Գրքեր

Սուրբ խաչի՝ Երուսաղեմում երևման տոն

Մեծն Կոստանդիանոս ինքնակալ կայսեր որդի Կոստանդինի ժամանակներում՝ Պենտեկոստեի օրերում, այսինքն՝ հինանց շրջանում, ահեկի 30-ի կամ մայիսի 7-ի առավոտյան Տերունական Սուրբ Խաչը երևաց պայծառ ու մեծատեսիլ փայլմամբ ու այնքան շքեղ ու լուսավոր երևումով, որ մինչև իսկ արեգակի ճառագայթները խամրեցին Նրա տեսքից։ Այս եղավ առավոտվանից մինչև օրվա երրորդ ժամը՝ տարածվելով Գողգոթայից մինչև Ձիթենյաց սուրբ լեռը։ Եվ ամենքը՝ տղամարդիկ ու կանայք, ծերերն ու մանուկները մեծ խնդությամբ լցվեցին։

Մինչև իսկ տանը փակված աղջիկները սուրբ եկեղեցի գնացին ու մեծ գոհությամբ փառավորեցին Աստծուն՝ ուրախանալով այն փառավոր սքանչելիքով, որը Աստված պարգևեց քրիստոնյաներին ու ամոթի մատնեց հրեաների անհավատ ազգին ու հեթանոսներին, որոնցից շատերը ևս հավատացին Քրիստոսին ու այդ նույն օրն իսկ մկրտվեցին։ Հարյուր հազար հոգի՝ տղամարդիկ ու կանայք, ծերեր ու մանուկներ մկրտվեցին սուրբ Կյուրեղ «Աստվածաբան» վարդապետի կողմից, որն այն օրերին Երուսաղեմի պատրիարքն էր։ Նա, ի պատիվ Սուրբ Խաչի երևման, նամակ գրեց Կոստանդին թագավորին, քարոզեց Խաչի երևման մասին հրեաներին ու հեթանոսներին և անհավատներից շատերին Քրիստոսի հավատքին դարձրեց։

Նա նաև բոլոր քրիստոնյաների համար կարգադրեց քառասնորդական աղուհացից պահքը անլուծանելի պահել, քանի որ մինչ այդ՝ առաքյալներից մինչև սուրբ հայրապետ Կյուրեղը, Առաջավորաց պահքից մինչև Զատիկ յոթանասուն օրեր էին սահմանված աղուհացից պահքի համար, սակայն այն պահել կամ չպահելը յուրաքանչյուրի նախընտրությանն էր թողնված։ Բայց սուրբ Կյուրեղ հայրապետը այդ յոթանասուն օրերից երկու շաբաթը կարգադրեց որպես բարեկենդան տոնել, իսկ յոթ շաբաթը սահմանեց որպես պարտադիր պահեցողության շրջան բոլորի համար ու այն հարստացրեց սուրբգրային ընթերցումներով։ Նա ավելացրեց տասնինը ընթերցումներ Հակոբոս Տյառնեղբոր սահմանած քառասուն ընթերցումների վրա, և այդ ամենը կատարեց ի փառս Սուրբ Խաչի երևման։

Իսկ այդ երևումը, ի տես ամենքի, խաչաձև լույսով Գողգոթայից ցոլացավ մինչև Ձիթենյաց սուրբ լեռը։ Եվ սուրբ Խաչափայտն էլ, որը Խաչգյուտից հետո պահպանվում էր մեծ պատվով, նույնանման պայծառ լույսով փայլեց ի պարծանս քրիստոնյաների ու նաև ի լրումն Տերունական այն խոսքի, որը ասվում է Մատթեոսի Ավետարանում, թե՝ «Եվ ապա երկնքում կերևա մարդու Որդու նշանը»։ Այլև այս եղավ որպես կանխագուշակում այն բանի, որ Քրիստոսի մյուսանգամյա Գալստյան ժամանակ Սուրբ Խաչը ահեղակերպ փայլմամբ պիտի ծագի արևելքից։

Այս օրվա Խաչի երևումը թո՛ղ որ առհավատչյան լինի աշխարհի վախճանի օրը լինելիք Սուրբ Խաչի երևման։ Եվ արդ, մենք, ո՛վ հավատացյալներդ Քրիստոսի և երկրպագողներդ Սուրբ Խաչի, եկեք տոնե՛նք Սուրբ Խաչի պայծառափայլ Երևման այս տոնը, քանի որ Խաչի շնորհիվ մեզ տրվեց Կենաց ծառը…

