Գրքեր

Սուրբ Մինասի, Երմոգինեսի և Գրաբոսի վկայաբանությունը

Մաքսիմիանոս ամբարիշտ արքայի ժամանակներում Աղեքսանդրիա քաղաքում խռովություն եղավ իշխանի դեմ: Եվ աղեքսանդրացիների միջև եղած խռովությունը խաղաղեցնելու և սիրո միաբանության բերելու համար թագավորն առաքեց մի իմաստուն և հանճարեղ, աթենացիների դպրությամբ ճոխացած մարդու, որի անունը Մինաս էր: [Իսկ Մինասը], տեսնելով այնտեղ եղած քրիստոնյաների վարքը, սրտով սիրեց և քրիստոնեություն ընդունեց: Եվ բարեպաշտության էր ձգտում, իր ինչքը կարոտյալներին էր բաշխում և աղոթքով առողջացնում էր բոլոր հիվանդներին: Այս լսելով` թագավորը բարկացավ հույժ և Մինասին քրիստոնեական հավատքից ետ դարձնելու համար ուղարկեց Երմոգինես անունով եպարքոսին, որ նույնպես վարժված էր աթենական ուսմամբ: Նա եկավ Աղեքսանդրիա, դատի նստեց հրապարակում և իր առջև կանչեց Մինասին: Եվ խոսեցին իրար հետ առավոտից մինչև յոթերորդ ժամը, և աստվածեղեն իմաստությամբ սուրբ Մինասը հաղթեց եպարքոսին: Իսկ նա բարկանալով` հրամայեց կտրել Մինասի լեզուն և ոտքերի թաթերը և հանել աչքերը: Եվ հրամանը կատարելով` բանտ նետեցին: Եվ գիշերվա երրորդ ժամին բանտում երևաց Տերը և առողջացրեց Մինասին: Իսկ Երմոգինես եպարքոսը զղջաց Մինասի չարչարանքների համար, որովհետև նա իրեն ուսումնակից և վաղուց ի վեր մտերիմ էր: Եվ ամբողջ գիշեր արթուն մնաց. ողբում էր անմխիթար Մինասին: Իսկ առավոտյան [մարդիկ] ուղարկեց բանտ, սուրբ Մինասի մարմինը բերելու, որ լա նրա վրա և [կարգով ու] օրենքով թաղի: Եվ զինվորները գնալով նրան բոլոր անդամներով առողջ տեսան` ոտքերով քայլում էր, աչքերով տեսնում և լեզվով սահուն խոսում` ավելի լավ` քան առաջ:

Եվ վերցնելով բերեցին եպարքոսի առաջ, որ և առողջացած տեսնելով` Երմոգինեսը հավատաց Քրիստոսին և ամբողջ ժողովրդի առջև խոստովանեց մեր Տեր Հիսուս Քրիստոսի անունը: Այնժամ Մինասը իր դպիր Գրաբոսին հրամայեց կանչել քահանաներին և եպիսկոպոսներին, որ եկան, մկրտության ջուր հեղեցին Երմոգինեսի գլխին և ասում էին. «Փառավոր Երմոգինես եպարքոսը, մեղքերից թողություն ստանալով, վերստին ծնվելով, հավիտենական կյանքի հարությամբ մկրտվում է Քրիստոսի Խաչով, և ստանում նահատակների հաղթության պսակը` անվամբ Հոր և Որդու և Սուրբ Հոգու»: Եվ օրեր անց Աղեքսանդրոս պատրիարքը Երմոգինեսին եպիսկոպոս ձեռնադրեց, և բոլոր հավատացյալները ուրախանալով` քաղաքի ամբողջ տարածքում խորտակեցին կուռքերի բոլոր բագինները: Իսկ ինքը` Երմոգինես եպիսկոպոսը, շրջում էր բոլոր տեղերում, կործանում կուռքերը և Քրիստոսի արքայությունը քարոզում: Այդ լսելով` Մաքսիմիանոս արքան ինքն անձամբ ելավ-գնաց Աղեքսանդրիա` տասը հազար հեծյալներով: Եվ ատյանում կանգնեցնելով սուրբ Մինասին և Երմոգինեսին` հարցաքննում էր նրանց բարկությամբ: Այնժամ, ի պատասխան, Երմոգինեսը արքային պատմեց Մինասի հետ կատարված սքանչելիքները: Եվ մինչ պատմում էր Աստծու գործը, Աստծու հրեշտակը երևաց [ներկաներին] և զարհուրեցրեց նրանց: Եվ արքան հրամայեց, ու սուրբ Երմոգինեսի որովայնը պատռեցին, հատեցին ձեռքերն ու ոտքերը և գետը նետեցին, իսկ մնացած մարմինը հրով այրեցին: Իսկ սուրբ Մինասին մութ բանտում մի ոտքից կախեցին և մի մեծ քար կապեցին մի ձեռքից: Եվ այդ գիշեր Տիրոջ հրեշտակը հավաքեց Երմոգինեսի բոլոր հատված ու այրված անդամներն ու գետից հանելով` ողջացրեց նրան Աստծու հրամանով: Եվ Աստծու հրեշտակը սուրբ Մինասին իջեցրեց կախված տեղից, հանեց բանտից և տարավ Երմոգինեսի մոտ: Իսկ հաջորդ օրը կանգնեցին արքայի առջև և հանդիմանեցին նրա անաստված մոլորությունը:

Եվ Մինասի արագագիր դպիր Գրաբոսն ասաց թագավորին. «Ինչո՞ւ ես այդքան տկարանում, ո՛վ արքա. գոչմամբ եկար որպես առյուծ և եղար նկուն իբրև աղվես, եկար շառաչմամբ որպես արծիվ և անզոր դարձար իբրև չղջիկ»: Եվ Գրաբոսի համարձակությունից բորբոքվելով` թագավորը ելավ աթոռից և իր ձեռքով սպանեց նրան: Հրամայեց սպանել նաև սուրբ Մինասին և Երմոգինեսին: Եվ այդպես վկայեցին ի Քրիստոս դեկտեմբեր ամսի տասին:

Եվ սուրբ Մինասը [մահվանից առաջ] Աստծուց խնդրել էր, որ իրենց մարմինները տարվեն Բյուզանդիա: Եվ այնպես եղավ, որ սրբերի մարտիրոսվելուց հետո թագավորը հրամայեց դնել նրանց երկաթե տապանի մեջ և ծովը նետել: Եվ Տիրոջ հրեշտակը տապանն առաջնորդեց և տանելով հանեց Բյուզանդիայում` Քաղկեդոնին հանդիպակաց քաղաքի մատույցներում: Եվ գիշերով Աստծու հրեշտակը երևաց Մետրոփանոս եպիսկոպոսին և ասաց նրան սրբերի մասին: Եվ նա ելնելով ծովեզր գնաց` խնկով և մոմերով և ամբողջ ուխտով և տեսավ սրբերի տապանը և լուսեղեն ամպի սյունը տապանի վերևում: [Նա] քաղաք տարավ և պահեց թաքստոցում` մինչև Աստծու հրեշտակից խոցվեց բռնակալ Մաքսիմիանոսը և չարաչար սատկեց: Եվ դրանից հետո սրբերի նշխարները դրին ծովեզրին` ուր ելել էր տապանը, և վրան վկայարան կառուցեցին` քաղաքի պահպանության համար և ի փառս մեր Աստված Քրիստոսի:

 

