11 Օգոստոս, Գշ, Աստվածածնի պահքի Բ օր

Գրքեր

Սուրբ Խաչի երևման տոնի քարոզ

«Աստված լույս է, և նրա մեջ խավար չկա» (Ա Հովհ. 1:5):

Սիրելի՛ բարեպաշտ եղբայրներ և քույրեր,

«Խաչը խավարում նստածների լույսն է և գերվածների ազատագրումը»,- հնչում է աստվածային իմաստության շնորհն առատապես ստացած սուրբ Հովհան Ոսկեբերանի շուրթերից և այս հրաշալի ավետիսով այսօր շնորհավորում եմ ամենքիս Տեր Հիսուս Քրիստոսի Սուրբ Խաչի երևման տոնի առթիվ: Այս տոնի հիմքը շատերիդ հայտնի զարմանահրաշ իրադարձությունն է, որ 351թ. գարնանային մի սքանչելի առավոտ տեղի ունեցավ Խաղաղության քաղաքում և որի առթիվ օրվա պատրիարք Կյուրեղը սահմանեց այս գեղեցիկ տոնը:

Կոստանդիանոս Մեծ կայսեր գահակալության տարիները, որոնց ընթացքում կայսրը բացահայտորեն հովանավորում էր քրիստոնեությանը, բաղձալի խաղաղություն պարգևեցին կայսրության քրիստոնյա համայնքին և ամրացրին Եկեղեցու հիմքերը: Այս երանելի տարիները բալասան եղան աստվածամարտ Դիոկղետիանոսի ու Լիկիանոսի դաժան հալածանքների սարսափը սրտում պահած քրիստոնյաների համար: Սակայն կայսեր Կոստանդին որդու գահակալությամբ կրկին սև ամպեր կուտակվեցին Քրիստոսի ճշմարիտ հետևորդների գլխին, քանի որ կայսեր հակումը Արիոսի հերետիկոսական ուսմունքին պիտի մեծ վտանգի ենթարկեր Քրիստոսի ճշմարիտ Եկեղեցին: Կրկին տագնապած էին քրիստոնյաները, խռովված էր և կաթողիկոսի հոգին, քանի որ Մարդացյալ Աստծու ուսուցանած և առաքյալներին փոխանցված ճշմարիտ վարդապետությունից ամենափոքր շեղումն անգամ հանդուգն ոտնձգություն է աստվածային ճշմարտության դեմ և կործանարար մոլորություն դրան հետևող հոգիների համար: Հերետիկոսական կամ աղանդավորական ուսմունքը ծուռ հայելի է, որն իրականությունը նայողին մատուցում է սարսափելիորեն խեղաթյուրված և բոլորովին տարբեր այն պատկերից, որն իրականում կա, հետևաբար չի կարող ծառայել այն փրկչական նպատակին, որի համար Աստված մարդացավ: Ուստի Միակ և Ճշմարիտ Աստված, որ որպես Լույս եկավ աշխարհ եկավ, որպեսզի ազատագրի խավարում մոլորվածներին, շտապեց իր անծայր ողորմությունը տարածելու և ևս մեկ անգամ ցույց տալու փրկության իրական ճանապարհը, որ տանում է ուղիղ դեպի Երկնային Արքայություն: Ծիածանափայլ խաչի նշանը՝ հանց պայծառ արեգակ, բոցավառ լույսով տարածվեց Երուսաղեմի երկնքում՝ Գողգոթայի բարձունքից մինչև Ձիթենյաց լեռ՝ հաստատելով Խաչյալի ներկայությունն ու փրկություն որոնող հոգիներին մատնանշելով դեպի Փրկիչը տանող միակ ու ճշմարիտ ուղին: Եվ Աստծու այս սքանչելի հրաշքը պատճառ դարձավ մոլորության ճանապարհից Կոստանդին կայսեր և բազում այլ հոգիների դարձի: Քանի որ երկնառաք այս սքանչելիքը տեսնելով՝ մարդիկ շտապեցին եկեղեցի՝ ճշմարիտ հավատքի այն միակ վայրը, Նոր ուխտի այն սուրբ տապանը, որ հիմնադրեց խաչյալ, հարուցյալ ու համբարձյալ Աստված, որտեղ մշտապես ներկա է Սուրբ Հոգին և որի երկնակամարում մշտապես վառ է տերունական ամենազոր, փրկագործ ու սուրբ նշանը:

Ինչպիսի՜ զարմանահրաշ իրադարձություն, աստվածային ինչպիսի՜ հոգատարություն ու ողորմություն այն օրերի քրիստոնյաների կյանքում, որից այսօր զուրկ ենք, կմտածեն շատերը, սակայն շտապեմ մխիթարել ձեզ, սիրելինե՛ր, քանի որ ինչպես Տիրոջ մարդեղացումն ու խաչի վրա պատարագվելը եղավ բոլոր ժամանակների ու Ադամի բոլոր որդիների համար, այնպես էլ աստվածային նշաններն ու հրաշքները երբևէ չեն սահմանափակվում կոնկրետ վայրով ու ժամանակով, այլ հասցեագրված են Աստծու յուրաքանչյուր զավակի, ինչպես որ Հովհաննեսի ավետարանում է ասվում. «Ճշմարիտ լույսը լուսավորում է ամեն մարդու, որ գալու է աշխարհ» (1:9) և պատրաստ են կատարվելու յուրաքանչյուրի հոգում, միայն թե այնտեղ այդ հրաշքի համար տեղ գտնվի: Եվ վստահեցնում եմ ձեզ, սիրելի՛ հավատացյալներ, որ հոգու աչքերով տեսած հրաշքը, հոգու նուրբ լարերին դիպած հրաշքը շատ ավելի ազդեցիկ ու ցնցող է, շատ ավելի քաղցր ու մխիթարող է, քան մարմնավոր աչքերին հայտնվածը: Եվ եթե դուք այսօր Քրիստոսահիմն ու առաքելահաստատ եկեղեցու մասնիկն եք, ուրեմն ձեր հոգում կատարվել է կամ կատարվելու ճանապարհին է արարածի համար մեծագույն հրաշքը՝ Արարչի հետ հանդիպումը և Նրա կենսաշող ներկայությունը հոգում: Ահա սա է քրիստոնեական մեծագույն հրաշքը, մեծագույն փափագն ու նպատակը, հանուն որի նահատակներն ընդունեցին մարտիրոսության պսակը, սրբերը մեռան աշխարհի համար, մենք էլ տեսնելով նրանց օրինակը՝ փորձում ենք քայլել սրբության ճանապարհով՝ աչքի առջև ունենալով հոգևոր այն բարձունքը, որին հասել ու որում հարատևում էին մեր սուրբ հայրերը:

«Երանի՜ նրանց, որ սրտով մաքուր են, որովհետև նրանք Աստծուն պիտի տեսնեն» (Մտթ. 5:8): Տիրոջ այս և բոլոր խոսքերը, որ ուղղված են Իր արարածին, երբեք ժամանակավրեպ չեն ու դարեր շարունակ դիպչում են մարդկանց հոգիներին, քանի որ փոփոխվող աշխարհում փոխվում են դեկորացիաները միայն՝ ճարտարապետությունն ու նորաձևությունը, տեխնիկական միջոցներն ու բարքերը, իսկ մարդկային աստվածակերպ էությունը՝ երբեք: Լույսից արարվածը միշտ լույսի կարիք ունի: Գիտակցի, թե ոչ, իր կյանքի ողջ ընթացքում փնտրում է այդ կենսատու լույսը, թախծում ու տառապում դրա բացակայությունից: Եվ եթե մարդն անգամ չգիտակցի, որ իր հոգու դատարկության, իր սիրտը մաշող թախիծի, դժբախտ լինելու զգացումի միակ պատճառը Քրիստոս Արեգակից հեռացումն է, Նրան մերժելն ու ջնջելն իր կյանքից, ապա մարդու դարավոր թշնամին, լույսի ախոյանն ու ստի հայրը՝ սատանան, հրաշալի գիտի դա և ամեն միջոց ու առիթ օգտագործում է, որպեսզի մարդուն թույլ չտա՝ սիրտը մաքրելու և դառնալու դեպի Կենաց Լույսը: Նա մեկին ներշնչում է, որ վերջինս հոգին կրծող խավարը կարող է ցրել ալկոհոլի կամ թմրանյութերի միջոցով, մյուսին՝ անհագուրդ անառակ կյանքի, երրորդին՝ մոլախաղերի, չորրորդին՝ ուրիշներին չարախոսելու ու բամբասելու և կործանարար այլևայլ միջոցներով: Խավարը խավարով ցրել… Ինչպիսի՜ անհեթեթություն: Սակայն թշնամու նենգությունն ու չարությունը սահմաններ չունեն, և նրա թունավոր շշունջն այնքան ժամանակ է շարունակվում հնչել մարդ-արարածի ականջին, մինչ որ վերջինս Քրիստոսի փրկչական լույսով չի մաքրում իր սիրտն ու հոգին՝ ցրելով այնտեղից չարածին խավարն ու մշուշը:

Քրիստոս Արեգակը կրկին իր բարձրագույն տեղն է գրավում մարդու հոգևոր երկնակամարում, և աստվածային լույսն սկսում է բացել հոգու կուրացած աչքերը, և լույսի հետհետե պայծառանալուն զուգընթաց մարդն ավելի ու ավելի հստակ է սկսում զանազանել ու ճանաչել իր շրջապատը: Այս լույսը նրան վերջիվերջո ստիպում է տեսնել իր մերձավորին և անտարբերությամբ չանցնել նրա կողքով, ստիպում է նրանում տեսնել միևնույն Արարչի, միևնույն սիրող Հոր պատկերը, որը բոլորիս միավորում է արյունակցականից էլ ամուր կապերով: Աստված երբեք մեզնից չի հեռանում, սիրելինե՛ր, Նրա սերը ոչ մի տեղ չի անհետանում, և Նրա սիրո ամենազոր նշանը միշտ մեր կողքին է՝ պատրաստ պաշտպանելու երևելի և աներևույթ թշնամուց և սատարելու փրկության ճշմարիտ ճանապարհին: Իսկ մեզ մնում է միայն մեր վարք ու բարքով, մեր կյանքով ցույց տալու, որ իսկապես սիրում ենք կյանքի աղբյուր Լույսը և փափագում բնակվել Նրա մեջ: Ուստի ձեր հանապազօրյա աղոթքներում խնդրեք Բարձրյալից, սիրելի՛ հավատացյալներ, որպեսզի օգնի ձեզ՝ մաքրելու ձեր հոգու մեղսածին խավարն ու Լույսի որդիներ դառնալու: Մեր օրերի հայրերից մեկն այս մասին գրում է. «Լո՞ւյս եք ուզում: ….Փոքրիկ ճե՛ղք բացեք, ու կներթափանցի արևի շողը, լո՛ւյսը կներթափանցի: ….ձեռքներդ դեպի Քրիստոսի գի՛րկը բացեք… սիրե՛ք Քրիստոսին, Նրա լույսը, և չարը կնահանջի»: Այս ամենը միանգամից չի լինի իհարկե, սիրելինե՛ր, այլ առ Երկնավոր Հայր ուղղված յուրաքանչյուր անկեղծ աղոթք, յուրաքանչուր բարի գործ, սիրուց ծնված յուրաքանչյուր ինքնազոհ արարք մի-մի փոքրիկ կանթեղ կվառեն ձեր հոգում՝ ցրելով այնտեղի խավարն ու ի վերջո, երբ այդ կանթեղներն այնքան կշատանան, որ հոգին կնմանվի մի մեծ բոցավառ ջահի, այնժամ խավարն անհետ կնահանջի ու ձեր հոգու երկնակամարում էլ կբոցկլտա Տիրոջ ամենազոր ու հաղթական Խաչի նշանը, որի Խաչյալին վայել է փառք և իշխանություն այժմ, միշտ և հավիտյանս հավիտենից. ամեն:

 

Տեր Գրիգոր քհն. Գրիգորյան

 

10.05.20
ԲաԺանորդագրվել
Ընթերցել նաև
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․