Գրքեր

Տասը բորոտները

Մաս Ա

Տասը բորոտների բժշկության պատմությունն իր մեջ ամփոփում է բազմապիսի ուսուցումներ: Այն պատմությունն է բոլոր դժբախտության ենթարկվածների, այն պատմություն է վշտի և ուրախության, որոնցով կազմվում է մարդկային կյանքը: Ինչի՞ն են ծառայում մեր վրա հասած դժբախտությունները, ինչի՞ն են ծառայում մեզ շնորհված բախտավորությունները: Ահա այս հարցերն են, որ կցանկանայի բացատրել` նյութ ունենալով «Տասը բորոտներ»-ի բժշկության պատմությունը:

Հիսուս՝ Երուսաղեմ գնալու մտադրությամբ, անցնում էր Գալիլեայի և Սամարիայի սահմաններով և երբ մտավ մի գյուղ, պատահեց տասը բորոտների, որոնք հեռվում կանգնած աղաղակում էին և ասում. «Հիսո՛ւս Վարդապետ, ողորմի՛ր մեզ»: Պատմության շարունակությունից իմանում ենք, որ այս բորոտներից ոմանք կամ գոնե մեկը՝ սամարացի, իսկ մյուսները հրեաներ էին: Սա մանրամասնություն է, որ արժե նշել: Գիտենք, թե ինչ խոր ատելություն էր բաժանում հրեաներին սամարացիներից: Այս ատելության հետևանքով էր, որ Հիսուս քանիցս դժվարությունների հանդիպեց: Այսպես` Նա, գալիլեացի լինելով, մեկ անգամ մերժվեց սամարացիներից և չկարողացավ հյուրընկալվել նրանց գյուղերից մեկում՝ ստիպված լինելով ուրիշ վայր փնտրել գիշերն անցկացնելու համար: Մի ուրիշ անգամ Նա ծարավ լինելով սյուքեմացի մի կնոջից  ջուր խնդրեց, և կինը զարմացավ, թե ինչպե՞ս է հրեան համարձակվում խոսել մի սամարացի կնոջ հետ: Այստեղից կարելի է հետևություն անել, որ սամարացիները և հրեաները չէին ուզում համակերպվել` միաբանական կյանքով ապրելու [համար]: Սակայն այս տասը բորոտները, որոնցից ոմանք հրեաներ և ոմանք սամարացիներ էին, ապրում էին միասնաբար, ուտում էին միասնաբար և միասնաբար էլ դիմեցին Հիսուսին` Նրան ներկայացնելով նույն աղաչանքը և նույն խնդրանքը: Ինչո՞ւ [եղավ] այս անսովոր միությունը այն մարդկանց մեջ, որոնք երբեմն իրարից խորշում էին, գարշում և հազիվ էին զիջում՝ նույնիսկ իրար [հետ] խոսք փոխանակելու: Օ՜հ, պատճառը հայտնի է. նրանք ենթարկվել էին սոսկալի մի հիվանդության, որի հետևանքով դիտվում էին որպես Երկնքից անիծվածներ և մարդկանց ընկերակցությունից վտարվածներ: Տասն էլ միևնույն վշտերն էին կրում, միևնույն հուսահատությունն էին զգում և միևնույն բուռն բաղձանքն ունեին բժշկվելու: Լավ ու առողջ եղած ժամանակ թշնամի էին, հիմա՝ դժբախտության մեջ, եղբայր էին դարձել և միացրել էին իրենց ողբալի կյանքերը: Ոչ մի բան արդարև չի կարող այնքան միացնել մարդը մարդուն, որքան վիշտը: Վիշտն է միայն, որ, իբրև միացման կապ, բոլոր մարդկանց իրար է մոտեցնում և մեկ դարձնում: Թերևս ասվի, որ շահերն են, որ մարդկանց միմյանց են մոտեցնում: Սխալ է սա: Շահերը միշտ լինում են տարբեր և միշտ ձգտում են մեզ իրարից բաժանել: Մի սիրտ [մեկ] ուրիշ սրտին կապողը միմիայն վիշտն է: Բոլոր այն հարաբերությունները, որոնք հանրային հանգամանք ունեն, վշտի դուստրերն են: Ի՞նչ է ընկերությունն ըստ էության, ի՞նչ է հայրենիքը, ի՞նչ է ընտանիքը. [սրանք] կազմակերպված միավորումներ  են ընդդեմ տառապանքի և վտանգի, որոնք սպառնում են [և ուղղված են] ընդդեմ միայնակ ապրող մարդու: Վիշտը ոչ միայն մղում է մարդկանց իրար մոտենալու` ի պաշտպանություն միմյանց, այլև ավելին է անում. այն նրանց ստիպում է, որպեսզի սիրեն միմյանց: Մեզանից յուրաքանչյուրի հոգու խորքում կա մի բան, որ կոչում ենք համակրություն: Այն, ի տես տառապյալի, մեր մեջ ծնում է գթություն և սեր: Սերը, ուրեմն, դուստրն է վշտի: Եթե, անհնարինը ենթադրելով, դուք կարողանայիք վերացնել աշխարհից աղքատությունը, հիվանդությունը, տառապանքը իր բոլոր կերպերով, դուք մեկընդմիշտ վերացրած կլինեիք սերը, գթությունը, մի բան, որ աշխարհի ամենից թանկագին և մեծ բանն է, և ամենից ավելի այն է, որ մարդու սիրտը Աստծո սրտին է նմանեցնում: Եթե չլինեին Երիքովի ճանապարհի վրա վիրավորվածներ, պիտի չունենայինք անձնվեր սամարացիներ: Եվ ահա, թե ինչու աշխարհում ամենից ստոր և տգեղ նկատված ատելությունը, որ մարդուն իջեցնում է հաճախ անասունների և գազանների մակարդակին, այնքան հաճախ պատված է վշտով: Թող երկու զինվորներ ամբողջ օրը պատերազմեն  յուրաքանչյուրն իր հայրենիքի համար, իրենց սիրտը պիտի լցված լինի դառնությամբ և ատելությամբ, բայց թող երկուսն էլ երեկոյան վիրավոր ընկնեն մահացու կերպով, նրանք[իրար] պիտի զգային նորից եղբայրներ սրտակաթ և, օ՜հ, նրանք պիտի ուզեին մեռնել միմյանց բազուկների մեջ:

Ոչ միայն մեղքի հետևանքով իրարից բաժանված և խզված մարդկանց մեջ միացման մի կապ է վիշտը, այլև այն մարդուն միացնում է Աստծուն: Ոչ մի բան այնքան չի կարող հյուսել այդ կապը, որքան վիշտը: Ի՞նչն էր, որ առաջնորդեց այս տասը բորոտներին Հիսուսի մոտ` վիշտը: Ի՞նչն էր, որ նրանց հնազանդության մղեց, որպեսզի գնան՝ բժշկված լինելը հաստատել տալու քահաններին` վիշտը: Դժբախտ բորոտներ, նրանք նրանցից չէին, ովքեր առանձնաշնորհություն ունեին Հիսուսին հետևելու, որովհետև օրենքը այդպիսիններին արգելում էր խառնվել ամբոխին: Նրանք երբեք չէին տեսել Հիսուսի հրաշքները, նրանք երբեք չէին լսել Նրա քարոզները: Նրանք միայն տեղեկություններ էին ստացել Նրա աստվածային զորության և դժբախտների հանդեպ ունեցած կարեկցության մասին: Եվ միայն տեղեկություն ստացած լինելը բավական եղավ, որ նրանք հուսային Հիսուսին, հավատային նրան և հառաչեին Նրա ետևից: Ուշադիր եղեք նրանց այս խնդրանքին, որ չորս բառից է բաղկացած. «Հիսուս, Վարդապետ, ողորմիր մեզ»: Չորս բառ, այո, բայց հավատքը, հարգանքը, հնազանդությունը, սերը, այս բոլորը ի հայտ են գալիս այս աղաչանքով: Այսպես է ամեն անգամ. այն մարդիկ, որոնք տառապում են, միայն նրանք են իրապես աղոթում: Տառապանք. ահա այն միակ բանը, որ մեզ առաջնորդում է դեպի Աստված և միացնում է Նրան: Տառապողն է, որ ըմբռնում է առաքյալի այս խոսքի ճշմարտացիության չափը. «Բազում նեղություններով պետք է մեզ մտնել Աստծո արքայությունը»: Այսպես, եթե կան այնպիսիններ, որոնք Աստծո առաջ ծունկի գալ չգիտեին և որ հիմա դարձել են խոնարհ և հավատարիմ երկրպագուներ, թող ասեն` մի՞թե վտանգի պահին չէ, որ թոթովել են իրենց իրական և ճշմարիտ աղոթքը: Եթե կան այնպիսիններ, որոնք երբեմն ապրում էին ըստ իրենց հայեցողության և ըստ իրենց սրտի ցանկության և որ այժմ իրենց հոգու մեջ բնությունը վերջնականապես պարտված է աստվածային շնորհներին, թող ասեն մեզ, թե փորձության մեջ չէ՞, տառապանքի անկողնի վրա չէ՞, կամ գերեզմանի եզրին չէ՞, որ աստվածային շնորհն իրենց մեջ տարել է այս վսեմ հաղթանակը: Տառապանքն է, որ քրիստոնեական կյանքի մեջ խորտակում է անմիտների հպարտությունը, խռովում է [վախեցնում է] անվախներին, խոնարհեցնում է մեր ամբարտավան գլուխները, որով և խոստովանում ենք մեր պարտությունը և զգում ենք, թե մեծ է Աստծո