Գրքեր

Տեր Գրիգոր քհն. Գրիգորյանի շնորհավորական խոսքը՝ Սուրբ Աստվածածնի Ավետման տոնի կապակցությամբ

Անգին մայրեր, հեզ ու բարի քույրեր, խոնարհ դուստրեր,

Սրտի նուրբ խնդությամբ շնորհավորում եմ Երկնավոր Հոր հեզ ու նուրբ արարածներին` կանանց և աղջիկներին, այս պայծառաշող տոնի՝ Սուրբ Աստվածամոր Ավետման կապակցությամբ:

Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին տարեց-տարի ջերմությամբ ու սիրով է նշում այս տոնը՝ իր օրհնությունն ու սրտագին բարեմաղթանքները հղելով մեր սիրելի մայրերին ու աղջիկներին: Ամենակալը մեծագույն շնորհը պարգևեց Սուրբ Կույսին՝ դարձնելով նրան «օրհնյալ բոլոր կանանց մեջ» (Ղուկ. 1:42): Մարդկության դժգույն պատմության ընթացքը փոխելու համար ընտրեց Մաքրագույն Անոթին, Ով Իր հոգու անաղարտության, մարդկային անգին հատկությունների, առ Աստված ունեցած աներկբա ու անվերջ հավատի, անսահման խոնարհության ու նվիրումի շնորհիվ արժանացավ Աստծո Մայրը կոչվելու մեծագույն պատվին: Անաղարտ Կույսն ընտրվեց բոլոր կանանցից մարդկության Փրկչին ծնելու ու Նրա միջոցով բոլորիս բարեխոսը դառնալու համար:

Սիրելի՛ հավատացյալ քույրեր, երբ Աստծո հրեշտակն Ամենակալի սուրբ կամքն արտահայտող ավետիսը բերեց Սուրբ Կույսին, Նա իր հավատարմությունն արտահայտեց Տիրոջն՝ ասելով. «Ահավասիկ ես մնում եմ Տիրոջ աղախինը, թող քո խոսքի համաձայն լինի ինձ» (Ղուկ. 1:28-38): Եվ այսօր ի սրտե մաղթանքս է ամենքիդ, որպեսզի Աստծո հավատարիմ Աղախնու այս սքանչելի օրինակը հավիտյանս դրոշմվի ձեր սրտերում և ի հայտ գա ամեն անգամ. երբ կրկին կանգեք ընտրության առջև, կամ կրկին անգամ Տիրոջ կանչող ձայնը լսեք:

Մաղթում եմ ամենքիդ, որպեսզի Երկնային Թագուհուն զարդարող առաքինությունների գոնե մի մասն էլ այսուհետև ձեր հոգիների զարդը դառնա և արժանապատվությամբ կրեք քրիստոնյա մոր բարձր կոչումը: Թող հոգևոր այդ զարդերն ու Սուրբ Աստվածամոր բարեխոսությունն օգնեն ձեզ թե՛ բարի զավակներ դաստիարակելու և թե՛ առաքինի քրիստոնյա լինելու հարցում: Սուրբ Տիրամոր կատարյալ կերպարը թող օրինակ հանդիսանա մեր կանանց, քույրերի և դուստրերի համար, քանզի ավելի մեծ օրհնություն չկա նրանց համար, քան Անաղարտ Կույսին նմանվելն է:

Եվ աղաչանքս է Ամենասուրբ Աստվածածնին՝ իր բարեխոսությունը բերելու Անհաղթ Երկնակալի առջև, որպեսզի Իր Ամենազոր ու Անհաղթ Աջով պահապան լինի հայրենիքի համար մարտնչող մեր հերոս զինվորներին, խաղաղություն պարգևի Հայաստան և Արցախ աշխարհներին, որպեսզի հայ մայրերի աչքերը երբեք իրենց զավակի կորուստը չտեսնեն ու նրանցում եղած արտասուքը միմիայն երջանկության պատճառով լինի: Ամեն:

 

Աղոթքով և օրհնությամբ

Տեր Գրիգոր քհն. Գրիգորյան

07.04.16
ԲաԺանորդագրվել
Ընթերցել նաև
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․