Գրքեր

Սուրբ Պանդալեոն բժշկի գաղտնիքը

Երիտասարդ, գեղեցիկ, խիզախ, կրթված, հարուստ ընտանիքից. թերևս նա առաջինն էր, ում անվանում էին բժիշկ Աստծուց. Սբ. Պանդալեոն՝ բուժող և պաշտպան, նաև՝ զինվորների բարեխոս:

Հայտնի բժիշկ Պանդալեոնն ապրել է 3-4-րդ դարերում ժամանակակից Թուրքիայի տարածքում: Նա շատ համբերատար էր, բարի, բուժում էր հիվանդներին, անտուններին, աղքատներին և բանտարկյալներին՝ իր բժշկության դիմաց ոչինչ չակնկալելով:

Ինչո՞ւմն էր նրա գաղտնիքը, ինչպե՞ս էր կարողանում բուժել կույրերին, բորոտներին, կաղերին: Նրա վկայաբանությունից մեզ հայտնի է, թե ինչպես մի մահացած երեխայի կենդանացրեց: Ինչպե՞ս կարող էր սովորական մի մահկանացու նման բժշկություններ կատարել: Նրա գաղտնիքը պարզ է. նա հավատաց Հիսուս Քրիստոսին՝ հոգու և մարմնի միակ Բժշկին: Երբ վերադարձավ քրիստոնեության գիրկը, ֆիզիկական բժշկության արվեստը թողնելով, հոգևոր բժշկության կոչում զգաց իր մեջ: Պանդալեոնն սկսեց բազմաթիվ բժշկություններ կատարել աղոթքով և Հիսուսի անունով: Իր գործունեությամբ երեք տեսակ չարիքների առաջն առավ՝ աղքատության, հիվանդության և մեղքի. քանի որ թե՛ հիվանդներին էր բժշկում Քրիստոսի անունով, թե՛ չքավորներին էր օգնության հասնում և թե՛ հոգիներին դարձի բերում:

Պանդալեոն կամ Պանդելեմիոն բժիշկն ապրել է Փոքր-Ասիական Նիկոմեդիա (այժմ Իզմիտ) քաղաքում, եղել հեթանոս ազնվական հոր և քրիստոնյա մոր զավակ: Նրա մայրը՝ Եվվուլան, ուզում էր իր որդուն քրիստոնեական ոգով կրթել, բայց մահանում է, երբ ապագա մարտիրոսը դեռ երիտասարդ էր: Չնայած դեռ չմահացած՝ կարողանում է նրա մատաղ սրտի մեջ քրիստոնեական սերմը ցանել: Մոր մահից հետո մանուկը մեծանում է հեթանոսության մեջ: Հայրը պատանի Պանդելեմիոնին կրթության է տալիս Եփրոսինոս հայտնի բժշկի մոտ: Ստանում է բարձր ուսում և նվիրվում բժշկությանը: Շուտով խելացի, շնորհալի և գեղեցկադեմ Պանդալեոնին նկատում է Մաքսիմիանոս կայսրը, ով ցանկություն է հայտնում նրան վերցնել իր մոտ՝ որպես պալատական բժիշկ: Սակայն Աստծո նախախնամությամբ Պանդալեոնին նկատում է նաև մեկ այլ անձնավորություն՝ Երմողայոս քահանան, ով իր երկու ընկերների հետ փրկվել էր 303թ. Նիկոմեդիայի եկեղեցում 20 000 քրիստոնյաների հրկիզումից: Նա իր ընկերների հետ բնակվում էր թաքստարանում, որի կողքով հաճախ անցնում էր Պանդալեոնը: Երմողայոսը նրան հիացումով էր դիտում՝ նկատելով նրա մեջ բացառիկ լրջություն: Ծերունի Երմողայոսն իր զրույցներով Պանդալեոնի մեջ սերմանում է Քրիստոսի հանդեպ սերը, ծլեցնում և աճեցնում նրա մեջ բարեպաշտ մոր նետած սերմերը ու նրան համոզում քրիստոնեական կրոնի ճշմարտացիությունը:

Իր նոր հավատքի մեջ նա ավելի է ամրանում մի հրաշքով: Մի օր Պանդալեոնը փողոցում ընկած մեռած մի մանուկ է տեսնում, որը մահացել էր օձի խայթոցից և օձն էլ նրա մոտ էր: Մանկանը տեսնելով՝ ասում է. «Ո՛վ մեռյալ մանուկ, ոտքի՛ ելիր հանուն Հիսուս Քրիստոսի. իսկ դո՛ւ, չար գազան, պատիժը ստացիր քո չարիքի, որ գործեցիր այս մանկան հանդեպ»: Նույն վայրկյանին մանուկը հարություն է առնում, իսկ օձը՝ սատկում: Այս հրաշքը առավել ամրապնդում է նրա հավատը Փրկչի հանդեպ և Պանդալեոնը մկրտվում է Երմողայոսի ձեռքով:

Ուրախ սրտով ու համարձակ դավանում է. «Հիսուս Քրիստոս ի՛մ Աստվածն է: Հավատում եմ»: Պանդալեոնը դարձի է բերում նաև իր հեթանոս հորը, երբ նրա ներկայությամբ Տիրոջ անունով և խաչի նշանով բացում է մի կույրի աչքերը: Հայրը նույնպես մկրտվում է և փշրում իր տանը եղած կուռքերը: Հոր մահից հետո Պանդալեոնը նրա ամբողջ հարստությունը ծախսում է աղքատների համար, Քրիստոսի անունով բժշկություններ կատարում և շատերին դարձի բերում:

Նրա համբավը տարածվում է և որոշ բժիշկներ նախանձից նրան ամբաստանում են Մաքսիմիանոս կայսեր առաջ:

Հակառակ այն իրողության, որ կայսեր ներկայությամբ անբուժելի հաշմանդամին աղոթքով կատարյալ բժշկություն է պարգևում, սակայն կայսրը չի բուժվում իր հոգեկան հաշմանդամությունից, ընդհակառակը՝ Պանդալեոնին ենթարկում է չարչարանքների, որոնցից հրաշքով ազատվում է Աստծո ծառան:

Նրան ստիպում են թողնել քրիստոնեությունը և դառնալ դեպի հեթանոսություն: Նրան սպառնում են, խոշտանգում, խոստանում են բոլոր հարստությունները երկրի: Բայց նրա դեմքը լուսավոր էր, և անփոփոխ նրա՝ «Հավատում եմ»:

Սակայն այս ամենը, ինչպես նաև հաջորդաբար ենթարկված բոլոր տանջանքներից անվնաս ազատվելը վերագրվում է կախարդության:

Երբ իմանում են, որ նրան դարձի բերողը Երմողայոսն է, ատյան են հանում նաև վերջինիս՝ իր երկու ընկերների հետ և չարչարանքների մատնելուց հետո՝ գլխատում: Այնուհետև գլխատվում է նաև Պանդալեոնը: Սուրբը, սիրով և աղոթանվեր երկյուղածությամբ, պարզում է իր պարանոցը դահճի սրի տակ: Վկայաբանություններում ասվում է, թե նրա կտրված պարանոցից ոչ թե արյուն է բխում, այլ կաթ: Իր մահվանից առաջ աղոթելով՝ նա Տիրոջից թողություն է խնդրում իրեն չարչարողների համար: Արդեն իսկ 4-րդ դարում նրա անունով եկեղեցիներ են կառուցվում Հայոց Սեբաստիա քաղաքում և Կ.Պոլսում, իսկ նրա նշխարները տարածվում են բազմաթիվ վայրերում: Նրան տրվել է նաև Պանդելեմիոն անունը, որ նշանակում է «ամենողորմած»՝ իր կատարած անթիվ բարիքների համար, որոնցից վերջինն էր իրեն չարչարողների համար թողություն խնդրելը:

Սբ. Պանդալեոնի վարքը գրել են նրա երեք ընկերները, ովքեր մինչև նրա նահատակությունը հետևել են նրան:

Բոլոր ժամանակներում էլ յուրաքանչյուրի համար անհրաժեշտ է, որ որևիցե մեկը օգնի, սատար կանգնի և բժշկի, ոչ միայն իր մարմինը, այլ նաև՝ հոգին: Ինչպես ամեն մարդ հիվանդության դեպքում դիմում է բժշկի, այնպես էլ ամեն հավատավոր դիմում է նաև Սբ. Պանդալեոնի բարեխոսությանը:

Արդյոք օգնո՞ւմ է նա այսօր: Արդյոք լսո՞ւմ է մեզ այդ երիտասարդ բժիշկը: Անկասկած, այո՛: Ինչպես այն ժամանակ, այսօր էլ Սբ. Պանդալեոնը չի դադարում օգնել այն մարդկանց, ովքեր հավատով դիմում են նրա բարեխոսությանը, և որոնց համար նա բարեխոսում է հոգու և մարմնի միակ Բժշկի՝ Հիսուս Քրիստոսի մոտ:

 

 

Կազմեց Գայանե Սուգիկյանը

06.10.16
ԲաԺանորդագրվել
Ընթերցել նաև
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․