Գրքեր

Սուրբ Խաչի երևումը

«Ոչ ոք ճրագ վառելով ծածուկ տեղ չի դնի, այլ կդնի աշտանակի վրա, որպեսզի մտնողը լույս տեսնի» (Ղուկ. 11:33)

Սիրելի՛ բարեպաշտ հավատացալներ Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու,

Տասնյոթ դար առաջ, մայիսյան մի գեղեցիկ առավոտ Երուսաղեմի երկնակամարը լուսավորվեց Արեգակի լույսը բազմապատիկ գերազանցող հրափայլ ցոլքով: Երուսաղեմի բնակիչները՝ քրիստոնյա թե հեթանոս, ահել թե ջահել, աղքատ թե հարուստ ականատեսը եղան տերունական սուրբ Խաչի նշանի հրաշափայլ երևմանը, որ ժամեր շարունակ բոցանիշ փայլով առկայծեց երուսաղեմյան երկնքում՝ ամրապնդելով Քրիստոսի հետևորդների հավատը և պատճառ դառնալով բազմաթիվ մոլորյալ հոգիների դարձի: Այդ օրը ճշմարտության ծարավ, փրկարար լույսի կարոտ բազում սրտեր քաղաքի բոլոր ծայրերից ձգվեցին դեպի Եկեղեցի: Երկնքից շողարձակող նշանը մարդկանց ցույց տվեց այն միակ վայրը, որտեղ մշտավառ պահպանվում է աստվածային ճշմարտության լույսը և որից բոցավառվում են հավատացյալների հոգիների կանթեղներն ու լուսավորում նրանց ընթացքը ստորջրյա խութերով լի կյանքի ծովում: Եվ այսօր մենք էլ՝ բոցավառված ճշմարիտ Լույսով, հավաքվել ենք Աստծու տանը՝ հիշատակելու Սուրբ Խաչի սքանչելի երևման տոնը և մեր հավատով ևս մեկ անգամ վկայելու, որ նույնիսկ դարեր անց անմար է Կենդանի Աստծու լույսն ու նույն զորությամբ շողարձակում է ճշմարիտ հավատացյալների հոգիներում:

«Ես եմ աշխարհի լույսը. ով իմ ետևից է գալիս, խավարի միջով չի քայլի, այլ կընդունի կենաց լույսը»,- ասաց Մարդացյալ Աստված (Հովհ. 8:12), և դուք, սիրելի՛ հավատացյալներ, աստվածային կենարար լույսը կրող այն ճրագներն եք, որ մի օր բոցավառվել եք Քրիստոսի անստվեր լույսը կրող և աշխարհի խավարը լուսավորող ճշմարիտ կանթեղից՝ Եկեղեցուց և առաքվել՝ լուսավորելու նաև ձեզ շրջապատողներին: Սա չափազանց կարևոր ու պատասխանատու առաքելություն է, որ Երկնավոր Հայրն ու Մայր Եկեղեցին վստահել են իրենց նվիրյալ զավակներին: Ուստի հենց այս պատճառով որոշեցի այսօր անդրադառնալ օրվա ավետարանական ընթերցվածքներից՝ Ղուկասի ավետարանի հատվածին, որում Տեր Հիսուս Քրիստոս զգուշացնում է. «Ոչ ոք ճրագ վառելով ծածուկ տեղ չի դնի, այլ կդնի աշտանակի վրա, որպեսզի մտնողը լույս տեսնի: Մարմնի ճրագը աչքն է. երբ աչքը առողջ է, ամբողջ մարմինը լուսավոր կլինի, իսկ երբ աչքը պղտոր է, մարմինն էլ խավար կլինի: Արդ, զգո՛ւյշ եղիր, գուցե այն լույսը, որ քո մեջ է, խավար լինի: Եթե քո ամբողջ մարմինը լուսավոր է, և նրա մեջ խավարի մաս չկա, ամեն ինչ այնպես լուսավոր կլինի, ինչպես երբ ճրագը իր շողերով լուսավորի քեզ» (Ղուկ. 11:34-36):