զորությունը, արդարությունը և սրբությունը: Արցունքը, տառապանքը չե՞ն, որ կռապաշտ քանանուհուն մոտեցրին Քրիստոսին: Նա երբեք չպիտի մտածեր Քրիստոսի [մոտ] գալու մասին, եթե երբևէ սիրտը վիրավորված չլիներ իր դստեր աղեկտուր տանջանքներով: Անառակ որդին չպիտի մտածեր իր հոր տան երջանկության [մասին], եթե երբևէ աստանդական, կարոտ և թշվառ վիճակի չմատնվեր: Հայրոսը չէր դիմի Հիսուսին, եթե արտասվաթոր աչքերով չտեսներ իր դստեր օրհասական տագնապը: Հարցրե՛ք այն անթիվ ժողովրդին, թե ինչն է պատճառը, որ դարեր ի վեր աշակերտում և հետևում են Նրան. կպատասխանեն ձեզ, թե իրենք երբեք չպիտի մերձենային Քրիստոսին և Նրա [մասին] չպիտի երազեին անգամ, եթե երբևէ իրենց սիրտը վշտով խոցված չլիներ և իրենց աչքերը արցունքներով մթագնած չլինեին: Տառապանքը, ուրեմն, սիրտն ու հոգին դաստիարակելու մեծ դեր ունի և առանց վարանելու կարող ենք ասել, որ,  ընդհանրապես, ով տառապանքի հարված է ստացել, նա փրկված է համարվում: Սակայն միևնույն ժամանակ ստույգ է, որ տառապանքը կարող է ամենից ներհակ արդյունքներ էլ առաջ բերել: Ս. Օգոստինոսը տառապանքը նմանեցնում է այն ջերմությանը, որ հալեցնում է ոսկին և կարծրացնում է կավը, որ նպաստում է կյանքի բեղմնավորմանը, ինչպես և պատճառ է լինում հոգու և մարմնի հյուծման: Ուրեմն, ամեն ինչ կախված է տառապողի ներքին վիճակից: Այն կարող է ոմանց մեջ ծնել խոնարհության ոգի, ոմանց մեջ՝ հպարտության. ոմանց սիրտը նորոգում է և ոմանցը՝ վատթարացնում: Ոմանց համար լինում է հեզահամբույր հրեշտակ, որ ճշմարիտ կյանքի է առաջնորդում և ոմանց համար լինում է այն դժխեմ դևը, որ մարդուն հոռետեսության է մղում: Ոմանց [համար] զղջման արցունքների նվիրական աղբյուր է լինում և ոմանց [համար] կիզիչ կրակ, որ այրում է և խամրեցնում հոգու խորքում գտնվող ապագայի բոլոր բարոյական ծիլերը. ոմանց [համար] օրհնություն, ոմանց [համար] էլ անեծք է լինում: Այն երկու ավազակները, որոնք Գողգոթայի բարձունքում միևնույն տառապանքին և դատապարտությանն էին ենթարկված Հիսուսի աջ և ձախ կողմերը, մեկը հավատաց, իսկ մյուսը` հայհոյեց, մեկը զղջաց, իսկ մյուսը՝ խոստացավ: Երանի նրանց, որ ստացել են տառապանքի լախտի հարվածները, երանի նրանց, որ վշտի խոցոտումների հետևանքով արտասվում են, երանի Հայրոսներին, երանի բորոտներին …:     

