Սիրելի առաքինասեր հավատացյալներ, մոտ ու հեռավոր ափերում բնակվող մեր կայքի հավատարիմ ընթերցողներ,
Շնորհավորում եմ բոլորիդ Ամանորի կապակցությամբ և հույս հայտնում, որ ձմեռային այս ցրտաշունչ օրերին ձեր սրտերը շարունակում են Տիրոջ սիրով բոցավառվել և ջերմացնել ձեզ շրջապատող մարդկանց հոգիները:
Արդեն անցյալում է ամանորյա խելահեղ գնումների մրցավազքը, զարդարված են տոնածառերը, քաղաքի փողոցներն ու տները, և մարդկանց մեծամասնությունը, մանկան պարզ ու անկեղծ ուրախությամբ սպասում է Ամանորի հեքիաթին՝ յուրաքանչյուրն իր ակնկալիքներով ու հույսերով: Վաղն արդեն հայ հյուրընկալ օջախների դռները բացվելու են սիրելիների, մտերիմների, ընկերների ու հարևանների առջև՝ միասին նշելու մանկության բույրով համեմված տոնը: Հնչելու են շնորհավորանքներ ու բարեմաղթանքներ և ես էլ միանալով բոլոր բարի խոսքերին, որ պիտի ասվեն այս տոնական օրերին, ուզում եմ հավելել, որ Տիրոջ ողորմածությամբ թող դրանք ի կատար ածվեն ի բարօրություն այն մարդկանց, ում ուղղվելու են: Թող Տեր Հիսուս Քրիստոսի ամենակարող զորությամբ գալիք նոր տարում խափանվեն չարի բոլոր որոգայթները, շուտափույթ ապաքինվեն հոգով և մարմնով հիվանդները, Սուրբ Աստվածամոր բարեխոսությամբ անզավակ ընտանիքներում մանկան քաղցր ճիչ լսվի, կարիքավորներն իրենց մեկնված հոգատար ձեռքի հանդիպեն, փորձությունների մեջ գտնվողները զորանան հավատով և համբերությամբ: Թող քրիստոնեական սիրո և ներողամտության քաղցրությամբ հարթվեն բոլոր վեճերը, վիրավորանքները մոռացվեն, խաղաղություն և միաբանություն տիրի մեր երկրում և համայն աշխարհում: Հոգևոր արևշատություն և բարեբերություն եմ մաղթում ձեզ գալիք տարում, որպեսզի ձեր հոգևոր շտեմարանները լիանան Սուրբ Հոգու քաղցրահամ պտուղներով: Եվ ամեն պարագայում, առօրյա կյանքում և տոն օրերին միշտ հիշենք, որ մենք քրիստոնյա ենք, որ քրիստոնեությունը մեր երակներով է հոսում, և Աստծո սուրբ կամքն ու Նրա Արքայությունը փնտրելը մեր առաջնահերթ ու գերագույն նպատակն է: Եվ որքան էլ սիրում ենք Նոր Տարին, որքան էլ ուրախանում ենք դրանով, չմոռանանք, որ ընդամենը մի քանի օր հետո պիտի նշենք Աստծո Որդու, մեր Տեր և Փրկիչ Հիսուս Քրիստոսի Սուրբ Ծնունդը: Ուստի, Ամանորն այնպես նշենք, որպեսզի Միածնի ծննդյան օրը գլխիկոր չմնանք:
Տիրոջ օրհնությունն ու ողորմածությունը ձեր ընտանիքներին: Շնորհավոր Ամանոր:
Տեր Գրիգոր քհն. Գրիգորյան