Սուրբ Մինասի սքանչելիքները

Այժմ լսեցեք սքանչելիքները, որ Աստված արեց իր սուրբ վկա Մինասի միջոցով: Մի հույժ մեծատուն մարդ վաճառական գործերով եկավ Աղեքսանդրիա քաղաքը և լսեց սքանչելիքների մասին, որ կատարվում էին սուրբ Մինասի [մասունքներով]: Եվ կամեցավ ընծաներով գնալ սուրբ վկայի տաճարը: Եվ ելնելով` վերցրեց իր ոսկու քսակը և նավ բարձրանալով` անցավ ծովի մյուս կողմը: Եվ հասավ մի պանդոկ և օթևան խնդրեց, որովհետև երեկոն իջնում էր: Պանդոկապանն ասաց. «Մտի՛ր, եղբա՛յր»: Եվ տուն տանելով` նրա առջև սեղան գցեց և կերակրեց վաճառականին: Եվ երբ [վաճառականը] ննջեց, պանդոկապանը տեսավ գանձով լի քսակը, և սատանան մտավ նրա մեջ, և նա սպանեց մարդուն ու առավ բոլոր գանձերը: Եվ իր մտքում ասաց. «Ի՞նչ անեմ սրա մարմինը: Հիմա անդամ-անդամ կտոր-կտոր կանեմ, կդնեմ մի կողովի մեջ և ծովը կնետեմ»: Եվ մինչ այդ արեց և կախեց կողովը, որ ծովը նետի, արեգակը ծագեց, և վախեցավ ծովը նետել: Եվ երբ վերցրեց [վաճառականի] գլուխը, որ մանրի և կողովի մեջ գցի` սուրբ վկա Մինասը, ասես թագավորական հրամանով առաքված, եկավ-հասավ ձիավար բազում հեծյալներով: Եվ տեսնելով` պանդոկապանը վախեցավ և չգիտեր, թե ինչ աներ: [Նա] շտապով գլուխը կախեց պանդոկի մեջ: [Օթևանին] հասնելով` սուրբ Մինասը բռնեց պանդոկապանին և ասաց. «Ասա՛ ինձ, ո՞ւր է այն մարդը, որ գիշերով օթևանեց քո մոտ»: Եվ նա դողդղալով ասաց. «Ոչ ոք չի իջևանել մոտս»: Սուրբն ասաց. «Եթե չխոստովանես այդ մարդու մասին, ե՛ս կգտնեմ նրան»: Եվ ձեռքը պարզելով դեպի սակառը` դրա մեջ գտավ մարդու կտրատված մարմինը և վերցրեց գլուխը: Այնժամ մեծ տագնապի մեջ ընկած պանդոկապանն աղաչում էր սուրբ Մինասին և զորականներին, չիմանալով, թե ով է, որովհետև կարծում էր, թե թագավորն է ուղարկել: Եվ ասաց. «Խոստովանում եմ Աստծու և ձեր առջև անօրեն գործերն իմ, որովհետև երբ տեսա նրա գանձերը, եղկելիիս սիրտը հիմարությամբ լցվեց: Եվ սպասեցի` մինչև նա քնեց ու