միանգամայն իրագործելի են, և սրբությունը հասանելի իրականություն է: «….նման այն Սրբին, որ ձեզ կանչեց, դուք էլ ձեր ամբողջ կյանքով սո՛ւրբ եղեք. քանի որ գրված է. «Սո՛ւրբ եղեք, որովհետև սուրբ եմ ես»,- ասում է Պետրոս առաքյալը (Ա Պետ. 1:15-16) և սեփական օրինակով, սեփական կյանքով փաստում, որ այսօր հասարակ ձկնորս լինելդ ամենևին էլ չի նշանակում, որ չես կարող սրբության ձգտել ու հասնել դրան:

Արդ, ովքե՞ր են սրբերը և ի՞նչ է սրբությունը:

Մեր խոսակցական լեզվում ինքնաարդարացման համար հաճախ ենք օգտագործում. «Ես հո սուրբ չե՞մ» արտահայտությունը, մեր զրուցակիցն էլ գլխով համաձայնության նշան է անում՝ սրբությունն ուղարկելով մեզնից հեռու, անհայտ ու անհասանելի ինչ-որ բարձունքներ: Բայց արի ու տես, որ յուրաքանչյուր քրիստոնյա է կոչված սրբության. «Սրբվեցե՛ք և սո՛ւրբ եղեք, որովհետև ես՝ ձեր Տեր Աստվածը, սուրբ եմ» (Ղևտ. 11:44) և «Կատարյա՛լ եղեք դուք, ինչպես որ ձեր երկնավոր Հայրն է կատարյալ» (Մտթ. 5:48): Իսկ թե՝ ինչպես, ահա այստեղ է, որ օգնության են գալիս սրբերը՝ կենդանի օրինակ հանդիսանալով Զինվորյալ եկեղեցու համար:

Մի՛ անտեսեք սրբերի վարքերը, սիրելի՛ հավատացյալներ, մշտապես կարդացե՛ք դրանք և կտեսնեք, որ նրանք էլ մեզ պես մարդիկ են՝ մահկանացու հորից ու մորից ծնված, տարբեր ընտանիքներում ու պայմաններում մեծացած, վարքի ամենատարբեր դրսևորումներ ունեցած, բայց ի վերջո միավորված՝ աստվածապարգև սրբության լուսապսակով: Արդ նորից հարց տանք մեզ՝ ովքե՞ր են սրբերը և կտեսնենք՝ մարդիկ են, որ Քրիստոսին ավելի շատ սիրեցին, քան իրենց ես-ը: Նրանք պայքարեցին առաջին հերթին իրենց ես-ի դեմ և հաղթանակ տարան՝ կարողանալով Պողոս առաքյալի հետ ասել. «….կենդանի եմ այսուհետև. բայց ոչ թե ես, այլ իմ մեջ ապրում է Քրիստոս» (Գաղ. 2:20): Սա ի՞նչ է նշանակում, սիրելինե՛ր: Նայե՛ք մեր սուրբ Լուսավորչին: Նրա ողջ կյանքը սեր էր ու նվիրում, անվերապահ սեր ու լիակատար նվիրում Քրիստոսին: Ինչպես մարդը չի կարող ապրել առանց սրտի, քանի որ կմեռնի, այնպես էլ Քրիստոս դարձել էր Լուսավորչի բաբախող սիրտը, սնուցող արյունը, թոքերն ապրեցնող օդը… Սուրբ Գրիգոր Լուսավորիչն ու մյուս բոլոր սրբերը ճշմարտապես ճանաչել են Աստծու սերն ու իրենց ողջ կյանքը, ողջ էությունը դրել այդ սիրո առջև: Աստվածային սիրո քաղցրությունը ճաշակողն այլ համի չի ձգտում: Աստվածային դրախտի ուրախությունը զգացողն այլ զգացողությունների չի ձգտում, այլ ամեն ինչ անում է, իր ողջ կյանքն է դնում այդ անգին հոգևոր հարստությունը պահպանելու համար:

Իսկ ի՞նչ է սրբությունը, սիրելի՛ հավատացյալներ: Սրբությունը սիրով լի աչքերն են, որ հուզմունքից խոնավանում են սիրելի Քրիստոսի սրբապատկերին նայելիս: Շուրթերն են, որ անդադար աղոթք և օրհնություն են մրմնջում: Ականջներն են, որ փակվում են չարի առջև և բացվում՝ Աստծու պատվիրանները լսելու: Սրբությունը ձեռքերն են, աղթող, արդար աշխատող և մշտապես օգնող ձեռքերը: Ոտքերն են, որ ընթանում են Քրիստոսի մատնանշած՝ արդարության ու ապաշխարության ճանապարհով և սայթաքելիս անգամ արագ ուղղվում են ու շարունակում ընթացքը: Ծնկներն են, որ երկյուղածորեն խոնարհվում են Տիրոջ առջև և ոչ երբեք՝ թշնամու: Սիրտն է, որ բաբախում է հանուն Քրիստոսի և անվերջ ձգտում Նրան: Եվ ի վերջո՝ սրբությունը աստվածնմանությունն է՝ անսասան հավատի վրա հիմնված, մաքրագործ ապաշխարության սյուներով վեր խոյացած և առաքինազարդ սիրո գմբեթով պսակված ու Սուրբ Հոգու բնակության տաճար դարձած: Եվ այս ամենի համար գերբնական ուժեր պետք չեն, սիրելի՛ հավատացյալներ, այլ պարզ ու մաքուր հավատ է պետք, կենդանի ու հուրհրացող հավատ, գործերով ապացուցված հավատ: Սեր է պետք, որ չի սահմանափակվում միայն գեղեցիկ խոսքերով, այլ այդ խոսքերը գործողությամբ է ապացուցում և գործերով կնքում:

Սակայն քրիստոնեությունը, որ մարդուն սրբության է կոչում, այսօր ցավոք, շատերը վերապրում են որպես զուտ վեհ գաղափար, գեղեցիկ մշակույթ կամ ծիսական սովորույթների գողտրիկ փորձառություն: Քրիստոնյաները Քրիստոսին հիշում են եկեղեցական տոներին միայն, կիրակի օրերին կամ էլ վշտերի ժամանակ: Մենք հաճախ քրիստոնեություն ենք դավանում առանց Քրիստոսի, առանց Նրա պատվիրանների: Մկրտված ենք, եկեղեցի ենք գալիս, փրկության մասին ենք խոսում, բայց պատրաստ չենք մեղքերից հրաժարվել: Այնքան ենք վարժվել մեզ հակառակ, մեզ կործանող մեղքին, այնքան են այն սիրում, որ հանուն դրա հրաժարվում ենք հավիտենական կյանքից՝ արդարանալով, թե՝ ես հո սուրբ չե՞մ: Բայց պիտի ձգտես, սիրելի՛ հավատացյալ, քանի որ ինչպես Գարեգին Նժդեհն է ասել. «Կորցնելով սրբության զգացումը՝ մարդն անխուսափելիորեն դառնում է շնական և մարդատյաց»: Իսկ սրբերը մեզ պես մեղավոր մարդիկ են, որոնք, սակայն, ի տարբերություն մեզ, ատեցին մեղքը, և ապաշխարության խոնարհ ուղին դարձավ առ Աստված նրանց անկաշառ սիրո առհավատչյան:

