Տառապանքների բովից համբերությամբ վերածնված երանելին | Tarapanqneri Bovic Hamberutyamb Veratsnvats Eranelin



Գրքեր

Տառապանքների բովից համբերությամբ վերածնված երանելին

Աստվածաշնչյան մեծագույն անձերից Հոբն ապրել է Ք. ա. 2000, 1500 տարիներ առաջ Միջին Արևելյան Հուս երկրում: Նա աստվածավախ, առաքինի, արդար և բարեսիրտ մարդ էր։ Ուներ 7 տղա և 3 դուստր: Նա, ըստ իր զավակների թվի, Աստծուն հաճախակի զոհ էր մատուցում՝ ասելով. «Գուցե իմ զավակներն իրենց մտքում չար բան մտածեցին Աստծո մասին»: Հոբը բավականին հարուստ էր, ուներ ծառաներ, բազմաթիվ հոտեր: Նրա տան դռները բաց էին յուրաքանչյուրի համար: Հոբը կերակրում էր որբերին և մխիթարում այրիներին, լի էր ամեն բարեգործությամբ: Աստվածաշնչի հնագույն գրքերից՝ Հոբի գիրքը, պատմում է. «Հոբի նման անարատ, ճշմարտախոս, աստվածապաշտ, ամեն տեսակի չար գործերից հեռու մնացող մարդ չկա երկրի վրա» (Հոբ 1:8),- ասում է Աստված սատանային: Սակայն սատանան պնդում է, որ Հոբի բարեպաշտությունն անշահախնդիր չէ. «Բայց դե փորձի՛ր մեկնել ու գցել քո ձեռքը նրա ամբողջ ունեցվածքին, ու կտեսնես, որ նա դեմառդեմ կանիծի Քեզ» (Հոբ 1:11):

Սատանայի դրդմամբ ու Աստծո թույլտվությամբ Հոբին հասնում են մեծագույն չարիքներ, բոլոր զավակների և ամբողջ ունեցվածքի կորուստ, ծանր ու տաժանագին հիվանդություն, որից նրա ամբողջ մարմինը պատվում է թարախոտ վերքերով: Բոլորը լքում են Հոբին: Նրա կինը մտածում էր, որ Աստված պատժում է Հոբին իր գաղտնի մեղքերի համար: Հոբի կինը լաց էր լինում, տրտնջում Աստծո դեմ, կշտամբում ամուսնուն՝ ասելով. «Մինչև ե՞րբ, դիմանալով, պիտի ասես, որ համբերելու ես դեռ մի որոշ ժամանակ՝ փրկության հույս ակնկալելով: Ահա ջնջված է հիշատակդ երկրի երեսից, ոչնչացված են տղաներդ ու աղջիկներդ՝ իմ որովայնի ծնունդները, որոնց ես իզուր վաստակեցի տառապանքով: Դու ինքդ էլ զազրելի որդերի մեջ նստած ես բացօթյա, իսկ ես, մոլորված, ծառայի պես տնից տուն, տեղից տեղ ընկած՝ սպասում եմ, թե ե՛րբ է արեգակը մայր մտնելու, որ հանգստանամ իմ տառապանքներից ու ցավերից, որոնք այժմ պատել են ինձ: Արդ, մի խո՛սք ասա Տիրոջն ու մեռի՛ր» (Հոբ 2:9): Ծանր փորձության մեջ երանելին նրան ասում է. «Խոսեցիր ինչպես մի անզգամ կին. եթե Տիրոջ ձեռքից բարիքներն ընդունեցինք, չարիքներին չհամբերե՞նք» (Հոբ 2:10): Եվ իր հետ պատահած այս բոլոր դեպքերի ժամանակ Հոբն իր շրթունքներով չի մեղանչում Տիրոջ առաջ, ոչ էլ անզգամություն հանդես բերում Աստծո հանդեպ:

Հոբի երեք բարեկամները, լսելով այն բոլոր չարիքների մասին, որ պատահել էին Հոբի հետ, գալիս են հեռու երկրից ՝ մխիթարելու և ամոքելու նրան: Նրանք նույնպես կարծում էին, որ Աստված պատժել է Հոբին իր մեղքերի պատճառով և կոչ էին անում նրան ապաշխարության: Իսկ Հոբը հույսը դրել էր Ամենազոր Աստծո վրա՝ Նրանից օգնություն սպասելով. «Գիտեմ՝ հավերժական է Նա, ով երկրի վրա պիտի փրկի ինձ՝ հարություն տալով մարմնիս, որ այս բոլորը համբերեց, տարավ» (Հոբ 19:25-26):

Բարեկամների ներկայությամբ ուժեղ փոթորկի ձայնի միջից լսվում է Տիրոջ խոսքը: Աստված սկսում է Հոբին հարցեր տալ, որոնց պատասխան գտնելը դժվար էր: Հոբն ավելի պարզորեն է հասկանում Արարչի մեծ և ամենազոր լինելը: Աստված Հոբին ասում է, որ Ինքը զայրացած է իր բարեկամների վրա այն բանի համար, որ Իր մասին Հոբի նման ճիշտ չեն արտահայտվել: Աստված բարեկամներին ասում է, որ զոհ մատուցեն և խնդրեն Հոբին, որպեսզի աղոթի իրենց համար, քանի որ միայն նրա աղոթքն է, որ Ինքը

կընդունի: Երբ Հոբը աղոթում է իր բարեկամների համար, Տերը թողություն է շնորհում նրանց մեղքերին:

Տիրոջ խոսքի ավարտից հետո, Հոբը Նրան ասում է. «Գիտեմ, որ Դու ամեն ինչի կարող ես ու Քո մտադրությունը երբեք չի արգելվի»:

Հոբն այդ բազում զրկանքների մեջ մեծ խոնարհությամբ ու հեզությամբ ասում է. «Մերկ եկա ես իմ մոր որովայնից և մերկանդամ կվերադառնամ նույն տեղը: Տերը տվեց, Տերն էլ առավ, թող Տիրոջ անունն օրհնյալ լինի» (Հոբ 1:21-22): Աստվածասեր և խոնարհ այս անձնավորությունը, կորցնելով իր ունեցած ամեն ինչ, հավատարիմ է մնում Աստծուն:

Ի վերջո Աստված, տեսնելով Հոբի տառապանքն ու համբերությունը, նրան օրհնում է, ազատում հիվանդությունից և դարձյալ տալիս բազմաթիվ զավակներ ու բազմացնում նրա ունեցվածքը: Հոբի կյանքի բոլոր տարիները կազմում են 248 տարի, որոնցից 140-ը նա ապրում է ծանր տառապանքներ կրելուց հետո:

Սբ. Հովհան Ոսկեբերանը Հոբի մասին ասել է. «Չկա մարդկային այնպիսի դժբախտություն, որ նա չկրեց, յուրաքանչյուր ադամանդից էլ ավելի ամուր գտնվեց, անցավ սովի, աղքատության, հիվանդությունների միջով՝ կորցնելով երեխաներին, հարստությունը, ընդունեց կնոջ խարդավանքը, բարեկամների վիրավորանքը, ծառաների հարձակումը և այդ ամենի մեջ նա ավելի ամուր գտնվեց, քան որևիցե քար»:

Հայ եկեղեցին Հոբի հիշատակը տոնում է Վերափոխմանը հաջորդող երրորդ շաբաթվա հինգշաբթի օրը, Սբ. Հովհաննես Մկրտչի հետ:

 

Կազմեց Կարինե Սուգիկյանը

01.09.16
ԲաԺանորդագրվել
Ընթերցել նաև
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․