սպանեցի, որ գանձը վերցնեմ: Ահա նրա քսակը` իր գանձով լեցուն, նաև կտամ հարյուր դահեկան իմ գանձերից, միայն թե ազատիր ինձ մահապատժից»: Սուրբն ասաց. «Զղջացիր, և ես թողություն կտամ քեզ»: Եվ նա ասաց. «Որպես հրամայես` այնպես կշարժվեմ, տե՛ր իմ, և եթե փրկվեմ այս որոգայթից, և թագավորը չսպանի ինձ, կգնամ սուրբ Մինաս և կապաշխարեմ»: Եվ երբ սուրբ Մինասը տեսավ մարդու զղջումը, ասաց նրան. «Դի՛ր իմ առջև տակառիդ միջինը, որ հայտնի դառնան Աստծու փառքերն Իր սրբերի մեջ»: Այնժամ սպանվածի մարմնի մասերով լի կողովը դրեց սրբի առջև, և սուրբ Մինասը, ծնկի իջնելով, սկսեց աղոթել Աստծուն, որ հարություն տա սպանվածին: Եվ աղոթքն ավարտելով` դիմեց կտրատված մարմնին. «Քե՛զ եմ ասում մեր Տեր Հիսուս Քրիստոսի անվամբ, վե՛ր ել և կենդանացի՛ր քո բոլոր անդամներով»: Եվ նույն պահին մարդը հարություն առավ ողջանդամ` ինչպես առաջ էր, և ընկավ ու երկրպագում էր սուրբ Մինասին և գոհանում Աստծուց: Իսկ սուրբ Մինասն օրհնեց նրան և նրանց մոտից անհետացավ իր զորքով հանդերձ: Եվ պանդոկապանը` վերցնելով [իր ունեցած] դահեկանները, իսկ վաճառականն` իր քսակը` ելնելով գնացին սուրբ Մինասի վանքը և տվեցին խոստացված նվերները: Այնուհետև պանդոկապանն ամբողջ ժողովրդի առջև խոստովանեց` ինչ որ գործել էր վաճառականի հանդեպ, և [պատմեց], թե ինչպես սուրբը նրան աղոթքով հարություն տվեց: Եվ բոլոր լսողները փառք տվեցին Աստծուն, իսկ վաճառականը հիանում էր, թե ինչպես սուրբն իրեն աղոթքով հարություն տվեց, ու նաև զարմանում, որ սպանվեց և հարություն առավ և մեծ գոհությամբ փառք էր տալիս Աստծուն: Եվ պանդոկապանը մեծ ճգնությամբ և առաքինի վարքով հինգ տարի այնտեղ մնաց, իսկ հետո ընդունելի աղոթքով փոխվեց առ Քրիստոս: Իսկ վաճառականն ուրախությամբ վերադարձավ և ամբողջ Աղեքսանդրիայում պատմեց Աստծու փառքերն ու սուրբ Մինասի սքանչելագործությունները, որի համար հեթանոսներից շատերը հավատացին Քրիստոսին և Նրա սուրբ վկա Մինասին:

* * *

Պատմեմ սուրբ Մինասից եղած մյուս սքանչելիքները ևս:

Առապիոս անունով մի մարդ մտքում խորհեց և ասաց. «Քանի որ Աստված ինձ լիացրեց իր բարի պարգևներով և բազում ինչք ունեմ, հիմա արծաթի երկու սկիհ կպատվիրեմ. մեկը կընծայեմ սուրբ Մինասի տաճարին, իսկ մյուսն ինձ կպահեմ` որպես սպասք»: Եվ արծաթագործին ասաց երկուսը միաչափ պատրաստել և մեկի վրա իր անունը գրել տվեց, իսկ մյուսին` սուրբ Մինասինը: Եվ սուրբ Մինասինն ավելի գեղեցիկ եղավ, քան մյուսը, և Առապիոսն, այդ տեսնելով, սրբի անոթը կամեցավ և մտքում ասաց. «Գնամ սուրբ Մինաս և նրան տամ իմ սկիհը, իսկ սրբինն ինձ պահեմ, իսկ մահվանիցս հետո այն ևս կնվիրաբերեն սրբին»: Եվ նավ նստեց ու գնաց: Իսկ երբ ճաշի ժամն էր, եկավ նրա ծառան և սեղան գցեց ու դրեց նաև սրբի սկիհն իր տիրոջ առջև: Ճաշից հետո ծառան վերցրեց սկիհը և գնաց ծովի ջրով լվանալու, և ալիքները ծառայի ձեռքից խփեցին-տարան սկիհը: Վախեցավ ծառան, թե իր տերն իրեն տանջանքների մեջ կգցի ու իրեն ծովը նետեց սկիհի հետևից: Երբ մարդն իմացավ եղածը, խիստ տրտմեց և ասաց. «Վա՜յ ինձ` Տիրոջ առջև մեղավորիս, որ նախանձով լցվեցի սրբի սկիհի համար, ինչի արդյունքում կորցրեցի ծառայիս և ամոթահար եղա Աստծու և մարդկանց առջև, որովհետև ավելի լավ էր մեկի տեղը երեքը տայի, սակայն չընկնեի այսպիսի ամոթալի վիճակի և նախատինքի մեջ և չկորցնեի իմ ազնիվ ծառային` առավել ևս այսպիսի մահվամբ: Եթե գեթ գտնվի մարմինը և թաղենք, երկրորդ սկիհը սուրբ Մինասի տաճարին կտամ, ինչպես և` կորածի գինը»: Եվ մինչ նա այսպիսի խոսքերով կշտամբում էր անձն իր և լալիս, նավը հասավ նավահանգիստ, և նա, ծովեզրը զննելով, այսուայնկողմ էր նայում` հավատալով, որ ալիքը նրա մարմինը ափ հանած կլինի: Նավավարները նրան ասացին. «Անմտություն է արածդ, որովհետև երկու օր է անցել, ինչ քո ծառան ծովն ընկավ, իսկ դու այստե՞ղ ես որոնում»: Առապիոսն ասաց նրանց. «Թողե՛ք ինձ, եղբայրնե՛ր, և մի՛ մեղադրեք. իմ հույսը Քրիստոսն է և Նրա սուրբ վկա Մինասը, որ կտրատված մարդուն կյանք տվեց: Իմ ծառայի մարմինը գոնե ցույց կտա ինձ, որ թաղեմ: Այս ասելուն պես նրա ծառան եկավ` սկիհը ձեռքին բռնած և փնտրում էր նավը` իր տիրոջը [գտնելու] համար: Եվ նավավարները տեսան ծառային, նետեցին պարանը, և նա քաշեց, և ելան ցամաք: Եվ գրկավառնվելով` տերը համբուրում էր ծառային և ասում. «Ահա՜ ծառան իմ, իսկապես մեռած և հարություն առած. ուրախացա և ցնծացի հոգով, որովհետև սուրբ Մինասի բարեխոսությամբ Աստված ինձ ողորմեց: Այժմ ո՞ւմ չպատմեմ, [ի՞նչպես չասեմ] այս ամենը, ո՛վ սուրբդ Աստծու, սքանչելիքներն ու նշանները, որ ինձ ցույց տվեցիր»: [Ապա, դառնալով ծառային, ասաց]. «Այժմ, որդյա՛կ իմ, պատմիր ինձ, թե ե՞րբ մոտեցար ջրին, ի՞նչպես ծովն ընկար և ի՞նչպես ողջ մնացիր»: Պատանին ասաց. «Տե՛ր իմ, երբ գնացի սկիհը ծովի [ջրով] լվանալու, ալիքը խփեց և այն ձեռքիցս ծովը գցեց: Եվ քեզնից երկյուղելով` ինձ ծովը նետեցի: Երբ ջուրն ընկա, պայծառ տեսիլքով լուսավոր մեկին տեսա և ևս երկու հոգու` նրա հետ: Եվ լուսավոր այրն ասաց նրանց. «Բռնեցե՛ք դրան և բաց չթողնե՛ք, մինչև որ ցամաք չհանեք»: Եվ այդ պահից չբաժանվեցին ինձնից, մինչև ցամաք հասա»: Եվ ովքեր լսեցին` փառք տվեցին Աստծուն և Նրա արագահաս վկա սուրբ Մինասին: Եվ [Առապիոսը] սուրբ վկա ի տաճարը գնալով` այնտեղ տվեց երկու սկիհերը և ծառային [հանձնեց] ի սպասավորություն եկեղեցուն, իսկ ինքը դարձավ իր տունը` փառավորելով Քրիստոս Աստծուն, որ օրհնյալ է հավիտյանս. ամեն:

* * *

Սուրբ Մինասից եղած մյուս սքանչելիքները ևս պատմեմ ձեզ, սիրելինե՛ր:

Ոմն հրեա վաճառական կար Աղեքսանդրիա քաղաքում, որ բնակվում էր մի քրիստոնյայի հարևանությամբ: Եվ իրար սիրելի և բարեկամ էին: [Եվ այնպես եղավ], որ հրեան պետք է մեկներ վաճառական գործերով և իր գանձով քսակը կնքեց մատանիով, տարավ և ի պահ տվեց քրիստոնյային: Եվ երբ վերադարձավ ճանապարհից, լավ նվերներ ուղարկեց քրիստոնյային: Իսկ քրիստոնյան, դրանք ընդունելով, մտքում ծիծաղեց և ասաց. «Վերցրեցի նվերները, և եթե պահանջի իրենը` ոչինչ չի ստանա»: Եվ ասաց կնոջը. «Ո՛վ կին, եթե հնարավոր է, կվերցնենք հրեաի քսակը, և երդում կտանք: Մեր արարքը վնաս չէ, որովհետև [դիմացինը] հրեա է»: Եվ այսպես սուտ քրիստոնյան ուրացավ հրեայի քսակը, և իրար հետ պայքարում էին, մինչև որ ամբողջ քաղաքն իմացավ: Այնուհետև հրեան ասաց. «Արի՛, եղբա՛յր, երդվի՛ր ինձ սուրբ Մինասի անվամբ, որովհետև լսել եմ նրա փառքը. եթե ոչինչ չեմ տվել քեզ` գնա՛ խաղաղությամբ»: Եվ ելնելով` գնացին սուրբ Մինասի տաճարը: Եվ հրեան ասաց քրիստոնյային. «Երկրպագի՛ր և վախեցի՛ր Աստծուց, ընկե՛ր, և ողորմի՛ր անձը քո. որքան կամենում ես` գանձից վերցրո՛ւ և մնացորդը տո՛ւր ինձ և սուտ մի՛ երդվիր»: Իսկ եղկելի և սուտ քրիստոնյան չկամեցավ լսել նրան: Եվ եկեղեցու արտաքին սրահում ծունր իջնելով` հրեան արտասուքով աղոթեց առ Աստված և ասաց. «Աբրահամի՛, Իսահակի՛ և Հակոբի՛ Աստված, որ ինձ արժանի արեցիր մտնելու սուրբ վկա Մինասի տաճարը, այս ժամին Դո՛ւ եղիր միջնորդն իմ և քրիստոնյայի»: Ապա դարձյալ բարձր ձայնով աղաղակեց և ասաց. «Սո՛ւրբ Մինաս, թեպետ արժանի չեմ քո անունը տալու, սակայն այսօր ցույց տուր ինձ քո սքանչելիքները»: Իսկ քրիստոնյան, Աստծու երկյուղը մտքում չունենալով, մտավ և երդվեց: Եվ հրեան նայում էր, թե որևէ նշան կլինի երդման հետ կապված: Սակայն Աստծու սուրբը նրան երկար սպասեցրեց, [և պատասխան չեղավ]: Եվ երբ ավարտեցին երդումը` երկուսով վերադարձան և գնացին իրենց ճանապարհով: Եվ երբ երեք մղոն անցան, քրիստոնյայի ձին վեր վազեց և նրան գետին գցեց, և մոտից ընկան մատանին և բանալին, որով պահված էր հրեայի քսակը: Եվ երբ քրիստոնյան որոնեց մատանին ու չգտավ, [այնուամենայնիվ,] խիստ ուրախացավ, որովհետև ձիուց ընկնելով` ողջանդամ էր ելել: Եվ համարեց, թե այս էր իր [սուտ] երդման փոխհատուցումը: Եվ երկուսը, միասին գնալով, հասան մի ջրի և նստեցին, որ ճաշեն: Իսկ հրեան մտքում զղջում էր. «Ինչո՞ւ հավատացի Քրիստոսի օրենքներին և քրիստոնյաների