Այո, դուք վանական չեք, չեք ճգնում անապատներում կամ քարանձավներում, ձեր ծնողները սրբեր չեն, բայց դա ամենևին էլ չի նշանակում, որ չեք կարող սրբանալ: Սուրբ Գրիգոր Լուսավորիչը ծառայում էր արքունի պալատում, սուրբ Պանդալեոնը բժիշկ էր, սուրբ Գևորգն ու Սարգիսը՝ զորավար, սուրբ Սանդուխտն արքայադուստր էր, սուրբ Մարիամ Եգիպտացին անբարո կին, սուրբ Կիրակոսն ընդամենը երեք տարեկան էր, սուրբ Սոֆիայի դստրերը՝ ինը, տասը և տասներկու տարեկան երեխաներ… Սակայն նրանց բոլորին միավորում էր Քրիստոսի հանդեպ սերը: Այն սերն ու հավատը, որոնց դեպքում ո՛չ սեռը, ո՛չ տարիքը, ո՛չ ազգությունն ու դիրքը չեն կարող խոչընդոտել մարդու՝ սրբության ձգտմանը: Մենք չենք ընտրել մեր ազգությունը, ծննդավայրը կամ ծնողներին, բայց եթե Աստծու սուրբ կամոք ծնվել ենք, նշանակում է կարող ենք Նրա կոչին հետևել հենց այն վիճակում, որում գտնվում ենք: Նշանակում է սրբության համար պետք չէ լեռներ ու անապատներ, մեծամեծ հրաշքներ ու արտասովոր երևույթներ փնտրել: Այն մեր կողքին է, քանի որ Տերը կանչում է բոլորին անխտիր, սիրում է բոլորին և Իր շնորհները բոլորի համար է նախապատրաստել: Մեզնից պահանջվում է միայն օրինակ վերցնել սրբերի վառ աստղաբույլից և մեր համեստ կարողությունների չափով կերտել սեփական սրբության ուղին: «Սրբերի հոգիներն այսպիսին են. նրանք ոտքի են կանգնում նախքան կընկնեն, և զսպում են իրենց, նախքան կհասնեն մեղքին, որովհետև զգոն են և մշտարթուն»,- ասել է սուրբ Հովհան Ոսկեբերանը: Եվ եթե կամենում ենք նմանվել նրանց, ապա պետք է մեկ այլ սրբի՝ Եփրեմ Ասորու խոսքին հետևենք, որ ասում է. «Մենք մեծարում ենք սրբերին և կամենում նրանց պսակներին արժանանալ, սակայն չենք ցանկանում նրանց սխրանքներին հետևել: Թե՞ կարծում եք, որ նրանք ուղղակի են արժանացել պսակների՝ առանց ջանքերի ու վշտերի, ինչպես որ ձեզ համար եք ուզում»: Ճիշտ է՝ Աստծուն մեր չարչարվելն ու նեղություններ կրելը պետք չեն, սիրելի՛ հավատացյալներ, սակայն դրանք հենց մե՛զ են պետք, քանի որ կուշտ, առողջ, անհոգ, ապահով ու հարմարավետ կյանքը, ցավոք, մեզ չի մղում՝ Քրիստոսին հիշելու: Սակայն սա չի նշանակում, որ Տիրոջից հատուկ հիվանդություններ կամ նեղություններ պիտի խնդրենք, քանի որ ի զորու չենք՝ դրանք տանելու, այլ պիտի անտրտունջ կրենք այն խաչը, որ ունենք՝ փառաբանելով և երախտագիտություն հայտնելով Աստծուն ամեն պարագայում, քանի որ Նրան վստահելով՝ գիտենք, որ ամեն ինչ հօգուտ մեզ է արվում, և Նա մեզ երբեք միայնակ չի թողնում: Պիտի ապրենք ավետարանական պատգամներով՝ մշտապես հարց տալով մեզ, թե ինչ կաներ կամ կասեր Քրիստոս այս պարագայում և վստահ լինենք, որ չենք սխալվի: Մշտապես, ամեն օր հիշենք Քրիստոսի անչափելի սիրո ապացույցը մեզնից յուրաքանչյուրի նկատմամբ, որ մեզ է նայում Գողգոթայի բարձունքից, և այն հոգևոր սխրանքները, որ գործում ենք՝ պահեցողություն, աղոթք կամ հոգևոր մեկ այլ սխրանք, պիտի սնվի այն գիտակցությամբ ու այն զգացումով, որ այդ ամենն անում ենք մեր սիրելիի՝ Տեր Հիսուս Քրիստոսի սիրուն գոնե փոքր-ինչ փոխադարձելու համար:

Երբեք չհուսահատվենք ընկնելիս, սիրելինե՛ր, այլ սրբերի օրինակին հետևելով՝ անմիջապես Տիրոջը դառնանք ու Նրա ողորմությունն աղերսենք մեզ՝ մեղավորներիս համար: «….քայլենք նոր կյանքով» (Հռոմ. 6:4)՝ Քրիստոսին կրելով մեր սրտում և այնժամ կլինենք բարի հոգևորականներ ու հավատացյալներ, բարի ծնողներ ու զավակներ, բարի ղեկավարներ ու բարի ենթականեր և հավատացեք, սիրելինե՛ր, որ դա տեսնելով՝ Սուրբ Հոգին հետզհետե կմաքրի ու կսրբագործի մեզ այնտեղ, որտեղ գտնվում ենք: Ուստի մեր կյանքի նպատակը սրբությամբ ապրելը պիտի լինի, որպեսզի սուրբ Գրիգոր Լուսավորչի և մյուս սրբերի պես մենք էլ աստվածտեսության արժանանաք և Քրիստոսի հանդեպ սերը դառնա մեր արյունը, շնչած օդն ու մաշկի գույնը, որը մեզնից ոչ ոք չի կարող խլել: Հիշե՛նք սրբերին, սիրելինե՛ր, պատվե՛նք նրանց, խնդրենք նրանց բարեխոսությունը Տիրոջ առջև, ձգտե՛նք նրանց նմանվելու՝ հիշելով, որ «Աստծու արդարությունը իր սրբերի վրա է, և նրա ձեռքն անպակաս է իր ընտրյալների վրայից» (Իմաստ. Սող. 4:15). ամեն:

 

Տեր Գրիգոր քհն. Գրիգորյան

27.06.20
ԲաԺանորդագրվել
Ընթերցել նաև
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․