Գրքեր

Սուրբ Փիլիմոն Քորողի, որ թարգմանվում է Գլուխ Գուսանաց, Ապողղոս Գրակարդացի, Արիանոս Դատավորի և այլոց վկայաբանությունը

Դիոկղետիանոս կայսեր երկրորդ տարում Հնդկաց Արիանոս դատավորը հրամայեց հրովարտակով տեղեկացնել բոլոր քաղաքներին, թե` «Ցանկացած վայրում, եթե Աստծուն պաշտող մեկին գտնեք, կալանեցե՛ք և նետե՛ք չարչարանքների տունը, մինչև որ ուղարկեք մոտս»: Եվ երբ նահատակներին կանգնեցրին իր առջև, ասաց նրանց. «Զո՛հ մատուցեցեք իմ աստվածներին, այլապես մեռնելու եք չարաչար մահով»: Իսկ նահատակներն ասացին. «Տեսե՛ք, եղբայրնե՛ր, չուրանա՛ք կենդանի Աստծուն, որպեսզի Նա չուրանա մեզ: Չվախենա՛ք այս չարչարանքներից, գիտեցե՛ք, Տերն ինքն ասաց. «Վախեցե՛ք Նրանից, որ կարող է հոգին և մարմինը գեհենի մեջ գցել» (Մատթ. Ժ. 28): Եվ իրար քաջալերում էին այսպիսի խոսքերով: Եվ բոլորը` թվով երեսունյոթ հոգի, միևնույն տեղում էին խմբված:

Նրանցից մեկը, որի անունը Ապողղոս էր, երբ տեսավ չարչարանքները, խիստ վախեցավ: Եվ նրանց մոտ Փիլիմոն անունով մի մարդ էր կանգնած, որ Արիանոս դատավորին զվարճացնողն էր: Ապողղոսը դիմեց նրան և ասաց. «Ե՛կ, ես քեզ տամ չորս դահեկան, և դու իմ փոխարեն զոհ մատուցիր»: Փիլիմոնը պատասխանեց. «Տո՛ւր ինձ քո հանդերձները, և քո փոխարեն զոհ կմատուցեմ»: Եվ նա տվեց իր հանդերձները: Եվ Փիլիմոնը, երեսը ծածկելով, մտավ դատավորի մոտ: Եվ տեսնելով` դատավորը հարցրեց. «Ո՞վ է սա»: Ետաքսիսը պատասխանեց. «Արդյոք քրիստոնյաներից մեկը չէ՞»,-և ասաց թարգմանին. «Ասա՛ դրան, որ գնա, զոհ մատուցի և անհոգ փրկվի տանջանքներից»: Իսկ այդ պահին Փիլիմոնը լցվեց Սուրբ Հոգով և խոսեց այսպես. «Զո՛հ չեմ մատուցի, որովհետև քրիստոնյա եմ»: Դատավորը հարցրեց. «Տեսա՞ր տանջանքները, որ հասան Ասկղասին և Ղևոնիդեսին, որոնք ինձ չլսեցին»:

Փիլիմոնը պատասխանեց. «Որքան [շատ] դիմացան տանջանքներին, այնքան ավելի փարթամ եղավ նրանց պսակն, ու քեզ հաղթեցին: Նույն կերպ կվարվեմ նաև ես. ո՞վ չի կամենա հետևել Ասկղասի պես պատարագելու կոչին, ինչպես և նա էր եկել` ուրախության մեծ տոն պատրաստելով»: Արիանոսն ասաց. «Զո՛հ մատուցիր և կապրես»: Փիլիմոնը պատասխանեց. «Զոհելով փրկություն չի լինում»: Եվ դատավորն ասաց. «Ապա, կանչեցե՛ք Փիլիմոն գուսանապետին, որ զվարճացնի այս քրիստոնյային, որպեսզի զոհ մատուցի և չարաչար չմեռնի»: Եվ շրջեցին բոլոր տեղերում ու չգտան Փիլիմոնին: Եվ դատավորը հրամայեց կանչել Թեովնասին` Փիլիմոնի եղբորը, և ասաց նրան. «Ո՞ւր է եղբայրդ»: Թեովնասը պատասխանեց և ասաց. «Սա է, քո առջև կանգնածը»: Եվ [դատավորը] հրամայեց բացել նրա երեսը:

Եվ ծիծաղեց ու ասաց. «Ո՛վ Փիլիմոն, որքան էի սիրում քեզ, ինչո՞ւ արեցիր այս: Ավելի լավ էր դուստրերիցս մեկը մեռներ, քան թե դու հեռանայիր ինձնից»: Փիլիմոնն ասաց. «Այժմ արա՛ ինչ կամենում ես. Աստծու շնորհները ծագեցին ինձ համար»: Արիանոսն ասաց. «Քեզ երդվեցնում եմ Հռոմ քաղաքի արևով, ճշմարի՛տն ասա ինձ. սրտո՞վդ ես ասում, թե` «Քրիստոնյա եմ», թե նրանց խոսքերն ես կրկնում»: Փիլիմոնը պատասխանեց. «Դու ինձ երդվեցնում ես հռովմայեցիների արևով, իսկ ես քեզ ճշմարիտն եմ ասում Քրիստոսով. ոչ թե լեզվիցս է պարզապես թռչում, այլ ամբողջ սրտով եմ ասում` քրիստոնյա եմ»:

Եվ բարկանալով` դատավորը դիմեց բազմությանը. «Ի՞նչ եք կամենում. անմիջապես վերացնե՞մ սրան, թե ներողամիտ գտնվեմ իր հանդեպ»: Եվ բազմությունն սկսեց ասել. «Մի՛ կործանիր քաղաքիս ուրախարարին»: Այնժամ դատավորն ասաց. «Տեսնո՞ւմ ես, Փիլիմո՛ն, ամբողջ քաղաքը քեզ է ցանկանում: Եվ տրտմել են քեզ համար: Այժմ զո՛հ մատուցիր աստվածներին, որ ուրախացնես ամբողջ ժողովրդին»: Փիլիմոնը պատասխանեց և ասաց. «Երկրային հավաքն այս թշնամի է երկնավոր շնորհներին, և դրա համար ես ևս թշնամի եմ երկրայինին, որպեսզի միանամ երկնայինին»: Դատավորն ասաց. «Քեզ ողորմում եմ, որովհետև էական չեմ համարում քո վկայությունը, քանի որ քրիստոնեական մկրտություն չունես, իսկ ես լսել եմ, որ նախ մկրտվում են և նոր են նվիրվում նրանց Աստծուն»: Այս լսելով` Փիլիմոնը կանգնեց բզմության առջև և ասաց. «Աղաչում եմ ձեզ, եթե ձեր մեջ քրիստոնյա կա, թո՛ղ գա, մկրտի ինձ»: Եվ որովհետև բոլորն ահաբեկված էին թագավորի հրամանից, [ոչ ոք չշարժվեց տեղից]: Եվ դատավորն ասաց. «Տեսնո՞ւմ ես, Փիլիմոն. ոչ ոք չի համարձակվում արհամարհել ինձ»: Փիլիմոնն սկսեց արտասվել և ասել. «Աստվա՛ծ իմ Հիսուս Քրիստոս, մի՛ լքիր ինձ, այլ ցո՛ւյց տուր Քո ճշմարտության լույսը, որ ես ևս մկրտվեմ ինչպես ամենքը»: Եվ երբ ամենքի առջև արտասանեց այս խոսքերը, մի ամպ եկավ և հովանի եղավ նրա վրա, և ամպից ցողվելով` Փիլիմոնը մկրտվեց:

Եվ Փիլիմոնն ասաց. «Ո՛վ դուք, որ վախեցաք մկրտել ինձ, ահա իջավ Տեր Հիսուսն ու մկրտեց ինձ: Այժմ շտապի՛ր, Արիանո՛ս, արա՛ ինչ կամենում ես»: Իսկ դատավորն ասաց. «Փիլիմո՛ն, ի՜նչ պատահեց, որ այսպես մոլեգնում ես: Հիշի՛ր, որ մոտ են տոները: Եթե որդիներդ քո թատրոնում ուրիշին տեսնեն, արդյո՞ք չեն հեծծի և հոգոց հանի և արդյո՞ք չեն ողբա»: Եվ այս լսելով` Փիլիկտիմոնը լացում, ողբում և ասում էր. «Տե՛ր Աստված, մի՛ թող, որ իմ անհավատության հիշատակը մնա երկրի վրա, և ինչպես ինձ լսեցիր ինձ մկրտող ամպոտ ջրի պարագայում, այժմ ևս լսի՛ր և երկնքից հուր իջեցրո՛ւ, որ այրի սրինգն իմ և փողը` Ապոլոնի ձեռքում, որ դրանք երբեք չտեսնեն և չասեն, թե` «Ահա Փիլիմոն երաժշտի սրինգը»: Եվ երկնքից հուր իջավ և այրեց Ապոլոնի սրինգը: Եվ տեսնողներն սքանչացան: Իսկ Փիլիմոնի եղբայր Թեովնասն ասաց դատավորին. «Եղբայրն իմ հանցանք չունի, [հանցավոր է] Ապողղոսը, որ իր հանդերձները տվեց նրան»: Եվ դատավորը հրամայեց բերել Ապողղոս գրակարդացին: Եվ երբ բերեցին նրան, դատավորն ասաց. «Ամենաչա՛ր, ի՞նչ ամբաստանություն ենք ներկայացրել քեզ: Ինչո՞ւ քո հանդերձները տվեցիր Փիլիմոնին և տրտմեցրիր ողջ քաղաքն ու նրա սիրտը մոլորության մեջ գցեցիր: Եթե երկնչում էիր ինձանից, պետք էր գալ և հայտնել: Իսկ այժմ` առա՛ջ, զո՛հ մատուցիր, որ քո զոհ մատուցելը տեսնելով` նա ևս զոհի և ազատվեք մահվանից»: Ապողղոս գրակարդացը պատասխանեց. «Իմացի՛ր, որ մեղք եմ գործել, բայց կարծում եմ, որ հանցանքներս բարի գործերի առաջնորդեցին և նրան ճշմարիտ գիտության բերեցին»:

Այնժամ դատավորը հրամայեց նրան գետնին պառկեցնել և գանահարել: Եվ երբ գանահարում էին, քաղաքացիներն սկսեցին աղաղակել ու ասել. «Հեռո՛ւ մնա Փիլիմոնից և նրա հանդեպ մեղք մի՛ գործիր»: Եվ դատավորն ասաց. «Տեսա՞ր, Փիլիմո՛ն, ինչպես են քեզ խղճում քաղաքացիները: Եվ երբ քեզ տեսնեն դառն տանջանքների մեջ, ի՞նչ կանեն հետս: Եվ այժմ մի խորհուրդ կտամ քեզ: Մի՛ կարծիր, թե չեմ սիրում քեզ, եթե կամենաս գիտենալ և հավատալ` այդպես է: Գնա՛, զո՛հ մատուցիր, որ քո առիթով բորբոքվածները հանդարտվեն, և ամենքս գնանք մեր աստվածների մոտ»:

Փիլիմոնը պատասխանեց. «Այսուհետ ես հրաժարվում եմ ձեր աստվածների ճաշից, որովհետև Երկնավորի ընթրիքին եմ հրավիրված»: Եվ բազմությանը դառնալով` ասաց. «Ինչո՞ւ եք տրտմում իմ չարչարանքի համար: Միշտ ուրախանում էիք իմ խոսքերով, այժմ ինչո՞ւ տրտմեցիք, մինչդեռ հրեշտակները ուրախանում և ցնծում են: Այժմ հավատացե՛ք ինձ` ես քրիստոնյա եմ և զոհ չեմ մատուցում ձեր աստվածներին»:

Այնժամ դատավորը հրամայեց նրա ոտքերի ջլերը կտրել և պարան անցկացնելով` քարշ տալ քաղաքով մեկ: Եվ այդպես անելուց հետո բերեցին դատավորի մոտ: Դատավորն ասաց նրան. «Տեսա՞ք ձեր տանջանքների սկիզբը: Ինչո՞ւ ձեզ չի փրկում Նա, որին հուսացել եք: Անմիջապես զո՛հ մատուցեք, որ չարաչար մահվամբ չմեռնեք, որովհետև ոչ ոք չի կարող իմ ձեռքից փրկել ձեզ»: Փիլիմոնը պատասխանեց և ասաց. «Շա՜տ եղավ քեզ. այսուհետ քո բոլոր տանջանքներում իմ Տեր Հիսուս Քրիստոս ինձ համար կլինի իբրև մի ադամանդյա պարիսպ և ինձ կփրկի քո բոլոր չարիքներից»: Այս լսելով` դատավորը խիստ բարկացավ և հրամայեց Փիլիմոնին կախել պարսպից և նետեր արձակել նրա մարմնի վրա` ոտքից գլուխ: Եվ ասաց. «Տեսնեմ, թե քո Հիսուսը կփրկի՞ քեզ իմ ձեռքից»:

Եվ երբ կախեցին, Փիլիմոնն սկսեց ասել. «Հիսո՛ւս, [Դու], որ անօգնականների օգնականն ես, ե՛կ և ցո՛ւյց տուր այս անհավատ դատավորին, որ չի կարող վնասել նրանց, ովքեր Քեզ են հուսացել»: Եվ նրանց նետերը տեղացին, սակայն նրան չմոտեցան: Եվ գետին չթափվեցին, այլ այնտեղ ցցված մնացին: Եվ երբ թագավորին հայտնեցին այդ, հարցրեց. «Արդյոք կենդանի՞ է նա»: Պատասխանեցին. «Ողջ է և բարձրաձայն խոսում է»: Այնժամ դատավորը եկավ այնտեղ և աչքերը բարձրացրեց, որ տեսնի` իրո՞ք կենդանի է: Եվ վերևից քամին մի նետ պոկեց, և այն դիպավ դատավորի աջ աչքին ու կուրացրեց նրան: Եվ դատավորը հրամայեց իր մոտ բերել Փիլիմոնին և ասաց նրան. «Փիլիմո՛ն, ի՞նչպես եղավ այս կախարդությունդ. նետերը քեզ չմոտեցան, բայց ահա քո պատճառով կուրացավ աչքն իմ: Այժմ աղաչում եմ քեզ` բժշկի՛ր ինձ: Վստահ եմ, որ եթե կամենաս, կարող ես բժշկել»:

Փիլիմոնը պատասխանեց. «Եթե այժմ աղաչեմ իմ Աստծուն, կասես, թե կախարդությամբ բժշկեցի: Ուստի երբ ելնեմ այս մարմնից, կգաս այն վայրն, ուր կդնեն ինձ: Եվ հող կվերցնես, կդնես աչքերիդ և կբժշկվես»: Այս լսելով` դատավորը հրամայեց գլխատել Փիլիմոնին և Ապողղոսին: Եվ նրանց մարմինները վերցրեցին ու տարան այնտեղ, ուր Ասկղասի մարմինն էր: Եվ երեք օր անց դատավորը գնաց նրանց մարմինների հանգստի վայրը և մի քիչ հող վերցնելով` դրեց աչքին և ասաց. «Անվամբ Հիսուսի, որի համար վկայեցին սրանք, դնում եմ հողն այս աչքերիս և բժշկվում, որովհետև չկա ուրիշ Աստված, բացի Քեզանից, Հիսո՛ւս»: Եվ այս ասելով` անմիջապես առողջացավ, բերկրեց և ասաց. «Ես ևս քրիստոնյա եմ և Հիսուս Քրիստոսի ծառա»:

Եվ հրամայեց ծիրանիներ և անուշահոտ յուղեր բերել և նրանց մարմինները պատելով` թաղեց` Փիլիմոնին, գրակարդաց Ապողղոսին և Ասկղասին: Եվ նա հավատաց Աստծուն և հրամայեց ազատ արձակել բոլոր քրիստոնյաներին:

Եվ համբավը հասավ Դիոկղետիանոս թագավորին: Եվ ասացին, թե` «Հնդկաց Արիանոս դատավորը քրիստոնյա դարձավ և այլևս զոհ չի մատուցում աստվածներին»: Այնժամ Դիոկղետիանոսը մարդիկ ուղարկեց, որ նրան իր մոտ կանչեն: Եվ երբ պատվիրակները եկան Արիանոսի մոտ, նրանց դահեկաններով կաշառք տվեց և ասաց. «Թո՛ւյլ տվեք, որ գնամ, խոսեմ եղբայրներիս հետ»: Եվ նրան ժամանակ տվեցին: Եվ գնաց այնտեղ, ուր Փիլիմոնի [և մյուսների] մարմին[ներն]ն է[ին] և ասաց. «Ողջո՜ւյն ձեզ, որ մերձ եք լույսին: Օրհնո՜ւմ եմ ձեզ. աղաչեցե՛ք մեր փրկիչ Հիսուս Քրիստոսին մեզ համար, ու որ ես ևս կարողանամ վկայությամբ ավարտել կյանքն իմ»: Երբ նա ասաց այս խոսքերը, Փիլիմոնի մարմինն սկսեց խոսել տապանի մեջ. «Ահա մինչ քո իշխանություն ստանալը Հիսուս քեզ իմացավ, որ արժանի ես լինելու պսակին, որ մեր Տեր Հիսուս Քրիստոս շնորհելու է քեզ և մեզ: [Իմացավ նաև], որ մեծ հրաշքներ են կատարվելու քո միջոցով: Ջանա՛ և ձգտի՛ր, ահա պատրաստ է երկնքի քո աթոռը, իսկ քո պսակը Միքայելը ձեռքում է բռնել, որ մեր Փրկչի գալստյան ժամանակ պսակի քեզ»: Նաև այս ասաց նրան. «[Աներկյուղ] գնա՛ պատվիրակների հետ»: Եվ Աստծուն աղաչեցին նրա համար, [ինչպես և պատվիրակների], որ նրանք ևս մոտենան Քրիստոսի գիտությանը: Ահա այսպիսի բաներ խոսեցին վկաների մարմինները:

Եվ չորս պատվիրակները զարմացել էին, իսկ Արիանոսը հավատքով ուրախացել և ցնծում էր: Եվ պատվիրակների հետ մտավ իր տուն ու ծառաներից յոթ հոգի ընտրելով` ասաց. «Հետս կգաք Ալեքսանդրի քաղաքն ու այնտեղ կմնաք մարմնիս համար, որովհետև այնտեղ վկայական մահ եմ ընդունելու: Եվ եթե [թագավորը] հրամայի ինձ խոր փոսը նետել կամ ծովը, վեց ժամ անց կգաք, կգտնեք մարմինն իմ և տանելով` կդնեք Փիլիմոն վկայի մոտ»:

Այս խոսքերն ասելով` Արիանոսը գնաց թագավորի մոտ: Եվ նրան տեսնելով` թագավորն ասաց. «Ո՛ղջ եղիր, Արիանո՛ս, որ Ալեքսանդր քաղաքի երևելիներից էիր»: Արիանոսը պատասխանեց և ասաց. «Ո՛ղջ եղիր և դու, տե՛ր իմ, որ ինձ առաջնորդում ես հավիտենական կյանքում»: Եվ թագավորը նրան հրամայեց, որ իր հետ բաղնիք գնա, իսկ կուռքերի սպասավորներին պատվիրեց, որ իրենց ղամբարները վառեն բաղնիքի մուտքի մոտ: Նաև հրամայեց բերել իր մեծ աստված Ապոլոնի [անդրին], որպեսզի բաղնիքից ելնելիս Հնդկաց դատավորին համոզեն զոհ մատուցել նրան: Եվ թագավորն ասաց նրան. «Մինչ մեր ընթրելը զո՛հ մատուցիր մեծ աստված Ապոլոնին»:

Պատասխանեց Արիանոսն ու ասաց. «Ո՛վ թագավոր, Քրիստոսի վկաների շնորհիվ մեծ սքանչելիքներ տեսա և չեմ կարող հեռանալ մեր Փրկչից»: Եվ բարկանալով` Դիոկղետիանոսը զորականներին հրամայեց երեկոյան գնալ թատրոնի ասպարեզն ու խորը փորել գետինը: Եվ արեցին` ինչպես հրամայվեց իրենց: Երբ առավոտը բացվեց, թագավորն այնտեղ գնաց: Հրամայեց, և բերեցին Արիանոս դատավորին: Եվ ծառաներին հրամայեց Արիանոսի ձեռքերն ու ոտքերը պղնձյա շղթաների մեջ դնել և նրան խորախոր փոսը նետել ու թաղել: Եվ հրամայեց իր աթոռը դնել այնտեղ ու նստեց վրան: Եվ ասաց զորականներին. «Ահա՛, ցույց տվեք ձեր ռազմական հնարքները, իսկ մենք [սպասենք]-տեսնենք` կգա՞ Հիսուս, որ փրկի դրան իմ ձեռքից»: Եվ երբ ավարտեցին մրցախաղը, թագավորը գնաց իր ապարանքը: Իսկ երբ թագավորը քուն մտավ, Արիանոսի ձեռքերի և ոտքերի շղթաները քանդված տեսավ: Եվ սարսռալով` տեսավ Արիանոս դատավորին, և [հոգին] խռովվեց հույժ, ու ասաց. «Մի՞թե պալատականներից մեկը իմ դեմ է ելել»: Արիանոսը պատասխանեց թագավորին. «Մի՛ երկնչիր, ոչ ոք քո դեմ դուրս չի եկել: Ես եմ` Արիանոսը, որին խոր փոսը նետել տվեցիր և ասացիր, թե` «Տեսնեմ, կփրկի՞ դրան Հիսուսը, թե` ոչ: Ահա եկավ մեր Փրկիչը, որին հուսացել էինք, և հանեց ինձ փոսից, քանդեց կապանքներն ու ինձ տառապանքներից ազատեց»: Այս խոսքերը լսելով` թագավորը նախ զարմացավ, ապա զայրույթով ասաց. «Ոչ ոք երբևէ չի տեսել այսպիսի կախարդություն»: Եվ հրամայեց քուրձեր բերել, ավազով լցնել և մեջը դնել նրան: Եվ այդ պահին սկսեցին աղաղակել չորս պատվիրակ-զորականներն ու ասում էին թագավորին. «Մենք ևս քրիստոնյա ենք և Աստծու ծառա: Ի՞նչ մեղք է գործել քո հանդեպ Աստծու ծառան: [Ինչո՞ւ ես պատժում]»: Թագավորը պատասխանեց. «Որովհետև կախարդ է…»: Ասացին թագավորին. «Նա կախարդ չէ, այլ Հիսուս Քրիստոսի ծառա: Եվ մեզ ցույց տվեց հաղթության նշաններ, որ ցանկացած մարդ, երբ մեռնի` Աստված կարող է նրան հարություն տալ: Մենք ևս [պատրաստ ենք] Արիանոսի հետ մեռնելու, որպեսզի հառնենք նրա հետ»: Թագավորը խիստ բարկացավ և ասաց. «Զառանցում եք… հիմա կշնորհեմ ձեր խնդրածը: Առաջ ինձ սիրելի ու [հարազատ] էիք, այժմ ինչո՞ւ ատեցիք ինձ: Դո՛ւք գիտեք… Արիանոսի մահը կընդունեք»: Պատասխան տվեց Աստվածաբախտը1, որովհետև նրանց մեջ ամենամեծն էր. «Աստված, որին ձգտում ենք, կարող է փրկել ցանկացած չարիքից, որովհետև Քրիստոսի շնորհները, մեզ համար կյանք են»: Եվ Դիոկղետիանոսը հիացավ: Այնժամ խոսեց Արիանոսն ու ասաց Դիոկղետիանոսին. «Մի՛ խափանիր մեր ընթացքը, ծարավի ենք գնալու դեպի մեր աղբյուրը»: Եվ հրամայեց բոլորին լցնել քուրձերի մեջ և ծովը նետել: Եվ երբ նետեցին, մի դելֆին պատահեց և կուլ տվեց քուրձերը: Եվ երբ Արիանոսի սպասավորները տեսան, սկսեցին ասել. «Մեր տերն ասում էր` «Կգտնեք մարմինս»: Ահա ևս չորս հոգի կա Արիանոսի հետ… ո՛րը կլինի նա»:

Այնժամ դելֆինն սկսեց մարդու պես խոսել և ասաց. «Արիանոս դատավորն է և նրա հետ չորս զորական, որովհետև Աստծու շնորհները փայլեցին ձեր տիրոջ վրա և չորս զինվորներին ուղեկցեց դեպի հավիտենական կյանքը: Եվ միասին պսակ ընդունեցին ու փառավորվեցին: Այժմ եկե՛ք, քուրձերով հանդերձ վերցրե՛ք նրանց ու տարե՛ք Փիլիմոնի, Ասկղոսի և Ապողղոս գրակարդացի մոտ դրեք: Երանի՜ այն վայրին, որ ընդունելու է սուրբ վկաների մարմինները, և երանի՜ նրանց, որ փնտրում են, ճանաչում ու հասնում են ճշմարտության գիտությանը. նա գուսանների և մեղավորների գլխավորն էր, [սակայն] նրան Աստված ընտրեց»: Եվ այս ասելով` ձուկը հեռացավ նրանցից:

Եվ սպասավորները վերցրեցին սրբերի մարմինները քուրձերով հանդերձ և նավ նստեցին: Եվ նավեցին երեք օր ու երեք գիշեր: Եվ բոլորը ննջեցին նավի վրա: Եվ երբ քնած էր նաև նավավարը, մի ձայն լսեց, որ երկու անգամ նրան ասաց. «Թեոդիտո՛ն, սա հենց այն տեղն է, ուր պետք է մեզ դնեք»: Եվ նավավարը վեր ելավ և ուրախացավ իրեն հայտնված սքանչելիքով և սկսեց փառավորել Աստծուն: Եվ քաղաք հասնելով` պատմեց այնտեղի բնակիչներին: Եվ նրանք ընդառաջ ելան ոստերով ու պսակներով և տարան այնտեղ, ուր Փիլիմոնի, Ասկղասի և Ապողղոսի մարմիններն էին, ու դրեցին այնտեղ: Եվ [ամենքը] փառավորում էին մեր Տեր Հիսուս Քրիստոսին, որովհետև Նրան, Հորը և Սուրբ Հոգուն վայել է փառք և պատիվ` այժմ և միշտ և հավիտյանս հավիտենից. ամեն:

 

27 Բն.` փոքրատառ է: Հավանաբար բնագրում եղած անունը բառացի է թարգմանվել:

 

Վարք Սրբոց, Հատոր Դ, Ս. Էջմիածին – 2010թ.

25.03.15
ԲաԺանորդագրվել
Ընթերցել նաև
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․