Գրքեր

Տեր Գրիգոր քհն. Գրիգորյանի շնորհավորական խոսքը՝ երեխաների պաշտպանության միջազգային օրվա առթիվ

Անգի՛ն մանուկներ,

Մեծ սիրով շնորհավորում եմ ձեզ հունիսի 1-ի՝ Երեխաների պաշտպանության միջազգային օրվա կապակցությամբ: Դուք ձեր ընտանիքների գլխավոր զարդն ենք, ծնողների ուրախությունն ու հարստությունը: Դուք այն պայծառ արեգակն եք, որ ցրում եք ընտանեկան երկնակամարում կուտակված ամպերն ու ջերմություն պարգևում ձեր հարազատներին: Դուք Տիրոջ պարգևած անաղարտ պարզությունն եք, որում արտացոլվում է Արարչի սուրբ պատկերն ու նմանությունը: Ուստի ականջալուր եղեք ձեր ծնողների՝ Աստծու Խոսքով սնված խրատներին, որպեսզի չկորցնեք այն բարի սերմերը, որոնցով պիտի հասունանաք և Աստվածահաճո ու բարի զավակ դառնաք Տեր Հիսուս Քրիստոսի և ձեր ծնողների համար: Թող Աստծու երկյուղն ու ծնողների հանդեպ սերն ու հարգանքը առաջնորդեն ձեզ կյանքում և այնժամ վստահ կլինեք, որ ճիշտ ճանապարհով եք ընթանում:

Իսկ մենք՝ ծնողներս, հիշելով սաղմոսերգուի այն խոսքը, թե՝ Մարդու ժառանգությունը որդիներն են, որոնք իր վարձն են, առանձնահատուկ սիրով, ուշադրությամբ և համբերությամբ խնամենք այդ մատաղ տունկերը, որ Երկնավոր Հայրը տնկել է մեր պարտեզներում:

Խոսքս հատկապես ձե՛զ եմ ուղղում, անգի՛ն մայրեր ու վեհասի՛րտ հայրեր, քանզի Երկնավոր Ծնողը մեծ պատվի է արժանացրել ձեզ՝ Իր զավակների երկրային խնամքն ու դաստիարակությունը ձեզ վստահելով: Զավակներ պարգևելով՝ Նա բազմապատկել է ձեր ֆիզիկական և հոգևոր հարստությունն ու ուրախությունը: Նա նաև երեխաների միջոցով է Իր ունեցվածքի կառավարումը հանձնել ձեզ՝ ակնկալելով, որ հավատարիմ և իմաստուն տնտեսներ կլինեք: Նա ձեզ է հանձնել Իր մեծ այգու մատղաշ տնկիների խնամքն ու մշակումը, որպեսզի ջանասեր ու նվիրյալ մշակներ լինեք: Եվ վերջապես, Տերն սպասում է, որ դուք միմիայն ազնիվ ու բարի ծառաներ կլինեք՝ Իր տված հարստությունը խելամտորեն տնօրինելով և ի վերջո բազմապատկած վերադարձնելով Տիրոջը:

Եվ հատկապես ուզում եմ ընդգծել, որ խոսքս բոլոր երեխաներին է վերաբերում՝ և՛ առողջներին, և՛ հիվանդներին, և՛ հաշմանդամներին ու սահմանափակ կարողություններով փոքրիկներին, քանզի բոլորն, անխտիր, Տիրոջ սիրելի զավակներն են և հատկապես վերջիններիս օգնությամբ է Քրիստոս սովորեցնում մեզ սիրել ու համբերել: Եվ միշտ հիշե՛ք, սիրելի՛ երեխաներ և մեծահասակներ, որ Տերն Ինքն է ներկայանում նրանց միջոցով՝ փրկության ևս մեկ հնարավորություն պարգևելով մեզ. «Արդ, երբ որ մարդու Որդին գա իր փառքով …ոչխարները իր աջին պիտի կանգնեցնի, իսկ այծերը՝ ձախին: Այն ժամանակ թագավորը պիտի ասի նրանց, որ իր աջին են. “Եկե՛ք, իմ Հոր օրհնյալնե՛ր, ժառանգեցե՛ք աշխարհի սկզբից ձեզ համար պատրաստված արքայությունը. որովհետև քաղցած էի, և ինձ ուտելիք տվիք, ծարավ էի, և ինձ ջուր տվիք՝ խմելու. օտար էի, և ինձ ձեր մեջ առաք, մերկ էի, և ինձ հագցրիք, հիվանդ էի, և ինձ տեսնելու եկաք, բանտում էի, և ինձ այցի եկաք”: …“Ճշմարիտ եմ ասում ձեզ, քանի որ իմ այս փոքր եղբայրներից մեկին արեցիք այդ՝ ի՛նձ համար արեցիք”» (Մտթ. 25:31-40):

 

Աղոթքով և օրհնությամբ՝

Տեր Գրիգոր քհն. Գրիգորյան

01.06.19
ԲաԺանորդագրվել
Ընթերցել նաև
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․