Գրքեր

Սուրբ Գրիգոր Լուսավորչին պատկերող նկարները

Ս. Գրիգոր Լուսավորչի, ինչպես նաև զանազան սրբերի պատկերների հանդիպում ենք Բարձր Հայքի վարպետների կողմից նկարազարդած ձեռագրերի լուսանցազարդերում:  Այստեղ, ի տարբերություն բուսական նախշերի, կենդանիների ու թռչունների պատկերների, մարդկանց կերպարների վերարտադրություններն աչքի չեն ընկնում ձևերի և նրանց մշակման կատարելությամբ:

Էջմիածնի «Գանձատան» պատկերներից մեկում Ս. Գրիգոր Լուսավորիչը պատկերված է Տիրամոր և մանուկ Հիսուսի մոտ Հովհաննես Մկրտչի հետ: Հայ նկարիչը այստեղ կատարել է տեղայնացման իր հավելումները: Մանուկը կանգնած է Տիրամոր ծնկներին դրված բարձի վրա, որը խորհրդանշում է Նրա արքայական իշխանությունը: Հիսուսի ձեռքին փոքրիկ խաչափայտ է՝ ծածկված խաղողի ողկույզներով: Մանուկը այդ որթատունկից առանձնացրել է մի ողկույզ և պահել Ս. Գրիգոր Լուսավորչի գլխավերևում, ըստ էության, շեշտելով այն միտքը, որ Հայոց եկեղեցին կազմում է ընդհանրական եկեղեցու մասը: Ս. Գրիգոր Լուսավորիչը ներկայացված է հայրապետական հանդերձանքով, որի դիմագծերի ազգային հատկանիշները հոգեմոտ կապ են ստեղծում նկարի ու դիտողի միջև: Նկարի ձախ մասում ներկայացված է նաև Գրիգոր Նարեկացին՝ ձեռքերը կրծքի մոտ պաղատողի կեցվածքով: Այս նկարը փոքր-ինչ հեռու է իկոնային խստությունից, ինչ-որ կենցաղային ազատություն կա հատկապես մոր և Մանկան դիրքերում: Սա հայ արվեստին բնորոշ երևույթ է: 

Նույն խմբին կարելի է դասել «Տիրամայրը Մանկան, Հովհաննես Մկրտչի և Գրիգոր Լուսավորչի հետ» հաջորդ կտավը, որ նույնպես գտնվում է Էջմիածնի «Գանձատանը»:  Վերին երկու կողմերում արևի և լուսնի մոտիվներն են, որոնք Հիսուսի զոհաբերության ակնարկությունն են:

Հայաստանում քրիստոնեություն ընդունելու և տարածելու հետ են կապված Աղթամարի Ս. Խաչ եկեղեցու արևելյան ճակատի դիմապատկերները: Նրանցից մեկն է միայն որոշակիացված արձանագրության միջոցով: Նա Ս. Գրիգոր Լուսավորիչն է, որը Տրդատ թագավորին դավանափոխելով, Հայաստանում որպես պաշտոնական կրոն հաստատեց քրիստոնեությունը, Կոստանդին կայսեր քրիստոնյա դառնալուց մի քանի տարի առաջ:

Ըստ մեզ հասած VII դարի հայկական մի տեքստի՝ եկեղեցիներում պատկերել են «Սուրբ Գրիգորին, իր աստվածահաճո վարքով և սուրբ բարքով». «երջանկահիշատակ և փառավորված Սուրբ Գայանեին և Սուրբ Հռիփսիմեին՝ իրենց ուղեկիցներով…», բայց այս բոլոր հին նկարները անհետացել են: Հայկական կոթողներում, որոնք վերաբերում են VII դարի կեսերին, հանդիպում են Ս. Գրիգորի և Տրդատի դիմաքանդակները, վերջինս կենդանու գլխով՝ այսինքն դարձից առաջ ունեցած տեսքով: Միայն XIII դարում Անիում՝ Տիգրան Հոնենցու կառուցած Ս. Գրիգոր եկեղեցում է, որ մենք հանդիպում ենք Ս. Գրիգոր Լուսավորչի կյանքը պատկերող նկարների:

Պատկերամարտի ճգնաժամի ավարտից հետո, երբ ձեռնարկվեց Կ. Պոլսի Ս. Սոֆիայի տաճարի նկարազարդումը ֆիգուրային խճանկարներով, նրա երկու գմբեթների ներքին մասում պատկերվեցին մի շարք եպիսկոպոսների դիմանկարներ: Սակայն բոլոր այդ դիմանկարները 1847-49 թթ. վերանորոգման աշխատանքների հետևանքով իսպառ անհետացել են և նրանց մասին մենք գաղափար ենք կազմում միայն Ֆոսատիի նկարների Սալզենբերգի հրատարակության միջոցով: Հարավային գմբեթում դիմանկարների շարքում պատկերված է եղել Ս. Գրիգոր Լուսավորչի դիմանկարը: Վերջինիս տակ եղած հին հունարեն մակագրության աղավաղված պատճենն ասում է. ΓΡΗΓΟΡΙΟΣ ΑΡΜΝΙΑΣ ԳՐԻԳՈՐԻՈՍ ՀԱՅ, որը մյուս համանման մակագրությունների հիման վրա կարելի է վերականգնել՝ ΓΡΗΓΟΡΙΟΣ ΤΗΣ (կամ ΤΗΣ Ο) ΜΕΓΑΛΗΣ ΑΡΜΕΝΙΑΣ ԳՐԻԳՈՐԻՈՍ ՊԱՏՐԻԱՔ ՀԱՅՈՑ: Գրիգորը մյուս եպիսկոպոսների նման վարդապետական զգեստով է, դեմքով կանգնած դեպի նայողը, մի ձեռքով բռնել է ավետարանը, իսկ մյուսով օրհնում է:

Սալոնիկի Պանագիա քաղկեդոնական եկեղեցում, որը զարդարված է XI դարի որմնանկարներով, Ս. Գրիգոր Լուսավորիչը պատկերված է իր երեք անվանակիցների՝ Գրիգոր Նյուսացու, Գրիգոր Թոմատուրգի և Գրիգոր Ագրիգենտացու հետ՝ կենտրոնական աբսիդի վրա՝ Տիրամոր և երկու հրեշտակների տակ: Փոցիտի Ս. Ղուկաս տաճարում, որը նույնպես XI դարի կառույց է, Ս. Գրիգորը պատկերված է կեսից, Ինիաս Թեոդորոսի և Կյուրեղ Ալեքսանդրացու հետ, այս անգամ արդեն հյուսիսային կամարներից մեկի վրա: Կ. Պոլսում XIV դարի մի մատուռում, որը կառուցված է ի հիշատակ Միքայել Գլաբա Տարգանիոտի, Թեոդորոս Պամակարիստոս (Ֆետիյ Ջամի) եկեղեցու հարավային կողմում, Ս. Գրիգորի դիմանկարը գրավում է հարավ-արևելյան խորանի կամարը: Ինչպես Սալոնիկում, այստեղ էլ նրա հետ են Գրիգոր Թոմատուրգը և Գրիգոր Ագրիգենտացին, որոնք պատկերված են հարավ-արևելյան կամարի վրա: Իսկ Գրիգոր Նյուսացու դիմանկարի առանձին մասերը պահպանվել են հյուսիս-արևելյան կամարի վրա:

Բալկանյան երկրների նկարիչները նույնպես իրենց հերթին մեծ տեղ են հատկացրել Ս. Գրիգոր Լուսավորչին: Բուլղարիայում Զեմենի վանքում, որը նկարազարդված է XIV դարում, աբսիդի երկու կողմերում պատկերված են հետևյալ չորս եպիսկոպոսները՝ Գրիգոր Նազիանզացին, Գրիգոր Լուսավորիչը, Աթանաս Ալեքսանդրիացին և Գրիգոր Թոմատուրգը: Ռումինիայում նման օրինակները  շատ են: Բալինեշտիում, Որոնետում, Կուրա Մոտրոլուիում և Հյուրեզում Գրիգոր Լուսավորիչը պատկերված է աբսիդի կիսաշրջանի վրա և մյուս եպիսկոպոսների նման ձեռքում բռնել է մի կիսաոլոր թուղթ, որի վրա մակագրություն կա: Բալինեշտիում, օրինակ, այդ մակագրությունը մի հատված է խորհրդավոր աղոթքից, որ քահանաները արտասանում են Տրիմագիոնի երգի ժամանակ:

Ս. Գրիգոր Լուսավորչի դիմանկարը զարդարել են Վարք-սրբոցներն ու ձևավորված Հայսմավուրքները: Նա միակ սուրբն էր, որի տոնը նշվում էր սեպտեմբերի 30-ին, Ս. Հռիփսիմեի և Ս. Գայանեի հետ մեկտեղ, քանի որ այս սրբերի նահատակության մասին պատմվում էր Ս. Գրիգոր Լուսավորչի վարքում: Նման Հայսմավուրքներից ամենահինը Վասիլ Երկրորդի Հայսմավուրքն է: Քանի որ այդ ձեռագրում տեղ էին գտել միայն բնական մահով մահացած սրբերը, Ս. Գրիգոր Լուսավորիչը պատկերված է մի ճոխ, սյունազարդ անդաստակի առջև, մի ձեռքով բռնել է ավետարանը, մյուսով՝ օրհնում է: Հաջորդ դարում նրա դիմանկարը պատկերվում է ևս երկու Հայսմավուրքներում, սեպտեմբեր ամսվա մեջ: Դրանցից մեկը Օքսֆորդի գրադարանինն է, որտեղ տվյալ ամսվա բոլոր սրբերը հավաքված են մանրանկարով արված մի էջի վրա, որը ծառայում է իբրև կազմ: Ս. Գրիգորը այստեղ կանգնած օրհնում է և նրա ուղղաձիգ դեմքը պատկերված է ներքևի շարքում: Երկրորդը Վիեննայի Հայսմավուրքն է, որտեղ յուրաքանչյուր սրբի Վարքից առաջ պատկերված է նրա փոքրիկ դիմանկարը: Ս. Գրիգոր Լուսավորչի դիմանկարը նույնպես գտնում է իր վարքի սկզբում՝ սեպտեմբերի 30-ի տեղում: Վատիկանի պատարագային ավետարանի վերջում ամրացված Վարք-սրբոցի մեջ, որը առատորեն նկարազարդված է, Ս. Գրիգորը պատկերված է գիրքը ձեռքին օրհնելիս: Նրա դիմանկարին կարելի է հանդիպել նաև Օքսֆորդի XIV դարի մի ձեռագրում, որն իրականում նկարների հավաքածու է: Այստեղ Քրիստոսի կյանքի կարևոր տեսարաններից հետո պատկերված են տարվա բոլոր սրբերը: Սեպտեմբերի 30-ին համապատասխանող էջում կա մի եպիսկոպոս՝ երկու կույսերի հետ: Ոչ մի պատմություն չի հետևում այս նկարին, բայց հաստատ կարելի է պնդել, որ մեր առջև Ս. Գրիգոր Լուսավորիչն է՝ Ս. Հռիփսիմեի և Ս. Գայանեի հետ: Հայտնի են ուրիշ օրինակներ ևս, որտեղ Ս. Գրիգորը պատկերված է այս երկու կույսերի հետ: Օրինակ Վասիլ II-ի Հայսմավուրքում Ս. Գրիգորի կյանքից հետո առանձին ծանոթություն կա կույսերի մասին: Պատկերված է նաև նրանց նահատակության տեսարանը: Դահիճը գլխատում է կույսերից մեկին, իսկ մյուսը կանգնած է աջ կողմում՝ ձեռքերը մեջքին կապած: Վատիկանի պատարագային ավետարանի նկարիչը սեպտեմբերի 30-ի թերթում նույնպես պատկերել է երկու կույսերին: Էջի մի կողմում Ս. Գրիգորի դիմանկարն է, իսկ մյուսում՝ երկու կույսերը՝ միանձնուհու զգեստով, ձեռքերին մի փոքրիկ խաչ՝ իրենց նահատակության խորհրդանիշը:

Հիշատակված օրինակներում Ս. Գրիգոր Լուսավորիչը պատկերված է եպիսկոպոսներին բնորոշ հատուկ ձևով՝ ավետարանը ձեռքին օրհնելիս: Այս առումով զարմանալի է Բրիտանական թանգարանում պահվող XI դարի գեղեցիկ Հայսմավուրքը: Այստեղ Ս. Գրիգորը պատկերված է լեռների մեջ: Մի փոքր դեպի աջ հակված, նա ձեռքերով ցանկանում է փակել դեմքը, մինչդեռ նրա ետևում դահիճը արդեն մերկացրել է սուրը: Այս տեսարանը չի համապատասխանում ոչ մատենագրության բնագրին, ոչ էլ նրա մյուս տարբերակներին, որովհետև Ս. Գրիգորը մահացել է միայնության մեջ՝ իբրև ճգնավոր: Ըստ երևույթին՝ նկարչին շփոթության մեջ է գցել Ս. Գրիգորի վարքի վերնագիրը, որտեղ նա անվանված է բազմաչարչար: Բայց նա բազմաչարչար է ոչ թե իր մահվան, այլ այն տառապանքների պատճառով, որ նա կրել է Տրդատի հրամանով՝ Խոր Վիրապի մեջ նետվելուց առաջ: Սակայն այս մանրանկարը միակ վկայությունը չէ այն անուշադրության, որ այս ձեռագրի նկարիչը տածել է տեքստի նկատմամբ: Այս նույն տեսարանը նա կրկնել է նաև ուրիշ սրբերի համար, որոնք, սակայն, այլ մահ են ունեցել:

Սաղմոսագրքերը XI դարում հարստացան լուսանցքային նկարազարդումներով, որոնք պատկերում էին սրբերի դիմանկարները և նրանց կյանքի դրվագները: Այս տիպի երկու մանրանկարներով է ձևավորված Բրիտանական թանգարանի 1066թ. Գիրք Սաղմոսացի 39 (40) սաղմոսի երրորդ տունը. «նա ինձ դուրս հանեց դժբախտության փոսից և տիղմից: Հետո նա ոտքերս դրեց ժայռի վրա և ամրացրեց քայլերս»: Առաջին մանրանկարը, որը արված է եզրային լուսանցքի ներքևում, վերաբերում է Ս. Գրիգորի կյանքին: Ըստ Ագաթանգեղոսի պատմության, որը հետագայում վերապատմել է Սիմեոն Մատենագիրը, Հռիփսիմեի մահից հետո Տրդատը վարակվեց մի հիվանդությամբ, որի հետևանքով կորցրեց մարդկային դեմքը: Նրա քույր Խոսրովդուխտը երեք անգամ երազում տեսավ, որ միայն Գրիգորը կարող է փրկել արքային: Մարդիկ ուղարկեցին, որպեսզի վերջինիս հանեն Խոր Վիրապից, որտեղ նա նետված էր: Մանրանկարում Գրիգորը հակադրության համար պատկերված է եպիսկոպոսական զգեստով և ձեռքերով կառչած այն պարանից, որ երկու հոգի քաշում են վեր: Մյուս մանրանկարը կոնկրետ տեսարան չի պատկերում, բայց խորհրդանշում է Տրդատի դարձը: Գրիգորը արքայի ձեռքից բռնած առաջնորդում է մի բազիլիկ եկեղեցի և ցույց տալիս Քրիստոսի պատկերը, որը զարդարում է դռան գմբեթը: Թագուհին, որը թագավորի նման բյուզանդական արքունիքի զգեստով է, հետևում է նրանց: Լոնդոնի Սաղմոսագրքի երկու տեսարանները Ս. Գրիգորի՝ մեզ հասած ամենահին նկարների շարքն են:

 

Կազմեց Գայանե Սուգիկյանը

21.06.19
ԲաԺանորդագրվել
Ընթերցել նաև
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․