Մաս Բ

Տասը բորոտների պատմության վերջին մասը մի տխուր պատկեր է ներկայացնում: Այս բորոտները, որ կարողացան բժշկություն գտնել, երախտապարտ մնալու փոխարեն, բացառությամբ` մեկ հոգու, մյուսները ենթարկվեցին բարեբախտության փորձությանը:

Բորոտները բժշկվա՜ծ…: Ի՜նչ մեծ փոփոխություն: Երեկ մի սարսափելի հիվանդության մատնված չգիտեին [թե] ինչ անել. մի հիվանդություն, որ հյուծում էր և սպառում. ի՜նչ մեծ բերկրություն, ահա այսօր նրանք բժշկված, ուրախ և զվարթ են: Երեկ՝ ամբողջ աշխարհի զզվանքի և խորշումի առարկան էին. ի՜նչ մեծ բերկրություն, ահա այսօր նրանք մարդկանց համակրանքի, բարեկամական քաղցրության, ընտանեկան ուրախության առարկան են: Ի՜նչ մեծ բարիք, ի՜նչ մեծ շնորհ, ի՜նչ մեծ օրհնություն, ի՜նչ մեծ փառք: Անշուշտ, այս տասը բժշկվածները գոնե շնորհապարտ լինելու համար պետք է մտածեին իրենց ազատարարի մոտ գնալ, սակայն ավաղ…: Նկատի՛ առեք, դատե՛ք մարդկային սրտի չարությունը: Այս մարդիկ բժշկվելով միանգամից մտածեցին գնալ տեսնել երկար ժամանակից ի վեր իրենց թողած տունը, գնալ տեսնել իրենց բարեկամներին և ազգականներին: Իրենց ազատումից մեծապես ուրախացած` նրանք մոռացան Նրան, ով իրենց ազատություն պարգևեց և չմտածեցին անգամ շնորհակալություն հայտնել Նրան: Տասից միայն մեկն է, որ իր մեջ կրում է երախտագիտության շատ բնական զգացում. միայն մեկն է մտածում գալ՝ շնորհակալություն հայտնելու: Դժբախտությունը տասի մեջ սպանել էր եսասիրությունը, սակայն բարեբախտությունը կրկին կենդանացրել էր այն: Դժբախտությունը տասին էլ բերել մոտեցրել էր Տիրոջ ոտքերին, սակայն բարեբախտությունը միայն մեկին էր կրկին առաջնորդել Նրա [մոտ]:

Ասում են, թե տաք երկրներում ծառերի տեսակներ կան, որոնց շուքի տակ քնելը ճամփորդին մահ է պատճառում: Ճամփորդը, անգիտակ ծառի մահահոտ բնույթին, տեսնելով նրա տերևախիտ ոստերը, մանավանդ կիզիչ արևի ճառագայթներից ճողոպրած լինելու հույսով մտնում է նրա շուքի տակ, պառկում է և քնում: Այդ քունը աղետաբեր է, որովհետև այլևս չի արթնանա այդ ճամփորդը: Երկրավոր երջանկությունն էլ, նույնիսկ ամենից օրինավոր նկատվածներն այս ծառերի բնույթն ունեն: Մենք ուզում ենք նրանց շուքի տակ հանգչել, քնել, բայց այն լինում է դժնդակ, չարաշուք մի բան. այն մահվան քունն է լինում: Տարօրինակ բան. երջանկության գլխավոր վտանգն ապերախտությունն է: Աստծուց բարիքներ վայելելով` շատ անգամ փորձում ենք մոռանալ երկնավոր բարերարին, ստանալով ամենից գերազանց շնորհները և ամենակատարյալ պարգևները չենք ցանկանում ճանաչել այն ձեռքը, որ դրանք բաշխում է: Մենք ընդհանրապես ապերախտությունը նկատում ենք բոլոր մեղքերի մեջ ամենից դժպիհը, սակայն մենք մեր կարգին միշտ ապերախտ ենք գտնվում Արարչի հանդեպ:

Ո՞ւր են նրանք, ովքեր պետք է երախտապարտ լինեն այստեղ, Աստծո տան մեջ, որովհետև ամեն օր նրանք առատորեն սնվում են Աստծո շնորհած հացից: Ո՞ւր են նրանք, որ, սիրամարգի փետուրներով պճնված, ապահովել են իրենց նյութականը և ապաստարանը: Դժբախտաբար, ես չեմ տեսնում նրանց այստեղ: Նրանց համար այնքան սովորական են դարձել այս բարիքները, որ նրանք վայելում են դրանք` առանց ուշադրություն դարձնելու Նրան, Ով տվողն է այս բոլոր բարիքների: Ո՞ւր են նրանք, ովքեր պիտի երախտապարտ լինեն այստեղ` այս սուրբ Խորանի առջև, բոլոր այն ուրախությունների և ցնծությունների համար, որոնցով կազմված է իրենց գոյությունը: Թերևս նրանցից ոմանք ասեն. «Վարդապե՛տ, ինչո՞ւ ես հարցնում մեր ուր լինելը, մենք մեր երախտագիտությունը հայտնում ենք երեկոյան՝ անկողին մտնելուց առաջ: Օ՜հ, երեկոյան աղոթքի այդ մի քանի բառերը երախտագիտությանը չեն առնչվում, անծանոթի երկյուղն է, որ մղում է քեզ աղոթքի մեկ-երկու բառեր արտաբերելու: Ես ձեր խղճին եմ հարցնում` ձեր այդ աղոթքի մեջ երախտագիտական պարտք կատարելու բնույթ կա՞: Եվ կրկին հարցնում եմ` ո՞ւր են մեր մեջ նրանք, ոովքեր շնորհապարտ պետք է լինեին այստեղ՝ Աստծո տան մեջ:

Երբ Աստծուց շնորհներ ենք ստանում, այդ շնորհները մեզ թվում են շատ բնական, այնպես, որ չենք մտածում հետադարձ ակնարկ նետել մեր նախորդ ցավալի վիճակին և չենք մտածում շնորհակալության մասին: Եվ երբ Աստված մեզանից ետ է առնում դրանք, անշուշտ, մեր ապերախտությունը մեզ զգացնելու համար, օ՜հ, այնժամ ըմբռնում ենք այն բարիքների արժեքը, որ կորցնում ենք մեր ապերախտությամբ և ցավում՝ փոքր-ինչ վայելած և այնքան չարչարված լինելու համար: Ո՜վ դուք, որ ունկնդրում եք ինձ, նմանվում եք այն բարի բորոտին, որ իր երախտագիտությունը հայտնելու համար հատկապես եկավ Հիսուսի ոտքերի առաջ երկրպագելու: Ո՜վ դուք հավատացյալներ, միշտ երախտապա՛րտ եղեք Աստծուն և մտաբերե՛ք բոլոր նրանց, ովքեր ապրում են առանց հույսի և առանց Աստծու, մտաբերե՛ք նրանց, ում երկինքը դատարկ է և ներկան՝ առանց վաղվա…: Դուք, որ երջանիկ եք հավատալու համար, իմացե՛ք միշտ երախտապարտ լինել Աստծուն: Երբ ձեր շուրջը ուրախությունները կտեսնեք, մտաբերե՛ք բոլոր նրանց, ովքեր մահվան անկողնու մեջ հետզհետե իրար ետևից անհետանալու վրա են՝ խոր սգի մեջ թողնելով իրենց սիրելիներին: Այո՛, մտաբերե՛ք այդ տրտում դեմքերը, ցավատանջ սրտերը և երախտապա՛րտ եղեք Աստծուն: Եվ երբ ձմռան սառնամանիք օրերին վերադառնաք ձեր տաքուկ բնակարանը, կամ երբ նստած [լինեք] լիառատ սեղանի շուրջը, դարձյալ մտաբերե՛ք բոլոր նրանց, ովքեր փլված խրճիթում դողում են ցրտից և ովքեր պիտի երջանիկ զգային իրենց, եթե կարողանային հավաքել ձեր սեղանից ընկած փշրանքները. այո՛, նրա՛նց մտաբերեք և երախտապա՛րտ եղեք Աստծուն և ձեր երախտագիտությունը թող լինի այնքան խորը, որքան խորն են և անհատակ Նրա բարություններն ու շնորհները:                                          

