27 Փետրվար, Եշ, Մեծ Պահքի Դ օր

Գրքեր

Սուրբ Փոկաս եպիսկոպոսի վարքի պատմությունը

Գթասեր և մարդասեր, իմաստուն և հզոր, բժիշկ և հովիվ, վարդապետ [և ուսուցիչ], մեր Տեր Աստված և Փրկիչ Հիսուս Քրիստոսի գալուստից ի վեր քրիստոնյաները բազում անգամ ընդունեցին հռչակավոր և անճառ, սուրբ և անարատ խորհուրդը: Եվ կրեցին բազում ու մեծամեծ նեղություններ [անցնելով դժվարին ճանապարհ]` պահք և հալածանքներ, փախուստ և դառնություններ, անարգություններ և փառք, չարչարանք և փրկություն: Բազում անգամ հրեշտականման առաքյալները չարչարվեցին փառավոր խորհրդի և [սուրբ] անվան համար, մեզ օրինակ տալով Քրիստոսի չարչարանքն ու իրենց անպարսավ և անխոտոր հավատքը:

Պոնտոսում, Բյութանիայում, Պամփլագոնիայում, Մյուսիայում, Գաղատիայում, Կապադովկիայում և Հայքում բնակվող եղբայրնե՛ր. կարևոր համարեցինք երանելի վկաների անբիծ, գեղեցիկ և փառավոր կրոնավորության պատմությունն այս գրով փոխանցել և ձեզ, որպեսզի նախանձավոր լինելով` թե՛ մենք, թե՛ դուք, և թե՛ ամենքը ձգտեն նմանվել նրանց: [Միշտ] հիշենք նրանց չարչարանքները` հրի ու սրի մատնվելը, խաչին գամվելն ու գավազանածեծ լինելը, ջրահեղձության, պես-պես տանջանքների և զանազան խոշտանգումների ենթարկվելը: [Հիշենք], որ առաջադիմության ձգտենք և ակնկալենք, որ մեծամեծ բարիքներ կժառանգենք մեր Տեր Հիսուս Քրիստոսից, որին փառք հավիտյանս. ամեն: [Հիշենք նաև] հայտնի և երևելի քաջություններն ու տոկունությունը երանելի Փոկասի, որ ոչ միայն հրով և սրով անցավ, այլ երբ դեռ աշխարհիկ էր, գեղեցիկ և անարատ կյանքով ապրեց` աչքի առաջ միշտ ունենալով փրկիչ Հիսուս Քրիստոսին: Եվ եթե հնար [և կարողություն] լիներ ըստ արժանվույն կարգելու նրա կյանքի պատմությունը, ինչպիսի՜ մեծ սոսկում կառաջանար լսողների մեջ:

Եվ արդ, այսպիսին էր Փոկասի կրոնասեր կյանքը: Երբ դեռ մանկության հասակում էր, երբեք չխաբվեց ապականիչ օձի կողմից, այլ Տիրոջ սուրբ և անբիծ աղավնին փոքրուց ի վեր լծաբարձ և բարեպաշտոն առաջնորդեց նրան: Սատարում և օժանդակում էր աղքատներին, մեծատուններին սովորեցնում էր ճշմարտությունը և հորդորում ու ուղղորդում դեպի գեղեցիկն ու օգտակարը, որ բոլորի համար ամեն բան բարեպաշտությամբ եղավ: Նրա ճգնության հանդեսը ևս մարդկանցից ոչ ոք ըստ արժանվույն պատմել չի կարող, որ մենք մի քիչ ներկայացրեցինք ձեր աստվածպաշտությանը:

Տրայանոսի թագավորության ժամանակներում քրիստոնյաների երամից շատերը հափշտակվեցին մոլեկան կուռքերին զոհ մատուցելու պատճառով: Ապա սկսեցին որոնել այն երանելիին` որպես մի հույժ թանկարժեք ակն, որը կորցնելով, տերը կանչում է իր բոլոր մերձավորներին ու բարեկամներին, որպեսզի փնտրելով գտնեն: Եվ աստվածամարտները որոնում ու փնտրում էին երանելիին, որովհետև արդար և սուրբ էր Տիրոջ բանավոր հոտի հովիվը: Եվ բռնելով` երանելիին ատյան տարան:

Ափրիկանոս եպարքոսը հարցրեց. «Սա՞ է Փոկասը, որ ասում է, թե` «Աստվածներ չկան»,- ինչպես և աստված չի համարում Տրայանոս ինքնակալին… Արդ, ասա՛ ինձ, արդյո՞ք բոլոր պատերազմները Տրայանոսի շնորհիվ չավարտվեցին… ուստի` ուրիշ ո՞վ է աստված»: Իսկ Փոկասը լուռ էր: Ափրիկանոսը շարունակեց. «Ի՞նչ կասես այս կապակցությամբ… պատասխա՞ն չունես, թե՞ չգիտես` ո՞ւմ մոտ ես եկել»: Փոկասը պատասխանեց. «Եթե խոսքերդ իմ Աստծու մասին են, որ երկնքում է, բարի բան ես ասում, բայց եթե մարդու մասին ես ասում, թե` աստված է, բոլորովին հույս մի՛ ունեցիր ինձնից որևէ բան լսելու»: Ափրիկանոսը հարցրեց. «Ինքնակալներն աստված չե՞ն»: Փոկասն ասաց. «Միայն Տրայանոսն է թագավոր կոչվում, թե դու ես նրան անզուգական համարում»:

Ափրիկանոսը հարցրեց. «Ինչո՞ւ են քրիստոնյաները քեզ [պատվում] աստծու պես»: Փոկասը պատասխանեց. «Քավ լիցի, եթե անգամ անցնի որևէ մեկի մտքով… մեղքերի մեջ թաթախված մահկանացու մարդը, որ պարտավոր է հաշիվ տալ կյանքի, գործերի և իր հավատքի համար, երբ կանգնի տեսողությանն անմատչելի Աստծու դատաստանի առջև, ի՞նչպես կարող է այսպիսի ահազդու անուն կրել»: Ափրիկանոսն ասաց. «[Այդ դեպքում] ի՞նչպես քո համբավը մինչև ինքնակալը հասավ»:

Փոկասն ասաց. «[Նրան] հասել է ոչ թե Աստծու, այլ Աստծու մարդու [համբավը], որովհետև ես շատ հեռու եմ մեր Տեր Հիսուս Քրիստոսի առաքյալների սրբակրոն վարքից և արժանի չեմ անգամ սրան, ինչ դու տեսնում ես` եպիսկոպոսությանը: Ուստի ոչ թե քո կարծածի պես` իբրև Աստծու, այլ իբրև Տիրոջ բանավոր հոտի հովվի են պատվում ինձ: Իսկ դու, որ կարծում ես, թե [թագավորական] իշխանությունը Տիրոջ կողմից է շնորհված, ա՞յդ պատճառով ես Աստված անվանում [Տրայանոսին]»: Ափրիկանոսն ասաց. «Այստեղ բազում իմաստասերներ են հարկավոր, որ կարողանան բանավիճել հետդ»:

Փոկասը պատասխանեց. «Եթե անգամ աշխարհիս բոլոր իմաստասերներին մեկտեղ հավաքես, ի զորու չեն լինի Տիրոջ աշակերտներից ցանկացած մեկին արժանի պատասխան տալու»: Ափրիկանոսը հարցրեց. «Ա՞յդ է Խաչյալի վարդապետությունը, որին հետևում ես»: Փոկասը պատասխանեց. «Նրա իմաստասիրությունն առավել է դրանից և անհամեմատելի է, որովհետև եթե առավել չլիներ, քան բոլոր իմաստուններինը, ի՞նչպես պետք է բոլոր իմաստուններն ընդունեին Նրանից: Մի՞թե գրված չէ` «[Նա], որ իմաստություն է տալիս իմաստուններին» (Դան. Բ. 21),- և դարձյալ` «[Նա] է, որ բռնում է իմաստուններին իրենց խորագիտության մեջ» (Ա. Կոր. Գ. 19),- ինչպես և` «Կորցնեմ իմաստունների իմաստությունը և արհամարհեմ խորհրդականների խորհուրդները» (Եսայ. ԻԹ. 14),-լսե՞լ ես ասածներս»: Ափրիկանոսն ասաց. «Մի՞թե օրենքի և նման խնդիրների մասին խոսելու համար բերեցին քեզ. թագավորների հրամաններին ենթարկվելու համար ես եկել այստեղ»:

Փոկասն ասաց. «Ես խոսում եմ միակ և [մարդու համար] անտեսանելի Աստծու մասին և չեմ համոզում քեզ, իսկ դու ինձ պատմում ես մարդու մասին, որ այսօր կա, բայց վաղը մեռնելու է: Եվ երանի՜ բարի լինի [նրա վերջը], ոչ թե չար»: Ափրիկանոսն ասաց. «Այսքան բազմարվեստ և բազմապաճույճ խոսքեր ես ասում. իմաստնացի՛ր քո գործերում, որ ինձ չստիպես բազում տանջանքներով համոզել քեզ»: Փոկասը պատասխանեց. «Չեմ հրաժարվի ազնիվ ընթրիքի հրավերից, մանավանդ, որ ժամանակը մոտ է»: Ափրիկանոսն ասաց. «Հատկապես քո այդ փիլիսոփայական մտքերի համար եմ ողորմում քեզ»: Փոկասը պատասխանեց. «Ահա կանգնած եմ քո առջև: Եվ եթե ողորմեիր` անհապաղ կանեի՞ր այն, ինչ պիտի անես, թե՞ կարծում ես` չեմ մեռնի. [ընդհակառակը]` չեմ ապրի»: Ափրիկանոսն ասաց. «Մարդասպաններն ու կախարդները, որ արժանի չեն արև տեսնելու, ընկած աղաչում են, [որ փրկվեն]: Իսկ դու, [որ այսպիսի] իմաստության տեր ես, հետամուտ ես կյանքից հեռանալուն և համառ վստահությամբ մեռնել ես ցանկանում: Արևով եմ երդվում. Ինձ թվում է, թե Արիստոտելից ավելի իմաստուն ես»: Փոկասը պատասխանեց. «Փիլիսոփայելն արժանի [զբաղմունք] չեմ համարում և կամենում եմ քրիստոսասեր լինել, որովհետև Նրան եմ ճանաչում իբրև իմ Աստված և թագավոր: Արիստոտելն իր փիլիսոփայությամբ սնոտի և խաբեական բաներ սովորեցրեց, իսկ Քրիստոս` աստվածխոսություն և կրոնասիրություն, իմաստություն և ժուժկալություն, նաև անմահություն վարդապետեց մի Աստծուն հավատացողներին»: Ափրիկանոսն ասաց. «Խաչյալին նայելով` հիմարություն բարբաջեցիր»:

Փոկասն ասաց. «Ի՞նչն է գայթակղում քեզ… [գիտե՞ս], որ գրված է. «Հրեաների համար գայթակղություն, հեթանոսների համար` հիմարություն, իսկ մեզ` կանչվածներիս համար, Քրիստոսը Աստծու զորությունն ու Աստծու իմաստությունն է» (Ա. Կոր. 23-24): Ափրիկանոսն ասաց. «Ի՞նչ խաչված Աստված…»: Փոկասը պատասխանեց. «Իսկ ի՞նչ էգ և արու, քարակերտ և ձեռակերտ աստվածներ… ամբարիշտ մարմնավորներն անկարող են քննել Քրիստոսի ճանապարհը»: Ափրիկանոսն ասաց. «Սթափվի՛ր [մի կյանքից մյուսը] փոխադրվելու [մտքից]: Զվարթացի՛ր և տես` երկինքը, արևն ու լուսինը, արուսյակն ու աստղային բույլերը, որոնք թողնելով` կամենում ես մեռնել»: Փոկասը պատասխանեց. «[Դու] տեսնում ես երկինքը, լուսատու արևն ու լուսնի շրջանը, աստղերը, սակայն չես տեսնում և չես ճանաչում Աստծուն, որ ստեղծել է այդ ամենը: Չէ որ արեգակը չի ստեղծել լուսինը, և ոչ աստղերն են արարվել լուսնի կողմից, այլ այդ ամենն ստեղծվեց Աստծու խոսքով»: Ափրիկանոսն ասաց. «Դարձյալ ասում ես, թե երկինքը և նրանում եղած ամեն բան ուրիշն է ստեղծել և չես հնազանդվում»: Փոկասը պատասխանեց. «Քավ լիցի, որ տարերքները Աստված կոչեմ»: Ափրիկանոսն ասաց. «Ցո՛ւյց տուր ինձ քո Աստծուն, և ես կհամոզեմ ինքնակալին»: Փոկասը պատասխանեց. «Սկզբում ասացի, որ Աստված տեսողությանն անմատչելի է. ի՞նչպես կարող է մարդս տեսնել Աստծուն, որ բազմում է երկնքի վրա: Իսկ եթե կամենում ես ճանաչել Աստծուն, անսա՛ ինձ, և ես քեզ կսովորեցնեմ: Տեսնո՞ւմ ես երկինքը, արևը, լուսինը, աստղերն ու ամպերը. [դրանք] հայտնվում են ոչ թե երբ կամենան, այլ երբ հրաման են ստանում: Ամպերը ոչ թե իրենց կամքով են խմբվում և առատանում ջրով, այլ [այն ժամանակ], երբ Աստծու հրամանն առաջնորդում է: Ամառը ոչ թե կամայական է լինում, այլ երբ պետք է: Ծովն ալեկոծվում կամ հանդարտվում է ոչ թե ըստ ցանկության, այլ երբ Տիրոջ վճիռն է լինում: Մարդն առողջանում է ոչ թե այն ժամանակ, երբ ցանկանում է, այլ երբ հրամայում է Արարիչը: Գազանին որսում ես ոչ այն ժամանակ, երբ կամեցար, այլ այն պահին, երբ Աստված քո ձեռքն է մատնում: Ազգերի պատերազմում հաղթանակը լինում է ոչ թե թագավորի ուզած պահին, այլ այն ժամանակ, երբ Տերը պաշտպան է կանգնում: Մարդն իր կամեցած ժամանակ չի դառնում թագավոր, այլ այն պահին, երբ Աստված թագավորելու զորություն է շնորհում: Ճանաչել, փառավորել և երկրպագել պետք է այն Աստծուն, որ ասաց. «Ես եմ սպանում և Ես եմ կեցուցանում» (Բ. Օրին. ԼԲ. 39):

