Գրքեր

Սուրբ Թեկղի վարքի պատմությունը

Երբ Պողոսը հալածվելուց հետո ելավ, գնում էր Իկոնիոն քաղաքը, նրա հետ ճանապարհ ընկան Դեմասն ու Հերմոգենեսը` պղնձագործ և դարբին, որ լի էին խռովքով, մեծաբանում էին և Պողոսի հետ խոսում իբրև իրենց սիրելիի: Իսկ Պողոսը Քրիստոսի ողորմության շնորհ էր հայցում և կեղծությամբ չէր գնում նրանց հետ, այլ սիրում էր նրանց: Եվ այնպես էր սիրում, որ Ամենատիրոջ վարդապետությունը, քարոզությունը, ծնունդն ու հարությունը իբրև սիրելիների պատմում էր նրանց և նրանց հասու էր դարձնում Քրիստոսի մեծությանը և խոսքերով ցույց տալիս, թե ինչպես [Քրիստոս] հայտնվեց իրեն:

Ոնեսիփորոս անունով երանելի մի այր լսեց, որ Պողոսը գալիս է Իկոնիոն քաղաքը, ընդառաջ ելավ ընտանիքով և կնոջով հանդերձ` ընդունելու նրան, քանի որ Տիտոսը նրանց պատմել էր և ասել Պողոսի արտաքին նշանները, որովհետև նա Պողոսին մարմնով չէր ճանաչում, այլ միայն հոգով: Նա գնաց, կանգնեց պողոտայի ճամփաբաժանին, որ գնում էր Լյուստրիա քաղաքը: Եվ սպասում էր նրան: Եվ նրանց, որ գնում ու գալիս էին` նայում էր ըստ նշանների, որ տվել էր նրան Տիտոսը: Երբ տեսավ, որ գալիս էր Պողոսը` չափահաս մարդ, գանգրահեր, ծնկները կարճ, ծավի, մեծ աչքերով, կից հոնքերով, երկար բեղերով, Տիրոջ շնորհով և ողորմությամբ լի. երբեմն իբրև մարդ էր երևում, երբեմն` հրեշտակի պես: Երբ Պողոսը տեսավ Ոնեսիփորոսին, շատ ուրախացավ: Ոնեսիփորոսն ասաց նրան. «Ողջո՛ւյն քեզ, Պողո՛ս, Օրհնյալի առաքյալ»: Պողոսն ասաց նրան. «Ողջո՛ւյն քեզ և քո ամբողջ ընտանիքին, Ոնեսիփորո՛ս»: Իսկ Դեմասն ու Հերմոգենեսը լցվեցին ցասումով և մեծ քինով երգիծում էին և ասում Պողոսին. «Մենք Օրհնյալինը չէ՞ինք, որ այդպիսի ողջույն երբեք մեզ չտվիր»: Պողոսը պատասխանեց. «Որովհետև ձեր մեջ չեմ տեսնում արդարության պտուղ»: Ոնոսիփորոսն ասաց նրանց. «Լսեցե՛ք ինձ, դուք ևս եկեք իմ տունը և հանգստացեք»: Եվ երբ Պողոսը մտավ Ոնոսիփորոսի տունը, այնտեղ մեծ ուրախություն եղավ: Ծունր իջած աղոթեցին և ելան հաց կտրեցին:

Պողոսը մոտեցավ և սկսեց խոսել Տիրոջ Բանը ոգիների ճշմարտության և մեռելների հարության մասին և ասաց այսպես. «Երանի նրանց, որ սուրբ են սրտով, որովհետև կտեսնեն Աստծուն: Երանի նրանց, որ իրենց անձը պահում են սրբությամբ, որովհետև կկանչվեն Աստծու տաճարը: Երանի նրանց, որ ճնշում են մարմինն ու հոգին, որովհետև նրանց հետ խոսում է Աստված: Երանի նրանց, որ կարհամարհեն աշխարհս, որովհետև հաճո կլինեն Աստծուն: Երանի նրանց, որ կին ունենան այնպես, կարծես թե չունեն (Ա. Կորնթ. Է. 29), որովհետև նրանք կժառանգեն երկիրը: Երանի նրանց, որ իրենց սրտում ունեն Աստծու երկյուղը, և նրանք հրեշտակ կկոչվեն: Երանի նրանց, որ դողում են, երբ լսում են Աստծու խոսքը, որովհետև նրանց կկանչի Տերը: Երանի նրանց, որ ընդունեցին Հիսուս Քրիստոսի իմաստությունը, որովհետև նրանք Աստծու որդի կկոչվեն: Երանի նրանց, որ կպահեն մկրտությունը, որովհետև նրանք կհասնեն Հորը, Որդուն և Սուրբ Հոգուն: Երանի նրանց, որ կառնեն Քրիստոսի օրինակը, որովհետև նրանք կլինեն մեծ լույսի մեջ: Երանի նրանց, որ Քրիստոսի սիրո համար կելնեն մարմնից, որովհետև նրանք կժառանգեն հավիտենականը և մշտապես կլինեն Աստծու Որդու աջ կողմում: Երանի ողորմածներին, որովհետև նրանք ողորմություն կգտնեն Հորից և դատաստանի օրը կստանան արքայություն: Երանի կույսերի հոգիներին ու մարմիններին, որովհետև նրանք հաճո կլինեն Աստծուն, և չի կորչի նրանց սրբության վազքը, որովհետև Բանի Հոր գործը կգտնի նրանց, և կյանք կժառանգեն Աստծու Որդու օրերին, և հավիտենական հանգիստ կլինի նրանց»:

Ու մինչ Պողոսը խոսում էր Աստծու բոլոր մեծություններից, Ոնեսիփորոսի տանը հավաքվածների մեջ, Թեկղ անունով մի կույս` Թեկղիոսի դուստրը, որ նշանածն էր մի այրի, որի անունը Թեմերոս էր, եկել նստել էր մի պատուհանի մոտ, որ մերձ էր նրանց տանիքին, լսում էր Պողոսի խոսքերը սրբության մասին և բոլորովին չէր հեռանում պատուհանից գիշեր ու ցերեկ և լսում էր Պողոսի աղոթքը, զարմանում նրա հավատի վրա: Մանավանդ տեսնում էր բազում կանանց, որ մտնում էին Պողոսի մոտ` լսելու Աստծու պատվիրանների պատգամները, որ նա ուսուցանում էր: Ինքը ևս կարոտում էր նրան, քանի որ չէր տեսնում նրա տեսքը, այլ միայն լսում էր խոսքերը: Եվ բոլորովին չէր հեռանում պատուհանից: Այնժամ մայրը [մարդ] ուղարկեց Թեմերոսի մոտ, որի հետ նշանված էր [դուստրը]: Երբ Թեմերոսը լսեց, որ իր զոքանչը կանչում է, իսկույն եկավ, կարծելով թե Թեկղին իրեն կտան կնության: Թեմերոսը հարցրեց զոքանչին և ասաց. «Ո՞ւր է իմ կին Թեկղը, որ տեսնեմ նրան»: Պատասխանեց զոքանչը Թեմերոսին և ասաց. «Քեզ պատմելու մի բան ունեմ, Թեմերո՛ս: Քո նշանած Թեկղը ահա երեք օր և երեք գիշեր չի հեռանում մի պատուհանից, ո՛չ ուտում է, ո՛չ խմում, ո՛չ ելնում է այնտեղից, այլ աչքերը վրան հառած ակնդետ նայում է մի օտար մարդու և իբրև քաղցր բանի է նայում նրա խաբեական, սնոտի և անհուն խոսքերին: Ես զարմացած եմ, թե ինչու մի իմաստուն կույս այդպես հետևում է չարաչար ու պատիր խոսքերին: Ասում եմ քեզ, Թեմերոս, որ այն մարդը ապականեց Իկոնիա քաղաքը և Թեկղին, որ քեզ ենք խոստացել, խաբում է: Բազում այլ կանայք և երիտասարդներ գնացին նրա մոտ, և [նա] սովորեցնում է պաշտել մի Աստծու և ապրել սրբությամբ: Եվ նա պատում է Թեկղիին ինչպես սարդի ոստայնը, և ընկղմվեց մի ցանկության և չարաշշուկ ապականության գործի մեջ: Եվ աչքը չի հեռացնում պատուհանից և բնավ չի հեռանում նրանից, ո՛չ ուտում է, ո՛չ ըմպում և ձեռքից գնում է կույսը: Արդ, Թեմերո՛ս, դու մտիր և խոսիր նրա հետ, որովհետև քո հարսնացուն է»:

Եվ Թեմերոսը մոտեցավ նրան, որ իր հարսնացուն էր, որորովհետև նախ` սիրում էր Թեկղին, երկրորդ` վախենում էր [Պողոսի] նկատմամբ նրա հիացմունքից և ասաց. «Չէ՛ որ դու իմ նշանածն ես. ի՞նչ է այդ չար ապականությունը, որ բռնել է քեզ, դարձիր ինձ մոտ և ամաչիր ինձնից»: Խոսեց և մայրը. «Ինչո՞ւ խոնարհ նայում ես և չես տալիս պատասխան, այլև նմանվել ես մոլեգնոտի»: Երբ տեսան տնեցիները` սկսեցին բոլորը լաց լինել: Թեմերիոսը լալիս էր, թե կինը հեռանում է իրենից, իսկ մայրը` թե դուստրն է հեռանում իրենից, աղախինները` թե զրկվում են իրենց տիրուհուց: Եվ տանը բազում տրտմություններ ու վիշտ եղան, իսկ Թեկղի համար փույթ չէր այդ ամենը, այլ ականջը խոնարհեցնում էր լսելու Պողոսի խոսքերը:

Այնժամ Թեմերոսը լցվեց ցասումով, գնաց հրապարակ և նայում էր մարդկանց, որ մտնում ու ելնում էին Պողոսի մոտ: Եվ հանկարծ տեսավ երկու մարդու, որ վիճում էին միմյանց հետ: Այդ պահին Թեմերոսը մոտեցավ և ասաց նրանց. «Ինչի համար եք վիճում, կամ ո՞վ է այդ մարդը, որ ներսում ձեզ հետ է, որ մոլորեցնում է երիտասարդներին ու կույսերին և պատվիրում, որ բոլորովին հարսանիք չլինի: Ես ուզում եմ ձեզ տալ շատ արծաթ, որ ինձ ասեք` ո՞վ, ո՞րտեղից է, որովհետև քաղաքիս գլխավորներից եմ»: Իսկ Դեմասը և Հերմոգենեսը, երբ նրան տեսան, եկան և ասացին. «Այն մարդը, որ դու ասում ես, ո՞վ է և ո՞րտեղից` չգիտենք, բայց այս գիտենք` մեկն առանձնացնում է երիտասարդներին կույսերից և կույսերին երիտասարդներից և ասում է. «Դուք չեք կարող հառնել մեռելներից, եթե ձեր անձը սրբությամբ չպահեք»: Թեմերոսն ասաց նրանց. «Ընկերնե՛ր, եկե՛ք ինձ հետ իմ տունը և մնացեք ինձ հետ»: Եվ նրա հետ գնացին ընտիր ընթրիքի: Եվ հաց դրեց և խորտիկներ պատրաստեց, ընթրիք տվեց նրանց Թեմերոսը: Քանի որ սիրում էր Թեկղին և կամենում էր կնության առնել, այն օրը, որ նշանակել էր նրա զոքանչը: Եվ մինչդեռ խնջույքի էին, Թեմերոսն ասաց նրանց. «Ի՛մ սիրելի ընկերներ, ինձ ասացեք` ի՞նչ է ուսմունքը, որ սովորեցնում է այն այրը, որ ես ևս իմանամ, որովհետև քչերը չեն, որ ամբաստանում են նրան, իսկ ես շատ եմ ցավում իմ կնոջ համար, որ սիրեց տարաշխարհիկ և օտարական մարդուն, և ահա զրկվում եմ նրանից»: Պատասխանեցին Դեմասն ու Հերմոգենեսը և ասացին նրան. «Դու, Թեմերո՛ս, գնա՛, նրա մասին տեղեկացրու դատավորին և ասա այսպես. «Այն այրը նոր և օտարոտի ուսմունք է սովորեցնում հանուն Քրիստոսի»: Այն ժամանակ, երբ [դատավորը] լսի, կկորցնի նրան, և դու կառնես քո կնոջը, իսկ մենք քեզ կսովորեցնենք մեռելների հարությունը, որ ուսուցանում է նա»: Երբ Թեմերոսն այս լսեց, քանի որ լի էր նախանձով ու քենով, ծերերով հանդերձ և բազում զինավառ զորքով շտապեց առավոտյան գնալ Ոնեսիփորոսի տունը: Եվ ասաց Պողոսին. «Կորցրիր Իկոնիա քաղաքս և իմ նշանած Թեկղին մոլորեցրիր քո ուսմունքով, որ ինձ կին չդառնա: Այժմ արի, գնանք դատավորի մոտ»: Եվ ամբողջ քաղաքն ասում է զորքին. «Քարշ տվեք այդ մոգին, որ եղծելով ապականեց մեր կանանց օտարոտի ուսմունքով»: Երբ Պողոսն իրեն բռնողների հետ գնաց և կանգնեց դատավորի առաջ, Թեմերոսը ձայնը բարձրացրեց և ասաց դատավորին. «Չգիտենք այս այրը ո՞վ և ո՞րտեղից է, թույլ չի տալիս կույսերին ամուսնանալ: Այժմ թող ասի քո առաջ, թե ինչի համար է այդ ուսմունքը սովորեցնում»: Իսկ Դեմաս և Հերմոգենես դարբինները, որ խռովքով լի էին, մոտեցան և ասացին նրան. «Ասա՛, որ քրիստոնյա է, և անմիջապես կկորցնի դրան»: Երբ դատավորը լսեց Թեմերոսի խոսքը և մյուսներին, որ բռնել էին Պողոսին, հարցրեց. «Ասա՛ ինձ, Պողոս, ո՞րտեղից ես դու և ի՞նչ ես ուսուցանում, քանի որ քիչ չեն չարախոսները, որ ամբաստանում են քեզ»:

Այնժամ Պողոսը բարձրացրեց ձայնը և ասաց. «Ես կպատմեմ, թե ինչ եմ ուսուցանում, լսի՛ր, դատավո՛ր. ուսուցանում եմ մի Աստված, որ մարդկանց չարի դեմ չար չի հատուցում. Աստված, որին ոչինչ պետք չէ, միայն մարդկանց որդիների կյանքը, ինձ առաքեց որպեսզի կորստից և պղծությունից և մահվան ամեն ցանկությունից սրբեմ նրանց, որ այլևս մեղք չգործեն. դրա համար ինձ առաքեց Աստված, որ ես քարոզում և ավետարանում եմ, որպեսզի ամեն մարդու հույսը Նրա վրա լինի, որը հոգ տարավ փրկելու Իր ժողովրդին մոլորությունից, որ այլևս մեղք չգործեն և զեխությամբ չընթանան, այլ նրանց մեջ ահ ու երկյուղ լինի Աստծու հավատքով, որ ճանաչեն Սերը և ճշմարտության Երկյուղը: Արդ, ինչ հայտնեց ինձ Աստված` այն եմ ուսուցանում, ինչ պարտական եմ դրանց»:

Երբ դատավորը լսեց այս խոսքերը` հրամայեց, որ նույն կապանքով բանտում մնա, մինչև հնարավոր լինի կարգին լսել նրան: Իսկ Թեկղը նույն գիշերը առավ իր ապարանջանը, տարավ, տվեց իր տան դռնապանին: Եվ բացեց դուռը և ելավ գնաց բանտապետի մոտ, որ պահում էր Պողոսին և նրան տվեց ոսկի հայելի, որ մտնի Պողոսի մոտ: Եվ [պահակը] նրանից հայելին վերցրեց և թույլ տվեց: [Թեկղը] գնաց, նստեց Պողոսի ոտքերի մոտ և լսում էր Աստծու մեծությունները: Պողոսը բնավ տրտում չէր, այլ համարձակ և բոլոր իր մոտ եղողներին բացահայտ ուրախացնում էր Աստծու պատվիրանով: Թեկղը մեծ ուրախությամբ համբուրում էր նրա ոտքերը, ոտքերի ու ձեռքերի կապանքները:

Եվ երբ ընտանիքը Թեկղին փնտրեց և չգտավ, համարեցին, թե կորել է, գնացին և նրան փնտրում էին ճանապարհներին: Եվ եկավ դռնապանի մի ընկերը, հայտնեց. «Ես [երազ] տեսա, որ Թեկղը իր ապարանջանը տվեց դռնապանին և ելավ»: Եվ երբ դռնապանին տանջեցին` հարկադրված խոստովանեց ու ասաց. «Այո՛, ելավ, և ասաց թե գնում է օտարականի մոտ, որ կապված է բանտում»: Եվ գնացին նրան գտան` ինչպես ասաց դռնապանը. տեսան, որ նստած է Պողոսի ոտքերի մոտ: Կային և այլ բազում մարդիկ, որ լսում էին Քրիստոսի մեծագործությունները: Եվ այնտեղից Թեմերոսը և բազում մարդիկ, որ նրա հետ էին, ելան և ցասումով գնացին, եղածը պատմեցին դատավորին:

Այնժամ դատավորը հրամայեց բերել Պողոսին: Երիտասարդները գնացին, քանդեցին Պողոսի [կապանքները], քարշ տալով բերին բանտից: Թեկղը` գետին ընկած դառնապես լալիս էր, այնտեղ, ուր նստել էր Պողոսը և ուսուցանում էր Աստծու պատվիրանները: Դատավորը հրամայեց բերել Թեկղին, և Թեմերոսը գնաց, բազում մարդիկ նրա հետ, բռնեցին Թեկղին և քարշ տվին: Երբ դատավորը տեսավ, նրա համար շատ տրտմեց, իսկ Թեկղը մեծ ուրախությամբ կանգնած էր նրա առաջ և բնավ տրտում չէր: Այնժամ հանկարծակի աղաղակեց ամբողջ զորքը և ասաց. «Կորցրե՛ք այդ մոգին»: Բայց դատավորը Պողոսին ոչինչ չասաց, նստեց աթոռին և կանչեց Թեկղին և հարցրեց նրան դատավորը. «Ինչո՞ւ Իկոնիայի օրենքով քո ամուսնու կինը չես լինում»: Եվ Թեկղը ինքնամոռաց ակնդետ նայում էր Պողոսին և բոլորովին չէր պատասխանում դատավորին: Մեծ աղաղակով նրա մայրը ճիչ բարձրացրեց և ասաց. «Այդ անմիտին կորցրեք թատրոնի մեջ, որպեսզի մյուս կանայք դրան նայելով այլևս չսովորեն այդ չար ուսմունքը»: Երբ դատավորը լսեց, շատ տրտմեց նրա համար, ապա հրամայեց գանահարել Պողոսին և քաղաքից դուրս հանել: Եվ վճիռ կայացրեց, որ թատրոնի մեջ հրով այրեն Թեկղին: Դատավորը վեր ելավ, որ գնա թատրոն, և ամբողջ զորքը նրա հետ` տեսնելու Թեկղին այրվելիս: Եվ ինչպես մոլորյալ ոչխարը լեռներում փնտրում է հովվին, այնպես Թեկղը որոնում էր Պողոսին: Ու մինչդեռ նայում էր բոլոր մարդկանց, տեսավ Տեր Հիսուսին` նստած իր դեմ–հանդիման, Պողոսի նմանությամբ: Եվ Թեկղը ասաց. «Պողոսը եկավ, նստեց իմ դեմ–հանդիման, որպեսզի կարողանամ դիմանալ ինձ երևացած տեսիլին»: Ու մինչդեռ աչքերը հառել էր Նրա վրա` Տերը ելավ այնտեղից և բարձրացավ երկինք:

Մանուկներն ու կանայք փայտ բերին և դրին թատրոնում` այրելու Թեկղին, և նրան մերկ մտցրին թատրոն: Երբ դատավորը տեսավ նրան, սկսեց լալ և կական բարձրացրեց, և զարմանում էր այն զորությամբ, որ նրա մեջ էր: Հավաքեցին փայտը և վառեցին, և երիտասարդները պահանջում էին, որ նա բարձրանա ու մտնի բորբոքված հրի մեջ: Եվ Թեկղը իսկույն ելավ, մտավ կրակի մեջ: Երբ հրի բոցը ելնում, դիզվում էր բորբոքվելով, նրա գլխից ոչ մի մազ չէր այրում, որովհետև գթաց նրան Աստծու Հոգին, և երկնքից գոչման ձայն էր ելնում և ցողագին ամպը հովանի էր լինում նրա վրա, և սաստիկ կարկուտ ու անձրև թափվեց երկրի վրա, և մարդկանցից շատերը, որ լսեցին և նայեցին` մահացան, և հուրը մարեց, բայց Թեկղը ապրեց: Իսկ Պողոսը պահքի մեջ էր. ինքը, Ոնեսիփորոսը, նրա կինն ու որդիները մի երիտասարդի տան[ն էին], որի բաց դուռը նայում էր Իկոնիա քաղաքի ճանապարհի կողմը: Երբ բազում օրեր այնտեղ պահքի մեջ էին, մանուկներն ասացին Պողոսին` Սոված ենք: Եվ նրանք մի բան չունեին, որով թերևս գնեին, քանի որ Ոնեսիփորոսը թողել էր իր տունն ու կայքը և ընտանիքով հանդերձ ելել էր Պողոսի հետ: Այնժամ Պողոսը հանեց իր պարեգոտը, տվեց պատանուն և ասաց. «Որդյա՛կ, գնա և հաց գնիր, ինչքան պատահի»: Գնաց պատանյակը հաց գնելու և այնտեղ տեսավ Թեկղին` իրենց դռանը: Եվ զարմացած հարցրեց. «Ո՞ւր ես գնում, Թե՛կղ»: Պատասխանեց նրան. «Պողոսի հետևից եմ գնում, որովհետև փրկվեցի այն կրակից»: Եվ պատանյակն ասաց. «Արի՛, քեզ տանեմ նրա մոտ, քանի որ հոգոց է հանում, հեծում ու լալիս է, և այս վեց օրը, որ պահքի մեջ է, և Աստծուն խնդրում է քեզ համար»: Եվ Թեկղը նրա հետ գնաց երիտասարդի տունը, մնաց Պողոսի մոտ, որին գտավ ծունկի իջած աղոթելիս, որ աղաչելով ասում էր. «Հայր մեր, որ երկնքում ես, խնդրում եմ Քեզնից` հուրը չմոտենա Թեկղին, այլ մարեցրու, որովհետև նա Քոնն է»: Իսկ Թեկղը նրա հետևն էր. բացեց բերանը և ասաց. «Հա՛յր, որ ստեղծեցիր երկինքն ու երկիրը և Դու ես որբերի Հայրը, գոհանում եմ Քեզնից ողորմության համար, որ արեցիր ինձ և ապրեցրիր, որ տեսնեմ Պողոսին»: Պողոսը ելավ, տեսավ նրան և ասաց. «Բոլորի սրտագետ Աստված, Հայր մեր Տեր Հիսուս Քրիստոս, գոհանում եմ Քեզնից, որ ում համար խնդրեցի` հանեցիր կրակից և ինձ [հնարավորություն] տվիր տեսնելու նրան և սրանց, որ ինձ հետ են, և միայն Քո ձեռքին է` վշտերից փրկել բոլորին, որ փառավորում են Քո անունը հավիտյան»:

Եվ Պողոսը ցնծում էր և ուրախ էր բոլորով հանդերձ, որ իր հետ էին: Եվ պատանյակը նրանց բերեց հինգ նկանակ հաց, խավարտ, այլև աղ և ջուր, և զորացան Աստծու ողորմության շնորհով: Եվ Թեկղը ասաց Պողոսին. «Կարճացնեմ մազերս և գամ քո հետևից, ուր և դու երթաս»: Պողոսն ասաց. «Պատերազմը սաստիկ է, իսկ դու գեղեցիկ ես, գուցե և այլ փորձություն գա քեզ վրա` ավելի մեծ քան առաջինը, և չկարողանաս համբերել»: Թեկղը ասաց Պողոսին. «Ներող եղիր և արա ինչ խնդրում եմ»: Եվ Պողոսը արձակեց Ոնեսիփորոսին ընտանիքով հանդերձ, և գնացին իրենց տունը: Պողոսը բռնեց Թեկղի ձեռքը և նրանց հետ եղած մարդկանց ուղեկցությամբ գնացին մտան Անտիոք քաղաքը և մինչդեռ մտնում էին, Անտիոք քաղաքի գլխավորներից մեկը` Աղեքսանդրոս անունով, որը բազում գործեր էր կատարել Անտիոքում, տեսնելով Թեկղին սիրեց նրան, և փաղաքշում էր Պողոսին և համոզում էր նրան, [խոստանում] տալ շատ արծաթ և ոսկի: Պողոսն ասաց. «Չգիտեմ կնոջը, որի մասին ասում ես, և դա իմը չէ»:

Եվ քանի որ Աղեքսանդրոսի [ցանկությունը] մեծ էր, հասավ, բռնեց Թեկղին և հրապարակի մեջ գրկեց նրան: Իսկ նա չհամբերելով աղաղակ բարձրացրեց, մեծ գուժով խնդրելով ասաց. «Մի՛ նեղիր օտարականիս, մի՛ տառապեցրու Աստծու աղախնիս: Ես Իկոնիա քաղաքի գլխավորներից մեկի դուստրն եմ և քանի որ չկամեցա կին լինել իմ նշանածին, ինձ արտաքսեցին իմ քաղաքից»: Այն ժամանակ Աղեքսանդրոսը բռնելով պատռեց նրա պատմուճանը և ոսկի պսակը, որ ուներ գլխին, հանեց և գետին գցեց և նրան մերկ, կողոպտված և ամոթալի թողեց: Եվ քանի որ Աղեքսանդրոսը նրան տեսնելով սիրեց, իսկ նա ամոթահար արեց նրան իր արարքով, իսկույն ցույց տվեց դատավորին. «Այս և այս բաները գործեց իմ դեմ Թեկղը, այժմ դատիր նրան և հրամայիր, որ գցեն գազաններին»: Եվ Աղեքսանդրոսը ինքն էր, որ այդ տեսարանի համար քաղաքին տվեց գազանները: Երբ լսեցին բոլոր քաղաքացիները, զարմացան և բողոքեցին ատյանի առաջ և ասացին. «Անիրավ է դատաստանը, որով դատում եք Թեկղին»: Եվ Թեկղը եկավ կանգնեց դատավորի առաջ, երդվեցրեց նրան և ասաց. «Այս շնորհը արա՛ ինձ, որ մինչև ինձ գցեն գազաններին, սրբությամբ մնամ: Եվ դատավորը, երբ սա լսեց, ասաց Թեկղին. «Գնա՛ ուր ուզում ես»: Եվ այնտեղ կար մի թագավորազն մեծատուն` տիկին Տրիփոնիա անունով, որի դուստրը մահացած էր և նրան վերցրեց իր տունը և մխիթարվում էր տեսնելով Թեկղին:

Երբ գազանները թատրոն մտան` եկան Տրիփոնիայի տնից տանելու Թեկղին և տարան թատրոն ու մերկացրին նրան, փաթաթեցին կտավով և կանգնեցրին: Արձակեցին նրա վրա մատակ առյուծ: Տրիփոնիա տիկինը թատրոնի դռանն էր և աղիողորմ ձայնով գուժում էր: Մատակ առյուծը եկավ և սկսեց լիզել Թեկղին, և դատավորն ու ամբողջ զորքը զարմացան նրա զորությանը, որ տվեց Աստված: Եվ տախտակի վրա գրեցին և ցույց տվեցին մարդկանց, որ այնտեղ նստած էին, թե` «Թեկղի համար դիմեցե՛ք մեհենակապուտ աստվածներին, որ կայսերական պսակը գցեց Աղեքսանդրոսի գլխից, որ կամենում էր նրա նկատմամբ պղծություն անել»: Բոլոր մարդիկ աղաղակում էին իրենց որդիներով հանդերձ և ասում էին. «Բողոք առ աստված, այս ամենի համար, որ լինում է մեր քաղաքում»:

Դարձյալ նրա վրա արձակեցին այլ գազաններ, և դրանք չմոտեցան նրան: Այնժամ նա ելավ ասպարեզից, նաև` գազանները: Եվ Տրիփոնիա տիկինը իսկույն եկավ Թեկղի մոտ, որովհետև իր մեռած դուստրը գիշերը երազին եկել և պատմել էր մորը. «Մա՛յր իմ, այս հալածական–օտարական Թեկղին պահիր քեզ մոտ իմ տեղը, որպեսզի ինձ համար աղոթի, որ արժանի լինեմ անցնել սրբերի և արդարների մեջ»: Եվ երբ Տրիփոնիան ընդունեց Թեկղին և հոգ էր տանում նրա համար. մեկ, որ տրտմել էր թե առավոտյան նրան նորից տանելու են գազաններին գցելու, և որ նրա վրա դրված էր մեռած դստեր գութը, տիկինն ասաց. «Ահա այս երկու անգամ է, թախիծ և տրտմություն է իմ տան մեջ լինում: Արդ, աղաչիր և խնդրիր իմ դստեր համար, որ ապրի, քանի որ այսպես տեսա նրան իմ երազում»: Եվ իսկույն ելավ Թեկղը, ձայնը բարձրացրեց երկինք և ասաց. «Աստված, որ երկնքում ես, Բարձրյալի Հայր, Տրիփոնիա տիկնոջը տուր իր կամքի համաձայն, որ նրա դուստրը ապրի հավիտյանս հավիտենից»: Երբ այս լսեց տիկինը, նստեց թախծելու սուգով, լացեց աղիողորմ և ասաց. «Քո այդպիսի գեղեցկությունը մյուս անգամ ուտելու են գազանները»:

Երբ առավոտը բացվեց, Աղեքսանդրոսը փութով եկավ, հասավ Թեկղին տանելու, որովհետև նա էր, որ քաղաքից գազաններ էր տալիս թատրոնին: Եվ ասաց. «Ահա դատավորը նստած է, և ամբողջ զորքն շտապում է: Շտապ այստեղ տուր Թեկղին, որ գազանակուր կորցնենք»: Եվ Տրիփոնիան ճչաց, լացեց գուժի ձայնով, և աղաղակից փախավ Աղեքսանդրոսը զարհուրած: Եվ տիկինն ասաց. «Ահա այս երկրորդ անգամ է` սգո թախիծ է իմ տանը: Չկա մեկը, որ օգնի ինձ: Որովհետև իմ դուստրը կենդանի չէ, մեռավ, և իմ ազգատոհմից ոչ ոք չկա իմ թիկունքին: Եվ ես այրի կին եմ: Այժմ գնա՛, Թե՛կղ, և քո Աստվածը լինի քեզ օգնական»: Եվ դատավորը ուրիշ մարդկանց ուղարկեց Թեկղին տանելու, բայց տիկինը նրանց ձեռքը չտվեց Թեկղին, այլ ամուր բռնել էր նրա ձեռքը: Գալիս էր, գոտեպնդելով իրեն, ասում էր. «Իմ դստրիկին ուղարկեցի գերեզման, և քեզ, Թե՛կղ, ուղարկում եմ որպես կերակուր գազանների»: Թեկղը մեծ լաց ու կոծ դրեց, հոգոց էր հանում հեծեծալով Աստծու առջև և ասում. «Տե՛ր Աստված իմ, հավատում եմ` ում ապավինեցի, և փրկեցիր ինձ այն հրից: Հատուցում տուր բարի Տրիփոնիային, որ գթաց քո աղախնին և ինձ պահեց սրբությամբ»:

Անմիջապես նույն պահին բազմությունը մեծ աղմուկ–աղաղակ բարձրացրեց, և պայթյուն ու ճչյուն եղավ, գրգռելու գազաններին: Կեսը գազաններին էին հանում, և շատ այրեր ու կանայք մեհենակապուտ, տաճարակապուտ աստված էին կոչում նրան: Մյուսներն ասում էին. «Կկործանվի մեր քաղաքը անօրինության համար, որ դուք եք անում: Բոլորին կորցրեց այդ դատավորը: Դառն է տեսարանը, որ տեսնում ենք և անիրավ` դատաստանը, որով դատում են Թեկղին»: Եկան երիտասարդները, վերցրին Տրիփոնիա տիկնոջ ձեռքից Թեկղին ու տարան թատրոն` գցելու գազաններին: Տարան կանգնեցրին թատրոնի մեջ: Մերկացրին հանդերձները և փաթաթեցին կտավով, և այդպես ասաց. «Տեր Աստված, մեր Տեր Հիսուս Քրիստոսի Հա՛յր, Դու ես հալածվածների օգնական, Դու ես աղքատների վերակացու: Տե՛ս և նայիր Քո աղախնին, որ մերկ, խայտառակված է ամբողջ այսքան զորքի առջև: Տեր իմ և Աստված իմ, այս ժամիս հիշիր Քո աղախնին»: Այնժամ նրա վրա արձակեցին մի վագր, որ շատ չար էր և դարձյալ մի մատակ առյուծ արձակեցին նրա վրա: Եվ Թեկղը ինքնամոռաց տարածել էր ձեռքերը խաչափայտի նմանությամբ: Մատակ առյուծը գնաց, հարձակվեց նրա վրա, և երբ եկավ–հասավ` նստեց նրա ոտքերի մոտ: Եկավ–հասավ և վագրը, ուզում էր հարվածել նրան, ընկավ նրա առաջ և կիսվեց մեջտեղից:

Այս անգամ արջ բերին, որ ավելի ուժեղ էր, ընթացավ հարձակվելու Թեկղի վրա. մատակ առյուծը, որ նստած էր նրա ոտքերի մոտ, ելավ, բռնեց արջին և հոշոտեց: Մի առյուծ ևս, որ սովորեցրել էին հարձակվել մարդկանց վրա, որ նույն Աղեքսանդրոսինն էր, հարձակվեց Թեկղի վրա: Մատակ առյուծը, որ նստած էր նրա ոտքերի մոտ, ելավ, դիմավորեց առյուծին, և երկուսով բախվեցին միմյանց, և քիչ անց երկուսը սպանեցին միմյանց: Կանայք, որ նստած նայում էին, առավել ևս սգացին և ասում էին, թե մատակ առյուծը, որ օգնում էր Թեկղին, նույնպես մեռավ: Դարձյալ նրա վրա արձակեցին այլ գազաններ: Երբ Թեկղը տեսավ, որ բազում գազաններ ելան, տարածեց իր ձեռքերը և սկսեց աղոթել: Երբ ավարտեց աղոթքը, հետ դարձավ և տեսավ ջրով լի մի մեծ փոս և ասաց. «Ահա այսուհետև մկրտվելու ժամանակն է,– բարձրացրեց ձայնը և ասաց,– հանուն Հիսուս Քրիստոսի, ահա այսօր, վերջին օրը, մկրտվում եմ»: Երբ կանայք, որ նստած լալիս էին, տեսան` ասացին նրան. «Մի՛ մտիր այդ ջուրը, որովհետև չար են գազանները, որ այնտեղ են»: Եվ երբ դատավորը տեսավ նրան, լացեց թե այնպիսի վայելուչ գեղեցկությունը ուտելու են գազանները, որ ջրի մեջ են: Բայց Թեկղը իսկույն գնաց և իջավ ջրի մեջ, և գազանները երբ տեսան նրան` ինչպես հրի փայլակից, սատկեցին և ջրի վրա մնացին, գալիս էին նրա շուրջը, և նրա վրա լուսափայլ ամպհովանի եղավ, այնպես, որ թվում էր թե Թեկղը մերկ է: Երբ թատրոնում նստած կանայք տեսան, թե նորից գազաններ են արձակում Թեկղի վրա, ավելի չար քան առաջինները, սկսեցին ճչալ և ասել. «Բողոք առ աստված. ի՛նչ ենք տեսնում այս քաղաքում»: Ապա եկան կանայք և սկսեցին խունկ դնել Թեկղի վրա. կեսը նարդյան պտուղ էին դնում, կեսը` հիրիկ խունկեր, իսկ կեսը ապուրսամ խունկեր և այլ անուշ խունկեր էին ցանում թատրոնում:

Բերին արձակեցին և այլ գազաններ: Գազանները եկան, նստեցին նրա շուրջը, ետևը և առաջը, և ննջեցին, և նրանցից ոչ մեկը Թեկղին չվնասեց: Աղեքսանդրոսը դարձյալ գնաց և ասաց դատավորին. «Ես ունեմ երկու ուժեղ չար գազան. բերենք այստեղ և մեջտեղը կապենք աղջկան: Թերևս զայրանան և սատկեցնեն նրան»: Եվ դատավորն ասաց Աղեքսանդրոսին. «Գնա՛, արա՛ ինչպես քեզ հաճո է թվում»: Եվ ուղարկեց բերելու գազաններին, և բերին, Թեկղին հանեցին գազանների միջից և երեսնիվայր կապեցին ոտքերը` երկու գազանների մեջտեղը և բերին շամփուրներ, դրին կրակին և հրով շիկացրին շամփուրները և դրին գազանների ազդրերին, որ զայրանան և կոտորեն նրան: Եվ խարանի ցավից զայրանում էին գազանները, և հրի բոցը ելավ և այրեց կապանքները, որով կապել էին Թեկղի ոտքերը: Թեկղը ելավ, վազեց, կանգնեց գազանների առջև, ասես ամենևին ցավ չի եղել նրան և ոչ իսկ կապանքով կապված է եղել: Իսկ Տրիփոնիա տիկինը թատրոնի դռան մոտ էր, ճչաց հանկարծակի և ընկավ կործանվեց, որովհետև կարծեց, թե Թեկղը մահացավ: Երբ ծառաները տեսան, թե ճչաց, նվաղեց և ընկավ, սկսեցին գուժ բառնալ և պատռել իրենց պատմուճանները և ասացին. «Վա¯յ, մեռավ տիկինը»: Եվ ամբողջ քաղաքը դողաց: Աղեքսանդրոսը վախեցավ, գնաց դատավորի մոտ և ասաց. «Գթա՛ ինձ և քաղաքդ և արձակիր գազանի կերին, թող գնա առհասարակ ազատ, որ այս քաղաքը ամբողջապես չկորչի. գուցե երբ կայսրը լսի այս գործը, որ կատարում ենք, կորստյան մատնի քաղաքս, քանի որ Տրիփոնիա տիկինը, որ թատրոնի դռանն էր և մեռավ, կայսեր ազգից է»:

Այնժամ դատավորն ասաց. «Թեկղին բերեք այստեղ»: Եվ ծառաները գնացին գազանների միջից Թեկղին բերելու և կանգնեցրին դատավորի առաջ: Թեկղին ասաց. «Ո՞վ ես դու, և ի՞նչպես է, որ չեն մերձենում քեզ գազանները»: Պատասխանեց. «Աստծու աղախինն եմ, և որ ինձ հետ է Նա` կենդանի Աստծու Որդին է, որ իմ հույսն է, Նրա համար է, որ գազանները չեն մոտենում ինձ, որովհետև Նա կյանքի սահմանն է, բոլոր հալածվածների հասնող և անհույսների հույս ու կյանք: Բայց քեզ եմ ասում, դատավոր, և բոլորին, որ քեզ մոտ են. ով որ հավատա Աստծուն, որի մեծ գործերը տեսնում եք, որ արեց իր աղախնի համար` ևս առավել կլինեն: Իսկ ով չի հավատում Նրան` կմեռնի հավիտենական մահով»: Եվ դատավորն այս լսեց Թեկղի բերանից, հրամայեց նրան զգեստ բերել և ասաց նրան. «Հեռացրու այդ կտավը և առ, հագիր հանդերձը, որ տվի քեզ»: Թեկղը պատասխանեց դատավորին. «Ով ինձ զորություն հագցրեց գազանների մեջ, Նա կզգեցնի ինձ դատաստանի օրը»: Եվ Թեկղը մերկացավ կտավից և հագավ զգեստները:

Դատավորը ամբողջ զորքի առջև քարոզ կարդաց. «Թեկղին Աստված արձակեց և տվեց ձեզ»: Եվ կանայք, որ նստած էին թատրոնում, մեծաբարբառ ձայն արձակեցին, սկսեցին աղաղակել և փառք տալ Աստծուն: Եվ ասացին. «Մեծ է Թեկղի Աստվածը, որ ապրեցրեց և փրկեց նրան գազանների միջից»: Եվ կանանց աղաղակի ձայնից դղրդաց ամբողջ քաղաքը, և իսկույն գնացին ավետիս տվին Տրիփոնիա տիկնոջը, նա եկավ, գտավ նրան, գրկելով համբուրում էր նրան և ասում. «Դուստր իմ Թեկղ, այժմ հավատում եմ, թե կենդանի է իմ դստրիկը: Արդ, արի՛ իմ տունը, Թեկղ, և իմ ամբողջ ունեցվածքը քեզ կտամ»:

Եվ նրա հետ Թեկղը գնաց, մտավ նրա տունը, և նրա մոտ հանգստացավ ութ օր, Տրիփոնիա տիկնոջը սովորեցրեց Աստծու բոլոր պատվիրանները, և տիկինը հավատաց Աստծուն, նաև` նրա աղախիններից շատերը: Եվ այնտեղ մեծ էր Թեկղի ուրախությունը: Եվ քանի որ նա սիրում էր Պողոսին` [մարդ] ուղարկեց ամեն տեղ փնտրելու նրան: Եվ երբ գտան, եկան նրան պատմեցին և ասացին. «Ահա նա Մեռովք քաղաքում է»: Եվ [Թեկղը] ելավ Տրիփոնիա տիկնոջ տնից, տղամարդու զգեստ հագավ, իր հետ բազում մարդիկ վերցրեց, նաև` տիկնոջ աղախիններից, գնաց մտավ Մեռովք քաղաքը և այնտեղ գտավ Պողոսին, որ նստած ուսուցանում էր Աստծու պատվիրանները: Գնաց նրա մոտ մնաց և Թեկղը, և երբ Պողոսը տեսավ նրան և նրա հետի մարդկանց` զարմացավ և կարծեց, թե դարձյալ ինչ–որ փորձություն է պատահել նրան: Թեկղը նրան ասաց. «Ես մկրտություն ընդունեցի, որովհետև` Ով որ քեզ պատվիրեց քարոզել, Նույնը ինձ հրամայեց մկրտվել»: Եվ ելավ Պողոսը, վերցրեց նրան և նրա հետի բոլոր մարդկանց, տարավ Հերմեսի տունը: Պողոսը նստեց, նաև Թեկղը և մյուս մարդիկ, որ նրա հետ էին: Թեկղը պատմեց այն ամենը, որ արեց Աստված նրան, և Պողոսը խիստ զարմացավ զորությունների համար, որ տրվեցին նրան: Եվ բոլորը այնտեղ էին և լսում էին, թե ինչ արեց Աստված նրան, ջերմորեն հաստատում էին և ճշմարտում: Եվ բոլորը միասին ելան փառավորում և օրհնում էին Աստծուն, որ սքանչելիքներ է գործում բոլորին, ովքեր Իրեն հավատում են և պահում Իր պատվիրանները: Աղոթում էին և խնդրում Աստծուն Տրիփոնիա տիկնոջ համար, որ իր գութը ցուցաբերեց Նրա աղախնի հանդեպ և պահեց նրան սրբությամբ: Թեկղը ասաց. «Գնամ Իկոնիոն քաղաք»: Եվ Պողոսն ասաց. «Գնա՛ և ուսուցանիր այնտեղ Աստծու պատվիրաններն ու խոսքերը»:

Երբ Տրիփոնիա տիկինը լսեց, թե Թեկղը գնում է Իկոնիոն քաղաքը, վերցրեց բազում հանդերձանք, ոսկի և արծաթ և ուղարկեց Թեկղին: Եվ [նա] վերցրեց հանդերձանքը և ոսկուց ուղարկեց Պողոսին` ի սպաս պաշտամունքի: Եվ Թեկղը գնաց մտավ Ոնեսիփորոսի տունը, երեսնիվայր ընկավ այն տեղը, ուր նստել Պողոսը ուսուցանում էր Աստծու պատվիրանները, լացեց և ասաց. «Աստված մեր, այս տան Աստված, որտեղ ինձ լույս ծագեց Հիսուս Քրիստոսից, որ օգնեց ինձ բանտում և դատավորի առջև, փրկեց գազանների միջից և ինձ մկրտություն տվեց հավիտյանս հավիտենից: [Այսուհետև] գնամ երանությունների մեջ, որ պահված են ինձ և նրանց, որ պահում են Քրիստոսի պատվիրանները, որովհետև Նա միակ բարձրյալ Աստվածն է, նստում է քերովբեների աթոռին, և Նրանն է փառքը հավիտյանս հավիտենից. ամեն»:

Այս բոլոր սքանչելիքներից հետո, որ նրան արեց Աստված Իկոնիա քաղաքում, գտավ, որ մեռել է իր փեսացու Թեմերոսը, իսկ իր մայրը կենդանի էր: Ասում է նրան Թեկղը. «Մայր իմ, թե կարող ես հավատալ մեկն է բարձրյալ Աստվածը` իմ Տերը, որ երկնքում է: Իսկ եթե ոսկի և արծաթ և ինչք ես սիրում, որ մաշվում են, ահա այսուհետև տրված է քեզ: Եթե հավատաս, որ մեկն է Աստված երկնքում և բացի Նրանից այլ Աստված չկա, կարող ես լինել և պահել, ինչ որ ասեմ քեզ, որովհետև ահա ես քո առջև եմ, որ փրկվեցի կրակից, չար գազաններից և դատավորի ձեռքից, քանի որ իմ նույն Աստվածը և Տերը օգնեց ինձ և տվեց համբերելու կարողություն»: Այս ամենը վկայություն տվեց իր մորը և ելավ Իկոնիա քաղաքից և գնաց Սելևկիա. այնտեղ բազում մարդկանց լուսավորեց Աստծու խոսքով և ննջեց հանգիստ քնով:

Ավարտվեց երանելի Թեկղի պատմությունը: Փառք ամենակալ Աստծուն և Իր Օծյալին և Սուրբ Հոգուն, որ զորություն տվեց թարգմանչին ու գրչին, որ նույն Աստվածը կատարի ողորմություն երկու աշխարհում. հավիտյանս հավիտենից. ամեն:

 

Վարք Սրբոց, Հատոր Բ, Ս. Էջմիածին – 2010թ.

 

22.04.15
ԲաԺանորդագրվել
Ընթերցել նաև
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․