Գրքեր

Սուրբ Գրիգոր Լուսավորչի մուտն ի վիրապ

«Եթէ ոք կամիցի զկնի իմ գալ՝ ուրասցի զանձն, և առցէ զխաչ իւր եւ եկեսցէ զկնի իմ»:

«Եթե մեկը կամենում է հետևել Ինձ, թող ուրանա իր անձը, վերցնի իր խաչը և գա Իմ հետևից» (Մատթեոս 16:24):

Սիրելի՛ հավատացյալ քույրեր և եղբայրներ ի Հիսուս Քրիստոս.

Այսօր Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին նշում է հայոց առաջին հայրապետ Սուրբ Գրիգոր Լուսավորչի «մուտն ի վիրապի» տոնը: Հայոց Տրդատ թագավորը Սուրբ Գրիգորին նետում է վիրապը, քանի որ տեղեկացել էր, որ նա հրաժարվում է երկրպագություն մատուցել հեթանոսական չաստվածներին, ինչպես նաև իմացել էր, որ Գրիգորի հայրը սպանել է իր հորը՝ Խոսրով թագավորին: Սուրբ Գրիգորն այնքան խոնարհ էր, որ, գիտակցելով իր հոր մեղքի ծանրությունը, կամովին եկել էր արքայի մոտ՝ ծառայելու և ինչ-որ չափով քավելու հոր մեղքը:

Սուրբ Գրիգորը տասներեք տարի մնում է վիրապի մեջ, հարատև աղոթքներով ապրում այնտեղ՝ խոնարհաբար տանելով իր խաչը, և ապա դուրս է գալիս խորխորատից՝ իր առաքելությունը կատարելու, Հայոց աշխարհը Քրիստոսի լույսով լուսավորելու համար: Ոմանք կասկածում են, որ Լուսավորիչը վիրապի մեջ մնացել է տասներեք տարի՝ առաջարկելով գրաբարյան «ամս» (տարիներ) բառաձևը տեքստի մեջ ընթերցել իբրև «ամիս» (ամիսներ), այսինքն՝ հայրապետն այնտեղ մնացել է ընդամենը տասներեք ամիս, որը, սակայն, անհավատություն է և կասկածի տակ է դնում Աստծո զորությունն ու կարողությունը: Սակայն մենք գիտենք և հավատում ենք, որ Աստծո համար անհնարին ոչինչ չկա, և որ Աստծո գործերն անքննելի են: Տասներեք տարի շարունակ մի կին Սուրբ Հոգու շնորհով ամեն օր հաց է բերում և գցում փոսի մեջ, որով էլ սնվում է Գրիգոր Լուսավորիչը:

Սուրբ հայրապետը իր անասելի տանջանքներով մեր Տեր և Փրկիչ Հիսուս Քրիստոսի խաչակրության մասնակիցը դարձավ, չխուսափեց և չերկնչեց իրեն սպասվելիք չարչարանքներից, այլ խոնարհաբար հնազանդվեց Տիրոջ կամքին: Հովսեփն իրեն վաճառող եղբայրներին ասում է. «Ոչ թե դո՛ւք եք ինձ ուղարկել այստեղ, այլ Աստված: Նա ինձ դարձրեց փարավոնի գործերի վերակացու, նրա ողջ տան տերը և համայն եգիպտացիների երկրի իշխանը» (Ծննդոց 45:8): Ինչպես որ Հովսեփն էր կյանքի ամեն իրողության մեջ տեսնում Աստծո տնօրինությունն ու թողտվությունը, այնպես էլ Սուրբ Գրիգոր Լուսավորիչը, երբ դուրս է գալիս փոսից, հասկանում է Աստծո կողմից նախասահմանված իր առաքելությունը:

Սիրելինե՛ր, տառապանքներն ու չարչարանքները յուրահատուկ խորհուրդ ու նշանակություն են ձեռք բերում քրիստոնեական լույսի ներքո: Ղազար Փարպեցի պատմիչը Սուրբ Գրիգոր Լուսավորչի մասին գրում է. «Սուրբ Գրիգորը չհիշեց անչափ տանջանքներն ու խոշտանգումները, որ նրա հետ կատարել էին մեր նախնիները, այլ նմանվելով ամենքի Արարչին, իր վրա գործած չարությունները բարությամբ փոխհատուցեց և ամեն խոսքով իր ունկնդիրներին հասկացնելով ցույց տվեց դեպի երկինք գնացող վարքը և Աստծուն գտնելու ճանապարհը, նաև բոլորին սովորեցրեց ամեն ժամանակ ասել՝ «ներիր մեր մեղքերը, ինչպես մենք մեր պարտապաններին ենք ներում»» (Ղազար Փարպեցի «Հայոց պատմություն», 1982, էջ 63): Սուրբ Գրիգոր Լուսավորիչը իր սրբակենցաղ վարքով սովորեցրեց մեզ աներեր և հաստատուն հավատք ունենալ, աներկյուղ լինել չարչարանքների մեջ, ազնիվ և հավատարմությամբ ծառայել երկրային տերերին, սակայն չուրանալ հավատն առ Աստված:

Թեպետ փոսը նետվելը նրա չարչարանաց տարիների սկիզբն էր, սակայն մեր եկեղեցու հայրերի տնօրինությամբ դարեր շարունակ այն տոնելու առիթ ու պատեհություն է դարձել, որովհետև քրիստոնյայի համար վիրապ, մահ, զնդան կամ որևէ այլ տեսակի խոշտանգում ու ցավ հավերժական չեն, որովհետև քրիստոնեության մեջ մահը երբեք չի հաղթում, այլ մահին անպայմանորեն հաջորդում է հարությունը: Ինչպես որ Հիսուս Քրիստոս մահվան դեմ հաղթանակ տարավ, այնպես էլ Տիրոջ հավատարիմ սպասավորն ու հետևորդը կարողացավ հաղթանակ տանել խավար կռապաշտության դեմ: Նրա բոլոր քայլերը իր մեծ հավատքի պտուղներն էին, որ հիացնում են բոլորիս՝ թե՛ հավատքն ու հավատարմությունն առ Աստված, թե՛ չարչարանքներին համբերելը, թե՛ արքային ծառայելը, թե՛ հայոց արքունական տանն ու ժողովրդին քարոզելն ու մկրտելը, թե՛ կռապաշտության դեմ պայքարելն ու սուրբ Հռիփսիմյանց կույսերի նահատակության վայրերում վկայարանների կառուցումը: Սուրբերին բնորոշ խիզախությամբ և տոկունությամբ նա անցնում է սրբության իր դժվարին ճանապարհը և արժանանում փառաց պսակին: Առ այսօր Խոր Վիրապի վանքը փաստում է հայոց առաջին կաթողիկոսի տանջանքների՝ իրական և ոչ հորինված լինելու մասին, իսկ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը վկայում է Սուրբ Գրիգոր Լուսավորիչ հայրապետի տեսիլքով կառուցված լինելու մասին: 

Շատերին կարող է զարմանալի թվալ, որ տոնում ենք Սուրբ Գրիգորի՝ վիրապի մեջ իջեցվելն ու տասներեք երկարուձիգ տարիների՝ միայնակ ու տաժանալից կյանքն այդ խորխորատում անցկացնելը: Սիրելինե՛ր, դա նույնքան արժանի է հիշատակության, որքան Սուրբ Հովհաննես Մկրտչի գլխատվելը, Տիրոջ Համբարձումը, Սուրբ Մարիամ Աստվածածնի երկինք վերափոխումը: Սիրելինե՛ր, քրիստոնյաներիս համար Մուտն ի վիրապը տխրության օր չէ, որովհետև յուրաքանչյուր քրիստոնյա գիտի և համոզված է, որ «մուտն ի վիրապ»-ին հաջորդելու է ելքը վիրապից, խաչելությանն ու մահվանը հաջորդելու է հարությունը: Սկզբում տխրությունն է, հետո՝ անսպառ ուրախությունը, սկզբում չարչարանքն ու ապաշխարությունն են, հետո՝ հարության մեծագույն բերկրանքը: Ահա թե ինչու Մուտն ի վիրապը մեր եկեղեցու հայրերի տնօրինությամբ ընկնում է Մեծի պահոց ապաշխարության շրջանի մեջ, որպեսզի մենք՝ Լուսավորչի զավակներս, նրա մեծ համբերատարության, խոնարհության և քաջության օրինակով կարողանանք քաղցրությամբ և առանց տրտնջալու տանել ապաշխարության և կյանքի փորձությունների լուծը և վստահաբար առաքյալի խոսքերն ասել. «Մահը կուլ գնաց հաղթության: Ո՞ւր է, մա՛հ, քո հաղթությունը, ո՞ւր է, գերեզման, քո խայթոցը» (Կորնթացիներ Ա 15:54, 55):

Մեզ մնում է խնդրել միայն Սուրբ Գրիգոր Լուսավորիչ հայրապետի բարեխոսությունը մեր ժողովրդի համար, որպեսզի կարողանանք քաջաբար և խոնարհությամբ տանել մեզ բաժին հասած փորձությունները, հավատարիմ լինել լուսավորչավանդ մեր հոգևոր բազմադարյան հարուստ ժառանգությանը և աներեր ու անհողդողդ մնալ մեր հավատքի մեջ:

Շնորհք, սէր և խաղաղութիւն Տեառն մերոյ Յիսուսի Քրիստոսի եղիցի ընդ ձեզ, ընդ ամենեսեանսն. Ամեն:

 

Տեր Վահան քհն. Առաքելյան

06.04.19
ԲաԺանորդագրվել
Ընթերցել նաև
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․