Խաչով ճաշակեցինք անմահության պտուղը։

Խաչով վայելեցինք անթառամ ծաղիկը։

Խաչով ձեռք բերեցինք կյա՛նքը անվախճան։

Խաչով արժանացանք Դրախտի վայելչությանը։

Խաչով արժանի դարձանք մուտքին դեպի երկնային առագաստ։

Խաչով է, որ պիտի մտնենք հավիտենական հանգստի մեջ։

Խաչով դևերը փախան մեզանից։

Խաչով հրեշտակները մարդկանց խառնվեցին։

Խաչով մահը վերացավ։

Խաչով մեղքերը քավվեցին։

Խաչով մեհյաններն ավերվեցին։

Խաչով բագինները ոչնչացան։

Խաչով կուռքերը կործանվեցին։

Խաչով չաստվածների պատկերները խորտակվեցին։

Խաչով եկեղեցիները շինվեցին։

Խաչով հիմնադրվեցին տաճարները սուրբերի։

Խաչով կառուցվեցին վկայարանները նահատակների։

Խաչով սուրբ Կաթողիկեն շինվեց։

Խաչով խորանը բարձրացավ։

Խաչով հավատքը պայծառացավ։

Խաչով սուրբ Սեղանը կանգնեց։

Խաչով ավազանը հաստատվեց։

Խաչով մկրտությունը մեզ ավանդվեց։

Խաչով դրոշմը կնքվեց։

Խաչով քահանաների օծումը տրվեց։

Խաչով սուրբ Պատարագը օրհնվեց։

Խաչով զոհողությունը մատուցվեց։

Խաչով դժոխքը պարտության մատնվեց։

Խաչով ապականությունը վերացավ։

Խաչով մահը պարտվեց։

Խաչով Դրախտը բացվեց։

Խաչը երևաց, և երկինքն ու երկիրը միաբանվեցին։

Խաչը երևաց, և հրեշտակները մարդկանց պահապան կարգվեցին։

Խաչը երևաց, և քրիստոնեությունը ծաղկեց։

Խաչը երևաց, և հավատքը արմատացավ։

Խաչը երևաց, և քահանայությունը պայծառացավ։

Խաչը երևաց, և Փրկչի հրամանը ի կատար ածվեց։

Խաչը երևաց, և իրականացավ Սաղմոսի այն խոսքը, որն ասում է.

 «Տիեզերքում երևացին Նրա փայլատակումները»։

Խաչը երևաց, և այս տեսնելով՝ երկիրը սասանվեց։

Խաչը երևաց, և մարգարեները ցնծացին, քանի որ նրանց խոսքերը իրականացան։

Խաչը երևաց, և առաքյալները պայծառացան, քանի որ Ավետարանի քարոզության ճշմարտությունը փաստվեց։

Խաչը երևաց, և հայրապետները ճոխացան։

Խաչը երևաց, և վարդապետները պերճացան։

Խաչը երևաց, և մարտիրոսները պսակվեցին։

Խաչը երևաց, և ճգնավորները խրախուսվեցին։

Խաչը երևաց, և հրեշտակները մարդկանց խառնվեցին։

Խաչը երևաց, և մարդիկ հրեշտակների հետ դասվեցին։

Խաչը երևաց, և կույսերը զգաստացան։

Խաչը երևաց, և ամուսնացյալները ողջախոհացան։

Խաչը երևաց, և ծերերը հոգիացան։

Խաչը երևաց, և մանուկները պահպանվեցին։

Խաչը երևաց, և երիտասարդները դաստիարակվեցին։

Խաչը երևաց, և կրոնավորները ժուժկալացան։

Խաչը երևաց, և կանայք արիացան։

Խաչը երևաց, և ախտավորները առողջացան։

Խաչը երևաց, և վիրավորները բժշկվեցին։

Խաչը երևաց, և հրեաները կարկամեցին։

Խաչը երևաց, և հեթանոսները ամոթահար եղան։

Խաչը երևաց, և մեղավորները արդարացան։

Խաչը երևաց, և դևերը հալածվեցին։

Խաչը երևաց, և մեռյալները հարության հույսն ստացան։

Խաչը երևաց, և անհավատները Քրիստոսին հավատացին։

Խաչը երևաց, և հեթանոսները Հոր և Որդու և Սուրբ Հոգու անունով մկրտվեցին։

Արդ, Դու՛, որ այսքան ու այսպիսի բյուրավոր բարությունների պատճառ դարձար, ո՛վ սյուն հավատի՝ Սուրբ Խաչդ երկրպագելի և քրիստոնյաներիս համար պաշտելի, ո՞վ կարող է այնչա՜փ խոսքեր ասել, որպեսզի բավական լինի Խաչիդ պարծանքը գովերգելուն։ Հիրավի, Դու պարծանք ես՝ ըստ Պողոս առաքյալի խոսքի։ Դու զենքն ու վահանն ես Պետրոսի։ Դու փառքն ես սուրբ Եկեղեցու, ամուր պարիսպը՝ սուրբ հավատի։ Դու պահապանն ես մեր՝ Քո երևաման այս տոնը տոնախմբողներիս և բարեխոսը՝ Քեզ երկրպագողներիս։ Դու հալածիչն ես Բելիարի և անպարտ հաղթողը նրա զորքերի։

Դու անդադար բարեխո՛ս եղիր մեզ բոլորիս՝ Քեզ պաշտողներիս համար այժմ և բոլոր ժամանակներում։ Ամեն։    

 

 

Աղբյուրը՝ «Յայսմաւուրք», Կ. Պոլիս, 1730 թ.,

Գրաբարից թարգմանեց Գևորգ սրկ. Կարապետյանը

09.05.20
ԲաԺանորդագրվել
Ընթերցել նաև
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․