Մաս Գ

Դուք թերևս պետք է ասեք` հավատքն է կարևորը և հավատքն է, որ փրկում է մեզ և ոչ թե երախտագիտությունը: Շա՜տ ճիշտ է…: Բայց գիտե՞ք, թե ի՞նչ է հավատքը: Այն բացահայտելուց առաջ նախ ամբողջացնեմ բորոտների պատմությունը: Հիսուս, տեսնելով, որ բարի բորոտը գալով երկրպագեց և շնորհակալ եղավ իրենից, ասաց. «Չէ՞ որ տասն էին բժշկված բորոտները, ուրեմն այն ինն ո՞ւր են: Այս օտարազգուց բացի մյուսները չմտածեցին գալ և փառք տալ Աստծուն,- և ասաց նրան,- Ե՛լ, գնա՛, քո հավատը քեզ փրկեց»:

Քո հավատը քեզ փրկեց…: Կսպասեի՞ք այսպիսի մի հայտարարության: Եվ ո՛վ է նա, ում ասաց, թե քո հավատքը քեզ փրկեց. մի սամարացի: Ինչպիսի՞ մեկն է սամարացի կոչվածը: Հիսուս արդեն պատասխանում է. «մի օտարազգի»: Այո՛, մի օտարազգի, օտար՝ Ուխտին և Կտակին, օտար՝ աստվածային պաշտամունքի մեջ, օտար՝ Ս.Գրքի նկատմամբ, օտար՝ ուղղափառ հավատալիքներից, վերջապես մի ատելի օտար, մի հերետիկոս՝ հրեաների աչքում:

Ի՞նչ ենք հասկանում հավատք ասելով: Մի՞թե առաքելությունն է հավատք ասվածը, կամ մի՞թե ավետարանական վարդապետությունն է հավատքը: Ո՛չ, ո՛չ: Ուղղափառությունը և ավետարանական վարդապետությունը հավատք չեն: Դուք բարեբախտ կզգաք ձեր առաքելական լինելու համար, մանավանդ, երբ այն իր հավատացյալների աչքերի առջև բարձրացնում է Խաչը` իբրև նշան սիրո և անձնվիրության: Բայց սա էլ հավատք կոչվածը չէ:

Տասը բորոտները ճանաչում էին, գիտէին Քրիստոսի գերազանց զորությունը, բայց միայն մեկը ուներ բուն հավատքը: Երբ միայն Քրիստոսի գերբնական զորությունը և աստվածությունն ենք ճանաչում, [դա] չի նշանակում հավատք ունենք: Նրա աստվածությունը ճանաչելով հանդերձ` հարկ է երախտագիտությամբ և սիրով Նրա հետ կապված լինել: Երբ միայն ողջունում ենք Վարդապետի անունը, ինչպես արեցին տասը բորոտները, չի նշանակում հավատք ունենալ: Այլև սամարացու նման հարկ է վերադառնալ Տիրոջ [մոտ] և Նրան նվիրել կյանք, որ Ինքն է տվել:

Իմացական հավա՜տքը… երևակայական հավատք է, որ ամուլ և ունայն հավատք է…: Որպեսզի իմացական հավատքը կենսունակ և կրոնական հավատք լինի, պետք է, որ սրտով կապվենք և սրտով հավատանք Աստծուն: Եվ մենք, որ այստեղ՝ այս սուրբ կամարների տակ ենք հավաքված, այդ փրկարար հավատքով կապվենք ամեն մեկս մեր Փրկչի [հետ] և ասենք. «Ո՜վ Տեր, ահա այստեղ ենք եկել քեզ նվիրվելու այն զգացումով, որով բարի բորոտը քո ոտքերի առջև արտահայտվեց: Ընդունի՛ր մեր երախտագիտությունը, մեր սերը և մեր անձնվիրությունը: Քեզ են ապավինում մեր սրտերը: Մեր գոհաբանությունն ու օրհնության պատարագն ընդունիր Աբելի և Նոյի պատարագի պես: Մեր կյանքը Քեզ է պատկանում ամբողջությամբ և ընդմիշտ»:

Ո՛վ հավատացյալներ, սրտով և հոգով ասե՛ք այս խոսքերը և, անշուշտ, պետք է լսեք ձեր խղճի խորքից Տիրոջ ձայնը, որ ձեզ պիտի ասի. «Արի՛, գնա՛, որովհետև քո հավատքը քեզ փրկեց»: Ամեն:    

 

Ղևոնդ եպս. Դուրյան, «Պարզ քարոզներ», Գ հատոր, Փարիզ, 1925 թ.

Արևելահայերենի փոխադրեց Տիգրան դպիր Մկրտչյանը

 

24.09.19
ԲաԺանորդագրվել
Ընթերցել նաև
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․