Սիրելի՛ եղբայրներ և քույրեր ի Քրիստոս, բոլորս էլ գիտենք, որ աչքն այն օրգանն է, որով տեսնում և ընկալում ենք մեզ շրջապատող աշխարհը և հաճախ շատ բան կախված է լինում մեր տեսողության վիճակից և այն ուղղությունից որով նայում են մեր աչքերը: Հիշո՞ւմ եք այն պատմությունը մի կնոջ մասին, որին մշտապես թվում էր, թե հարևանը կեղտոտ լվացք է փռում և միայն սեփական պատուհանների ապակիները մաքրելուց հետո պարզ դարձավ, որ ոչ թե հարևանի լվացքն էր կեղտոտ, այլ՝ իրենց պատուհանները: Կամ էլ՝ կարճատեսին սենյակի առաստաղը մաքուր է թվում այնքան ժամանակ, մինչև չի դնում ակնոցն ու տեսնում դրանից կախված սարդոստայնները: Նույնն է պարագան նաև մեր հոգևոր տեսողության օրգանի դեպքում, սիրելինե՛ր:

Ավետարանական վերոնշյալ տողերը մեկնելիս, Եկեղեցու հայրերն ասում են, որ Քրիստոս, բնականաբար, խոսում էր հոգևոր աչքի մասին, որը մարդու միտքն է: Եվ եթե ընդունում ենք, որ ֆիզիկական տեսողությունը խիստ անհրաժեշտություն է ժամանակավոր մարմնի համար, քանի որ դրա միջոցով է մարդը ճանաչում ու զանազանում իրեն շրջապատող մարդկանց ու առարկաները, ազատ կողմնորոշվում տարածության մեջ և գործում՝ առանց կաշկանդվելու, ապա որքա՜ն առավել կարևոր է հոգևոր տեսողությունը, որն ուղղորդում է անմահ հոգու գործունեությունն ու ընթացքը: Եվ ինչպես ամեն ինչ կախված է նրանից, թե ինչպես է մարմնի ճրագը լուսավորում, այսինքն՝ աչքերը ինչպիսին են տեսնում աշխարհը և ինչ պատկեր են փոխանցում ուղեղին, այնպես էլ հոգու ճրագի՝ մտքի միջոցով է հոգին տեսնում իրականությունը և ներկայացնում մարդուն: Այսինքն՝ մեր աշխարհայացքը ձևավորվում է՝ կախված նրանից, թե ինչով է սնվում և զարգանում մեր միտքը: Ահա սա այն կարևոր կետն է, որի վրա կամենում եմ հրավիրել ձեր ուշադրությունը, սիրելի՛ հավատացյալներ: Քանզի Տերը հորդորում է զգույշ լինել, որ միգուցե մեր մեջ եղող լույսը խավար լինի, ինչն էլ նշանակում է, որ եթե մի օր Քրիստոսի լույսը դիպել է մեր սրտին, ապա դա ամենևին էլ երաշխիք չէ, որ այն կբոցավառվի մեր հոգու կանթեղում և անմար կմնա կյանքի ողջ ճանապարհին: Ուստի անչափ կարևոր է, որ հարցնեք ինքներդ ձեզ, սիրելինե՛ր, թե՝ որտեղի՞ց է սնվում ձեր միտքը, ի՞նչ գաղափարներով է ձևավորվում, արդյո՞ք բավականաչափ խնամում ու հոգ եք տանում դրա մասին այնպես, ինչպես ֆիզիկական աչքերի մասին և ի վերջո՝ ի՞նչ եք անում, որպեսզի դրա լույսը չկորսվի և խավարի չվերածվի կրկին:

«Թեպետև մի ժամանակ խավար էիք, հիմա լույս եք ի Տեր. ընթացե՛ք ինչպես լուսո որդիներ. քանզի լուսո պտուղներն են բարությունը, արդարությունը և ճշմարտությունը: Ստուգեցե՛ք, թե ո՛րն է հաճելի Տիրոջը. և խավարի անպտուղ գործերին մասնակից մի՛ եղեք» (Եփես. 5:8-11),- աստվածային անճառելի լույսը պահպանելու և խավարից խուսափելու միջոցն է հուշում Սուրբ առաքյալը: Եվ քանի որ ճշմարիտ քրիստոնյայի ուղին երբեք հարթ չէ, այլ կերտվում է վերելքներով ու անկումներով և լի է հակառակորդի լարած ծուղակներով, ապա իրապես սուր հոգևոր տեսողություն է անհրաժեշտ՝ հզոր հավատի և աստվածային իմաստության վրա հիմնված սթափ միտք, ճշմարտությունը կեղծիքից տարբերելու, աշխարհի խավար ճամփաներում չմոլորվելու, չարի պատրաստած բոլոր խոչընդոտները պատվով հաղթահարելու և Քրիստոսի լույսով հուրհրացող հոգով Խաղաղության հանգրվան հասնելու համար:

Ուստի ձեր միտքը միմիայն Բարիքներ Պարգևողի շտեմարանից սնեք, սիրելի՛ հավատացյալներ: «Քո խոսքը ճրագ է իմ ոտքերի համար, և լուսավորում է իմ շավիղները»,- երգում է Դավիթ մարգարեն (Սղմ. 119:105), հետևաբար, սոց. ցանցերից, հեռուստատեսությունից, մամուլից ու կասկածելի գրականությունից հորդող ինֆորմացիոն աղբի փոխարեն Աստվածաշունչ մատյանը պիտի լինի ձեր մտքի հանապազօրյա հացը, սիրելինե՛ր, որպեսզի այն պայծառանա և հստակ տեսնեք փրկության ճանապարհը, որով ընթանում եք և երբեք չխոտորվեք դրանից: Սուրբ Հոգուց ներշնչված Հայրերի գրվածքները պիտի դուրս մղեն ձեր մտքից բոլոր մոլորությունները, սխալ պատկերացումներն ու կեղծ գաղափարները, որոնք թունավորում և ապականում են մարդու գիտակցությունը: Աղոթքներն ու շարականները պիտի պահպանեն ձեր մտքի արթնությունն ու ապահովեն կենսականորեն անհրաժեշտ կապը Հոր ու Արարչի հետ:

Աչքերն ու միտքը մարմնի ամենաբարձր մասում՝ գլխում տեղավորելով, Տեր Աստված արդեն իսկ ցույց է տվել դրանց կարևորությունը և նպատակը, որին կոչված են ծառայելու: Ուստի մաղթանքս է, սիրելինե՛ր, որ Սուրբ Խաչի նշանը Երուսաղեմի երկնակամարից տեղափոխեք ձեր հոգիները, որպեսզի շողա անմար կրակով՝ բորբոքելով և վառ պահելով Կենաց լույսն այնտեղ, և ձեզանից յուրաքանչյուրը իսկապես դառնա աշտանակի վրա հուրհրացող այն ճրագը, որից կլուսավորվեն ու կջերմանան Ճշմարիտ լույսը որոնողները: Եվ որպես խոսքիս վերջաբան ընտրված Շենուդա Գ հայրապետի իմաստուն խոսքն էլ թող իր բաժին ձեթն ավելացնի ձեր հոգևոր կանթեղների պաշարին. «Ես խորհուրդ եմ տալիս ձեզ անել առաջին քայլը. դուք պետք է շտկեք ձեր մտքերը և թույլ չտաք նրանց իշխելու և կառավարելու ձեզ: Միտքը կարող է զենք լինել ձեր ձեռքին և կարող է զենք դառնալ ձեր դեմ. թող այն ձեր ընկերը լինի և ոչ թե՝ թշնամին: Պետք է գիտենալ, որ ամենանշանակալի և օգտակար նախաձեռնությունները նախապես գաղափար են եղել և բոլոր համամարդկային գործերը ծնունդ են առել գաղափարներից: Թող ձեր գաղափարները գանձ լինեն թե՛ ձեր, թե՛ ուրիշների համար: Թող ձեր մտքերը օրհնություն լինեն այն հասարակության համար, որտեղ ապրում եք: Եթե դուք չեք կարող ձեր մտքերն օգուտի աղբյուր դարձնել ձեր և ուրիշների համար, գոնե թույլ մի՛ տվեք, որ այն ձեր սրտի մաքրության և հավիտենականության կորստյան պատճառ դառնա: [Եվ] թող Աստված ձեզ հետ լինի, շնորհելով ձեզ մտքի մաքրություն որպես մի սուրբ գանձ»: Ամեն:

 

Տեր Գրիգոր քհն. Գրիգորյան

19.05.19
ԲաԺանորդագրվել
Ընթերցել նաև
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․