Գրքեր

Սուրբ Տրիփոնի վկայաբանությունը

Տրիփոնը հավատացյալ հոր և մոր որդի էր: Երբ վախճանվեց նրա հայրը, թողեց որդուն և դստերը:

Եվ նրա մայրն ու քույրը մանկանը սնում էին բարեպաշտությամբ և ընծայում էին Տիրոջն և ուսուցանում խրատի իմաստությամբ: Եվ Աստծու շորհները մանկան վրա էին, և երբ լրացավ Տրիփոնի տասներկու տարին, իր հասակակիցների հետ բարեպաշտություն էր ուսանում և նրանց աստվածահաճո վարքի էր հորդորում: Եվ այնպես պատահեց, որ նրանցից մի մանկան խայթեց չարաթույն օձը, և այդ դժնդակ պատահարից [երեխան] մեռածի պես թուլացել էր: Եվ երբ երեխաներն աղմուկ բարձրացրեցին, բազում մարդիկ և կանայք խմբվեցին: [Շտապեցին] նաև խայթվածի ծնողները, որ ողբ բարձրացնելով` լալիս էին, ու նրանց հետ նաև մյուս հավաքվածները, որ նրան մահացած էին համարում: Եվ երբ երեք ժամ անցավ, խայթված երեխան հանկարծ ձայն տվեց Տրիփոնին և ասաց. «Աստծուն աղաչելով օգնի՛ր ինձ, որ ապրեմ, որովհետև Աստծու կողմից քեզ բժշկելու կարողություն է տրված»: Եվ մանուկ Տրիփոնին մոտեցրին խայթված երեխային: Նա աչքերը երկինք հառեց, խաչակնքեց թունավոր օձից խայթվածին և ասաց. «Տիեզերքի՛ն լույս շնորհող Քրիստոս, մարդկային ազգի կյանք և փրկիչ, Քո սուրբ անվամբ բժշկի՛ր վիրավորին, որովհետև Քո զորությամբ ամենակարող ես, ի՛մ Տեր Աստված»: Եվ մանուկն իսկույն վեր կացավ և սկսեց Տրիփոնի հետ փառավորել Աստծուն, և իբրև Աստծու ծառայի` ամբողջ ժողովուրդը զարմանալով [և հիանալով] սիրեց սրբին, իսկ նա մանկաբար չմեծամտացավ, այլ Աստծուն էր փառք տալիս և մտածում էր արդարության խորհուրդների մասին, մշտապես աղոթում էր և արդար արարքներ գործում: Գրաստին նստած մի մարդ` ճանապարհորդելիս անցնում էր Տրիփոնի մոտով: Տրիփոնն ասաց նրան. «Ո՛վ մարդ, ես քո հետ կգամ, ուր որ Աստված հրամայի»: Եվ նա պատասխանեց. «Արի՛, որդյա՛կ, բարով գաս»,- որովհետև տեսավ Աստծու շնորհները, որ երևում էին նրա վրա, և խնդրելով բարձրացրեց գրաստին, իսկ ինքը ետևից գնաց: Եվ հարցնում էր օգտակարի մասին և լսում ճշմարտության խոսքն ու զարմանում, թե ինչպես է, երեխա լինելով, կատարյալ խոսքեր բարբառում: Եվ տեսավ մանկան հրեշտակին, որ Տիրոջից ստացել էր Տրիփոնին պահելու հրաման: Եվ [տեսնելով]` զարհուրեց: Իսկ Աստծու սուրբը քաջալերում էր նրան իմաստության խոսքերով: Եվ դևերն աղաղակում էին նրա հետևից և ասում. «Տրիփո՛ն, մեր հալածիչ և սրբության քարոզ, ո՞ւմ մոտ ես գնում»,- իսկ նա դրանց ոչինչ չէր պատասխանում: Եվ ճամփորդն ասաց. «Ո՜վ սուրբդ Աստծու, քեզ ծառա և սպասավոր կլինեմ, որ արժանանամ Տիրոջ ողորմությանը»: Եվ նա ասաց. «[Դու] Քրիստոսի ծառան ես, Նրան սրբությամբ և արդարությամբ սպասավորի՛ր և կփրկվես»: Եվ գալով` օթևանեցին մի պանդոկում: Եվ պանդոկապանը հիվանդ էր և սաստիկ ջերմությամբ տանջվում էր: Եվ նրա ընկերն աղաչեց, որ ապաքինի հիվանդին: Եվ սուրբը մարդուն կնքեց Քրիստոսի խաչի նշանով ու ասաց. «Տիրո՛ջ անվամբ. շտա՛պ վեր կաց»: Եվ անմիջապես ելավ ու սկսեց պաշտել նրանց, սեղան դրեց նրանց առջև: Եվ սրբի շնորհիվ ապաքինվելով` իր ընտանիքով հանդերձ փառավորում էր Աստծուն:

Առավոտյան զարթնելով` ճանապարհ ընկան դեպի Կեսարիա` անդադար սաղմոսելով, օրհնություններ ասելով և աղոթելով: Եվ երբ գնում էին, ընդառաջ եկավ դևերի կողմից գրգռված մի վայրի գազան, որ ուզում էր կործանել նրանց: Իսկ սուրբ Տրիփոնը չընդհատեց աղոթքն ու անգամ չշփոթվեց և արհամարհեց չար գազանին: Իսկ նրա ընկերը զարհուրեց և ճչալով` դիմեց սրբին. «Փրկի՛ր ինձ»: Եվ սուրբն ասաց. «Քաջալերվի՛ր և մի՛ երկնչիր, որովհետև Տերը մեզ հետ է»: Եվ ձեռքերը վեր բարձրացնելով` ասաց. «Ամենակա՛լ Տեր Աստված, իջեցրո՛ւ Քո փրկարար աջն ու դիվական երկյուղը հեռու վանի՛ր Քո ծառայից: Թո՛ղ չար դևերը նկուն դառնան Քո ահազդու անունից, որից դողում են բոլոր արարվածները: Քո ողորմած կամքով հեռացրո՛ւ խռովարարին և զորացրո՛ւ ծառայիդ, որ ամենաչարից չերկյուղելով` փառավորի Քեզ»: Եվ երբ արտասանեց այս, զարհուրածը հոգեպնդվեց և աներկյուղ համարձակությամբ փառավորում էր Աստծուն: Իսկ սուրբը, գազանի առջև խաչակնքելով, ասաց. «Վերադարձի՛ր քո տեղը, որտեղից եկար, և թո՛ղ նկուն լինեն քեզ ուղարկողները»: Եվ [գազանն] իսկույն փախավ:

Եվ գնացին Կեսարիա: Երբ մտան քաղաքը, սրբի առաջ ելավ մի դիվահար և աղաղակելով` դիմեց Տրիփոնին. «Աստծո՛ւ ծառա, փրկի՛ր ինձ պաշտամունքից թշնամու, որ ինձ լլկում է»: Աստծու սուրբն սկսեց արտասվել, հոգոց հանեց և ասաց. «Բարերար Աստծու փառքերի ճառագա՛յթ և պատկեր, իրավունքի և արդարության անշիջելի լույս, Քրիստո՛ս, թո՛ղ ահազդու և փառավորված անունդ հալածի չար դևին Քո [ձեռքով] ստեղծվածի միջից, որ չարից մաքրվելով` օրհնի արարողիդ, որովհետև Դու հզոր և ամենակարող ես»: Նույն պահին աղաղակող մարդը լռեց, և ասես փոթորկված ուժգին հողմ ելավ նրանից և չքվեց դեպի անապատի կողմը: Եվ չար դևից ազատված մարդը, Աստծուն փառավորելով, գնաց իր տունը, և չարն այլևս նրան չհանդիպեց:

Իսկ մի նշանավոր մարդ, որին նեղում էր դևը, երբ լսեց, եկավ սուրբ Տրիփոնի մոտ և խնդրում էր, որ ողորմի իրեն և փրկի չար դևից: Տրիփոնն ասաց. «Քեզ կողորմի վտանգվածներին Լսողը»,- և բռնեց նրա ձեռքից, ու դևը շարժեց մարդուն: Եվ սուրբն ասաց. «Քեզ եմ ասում, անիրավությա՛ն չար դև, երկյուղի՛ր ահազդու Աստծուց և դո՛ւրս արի սրա միջից և այլևս չվերադառնաս քո այս բնակատեղին»: Եվ վտանգվածից ասես թանձր ծուխ ելավ հողմի պես, ու նա սթափվելով` ելավ ու սուրբ Տրիփոնի հետ սկսեց Աստծուն փառավորել:

Եվ քաղաքի Ուրկիոս դատավորը, լսելով այս, ուղարկեց իր հավատարիմ մարդկանց, որ իր մոտ բերեն նրան, ու տեսնի Աստծու սրբին: Եվ ելավ սրբին ընդառաջ ու ասաց. «Բարո՜վ եկար, բարձրյալ Աստծու ծառա»: Աստծու սուրբը պատասխանեց և ասաց. «Թո՛ղ բարձրյալն Աստված լուսավորի քո միտքը` հօգուտ քեզ»: Դատավորը հարցրեց. «Մանուկ լինելով` ինչպես ես ընդունել այս աստվածային շնորհները, որ ասես տարիքով մարդ լինես` հոգով և ճշմարտությամբ, լեցուն Աստծու շնորհներով»: Սուրբ Տրիփոնն ասաց նրան. «Բոլոր արարածների Տերն ինձ խնամեց ոչ ըստ իմ արժանավորության, այլ գթաց ինձ Իր ողորմությանը համապատասխան, որ վերացնի էակների [տարբերությունը], որպեսզի մարմնով և գիտությամբ կարողը չպարծենա մյուսների առջև, որովհետև ինքն [ընդամենը] գիտությունն ու զորությունն է Աստծու կամքի, որով [Ամենակարողը] մարդկանց միջից հալածում է դևերին և ցավը, նաև անառակության ախտն ու չար խոհերի ազդեցությունը, որ պղծում են պես-պես և զանազան գործերով և մարդկանց ընկղմում են չար ապականությունների խորքերը: [Աստված շնորհեց ինձ առատորեն, որպեսզի ցույց տա], որ աստվածային մանուկն իմաստնագույն է, քան ծերունիները, և Աստծու տկարը զորավոր է, քան աշխարհի հզորագույնները: Ե՛կ, դու ևս հավատա ամենակալ Աստծուն և Նրանից ստացիր բարերարության շնորհներ, որ հավատքով և արդար վարքով ժառանգես անհամեմատելի լույսն ու պայծառությունն ի Հիսուս Քրիստոս, [ընդունես] երկնային արքայությունն ու անապական բարիքները, որ պահվում են հավատացյալների, սրբերի և արդարների համար»: Եվ դատավորն ասաց. «Աղոթի՛ր ինձ համար, որ լինի` ինչպես որ ասացիր»:

Եվ սուրբ Տրիփոնն օրհնեց Աստծուն և ասաց. «Իմանալի՛ Զորություն, լուսավորիր նրան աստվածգիտության լույսով: Բե՛ր խավարից դեպի լույս` Քեզ հավատացողների մոտ, որ Քո լույսով տեսնի աստվածգիտության լույսն ու փառավորի Քեզ, ճշմարի՛տ Աստված»: Եվ դրանից հետո Աստծու ահով մեղքերից մաքրվելով` հաստատվեց և մնաց ուղիղ հավատքի և բարեպաշտ վարքի հույսի մեջ:

Եվ նույն քաղաքում մի մարդ կար, որ մի դուստր ուներ: Եվ եկավ Աստծու սրբի մոտ և աղաչում էր, որ գա, փրկի դստերը չար դևից: Եվ մարդու աղաչանքները լսելով` սուրբը նրա հետ տուն գնաց: Եվ տեսնելով դիվահարին` արտասվելով և հառաչելով` սկսեց աղոթել Աստծուն և ասել. «Բարիքների՛ բաշխող և ողորմած Տեր, նայի՛ր Քո ձեռքով արարվածին, որին բռնել է չար ոգին: Գործի՛ր Քո մարդասեր շնորհների գթությամբ, Քո ստեղծածի միջից հալածի՛ր չար դևին, որ ամոթահար լինի, և Քո սուրբ անունը փառավորեն Քո արարածները, որովհետև, Տե՛ր, Դու ես արժանի փառքի և պատվի»: Եվ երբ ասաց այս, աղջկան կնքեց Քրիստոսի խաչի նշանով` անվամբ Հոր և Որդու և Սուրբ Հոգու: Եվ աղջիկն անմիջապես մաքրվեց և ամբողջ ընտանիքով փառավորում էին Աստծուն` օրհնելով Տիրոջը:

Սրանից հետո սրբի մոտ բերեցին ջրգողությամբ տառապող մի հիվանդի, որ ունեցվածքը վաճառելով` [փորձել էր բուժվել], սակայն օգուտ չէր եղել: Եվ [հիվանդն] աղաչում էր սրբին, որ աղոթքով բժշկի իրեն Տիրոջ անվամբ: Եվ հիվանդին գթալով` արտասվեց և հառաչանքով արտաբերեց Տիրոջ անունն ու սկսեց պատմել բժշկությունները, [որ կատարեց], երբ երևաց երկրի վրա և շրջեց մարդկանց մեջ: [Եվ պատմում էր], որպեսզի գթա ախտահարվածին և Իր մեծ ողորմությամբ առողջություն շնորհի, որ և եղավ այդպես սրբի աղոթքներով և բարեխոսությամբ: [Եվ առողջացածը] գոհանալով օրհնում էր Աստծուն:

Եվ երանելին աղոթքներով, պահքով և սրբակրոնությամբ հանապազորդ, գիշեր ու ցերեկ այսպես խորհում էր Տիրոջ օրենքի մասին: Եվ դևերի մարտն ընդդեմ սրբի սաստիկ էր, սակայն Տիրոջ շնորհներով դևերին հաղթում էր կռվում:

Եվ մի անգամ նրա մոտ մի կին եկավ, որ կույր էր և կռացած ու կծկված դևերի բազմության պատճառով: Եվ սուրբը, տեսնելով նրան, զարհուրեց և հարցրեց. «Ո՞վ ես դու և ո՞րտեղից ես գալիս»: Կինն ասաց. «Ես դևերի բնակատեղի եմ. եկա անապատից և կանգնած եմ քո առջև»: Եվ սուրբը հարցրեց. «Ինչո՞ւ եկար այստեղ»: Եվ նա պատասխանեց. «Իմացա Աստծու զորությունը, որ քեզ վրա է»: Եվ Աստծու սուրբն սկսեց դառնապես ողբալ խեղճի համար և արտասվելով` բազում ժամեր աղոթում էր Տիրոջը, իսկ դևերը, տանջվելով սրբի աղոթքներից, տարբեր զարհուրական ձայներ էին արձակում: Եվ Աստծու սուրբն ասաց. «Տիրոջ անունով` հալածվեցե՛ք այստեղից և այլևս չհամարձակվե՛ք դառնալ ձեր այս բնակության տեղը»: Եվ ամենակալ Տիրոջ ահից սարսափած` դևերն աղաղակում էին և դիմում էին սրբին. «Քանի որ մեզ հալածեցիր քո աղոթքով, մենք կգնանք Հռոմ, որ և այնտեղ կգաս` կամա թե ակամա»: Իսկ սուրբն իր մոտ եղած քրիստոսական խաչով կնքեց կնոջ զգայարանը, և կինն իսկույն սթափվեց և ազատվեց ցավերից: Եվ այս տեսնելով` բոլորն սկսեցին փառավորել Աստծուն` սրբի միջոցով բարիք շնորհողին:

Եվ դևերը, գնալով Հռոմ, բնակվեցին Պրոկղ անունով մի պատվելի կնոջ ներսում, որ դևերի սաստիկ տանջանքներին էր ենթարկվում և ոչ ոք չէր կարողանում ազատել նրան: Իսկ դևերը գոչյուն էին բարձրացնում և ասում էին. «Մինչև այստեղ չգա Տրիփոնը` դուրս չենք գա»: Եվ հարցուփորձով շատ որոնեցին Տրիփոնին, մինչև որ եկան-գտան Կեսարիայում և նրան շտապով տարան Հռոմ: Եվ երբ մտավ տառապող կնոջ տունը, դևերն աղաղակ բարձրացրեցին և ասացին. «Եկար, որ այստեղ և՞ս մեզ հալածես»: Եվ սուրբն ասաց. «Անվամբ զորությունների Տիրոջ, որ ինձ զորացրեց ձեզ վրա. անզորանալով հալածվեցե՛ք դեպի արտաքին խավարը, որ բոլորի Փրկչի կողմից պատրաստված է ձեր չարությանը համապատասխան»: Եվ անմիջապես կինն ազատվեց պիղծ դևերից և սկսեց փառավորել Աստծուն: Եվ [երանելին] կնոջը հանձնեց ամուսնուն, հավատքի և արդարության մասին բազում բաներ խոսեց և նրանց օրհնելով` վերադարձավ իր գյուղը` Սամուսա, ուր նրա միջոցով Աստված բժշկություններ էր անում: Եվ մինչ օրս պատմում են դևերին պարտության մատնելու և դրանց հաղթելու զորության մասին, որ նրան տվել էր Աստված: [Պատմում են] նաև պարգևների մասին, որ Հոր, Որդու և Սուրբ Հոգու մոտ են, որին փառք հավիտյանս. ամեն:

 

