Գրքեր

Սուրբ Քսենոփոնի, նրա կին Մարիամի և երկու որդիների՝ Հովհանի և Արկադիոսի վկայաբանությունը

Քսենոփոն անունով մի սինկղիտոս կար` հույժ մեծատուն և Աստծու պատվիրանների հետևորդ: Եվ նա երկու որդի ուներ, որոնց դաստիարակության համար ջանք չէր խնայում` կամենալով հասցնել իր առաքինությանն ու իր ողջ ունեցվածքի ժառանգորդ դարձնել: Եվ որդիներին ուղարկեց Վռիտոն քաղաքը` Օրենքն ու Պատվիրաններն ուսանելու, որ անգետ չլինեն: Եվ երբ հասան այնտեղ, սկսեցին կերակրել քաղաքում եղած բոլոր կարոտյալներին` մեծերին ու փոքրերին և հատկապես պանդուխտներին ու տնանկներին: Եվ նրանց առաքինության համբավը տարածվեց ամբողջ աշխարհով մեկ:

Եվ մի օր նրանց հայրը հիվանդացավ, և մայրը նամակ գրեց, որ փութով վերադառնան, քանի դեռ հայրը չի վախճանվել: Եվ իրենց հոր հիվանդության մասին լսելով` անմիջապես այնտեղ հասան: Եվ խրատելով` հայրն այսպես խոսեց. «Որդյակնե՛ր, ես այս աշխարհից հեռանում եմ դեպի հանդերձյալը: Եվ դուք ինքներդ գիտեք, թե ինչպես էի ապրում այս աշխարհում և ինչպես էի ամենքի սերն ու հարգանքը վայելում. ոչ թե մեծ ունեցվածքի շնորհիվ, այլ հեզ և խոնարհ վարքով: Երբևէ որևէ մեկին չվնասեցի, չտրտմեցրի, չբամբասեցի, չնախանձեցի և չբարկացա մարդկանց վրա: Գիշեր ու ցերեկ չհեռացա եկեղեցուց, երբեք կիսատ չթողեցի աղոթքս, չարհամարհեցի աղքատներին: Չցանկացա օտարի գեղեցկությունը և ձեր մորից բացի ուրիշ կին չճանաչեցի ու ձեր ծնունդից հետո անգամ նրան չմերձեցա: Իմ ուղով ընթացե՛ք և դուք, որ Աստված օրհնի ձեզ, և երկայնակյաց լինեք: Ընդունեցե՛ք որբերին, օժանդակեցե՛ք այրիներին, օգնեցե՛ք դատապարտյալներին և խաղա՛ղ անցկացրեք ձեր կյանքը: Հարգեցե՛ք սրբերին, մանավանդ նրանց, որ բնակվել են անապատներում, լեռներում, այրերում ու ծերպերում. միշտ կատարեցե՛ք նրանց հիշատակը: Այցելեցե՛ք վանականներին, պատվեցե՛ք միայնակյացներին, որովհետև նրանց աղոթքներով բազում բարիքներ են պարգևվում աշխարհին: Որդյակնե՛րս, տեսել եք, որ իմ սեղանից երբեք կրոնավորը չպակասեց: Մշտապես աղոթեցե՛ք և եկեղեցուց մի՛ հեռացեք: Երբե՛ք չանցնեք ձեր ծնողի խոսքից և նրա հրամանները միշտ կատարեցե՛ք երկյուղով: Արե՛ք այս ամենը, որ արժանի լինեք Քրիստոսին տեսնելու, և խաղաղության Աստվածը միշտ ձեզ հետ լինի»:

Հոր այս խոսքերը լսելով` Հովհանն ու Արկադիոսն սկսեցին ողբալ ու ասել. «Ո՛վ ամենաբարի հայր, տարաժամ մի՛ լքիր մեզ, այլ աղաչիր Աստծուն, որ մի փոքր ևս մնաս և մեզ կատարելապես կրթես քո խորհուրդներով»: Եվ հայրն արտասվելով ասաց նրանց. «Երբ Աստված այցելեց ինձ այս մահճում, այս նույն բանն էի աղաչում Նրան. և գիշերով ինձ շնորհեց այս խնդրանքս և կյանքիս ժամանակը հավելեց»: Եվ այս լսելով` որդիներն ուրախացան և գոհացան Աստծուց: Եվ երբ հայրն առողջացավ, տղաներին ասաց. «Որդյակնե՛րս, գնացե՛ք Վռիտոն քաղաքը, ավարտեցե՛ք ձեր ուսումնառությունը և շո՛ւտ վերադարձեք, որ ամուսնանաք»,- և նավ նստեցնելով` ուղարկեց նրանց: Իսկ երբ հեռացան ցամաքից, սաստիկ հողմ փչեց և խորտակվելուց խուսափելու համար [նավազներն] իջեցրին առագաստները, [որովհետև խիստ վտանգված էր նավը]: Իսկ տղաները բոլոր սրբերին օգնության կանչեցին և արտասվելով` այսպես էին աղոթում Աստծուն. «Բազմագո՛ւթ Տեր, մի՛ անտեսիր Քո ստեղծածներիս, այլ Քո բազմագութ մարդասիրությամբ օգնի՛ր մեզ այս նեղության մեջ և մեզ փրկի՛ր այս վտանգից, որ արժանի լինենք Քո կամքը կատարելու և Քո ողորմությունն ստանալու: Հիշի՛ր, Տե՛ր, մեր ծնողների վաստակը, և մեր օրերը դեռ չբոլորած` մի՛ զրկիր կյանքից»:

Սակայն ալեկոծության մեջ ընկած նավը դատապարտված էր, և նավավարները մտածում էին, թե ինչպես փախչեն: Եվ մակույկ նստեցին, իբրև թե գնում են օգնություն բերելու և փախան: Եվ տղաներն ու իրենց ծառաները մնացին մենակ նավի վրա: Եվ մոտալուտ խորտակումը տեսնելով` ձեռք ձեռքի տվեցին և հառաչելով ասում էին. «Մնա՜ս բարով, աստվածասե՛ր և բարեպաշտ հայր, մնա՜ս բարով, Քրիստոսի աղախի՛ն և աստվածապաշտ մեր մայր: Մնա՜ք բարով, մե՛ր մերձավորներ և հարազատներ, ծառաներ և աղախիններ: Մնա՜ս բարով, եղբա՛յր: Ո՞ւր են մեր ծնողների խրատները, ո՞ւր պատվիրանների իմացությունը… ի՞նչ եղավ մեր հոր իմացությունն ու վաստակը… ի՞նչ եղան միայնակյացների աղոթքները… Այս ամենն առ ոչինչ համար վեց և սին դուրս եկավ, որովհետև մեր մեղքերը մեզ հեռացրեցին արդարների բարեպաշտությունից»:

Եվ Արկադիոսն ասաց Հովհաննեսին. «Մի՞թե մեր ծնողների տունը մտնողներից մեկն արժանավոր չէր, որ նրա աղոթքներով Աստված փրկեր մեզ»: Հովհաննեսը պատասխանեց. «Եղբա՛յր, բոլորն էին արժանավոր, բայց մենք անարժան գտնվեցինք այս կյանքում, և Աստված սա բարի համարեց մեզ համար»: Եվ գրկախառնվելով ու ողբալով` այս էին ասում իրար. «Մնա՜ս բարով, սիրելի՛ եղբայր»:

Եվ դրանից հետո ուժգին ալիքները նավը երկու կես արեցին: Եվ նրանցից ամեն մեկն ամուր բռնվեց մի տախտակից, և Աստծու շնորհներով առաջնորդվելով` հոսանքը նրանց հանեց Տյուրոսի կողմերում. Արկադիոսին` Տերապիգայում, Հովհաննեսին` Տաբթելայում:

Հովհաննեսը մտածում էր, թե` «Ուր կարող եմ գնալ. մերկ եմ և կամաչեմ տեսնողներից: Հայրն իմ միշտ գովաբանում էր միայնակյացների կյանքը. երևի ճիշտն աղքատությամբ ծառայելն է, ոչ թե մեծության ձգտելը: Դրա համար Աստված լսեց նավի վրայի մեր աղոթքներն ու մեր նախկին կյանքը ոչինչ համարեց: Ոչինչ չգիտենալով մենք Աստծուց օգտակարն էինք խնդրում, սակայն բարեգութ Աստված ոչ թե լսեց մեր աղոթքները, այլ կատարեց մեր հոգիների համար օգտակարը: [Ուստի] վանք գնամ և մնամ այնտեղ»: Եվ իր փրկության համար Տիրոջից գոհանալով` ասաց. «Տե՛ր, որ ինձ փրկեցիր այս վտանգից, փրկի՛ր նաև Քո մյուս ծառային` իմ եղբորը, և արժանի արա՛ միայնակեցության»: Եվ այնտեղից գնալով` ճգնակյացների մի վանք գտավ, ուր բազում միայնակյացներ էին բնակվում: Եվ բախեց դուռը: Դռնապանը բացեց և նրա կիսամերկ վիճակը տեսնելով` սիրալիր ընդունեց և ասաց. «Աստված քեզ բարով բերեց, որդյա՛կ»: Այնուհետև շորեր բերեց և նրա առաջ սեղան դրեց: Եվ զրույցի ժամանակ միայնակյացը հարցրեց. «Ո՞րտեղից ես, որդյա՛կ»: Եվ նա ասաց. «Օտարական եմ և աղքատ: Նավ նստած իմ գործին էի գնում, և նավը խորտակվեց, իսկ ես փրկվեցի իմ հոր աղոթքներով, և [ջուրն] այստեղ հանեց»: Եվ այս լսելով` միայնակյացը փառք տվեց Աստծուն և ասաց. «Ո՞ւր ես մտադիր գնալ»: Հովհաննեսը պատասխանեց. «Եթե Աստծու կամքը լինի, ցանկանում եմ նրա Խաչը կրել և միայնակյաց դառնալ»: Վանականն ասաց. «Ցանկությունդ բարի է, որդյա՛կ»: Եվ խոսեց Հովհաննեսը. «Աղաչում եմ քեզ, հա՛յր, կարո՞ղ եմ այստեղ մնալ»: Միայնակյացը պատասխանեց. «Կտեղեկացնեմ վանահորը. ինչպես որ Աստծու կամքն է, այնպես կլինի»: Եվ փոքր-ինչ սպասելով` գնաց և պատմեց վանահորը: Վանահայրն ասաց. «Նրան այստեղ բեր»: Հովհաննեսը եկավ և նրա ոտքերն ընկավ, և վանահայրն սկսեց փրկության խոսքերն ասել, ինչպես և պատմեց միայնակեցության վարքի մասին: Եվ ասաց. «Օրհնյալ է քո ծնողների Աստվածը, որ այդ նավից փրկեց քեզ»,-և խաչակնքելով` հրամայեց կարճացնել տղայի մազերն [ու ընդունել հոգևոր ծառայության]: Եվ Հովհաննեսը մնաց այնտեղ. պահք էր պահում, աղոթում էր և տքնում և մտածում էր եղբոր մասին, որովհետև կարծում էր, թե նա մահացել է: Իսկ նրա եղբայր Արկադիոսը, ցամաք ելնելով, երեսնիվայր ընկավ և աղերսելով ասում էր Տիրոջը. «Ի՛մ ծնողների Աստված, գոհանում եմ Քեզնից, որ ինձ փրկեցիր ծովի ամեհի ալիքներից: Եվ ինչպես ինձ փրկեցիր, փրկի՛ր նաև Քո մյուս ծառային` իմ եղբորը, որ նրան չընկղմեն խորին անդունդներն ու ջրապտույտները, և ինձ արժանացրո՛ւ նրան տեսնելու [երանությանը]»: Այս ասելով` առաջ ընթացավ, մի տեղից հաց խնդրեց և [ուտելով]` փոքր-ինչ ամրացավ: Եվ եկեղեցի մտավ ու սկսեց աղոթել և աթոռին նստած քնեց: Եվ տեսիլքով հայտնվեց նրա եղբայր Հովհաննեսը, որ ասաց. «Եղբա՛յր իմ Արկադիոս, ինչո՞ւ ես լալիս ինձ համար, ահա ես` ողջ եմ: Մի՛ մտածիր իմ մասին»:

Եվ քնից զարթնելով` ուրախացավ, գոհացավ Աստծուց և մտքում ասաց. «Ի՞նչ անեմ. վերադառնամ հորս մոտ… եղբորս բացակայությունը մեծ տրտմություն կպատճառի ծնողներիս: Եթե ասեմ` «Սովորում է»,- սուտ կլինի: Ի՞նչ անեմ` չգիտեմ: Հայրն իմ մշտապես երանի էր տալիս, թե` «Միայնակյացների պատիվը մեծ է, և իրենց վարքով Աստծուն մերձ են և երկրորդ գալստյան ժամանակ փառավորվելու են»,-ուստի ի՞նչ եմ մտածում»: Ավարտեց աղոթքն ու գնաց Երուսաղեմի կողմերը: Եվ այնտեղ շրջում էր եկեղեցիներով, [որոնք կառուցված էին այն տեղերում], ուր մեր Տեր Հիսուս Քրիստոս չարչարվեց: [Եվ մի անգամ] ճանապարհին հանդիպեց մի ծերունու և մոտենալով` խոնարհվեց և ասաց. «Աղոթի՛ր ինձ համար, հա՛յր, որովհետև մեծ տրտմության մեջ եմ»: Իսկ ծերունին ասաց. «Մի՛ տրտմիր. քո հայրը, մայրն ու եղբայրը ողջ են: Եվ բոլոր նրանք, որ նավում քեզ հետ էին, մեծ ջանքերով փրկվեցին: Եվ հետդ եղած ծառաներն այժմ միայնակյաց են: [Միայնակյաց է նաև եղբայրդ]: Աստված լսեց քո աղոթքները. աչքովդ կտեսնես նրան և նոր միայն կհեռանաս այս կյանքից»:

Այս ամենը լսելով` Արկադիոսն ընկավ ծերունու ոտքերը, պաղատում և ասում էր. «Աղաչում եմ քեզ, սո՛ւրբ հայր, ահա Աստված չթաքցրեց քեզնից վարքն իմ, այլ հայտնեց ամենը: Արդ մի՛ մերժիր ինձ և փրկի՛ր տառապյալ անձն իմ և ինձ միայնակյաց դարձրո՛ւ»: Ծերունին պատասխանեց. «Օրհնյա՜լ է Տիրոջ անունը, որդյա՛կ, արի՛ իմ հետևից»: Եվ տղային տարավ Սուկա վանքն ու նրան տվեց իր խրճիթը, ուր բնակվել էր հիսուներեք տարի: Եվ սովորեցրեց նրան միայնակեցության կոնոններն ու անհրաժեշտ կարգադրություններ արեց: Եվ ծերունին անապատ գնաց` ասելով. «Երեք օրից կգամ մոտդ»: Եվ ծերունու կարգադրություններն ստանալով` Արկադիոսը փութաջան սկսեց կատարել ծերունու հրահանգները:

Իսկ Քրիստոսի հավատարիմ ծառա Քսենոփոնը որդիների մասին լուր չուներ, ուստի մարդ ուղարկեց Վռիտոն քաղաքը` նրանց մոտ: Եվ հասնելով Վռիտոն` ուղարկված տղան հարցուփորձ էր անում քաղաքացիներին և չգտնելով` մտածեց. «Հավանաբար Աթենք են գնացել»: Եվ ուղևորվեց Աթենք: Եվ ճանապարհի մի պանդոկում տեսավ իր նախկին ծառայակիցներից մեկին, որ միայնակյացի հանդերձանքով Երուսաղեմ էր ուղևորվում: Եվ իր մոտ կանչելով նրան` ասաց. «Տիրոջ անվամբ եմ խնդրում. ասա՛ ինձ` դու իմ ծառայակիցը չե՞ս»: Եվ նա պատասխանեց. «Այո՛»: Եվ հարցրեց. «Ո՞ւր են մեր տերերը»: Եվ կրոնավորված ծառան արտասվելով պատասխանեց. «Ծովում խեղդվեցին… միայն ես փրկվեցի… Եվ լավ համարեցի միայնակեցություն ընդունել, քան վերադառնալ ու վատ լուր բերել մեր տիրոջն ու տրտմեցնել նրան ու իմ ծառայակիցներին»: Այս լսելով` ծառան սկսեց ծեծել կուրծքն ու հառաչանքով ողբալ իր տերերին: Եվ ասում էր. «Վա՜յ ինձ, ի՛մ բարի տերեր… ձեր մեծագութ հորը ո՞վ կպատմի ձեր մահվան մասին… ո՞ր աչքը կկարողանա տեսնել նրա տրտմությունը… ո՞վ է լինելու նրա ժառանգորդը… ո՞վ է նմանվելու նրա բարի բարքին… ո՞վ է ընդունելու օտարներին, և ո՞վ է սեղան դնելու աղքատների համար և մխիթարելու կալանավորներին: Ո՞վ կխնամի հիվանդներին, և ո՞վ կզարդարի սուրբ եկեղեցիները: Ո՞վ արթուն և տքնաջան կփառավորի Աստծուն: Վա՜յ ինձ, ի՛մ բարի տերեր… սպառվեց լույսն իմ, մարեց ճրագն իմ… բո-լորդ ողբացեք ինձ… անցավ մեր հանգիստը, լռեց մեր պաղատանքը, դադարեց մեր ուրախությունը, և գողացվեց մեր գանձը: Վա՜յ ինձ, ի՛մ բարի տերեր… ո՞վ կհոգա ծառաների մասին, ո՞վ կհիշի վանականների կարիքները… ամեն բան անցա՜վ և ոչինչ համարվեց: Իսկ ի՞նչ եմ անելու ես, եթե վերադառնամ իմ տիրոջ մոտ… ո՞վ կարող է պատմել, թե` «Քո որդիները ծովում խեղդվեցին»: Կամ ո՞վ կարող է լսել ձեր մոր լացը, և ո՞ր ունկը կարող է դիմանալ ծառաների ողբին, և ո՞վ կարող է դադարեցնել հարազատների հեծությունը»: Եվ [ծառան] ողբում էր ու [հեկեկալով] ասում այս ամենը: Իսկ այնտեղ եղած մարդիկ համոզում էին, որ հանգստանա, վերադառնա [իր քաղաքն] ու պատմի [եղելությունը]: Եվ ասում էին. «Եթե չվերադառնաս` [ավելի մեծ վիշտ կպատճառես] քո տերերին»: Եվ համոզվելով` ծառան վերադարձավ: Նա մտավ տուն և տրտում նստեց [մի անկյունում]:

Իսկ տիկինն իմացավ տղայի գալն ու հրամայեց իր մոտ կանչել նրան: Եվ հարցրեց. «Ի՞նչպես են որդիներս»: Պատանին պատասխանեց. «Լավ»: Իսկ երբ տիկինը խնդրեց, որ նամակը տա, պատանին ասաց. «Կորցրեցի ճանապարհին»: Եվ տիկնոջ սիրտը խռովվեց, և ասաց պատանուն. «Աստծուց երկյուղելով` ասա՛ ինձ ճշմարտությունը»: Եվ հոգոց հանելով` պատանին խոսեց. «Վա՜յ ինձ, ի՛մ տիկին… քո լույսը մարեց ծովում»: Կինը լսեց… արտասանեց Աստծու անունն ու ասաց տղային. «Ոչ մեկին չասե՛ս… Տերը տվեց… և Տերն առավ… հավետ օրհնյալ լինի Տիրոջ անունը»:

Երեկոյան Քսենոփոնը պալատից վերադարձավ: Տեղ հասնելով` նա արձակեց իր հետևից և առջևից ընթացող ծառաներին, մտավ տուն ու փոխեց հանդերձները: Եվ բազմեց ու կամենում էր ընթրել, որովհետև ամեն օր իններորդ ժամին էր ճաշակում: Եվ երբ նստեց, կինն ասաց նրան. «Տե՛ր իմ, իմացա՞ր, որ քո` Վռիտոն ուղարկած պատանին վերադարձել է»: Եվ երբ իմացավ, որ պատանին վերադարձել է, փառք տվեց Աստծուն և ասաց. «Ո՞ւր է նա»: Կինը պատասխանեց. «Հիվանդ պառկած է»: Քսենոփոնն ասաց. «Բե՛ր տղաներիս նամակը»: Կինը պատասխանեց. «Ե՛կ այժմ ճաշենք, իսկ նամակը կտեսնես վաղը, որովհետև [տղան] նաև բանավոր փոխանցելու բան ունի»: Քսենոփոնն ասաց. «Անմիջապես բե՛ր նամակը, որ իմանամ, թե ինչպես են որդիներս, իսկ վաղը պատանին կգա և կհաղորդի ինչ որ պատվիրել են»:

Եվ մայրն այլևս չկարողացավ թաքցնել, սկսեց արտասվել և չկարողացավ որևէ բան ասել: Եվ տեսնելով կնոջ լացը` Քսենոփոնն ասաց. «Մի՞թե հիվանդ են մեր զավակները»: Եվ կինը պատասխանեց. «Հիվանդ չեն, տե՛ր… քո մարգարիտները ծովում կորան»: Եվ հոգոց հանելով` Քսենոփոնն արտասանեց Աստծու անունն ու ասաց. «Տերը տվեց… և Տերն առավ… որպես Տիրոջն է հաճո` այնպես կլինի… Օրհնյալ է Տիրոջ անունը հավիտյան… Մի՛ տրտմիր, ո՛վ կին… Տերը մեզ չի լքի և չի տրտմեցնի մեր ծերությունը… երբեք չանցա Նրա պատվիրաններից, որի շնորհիվ այս տարիքին հասա: Ե՛կ այս գիշեր աղոթենք, և Տերը կհայտնի, թե ինչ պատահեց մեր զավակներին»: Եվ արտասվելով ու հառաչելով ամբողջ գիշեր աղոթեցին Աստծուն, իսկ երբ բացվեց առավոտը, պառկեցին քուրձերի վրա և քնեցին: Եվ երազում տեսան իրենց որդիներին, որ կանգնած էին Քրիստոսի առջև: Հովհաննեսի գլխին մի խիստ թանկագին պսակ էր, իսկ Արկադիոսի պսակն աստղանման էր: Եվ զարթնելով` իրար պատմեցին: Եվ Քսենոփոնն ասաց Մարիամին. «Մեր որդիները պատվի են արժանացել, և իմացա, որ Երուսաղեմում են: Հույս ունենք ի Տեր Աստված, որ կհանդիպենք նրանց»:

Եվ ելան ու բազում ինչք վերցնելով` գնացին: Եվ երբ շրջում էին [Տնօրինական] վայրերում, փնտրում էին տղաներին ու չէին գտնում: [Եվ Քսենոփոնը մի օր] հանդիպեց իր ծառաներից մեկին, որ միայնակյացի զգեստներ էր հագել: Եվ համբուրեց նրան ու ոտքերն ընկավ: Եվ [նախկին ծառան] նույնպես գրկախառնվեց և Քսենոփոնին աղաչում էր, որ այդպես չխոնարհվի իրեն:

Եվ Քսենոփոնն ասաց. «Եթե անգամ քեզ չերկրպագեմ, պետք է երկրպագեմ զգեստներդ, որովհետև առաքյալներինն են: Մի՛ տրտմիր [և վատ մի՛ զգա], այլ ասա՛. ո՞ւր են մեր որդիները»: Եվ պատասխանեց ու ասաց. «Չգիտեմ… երբ խորտակվեց նավը, ամեն մեկը փորձում էր փրկվել… ո՞ղջ են, թե՞ վախճանվել են… միայն Աստված գիտե»: Եվ թողնելով նրան` Քսենոփոնն ու Մարիամը գնացին Հորդանանի կողմերը, որպեսզի այնտեղ ևս բաժանեն իրենց ունեցվածքը: Եվ ճանապարհին հանդիպեցին այն ծերունուն, որ ընդունել էր Արկադիոսին: Եվ նրա ոտքերն ընկնելով աղաչում էին, որ իրենց համար աղոթի: Եվ երբ աղոթքն ավարտեց, ծերունին ասաց Քսենոփոնին. «Ո՞վ ստիպեց քեզ և Մարիամին Երուսաղեմի կողմերը գալ»: Եվ նա պատասխանեց. «Ոչ ոք… մեր որդիներին սպառնացած վտանգը»: Ծերունին ասաց. «Մի՛ տրտմեք… ձեր որդիները ողջ են, և Աստված երազով ձեզ հայտնեց նրանց փառքը: Գնացե՛ք, կատարե՛ք ձեր ուխտը և վերադառնալիս կտեսնեք ձեր զավակներին»: Եվ աղոթքով ճանապարհեց նրանց:

Եվ ծերունին գնաց [Երուսաղեմի] սուրբ Հարության [տաճարը], աղոթեց և նստեց [դադար առնելու]: Եվ ահա, աղոթելու եկավ Հովհաննեսը, երբ տեսավ ծերունուն, ընկավ նրա առջև: Ծերունին աղոթեց նրա համար, ապա բարձրացրեց և ասաց. «Քեզ որոնում են քո հայրն ու մայրը: Ահա դու ևս եկար այստեղ` եղբորդ փնտրելու»: Հովհաննեսն ասաց նրան. «Տիրոջ անունով եմ խնդրում` ասա՛. ո՞ւր է եղբայրն իմ, որովհետև մինչ օրս տրտմում եմ նրա համար: Եվ երբեք հավաստի բան չիմացա նրա մասին և միայն այժմ քեզնից եմ լսում»:

Եվ եկավ Արկադիոսը, որ խիստ տկար էր, ու ճգնությունից պակասել էր նրա աչքերի լույսը: Արկադիոսն սկսեց աղոթել և ծերունուն տեսնելով` խոնարհվեց նրան ու ասաց. «Հա՛յր, երեք տարի է, որ ագարակը թողեցիր և անգամ չեկար տեսնելու, թե գուցե փշերով ծածկվեց»: Եվ նա պատասխանեց. «Որդյա՛կ, մշտապես անցնում էի նրա մոտով և հետևում էի, որ փուշ չաճի, այլ միայն բարի ողկույզներ և առատ ցորեն, որը ճաշակում է թագավորների Թագավորն ու բերկրում»: Եվ ծերունին հայտնեց նրան, որ եղբայրը ողջ է:

Այնուհետև ծերունին հարցրեց Հովհաննեսին. «Ո՞ր երկրից ես, որդյա՛կ»: Եվ նա պատասխանեց. «Հա՛յր, օտար եմ և աղքատ և կամենում եմ քո աղոթքներով Տիրոջ ողորմությանն արժանանալ»: Ծերունին ասաց. «Այո՛, ես այդ գիտեմ: Բայց պատմի՛ր ինձ քո ազգի և քաղաքի մասին, ուր ծնվել-մեծացել ես»: Եվ Հովհաննեսն սկսեց ըստ կարգի պատմել: Եվ երբ խոսեց նավակոծության մասին, ասելով, որ մի եղբայր է ունեցել, որի անունը Արկադիոս էր, Արկադիոսը լսեց և բացականչեց. «Ազնվորեն եմ ասում, ո՛վ սուրբ հայր, ի՛մ եղբայրն է»: Ծերունին պատասխանեց. «Ես այդ գիտեի, սակայն լռում էի, որ դուք ճանաչեք իրար»: Եվ ընկան ծերունու ոտքերն ու սկսեցին խնդրել, որ աղոթի իրենց համար, նաև գոհանում էին Տիրոջից, որ արժանացրեց իրար տեսնելու այսպիսի զգեստներով:

Երկու օրից ծերունին դարձյալ եկավ [տաճար]` հետը բերելով երկու եղբայրներին: [Նույն ժամանակ սուրբ Հարություն] եկան նաև տղաների ծնողները և Գերեզմանի մոտ բազում գանձեր բաժանեցին, իսկ հետո բարձրացան Գողգոթա: Եվ երբ տեսան ծերունուն, ճանաչեցին ու ոտքերն ընկան: Իսկ ծերունին աղոթեց նրանց համար և ոտքի կանգնեցրեց: Եվ ասացին նրան. «Տիրոջ անունով ենք խնդրում` ցո՛ւյց տուր մեր որդիներին` ինչպես ասացիր մեզ»: Եվ տղաները կանգնած էին այնտեղ, սակայն ծնողները չճանաչեցին, որովհետև ճգնությունն ամբողջովին դիմափոխել էր նրանց: Եվ ծերունին ասաց ամուսիններին. «Գնացե՛ք և ընտիր կերակուրներ պատրաստեցե՛ք, որ աշակերտներիս հետ այցելեմ, իսկ հետո ձեզ տանեմ ձեր որդիների մոտ»: Եվ նրանք մեծ ուրախությամբ գնացին և պատրաստություն տեսան:

Իսկ ծերունին եղբայրներին պատվիրեց զուսպ լինել, և նրանք պատասխանեցին. «Ինչպես կամենում ես` այնպես կվարվենք»: Եվ ծերունին ասաց. «Որդյակնե՛րս, եկե՛ք գնանք նրանց մոտ: Միևնույն է. որքան ցավեք, ձեր հոր և մոր վշտին չի հասնի ձեր ցավը, իսկ այսպիսի [պատվական] մարդկանց հետ շփվելն օգտակար է»: Եվ այս խոսքերով գնացին: Եվ երբ նստեցին, ամուսիններն ասացին ծերունուն. «Հա՛յր սուրբ, ի՞նչպես են մեր որդիները»: Ծերունին պատասխանեց. «Լավ են և կատարելության են ձգտում»: Ծնողներն ասացին. «Թո՛ղ Տեր Աստված օգնի նրանց և արժանի դարձնի Իր այգում մշակ լինելու, իսկ մեզ փրկի հավիտենական հրից»: Ծերունին ասաց Արկադիոսին. «Որդյա՛կ, պատմի՛ր տեսնենք` ո՞ր քաղաքից ես, ովքեր են ծնողներդ և ո՞րտեղ ես դաստիարակվել»: Եվ Քսենոփոնն ասաց. «Ազնիվ խոսք, սո՛ւրբ հայր, բարի աշակերտներ ունես. Ինձ հաճո թվացին, և սրտանց սիրեցի նրանց և Աստծուն արժանի եմ տեսնում: Եվ աղաչում եմ քեզ, սո՛ւրբ հայր, որ իմ որդիները ևս այսպես կատարյալ լինեն»: [Սրանից հետո] Արկադիոսն սկսեց պատմել. «Ես Բյուզանդիոն քաղաքից եմ, մեծ և փառավոր արքունականի որդի, բարեպաշտ հոր և ազնվատոհմ մոր զավակ: Եվ ծնողներս ինձ և եղբորս միասին մեծացրեցին, կրթեցին Աստծու պատվիրաններով, սովորեցրին հելլենական ու հռովմեական դպրությունը և մեզ Վռիտոն քաղաքն ուղարկեցին` Օրենքները սովորելու: Եվ գնալիս մեր նավը խորտակվեց, և Աստծու կամքով այս կողմերը հասանք…»: Եվ անմիջապես ծնողները ելան տեղներից, ողջագուրվեցին և արտասվելով գոչում էին. «Սրա՜նք մեր որդիներն են… սո՛ւրբ հայր, եկե՛ք փառք տանք Աստծուն և աղոթենք, որ Տերը մեզ արժանացնի Իր ողորմությանը»: Եվ աղոթելով` ծերունու [հետ] փառք տվեցին Աստծուն: Եվ աղաչեցին, որ ծերունին իրենց կրոնավոր դարձնի և սուրբ հանդերձներ պարգևի: Եվ ըստ կարգի աղոթելով` ծերունին նրանց «մազերը կարճացրեց» և պատվիրեց, որ այլևս իրար չհանդիպեն: Եվ հրաժեշտ տալով` եղբայրները գնացին ծերունու հետ և [վանքում] կնքեցին իրենց մահկանացուն: Եվ աստվածային շնորհով նրանց [շիրիմներին] բժշկության կարողություն տրվեց:

Եվ նրանց հայրը վաճառեց իր ունեցվածքն ու բաժանեց աղքատներին, իսկ մի մասը տվեց սպասավորներին և նրանց ազատ արձակեց: Եվ քուրձ հագնելով` Քսենոփոնն անապատական դարձավ և այնտեղ անցկացնելով իր ժամանակը` արժանացավ մեծ խորհրդի իմացությանն ու այդպես հեռացավ այս կյանքից:

Մայրը կուսանոց գնաց և ապրեց այնտեղ առաքինասեր վարքով: Եվ բազում բժշկություններ գործեց` կույրերին տեսնելու կարողություն տվեց, դիվահարներին ազատեց և այդպես փոխվեց ի Քրիստոս:

 

* * *

Եվ այս եմ պատվիրում, եղբայրնե՛ր, որ հիշե՛ք, թե ինչպես բարի ու առաքինի վարքով անցկացրեցին իրենց կյանքը. [այսպիսիներին] Տերը չի թողնում, որ կորչեն և փորձություններից ու նեղություններից ազատելով` նրանց համար ամենաօգտակարն է իրագործում, ինչպես վարվեց այս ընտանիքի պարագայում` ցույց տալով Իր մարդասիրությունը: Այսուհետ մենք ևս ձգտենք ապաշխարության` մեր սրտերում պահելով երկյուղն առ Աստված: Եվ փութանք հասնելու հավիտենական կյանքին, որ մեր Տիրոջ` Հիսուս Քրիստոսի մոտ է, որին փառք հավիտյանս. ամեն:

 

 

Վարք Սրբոց, Հատոր Դ, Ս. Էջմիածին – 2010թ.

 

24.03.15
ԲաԺանորդագրվել
Ընթերցել նաև
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․