Ափրիկանոսն ասաց. «Հիմա ո՞վ է այդ ամենին իշխում. քո ասած Աստվա՞ծը, որ խաչվեց»: Փոկասը պատասխանեց. «Ի՞նչ է, Նրա չարչարանքների մասին լսել ես, իսկ հրաշափառ հարությունը չե՞ս իմացել: Ոչինչ… խաչելությունը խոստովանելը ևս մեծ [գործ] է: Սակայն եթե կամենում ես ճանաչել, ձեռքդ վերցրու աստվածաշունչ Գրքերը և համեմատիր քո արարչին և քո ինքնակալին, և այնժամ կիմանաս, որ Աստված են Հայրը և Նրա Որդի Հիսուս Քրիստոսը, որ խաչվեց, թաղվեց, հարություն առավ և երկինք բարձրացավ ու նստեց Հոր աջ կողմը»: Ափրիկանոսն ասաց. «Լսել եմ, որ շատ ես սովորել. անգամ Դեմոսթենեսն այդքան չի սովորել: Բայց այժմ համաձայնի՛ր հետս և զո՛հ մատուցիր, որ ստիպված չլինեմ բազում տանջանքներով և հրով կործանել քեզ: Տեղյակ չե՞ս, որ այստեղից և այլ նահանգներից ավելի քան հինգ հարյուր մարդու գայթակղեցրել ես, որ զոհ չմատուցեն աստվածներին»: Փոկասը պատասխանեց. «Եվ քո կարծիքով ո՞րն է լավ. ես մեռնե՞մ, թե իմ անօրինության [և զոհ մատուցելու] պատճառով ամենքը կործանվեն: Հրճվանքով մոտենում եմ հնոցին, որպեսզի մի ծանր վերքի պատճառով ամբողջ հոտը ցիրուցան չլինի: Այս է իմ Տեր Հիսուս Քրիստոսի կամքը»: Ափրիկանոսն ասաց. «Թախծում, տխրում և ափսոսում եմ քեզ իբրև հանճարեղ և երևելի մարդու, իսկ դու փորձում ես հակառակվել ու վիճել հետս»: Փոկասը պատասխանեց. «Քո ափսոսանքով կործանում ես ինձ. բոլոր տանջանքներդ, որոնցով սպառնում ես, արհամարհում եմ և թքած ունեմ: Ինչ կամենում ես` արա՛ այժմ, որովհետև չես կարող տիրել ո՛չ խոսքերիս, ո՛չ մտքերիս, որովհետև ինձ հետ է իմ Տիրոջ քաղցր հայացքը, ինչպես և դավանությունը, որ բարձր է բյուր դեմոսթենների իմաստասիրությունից»: Ափրիկանոսն ասաց. «Եթե ջերմության մեջ զառանցեիր, կասեի, թե ցնդել է, կամ եթե տնանկ [ու սնանկ] լինեիր, կմտածեի, թե դրա համար է կամենում մեռնել…»: Փոկասը պատասխանեց. «Աշխարհի բոլոր մեծություններից, ինչքից ու ունեցվածքից լոկ ա՛յն մարգարիտն ունեմ, որ դու և քո ինքնակալը հափշտակել չեք կարող: Այժմ, եթե քեզ հաճո է ինձ տանջել` պիղծերին զոհ չմատուցելու համար` ահավասիկ կանգնած եմ. տանջի՛ր, ինչպես քո պարտքն է»: Ափրիկանոսը հարցրեց. «Սուրբ և անարատ աստվածներին, որոնց զոհ ենք մատուցում, դու պի՞ղծ ես անվանում»: Փոկասը պատասխանեց. «Ոչ միայն պիղծեր, այլև ամբարհավաճներ, կախարդներ, շնացողներ, տաճարակապուտներ, դևեր և անշունչներ: Իսկ Աստված մեկն է` Նա, որ ամենից վեր է և ամենակալ, և մեր Տեր Հիսուս Քրիստոսի Առաքողին փառք և պատիվ` հավիտյանս հավիտենից»:

Եվ երբ այնտեղ եղած եղբայրների բազմությունն [այս խոսքերից հետո] ասաց` «Ամեն», ջրերի շառաչյուն լսվեց և [երկրի] մեծ սասանում եղավ, այնքան, որ սարսափից Ափրիկանոսն ու իր շուրջը եղած զորականները, որոնց Տերը կամեցավ ցույց տալ, վախից անմռունչ և կիսամահ գետին ընկան, որ մենք ևս տեսանք: [Եվ այդպես սարսափեցին], որովհետև արևի լույսից տասնապատիկ պայծառ մի լույս ծագեց երկնքից, և երևացին երկու հրեշտակներ` հրեղեն երիվարներով, ու մենք երկյուղեցինք, և բոլորս շունչներս պահեցինք: Իսկ հրեշտակները ողջագուրվեցին երանելի Փոկասի հետ և դարձյալ երկինք բարձրացան:

Կես ժամ անց երանելի Փոկասի մոտ եկան և առաջն ընկան Տիրինտինան` Ափրիկանոսի կինը, հինգ որդիներն ու բոլոր սպասավորները: Եվ Տիրինտինան աղաչելով թախանձում էր, որպեսզի ետ վերադարձնի իր ամուսնուն` խոստանալով, որ ամբողջ տնով կհավատան [ճշմարիտ Աստծուն], ինչպես և վարվեց: Այնժամ երանելի Փոկասը հավաքեց եկեղեցու ամբողջ հոտը և սկսեց աղոթել Ափրիկանոսի փրկության համար: Եվ Ափրիկանոսը, իր չքնաղական փրկությունը նկատի ունենալով, գնաց-պատմեց Տրայանոսին Քրիստոսի անհամեմատելի զորության և քրիստոնյաների մեծ հույսի մասին:

Եվ Տրայանոսը, Փոկասին կանչելով, ասաց. «Դո՞ւ ես Փոկասը, որ չի ճանաչում ինքնակալի զորությունը: Ինչո՞ւ չես ենթարկվում մեր հրամաններին. ո՞ւմ վրա ես հույսդ դրել, կամ ո՞ր Աստծուն ես պաշտում: Բայց կարծում եմ, որ քեզ պես հռետորը խրատի կարիք չունի. ի՛նքդ խորհիր արժանավորը: Չլսելու մի՛ տուր. եթե խելքի չգաս և պահես պաշտամունքդ, ստիպված կլինես իմանալ, թե ո՞վ է Տրայանոսը, և ո՞վ է Նա, որին պաշտում ես դու»: Փոկասն ասաց. «Պե՞տք է, որ խոսեմ, թագավո՛ր, և այդպես շարժվեմ դեպի առաջիկա մրցությունը»: Տրայանոսը պատասխանեց. «Այո՛, հարկ է, որ խոսես` մանավանդ օգտակար բաներ»: Փոկասն ասաց. «Ո՛վ Տրայանոս, քո թագավորական իշխանությունն Աստված է տվել քեզ. պետք է, որ ճանաչեիր Պարգևատուիդ»: Տրայանոսն ասաց. «Թագավորությունն իմ շնորհել են աստվածները, որոնց պետք է զոհեր մատուցել: Այժմ պետք է մեր փրկիչներին պարտքի պատիվը մատուցել, ուստի պարտավոր ենք զոհ մատուցել մեր փրկության համար»: Փոկասը պատասխանեց. «Ո՛վ թագավոր, արդար կլինի զոհեր մատուցել ամենակալ Աստծուն և անսալ Նրա հրամաններին: Պետք է նաև հնազանդ լինել [Նրա] իշխանությանը, լինել բարեպաշտ և ոչ ամբարիշտ»: Տրայանոսն ասաց. «Այստեղ ես կանչվել փիլիսոփայելո՞ւ, թե՞ զոհ մատուցելու համար»: Փոկասը հարցրեց. «Ո՞ւմ է պետք զոհ մատուցել, կամ ո՞ր աստվածներին»: Տրայանոսը պատասխանեց. «Ասկղեպիոսին»: Փոկասն ասաց. «Ո՞ւր է քո աստվածը, ցո՛ւյց տուր, որ տեսնեմ»: Եվ երբ նրանք գնացին կուռքերի մեհյանը, Տրայանոսն [այսպես] խոսեց. «Ահա աստվածները, որ պահում են ամենը»: Փոկասն ասաց. «Քեզ եմ դիմում, ա՛յ քարեղեն. ուզո՞ւմ ես ուտել, ուզո՞ւմ ես ըմպել, ուզո՞ւմ ես հոտոտել: Քեզ զոհեր պե՞տք են:-[Եվ դառնալով արքային` շարունակեց],- ահա՜, դատարկ են քո աստվածները. կանգնած են և չեն նստում, բերանները բաց են, բայց չեն խոսում, աղաչում եք, բայց չեն լսում: Նրանց աչքերը չեն տեսնում, իսկ ձեռքերը չեն վերցնում զոհերը: Ուզո՞ւմ ես կործանեմ նրանցից մեկին, և վրեժխնդիր չեն լինի: Ո՛չ կտրտմի, և ո՛չ օգնության կկանչի ինքնակալիդ: Եվ եթե անգամ [քեզ օգնության] կանչի… Աստված օգնության կարիք չունի… Աստված, որ մարդկանց միջոցով է լուծում իր վրեժը, ի՞նչպես է մարդկանց փրկելու: Ահա, թագավո՛ր, տե՛ս ձեր անարգ պաշտամունքը»: Տրայանոսն ասաց. «Քո խոսքերով հիացրեցիր մեզ… Երբևէ չե՞ս նավարկել, որ Պոսեյդոնին պաշտեիր»: Փոկասը պատասխանեց. «Ո՛չ միայն նավարկել եմ, այլև առաջնորդվել եմ բոլորի Տիրոջ և բարի Նավավարի կողմից, որին պարտ ու պատշաճ է զոհեր մատուցել»: Տրայանոսը հարցրեց. «Մենք ևս կարո՞ղ ենք իմանալ, թե ո՞ւմ ես կամենում զոհ մատուցել»: Փոկասը պատասխանեց. «Չես կարող իմանալ, որովհետև գրված է. «Ձեր մարգարիտները խոզերի առաջ շաղ մի՛ տվեք» (Մատթ. Է. 6): Տրայանոսը հարցրեց. «Արդ, մենք խո՞զ ենք, ինչպես դու ես ասում»: Փոկասը պատասխանեց. «Երանի՜ անլեզու անասուն լինեիք, որովհետև քարերը պաշտելու համար դատաստանի չէիք արժանանա, քանի որ անասունների համար փույթ չէ: Արդ ասա՛ ինձ, ո՞րն է լավ. դո՞ւ, որ այդքան զորություն ունես, թե՞ սրանք, որ հարցերիս չեն պատասխանում»: Տրայանոսն ասաց. «Կհրամայենք քեզ փայտից կախել և կտեսնենք, թե քո սնոտի փիլիսոփայությունն ինչով կօգնի»: Փոկասը պատասխանեց. «Եթե կախ տրվեմ փայտից, կլինեմ Տիրոջ մոտ` վեր, քան բոլոր լեռներն ու օդը, իսկ դու քո բոլոր աստվածներով կլինես դժոխքի խավարի մեջ և այնժամ կիմանաս, որ երկնավոր Աստված հզոր է»:

[Եվ անգամ երբ] բոլոր կողմերից քերում էին մարմինը, չէր ուրանում: Եվ ոչ ոք ոչ մի հառաչ չլսեց նրա բերանից, այլ միայն աղոթամատույց շուրթերն էին շարժվում: Եվ երբ նա ավարտեց աղոթքն ու ասաց` «Ամեն»,- երկնքից մի ձայն լսվեց, որ ասում էր. «Քաջալերվի՛ր, Փոկա՛ս, Ես քեզ հետ եմ: Ահա սուրբ հայրապետների և Ինձ ու Իմ Հորը չուրացողների կողքին պատրաստ է քո տեղը դրախտում, իսկ Տրայանոսը կգնա այնտեղ, ուր հրամայեցիր` հավիտենական տանջանքներն ընդունելու»: Այնժամ զարհուրած Տրայանոսը սրբին իջեցնել տվեց և չորս զինվորների հրամայեց հսկել նրան: Եվ նրանք, սրբին վերցնելով, բանտ տարան և կոճղի մեջ պնդեցին:

Եվ սուրբն [սկսեց] օրհնել և փառավորել Աստծուն, իսկ զինվորները, դուռը փակելով, աչալուրջ հսկում էին դրսի կողմից: Եվ գիշերով սուրբն աղոթում էր այսպես. «Տե՛ր Հիսուս Քրիստոս, Որդի Աստծու, որի անունը սուրբ է: Հրեշտակների՛ և բոլոր գոյակների Տեր, բանակա՛ն գառների Հովիվ. անխա՛խտ պահիր Քո հոտն ու հալածի՛ր մոլորեցնող և հափշտակիչ գայլին և մի՛ տուր Քո վաստակը նրան, որ չպղծի Քո սրբությունն ինչպես Նաբուգոդոնոսորը, որ բազմաբիծ օձը բիծ չդնի Քո անբիծ աղավնու վրա, որ ամենաբիծ ստորինը չարատավորի Քո ծառաներին: Պահպանի՛ր Քո այգին, որ տնկվեց Քո ամենազոր աջով: Մի՛ թող, որ կորչի Քո խաչը, որ տրվեց Քո փառավոր և պատվական արյամբ: Մի՛ թող, որ կործանվի Քո տապանը, որն առաջնորդողն ու նավապետն էիր Դու: Գոհանում և փառավորում եմ Քո Հորը և Քեզ, որ ինձ արժանի անես այսօր Քեզ հետ ընթրելու, և որ անբիծ մտնեմ Քո առագաստը: Մի՛ մերժիր այսօրվա իմ այցելությունը, պահպանի՛ր իմ հոգին ինչպես Հայր, ինչպես Աստված, ինչպես Տեր և ինչպես Հովիվ, որ ինձ չմոտենա վիշապը, որ ինձ չծաղրի չարը: Ո՛չ ոսկու, ո՛չ արծաթի հետ չհամաձայնեցի փոխել պատվական մարգարիտը և մերժելով վանեցի բոլորին, որպեսզի արժանանամ միայն Քեզ` ամենաթանկ ու պատվական, բազմագութ ու լուսապայծառ Տիրոջդ: Տա՛ր ինձ Քո Հոր մոտ, անցկացրո՛ւ թագավորական տաճարի նեղ դռնով, [որովհետև միայն] Քեզ, Քո Հորը և Սուրբ Հոգուն է [վայել] փառք:

Եվ երբ նա արտաբերեց` «Ամեն», բանտը բացվեց և ամրոցում վառվեց[ին] ջահ[երը]: Այդ տեսնելով` զինվորները ներս վազեցին և նրա ոտքերն ընկնելով` ավազանի լվացում էին աղերսում: Եվ երանելի եպիսկոպոսը նրանց վերցրեց, դուրս եկավ քաղաքից ու գնաց ծովեզրը: Եվ նրանց դրոշմեց քրիստոսական կնիքով, և նրանց երևաց Տերը: Իսկ երբ ամեն բան ըստ օրենքի և կարգի կատարեցին, նորից բանտ վերադարձան: Իսկ առավոտյան քաղաքի ողջ բնակչությունը հավաքվեց հրապարակում, որ տեսնեն երանելի Փոկասի նահատակությունը: Եվ նրան ատյան կանչելով` Տրայանոսն ասաց. «Զո՛հ մատուցիր Պոսեյդոնին»: Փոկասը պատասխանեց. «Ես դևերին զոհ չեմ մատուցում»: Տրայանոսն ասաց. «Աստվածները դևե՞ր են: Մենք և՞ս: Ուրեմն ասա՛. ո՞վ է Աստված»: Փոկասը պատասխանեց. «[Նա], ով քեզ իշխանություն տվեց, չնայած ոչ բանական անասուններ եք և չեք ճանաչում բարերար Աստծուն»: Տրայանոսն ասաց. «Այդ դեպքում զոհ մատուցիր քո Աստծուն»: Փոկասը պատասխանեց. «Աստվածն իմ դրա կարիքը չունի, Նրա առջև պետք է աղոթք, պահք և մաքուր սիրտ, որովհետև գոյություն ունեցող ամեն բան իր ստեղծածն է, Նա է շունչ տվել ամեն ինչին. այն` ինչ որ կա, և այն` ինչ լինելու է»: Տրայանոսն ասաց. «Սկսեցիր փիլիսոփայել… զո՛հ մատուցիր աստվածներին, որովհետև չկա խաչյալ Աստված»: Փոկասը պատասխանեց. «Եթե գա քեզ վրա, կլսես Նրա ձայնն ու կզարհուրես. ո՞վ կարող է ընդդիմանալ Նրան, որ սպառնալով հալեցնում է լեռները և զայրույթով ցամաքեցնում ծովը»: Տրայանոսն ասաց. «Չգիտե՞ս, թե ո՛ւմ դեմ ես խոսում կամ ինչի՛ մասին»: Փոկասը պատասխանեց. «Քանի որ գիտեմ` ո՛ւմ եմ դեմ, դրա համար զոհ չեմ մատուցում: Սրանից ավելի ի՞նչ ասեմ. արա՛ ինչ կամենում ես: Նաև այս եմ խոստովանում քեզ` ես քրիստոնյա եմ»: Տրայանոսն ասաց. «Բաղնիքը քեզ համար են վառել, և երեք օր է, որ [դուռը] չեն բացել: Ահա եռում է ավազանը, և կհրամայեմ քեզ այնտեղ նետել»: Փոկասը խաչակնքեց և բաղնիք մտավ: Իսկ հուրը հալչող պղնձի պես շողում էր հնոցում: Եվ երանելին, կանգնելով ներսում, սկսեց օրհնել Աստծուն և ասել. «Գոհանում եմ Քեզնից, Տե՛ր, որ ինձ արժանացրեցիր տանջվելու ի փառս Քո անվան, բանտարկվելու, կապանքների մեջ դրվելու և փորձությունների ենթարկվելու: Եվ արդ, Տե՛ր իմ, առաքի՛ր Քո հրեշտակին և ինձ փրկի՛ր Տրայանոսի ձեռքից, որպեսզի թշնամին երբեք չասի. «Ո՞ւր է նրանց Աստվածը»: Եվ ավարտելով աղոթքն ու արտաբերելով «Ամենը», [սուրբն] ավանդեց հոգին:

Եվ Տրայանոսը հրամայեց բանալ բաղնիքի [դռները] և ներս մտնելով` գտավ սուրբ Փոկասի մարմնի նշխարները, որ բուրում էին իբրև վարդ, պինդ էին` ինչպես սառույցը և անուշ ու պատվական` ինչպես [օծման] յուղը: Եվ բաղնիքն այնքան զով էր, ասես ընդհանրապես չէր ջեռուցվել: Եվ Տրայանոսը, տեսնելով երանելի Փոկասի մարմինը, դարձավ մտախոհ, սկսեց խորհել նրա համբերական մահվան մասին և ասաց իր մոտ եղած զինվորներին. «Իսկապես չկա ուրիշ Աստված, բացի միակից, որ երկնքում է»: Եվ ահով ու դողով դուրս եկավ բաղնիքից: Եվ դռան առջև նրան երևաց Փոկասն ու ասաց բռնակալ Տրայանոսին. «Գնա՛ քեզ համար պատրաստված տեղը` անհատակ անդունդը, որովհետև իմ համար բացվեց փրկության դրախտը, իսկ քեզ և քո կուռքերի համար բացվեց կորստյան վիհը: Եվ այլևս մնալու ժամանակ չունես` ընդամենը երեք օր, որովհետև քո կյանքում բազում արդարների արյուն հեղեցիր»: Եվ զարհուրած Տրայանոսն արքունիք գնաց: Եվ նեղվում էր ու տառապում սաստիկ ջերմությամբ. ընկավ հիվանդության մահիճն ու որդնելով` սատկեց:

Եվ Փոկասի ուղիղ վարքն ու քաջ նահատակությունը եղավ Պոնտոսում և պատմվում է մինչ օրս: Եվ նա նավավարների նավապետն էր և ամբողջ բարի աշխարհի հովիվը և փառավորվեց ճշմարիտ վկայությամբ, և նրա համբավն անանց է Հայոց, Պոնտացիների և Պամփլագոնացիների կողմերում: Սրբերի երամից մեզ մի առաքյալ երևաց և հաղթության նշանն ու հանդերձյալ կյանքի առհավատչյա խոստումն ընդունեց Տեր Աստծուց, որին փառք և զորություն` հավիտյանս հավիտենից. ամեն:

 

Վարք Սրբոց, Հատոր Դ, Ս. Էջմիածին – 2010թ.

 

25.03.15
ԲաԺանորդագրվել
Ընթերցել նաև
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․