                                                                                                                        * * *

Այդ ժամանակներում Հռոմում թագավորում էր Գորգիանոսը, որ բարեպաշտ էր: Եվ նա մի դուստր ուներ, որ նույն անունն էր կրում, վարժվել էր փիլիսոփայական իմաստությամբ և հույժ խելամիտ ու գեղեցիկ էր: Եվ թագավորական զարմից շատերն էին նրան կնության խնդրում: Եվ մինչ մտածում էին, [թե ում տան կնության], չար դևը բնակվեց թագավորի աղջկա մեջ: Եվ աղջիկը ճչում էր, արտաբերում Տրիփոնի անունն ու ասում. «Ո՛վ սուրբդ Աստծու, օգնի՛ր ինձ քո աղոթքներով»: Եվ սարսափահար թագավորն ու թագուհին ձգտում էին իմանալ, թե ով է Տրիփոնը: Եվ հարցնելով ու փնտրելով` [պալատականները] գնացին ու գտան նրան Սամուսա գյուղում. սուրբը սագերին տարել էր լճի մոտ: Եվ [գյուղացիները] ցույց տվեցին [սրբին], թե` նա է: Եվ [պալատականները] հարցրեցին. «Դո՞ւ ես Տրիփոնը»: Եվ նա պատասխանեց. «Ես եմ»,-որովհետև Տիրոջից ազդ էր եղել, որ նրանց հետ գնա, չհապաղի: Եվ անմիջապես նրան երիվարի վրա բարձրացրեցին և ըստ թագավորի հրամանի շտապեցնում էին նրան և ծանուցում գնալու պատճառը: Իսկ նա ճանապարհին անդադար աղոթում էր Աստծուն, որ թագավորի աղջկան բժշկի նախքան ինքը կմտնի նրա մոտ: Եվ սրբի հայցածը կատարվեց: Երբ սուրբ Տրիփոնի գալստյան լուրը հասավ թագավորի, թագուհու և նրանց դստեր ականջներին, դևերն աղաղակեցին և խառնաշփոթի մեջ ընկնելով` ասացին. «Եկե՛ք դուրս գանք այս աղջկա միջից, որովհետև Տրիփոնը գալիս է մեր բնակությունից մեզ հանելու և մեզ կհալածի այնտեղ, ուր չենք կամենում»: Եվ այդ ժամանակ ինչպես հուժկու հողմ դուրս եկան աղջկա միջից, և նա առողջացավ: Իսկ երեք օր անց եկավ Տրիփոնը: Թագավորը հավատացել էր, որ նրա աղոթքով Տերը բժշկեց իր դստերը և սրբին մեծարեց ու ասաց. «Ո՛վ սուրբդ Աստծու, հավատացած եմ, որ քո միջոցով Տերն ապաքինեց դստերս: Աղաչում եմ քեզ, ո՛վ սուրբ, ցո՛ւյց տուր դևին, որ չարչարում էր իմ դստերը»: Եվ սուրբը յոթ օր ժամանակ խնդրեց թագավորից, որ աղոթի Տիրոջն, ու թագավորի խնդրանքը կատարվի: Եվ մեկ շաբաթ` գիշեր ու ցերեկ ամուր հավատքով աղոթեց, և Տերը շնորհեց նրա խնդրածը: Եվ մեծ պատվով կանչեցին թագավորի մոտ, որ կրկին նույն բանը խնդրեց: Եվ սուրբն ասաց. «Քեզ եմ ասում, չա՛ր դև, ո՞վ ես և ինչացո՞ւ. հայտնվի՛ր այստեղ»: Եվ նույն պահին եկավ [նա], որ թագավորի դստեր մեջ մտած դևերի իշխանն էր. շան կերպարանք էր առել` հրեղեն աչքերով, և գլուխը քարշ էր տալիս գետնով:

Սուրբն ասաց դևին. «Ա՛յ չարագույն դև, ինչո՞ւ մտար աղջկա մեջ և չարչարեցիր նրան»: Դևն ասաց. «Մեր հայրն առաքեց ինձ և ընկերակիցներիս` նրան չարչարելու և գեղեցկությունն ապականելու»: Սուրբն ասաց. «Եվ ո՞վ է ձեր հայրը»: Դևը պատասխանեց. «Սատանան` բարու թշնամին և չարի հորդորիչը, որ խլում է մարդկանցից բարեպաշտության ու արդարության մտքերը և անաստվածության ու անօրենության, հայհոյության մտքեր տնկում: [Խլում է խորհուրդները], որ Պետրոսն ու Պողոսը քարոզեցին այս քաղաքում և տիեզերքով մեկ: [Մեր հայրը նա է], որ մեզ սովորեցնում է քամահրանքով արհամարհել հավատքն ու արդար վարքը, [ուսուցանում է] ոչ միայն խոհերով խաբել մարդկանց, այլև չար գործերով: Խաբվողներին մոլորեցնում է բազմաստվածությամբ, երդմնազանցությամբ, սպանություններով, բամբասանքով, բարկությամբ և ստերով, ագահությամբ, ամբարտավանությամբ: Եվ արդյո՞ք կարիք կա, որ մեր և մեր հոր բոլոր չարագործությունները հիշեմ. չէ որ ձեր Գրքերը պատմում են մեր խորհրդով, խոսքով և գործերով իրականացած չարիքները, որ կատարում ենք մարդկանց միջոցով` հեշտությամբ արդարությունից դեպի մեղքերը քարշելով: Եվ այս ամենն ասացի քեզ իմ կամքին հակառակ` Աստծու հրեշտակի դրդմամբ:

Մեր հայրը չարի արարիչն է, իսկ մենք` արբանյակները չարի: Եվ արդարների մոտ, որ սիրում են Աստծուն, դառնում ենք տկար, սակայն հզորանում ենք մեր կամքով խորհողների և երկրային ցանկություններով տարվածների մոտ: Ահա ասացի քեզ այս ամենը ոչ իմ կամքով, այլ հարկադրված ճշմարտություն խոսեցի: Մենք ճշմարիտը չենք խոսում, այլ միայն սուտը, որպեսզի կարողանանք մարդ որսալ կորստյան վիհի և անշեջ հրի համար, որ պատրաստված են մեր հոր և մեզ համար, որպես և ասաց Քրիստոս»:

Եվ այս լսելով` թագավորն ու մեծամեծները զարմանալով հիացան և սկսեցին փառավորել Աստծուն: Եվ լսողներից շատերը հավատացին Աստծուն, իսկ հավատացյալներն առավել ամրապնդվեցին իրենց հավատքի մեջ: Եվ սուրբն ասաց դևին. «Ճշմարտությա՛ն հակառակորդ, [որ] խոսեցիր քո կամքին հակառակ, հեռացի՛ր»,- և չար դևն անհետացավ նրանց մոտից: Եվ թագավորը մեծարեց Աստծու երանելի սրբին ու բազում նվերներ շնորհեց, արծաթ և ոսկի, իսկ նա չէր կամենում ընդունել: Եվ այնքան համոզեցին, որ ամաչելով վերցրեց ու առնելով` բաշխեց կարոտյալներին, իսկ ինքը շարունակեց աղոթել գիշեր ու ցերեկ: Եվ [մի օր] գաղտնի հեռացավ դեպի իր բնակության վայրը:

[Որոշ ժամանակ անց] Գորգիանոս արքան վախճանվեց, և թագավորեց Փիլիպպոսը` այր ամբարիշտ և արդարության ու ճշմարիտ Աստծու թշնամի: Եվ [չարի կողմից] մոլորված կուռքերին էր պաշտում և զոհ մատուցում: Եվ քրիստոնյաների դեմ հալածանքներ սկսեց ու հրամայեց, որ ցանկացած գավառում ու գյուղում ով որ չպաշտի կուռքերին` չարաչար տանջանքներով վախճանվի: Եվ բոլոր ամբարիշտներն, ստանալով հրամանը, խոշտանգում ու նեղում էին հավատացյալներին, որ հնազանդվեն թագավորի կորստաբեր հրամանին:

Եպարքոսին տեղեկացրին Տրիփոնի և նրա հավատքի մասին: [Պատմեցին] նաև նրա սրբակրոն վարքն ու սքանչելիքները, որ երանելիի միջոցով կատարում էր Տերը: Եվ [եպարքոսը] զինվորներ ուղարկեց, որ սրբին ատյան բերեն: Եվ որովհետև հարկ չէր, որ լուսավոր անձն այն խավարում թաքչի, [չհեռացավ]: Եվ զինվորները բռնեցին սուրբ Տրիփոնին և եպարքոսի ատյանը բերեցին` ասես մի մահապարտի: Եպարքոսն ասաց նրան. «Ասա՛ անունդ և թե ո՞վ ես դու»: Երանելի Տրիփոնը պատասխանեց. «Անվամբ և հավատքով քրիստոնյա եմ, իսկ ծագմամբ` ազատների ազգից»: Եպարքոսը հարցրեց. «Եվ չե՞ս լսել թագավորի հրամանը` քրիստոնյաներին հրի, սրի և այլ տանջանքների մատնելու մասին»: Երանելին ասաց. «Եթե մահվան արժանի որևէ բան գործել եմ, չեմ հրաժարվի մեռնելուց»: Եպարքոսն ասաց. «Սթափվի՛ր և զո՛հ մատուցիր աստվածներին և պաշտի՛ր նրանց` ինչպես մենք, և թագավորին ու նրա մեծամեծներին սիրելի կդառնաս»: Սուրբ Տրիփոնը պատասխանեց. «Հաստատուն եմ ճշմարիտ հավատքի մեջ` Հոր, Որդու և Սուրբ Հոգու, և անշարժ կմնամ այս խոստովանությամբս»: Եպարքոսն ասաց. «Չարչարանքներն ընդունելու փոխարեն համաձայնի՛ր ասածներիս և զո՛հ մատուցիր»: Սուրբ Տրիփոնը պատասխանեց. «Քո հասցնելիք բոլոր չարչարանքները հոժարությամբ կընդունեմ հանուն Աստծու սիրու»: Այս լսելով` եպարքոսը հրամայեց սրբին կախել կրակի վրա: Եվ [երանելին] ամբողջ օրն այդպես մնաց և աղոթք էր մատուցում առ Աստված: Եվ բռնակալը, տեսնելով սրբի ժուժկալությունը, հրամայեց նրա մարմինը խոցել սրով: Սակայն սուրբն իր կամքն առ Աստված հաստատուն պահեց: Եվ երբ երեք ժամ չար ու դառն տանջանքներով չարչարեցին, եպարքոսն ասաց երանելիին. «Արդյոք չզղջացի՞ր մեծամտությանդ համար. ոչ ոք չի կարող ընդդիմանալ թագավորական հրամանին»: Սուրբն ասաց. «Շատերն ընդդիմացան երկրային1 չար հրամաններին և հաղթող դուրս եկան ու ընդունեցին անապական պսակը անմահ Թագավորից, որի համար ես հուսավառվեցի Անմահի զորությամբ և հավատում եմ, որ պարտության կմատնեմ քո, թագավորի և ձեր խորհրդատու սատանայի բռնությունը: Եվ չեմ պաշտի կուռքերն ու չեմ երկրպագի դևերին, որ երկրային իշխան[ներ]ին հորդորում են իրենց հաճությամբ գործել բոլոր անիրավությունները, որպեսզի ժառանգորդը դարձնեն հավիտենական տանջանքների, որ արդար Դատավորը պատրաստեց նրանց ու նրանց հնազանդվողների համար»:

Այս լսելով` բռնակալը հրամայեց նրան սառնամանիքին դաշտ տանել. ձմեռը խիստ էր և ձյունն առատ: Եվ այնտեղ գցեցին նրան, և եպարքոսը բազում զինվորների հրամայեց ձիընթաց անցնել սրբի վրայով և սմբակների տակ առնել: Եվ երբ երկար ժամեր տաժանեցին, սուրբը դիմեց Տիրոջն ու ասաց. «Տե՛ր, սա մեղք չհամարես նրանց համար, որովհետև չգիտեն, թե ինչ են անում» (հմմտ. Ղուկ. ԻԳ. 34):

Եպարքոսն ասաց նրան. «Եթե չզգոնանաս և չթողնես այդ մտքերդ, ես կավելացնեմ չարչարանքները և կզրկեմ քեզ քաղցր կյանքից»: Սուրբ Տրիփոնն ասաց. «Քրիստոսի շնորհներով ես զգոն էի և զգոն եմ, որովհետև բազում չարչարանքներով բազմանում են հավիտենական Թագավորի` ինձ շնորհելիք պարգևները»: Եվ բռնակալը հրամայեց նրան բանտ տանել և որոշ ժամանակ թողնել, որ ետ կանգնի և ընդունի իր կամքը: Օրեր անց հրամայեց սրբին ատյան բերել: Եվ դատավորն ասաց. «Խրատվեցի՞ր, երբ տանջանքներից հետո որոշ ժամանակ հանգիստ թողեցի»: Սուրբ Տրիփոնը պատասխանեց. «Խրատված և կրթված էի մանկուց ի վեր և արհամարհեցի կուռքերին ու սիրեցի Աստծուն, որն արարեց երկինքն ու երկիրը ու դրանց միջի արարածներին. Նրան եմ օրհնում, փառաբանում ու երկրպագում և ապրում եմ Նրա պատվիրաններով, որովհետև ով ուրանա [Նրան]` ուրացված կլինի Աստծու հրեշտակների առջև, որ երկնքում են»: Եվ բարկանալով` բռնակալը հրամայեց երկաթյա բևեռներ բերել և խփել սրբի ոտքերին. և այդպես ամբողջ օրը քայլեցրին ձյան վրայով և անց էին կացնում քաղաքի փողոցներով: Սակայն սուրբը չէր ընկրկում, այլ հաստատուն էր մնում հավատքի մեջ` [պատրաստ] հավիտենական կյանք ստանալու: Բռնակալը զարմացավ սրբի ժուժկալությունից և այլ տանջանքներ էր մտքով անցկացնում: Եվ տասը հոգու հրամայեց ծեծել սրբին գավազաններով, և այդ անգամ ևս սուրբը չենթարկվեց բռնակալի կամքին: Եվ [եպարքոսը] հրամայեց ջահերով այրել սրբի կողերը: Եվ բազում հավատացյալներ սրբին տեսան լույսով պայծառացած ու կատարյալ գեղեցկությամբ զարդարուն և սկսեցին օրհնել Աստծուն: Եվ ձեռքերը երկինք ամբարձելով` Աստծու սուրբն ասաց. «Տե՛ր Աստված Հիսուս Քրիստոս, թո՛ղ չարը չզորանա ինձ վրա և իր գործակիցներով չարչարելով` ինձ չհեռացնի Քո կամքից: Արժանի՛ դարձրու ինձ մտնելու Քո ընտրյալ հոտի մեջ և արժանանալու անապական պսակի, որ խոստացել ես Քո սուրբ ծառաներին վերջին օրվա [համար]: Եպարքոսը հարցրեց սրբին. «Ի՞նչ ես ուզում ասել կամ ի՞նչ ես մտադրվել ստանալ, որ այդպես կամավոր տրվել ես տանջանքի ու մահվան»: Սուրբ Տրիփոնը պատասխանեց. «Բազում անգամ լսեցիր ինձնից, որ կենդանի է Աստված, որ երկնքում է. միայն Նրան եմ պաշտում և լոկ Նրանից երկյուղում և այլևս ոչ մեկից»: Այս լսելով` բռնակալը հասկացավ նրա անդրդվելիությունը և սրբի նկատմամբ մահվան վճիռ կայացրեց: Եվ հրապարակում բարձրաձայնելով` ասաց. «Արքունական դատաստանով որոշվում է` քրիստոնեական հավատքի համար կայսեր հրամանով բազում չարչարանքներ կրած և [այնուամենայնիվ] ինքնակալի կամքին չենթարկված Փռյուգիացի Տրիփոնին սպանել սրով»:

Երբ սրբին հասցրեցին մարտիրոսության վայրը, ձեռքերը երկինք պարզեց, սկսեց աղոթել Տիրոջն ու ասել. «Գոհանում եմ Քեզնից, ամենակա՛լ Տեր, որ մանկությունիցս ի վեր ինձ առաջնորդեցիր արդարության ճանապարհներով և դևերին հալածելու շնորհ ընծայեցիր, որ նրանց վանեմ Քո ծառաներից և աղախիններից: Եվ դևերի դեմ մղված պատերազմներում Քո ծառային հաղթող դուրս բերեցիր` նրանց դարձնելով նկուն և ամենուր թողնելով ամոթահար: Իմ մարտիրոսությունից հետո ևս թո՛ղ շարունակվի` վտանգվածների միջից դևերին հալածելու Քո ողորմության շնորհը` բոլոր հավատացյալների համար, ովքեր կարտաբերեն Քո ծառա Տրիփոնի անունը: [Գոհանում եմ Քեզնից], որ ինձ արժանի դարձրեցիր չարչարվելու և մեռնելու Քո անվան համար: Դասի՛ր ինձ կարգը Քո վկաների, որ փառավորվեցին` մահն ընդունելով Քո Տերության առջև, որ նրանց հետ արժանանամ փառավորելու Հորը, Որդուն և Սուրբ Հոգուն. այժմ և միշտ և հավիտյանս. ամեն»:

Եվ երբ արտասանեց` «Ամեն», անմիջապես սրով հատեցին երանելի Տրիփոնի գլուխը, և այսպես ավանդեց հոգին` ի փառս Աստծու:

Սա եղավ Նիկիա քաղաքում: Եվ եղբայրները, որ այնտեղ էին, գողացան սրբի նշխարները, դրեցին տապանի մեջ և նավով ուղարկեցին այն գյուղը, որի մասին խոսվեց վերևում:

Այսպես մարտիրոսվեց սուրբ Տրիփոնը` փետրվար ամսի երկուսին, հռչակավոր և հիշատակելի վկայությամբ: Եվ [նրա մարտիրոսության] վայրում բազում դիվահարներ էին բժշկվում: Եվ նրանց հետ մեկտեղ սուրբ Տրիփոնի աղոթքներով Տերը թո՛ղ խնամի նաև բոլոր հավատացյալներին, որ այստեղ և հանդերձյալ կյանքում փառավորի Իրեն փառավորողներին, որովհետև Նրան վայել է փառք, իշխանություն և պատիվ, այժմ և միշտ և հավիտյանս հավիտենից. ամեն:

 

 

1  Գրքում` «երկնաւոր»: Փխ. ըստ շարակարգի:

 

Վարք Սրբոց, Հատոր Դ, Ս. Էջմիածին – 2010թ.

 

 

31.03.15
ԲաԺանորդագրվել
Ընթերցել նաև
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․