կրոնին. չտեսա և ոչ մեկը սքանչելիքներից, որոնց մասին լսել էի: Թերևս եթե չերդվեցնեի սրան, [գուցե և] օրեր անց տար իմ ունեցվածքի [գեթ] մի մասը»: Եվ արտասվելով ասում էր. «Անտեղի կորցրի ամենը… և ի՞նչ եմ անելու` չգիտեմ»: [Իսկ հետո] Աստծուց գոհանալով` ասաց. «Տե՛ր, իմ հոգին տալիս եմ Քեզ և Քո սուրբ Մինաս վկային»: Եվ մինչ երկուսով նստած էին և հաց էին ուտում, եկավ քրիստոնյայի ծառան` հրեայի գանձով քսակը ձեռքին բռնած, որ տեսնելով սքանչացան երկուսն էլ: Եվ քրիստոնյան սրդողեց և ասաց ծառային. «Ո՛րտեղից ես գալիս և ինչ է այդ, որ ձեռքիդ բռնել ես»: Ծառան պատասխան տվեց և ասաց. «Եկել եմ, տե՛ր իմ, ինչի համար որ [մարդ] էիր ուղարկել` կատարելու քո հրամանը»: Եվ նա ասաց. «Ո՞ւմ ուղարկեցի, և ո՞ւմ հրամանը եկար կատարելու»: Ծառան պատասխանեց. «Տե՛ր իմ, այսօր տիկնոջդ մոտ մի ձիավոր եկավ` հույժ բարձրահասակ և ահարկու: Եվ բերել էր քո մատանին և բանալին, որով պահվում է քո գանձը: Եվ ասաց տիկնոջդ. «Սա ճանաչո՞ւմ ես. քո ամուսինն ուղարկեց ինձ և աղաչեց քեզ` ասելով. «Հրեայի քսակը տո՛ւր ծառայիս, որովհետև չարաչար տանջվում եմ սուրբ վկայի կողմից»,- որի համար տիկինն շտապեցրեց ինձ, և ես եկա ու բերի քսակը: Ահավասիկ քո մատանին և գանձերիդ բանալին»: Եվ կնքած քսակը վերցնելով` հրեան ուրախությամբ աղաղակում էր, ասելով. «Մեծ է քրիստոնյաների Աստվածը և Իր սուրբ Մինաս վկան»: Եվ նույն պահին ելնելով` վերադարձավ սուրբ Մինասի վանքը և գանձի մի մասը տվեց սուրբ Մինասի եկեղեցուն և ասաց. «Սո՛ւրբդ Աստծու, դո՛ւ գիտես, որովհետև քո առաջ ասացի նրան, թե` որքան կամենում ես` վերցրո՛ւ քեզ և մնացյալը տո՛ւր ինձ. և նա չկամեցավ: Արդ դա տալիս եմ քո սրբությանը»: Եվ հրաժարվելով հրեությունից` մկրտվեց. ինքն ու իր ամբողջ ընտանիքը հավատացին Քրիստոսին, իսկ քրիստոնյան մեծ ամոթով և տրտմությամբ իր տունը գնաց: Եվ դրանից հետո ոչ ոք չէր համարձակվում երդվել սուրբ Մինասին կամ երդում տալ նրա տաճարում. ո՛չ սուտ [երդմամբ], և ո՛չ ճշմարիտ: Եվ քրիստոնյան վերցրեց իր ունեցվածքի կեսն ու տարավ-ընծայեց սուրբ Մինասին, և այնտեղ մնալով` խոստովանեց իր հանցանքները ու չհեռացավ այնտեղից, մինչև որ հայտնի չդարձավ նրա ընդունելի ապաշխարությունը ի փառս մեր Աստված Քրիստոսի:

 

Վարք Սրբոց, Հատոր Գ, Ս. Էջմիածին – 2010թ.

 

 

13.04.15
ԲաԺանորդագրվել
Ընթերցել նաև
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․