Գրքեր

Տեր Գրիգոր քհն. Գրիգորյանի շնորհավորական խոսքը Սուրբ Հարության տոնի առթիվ

Ի Քրիստոս եղբայրնե՛ր և քույրե՛ր,

Անասելի ուրախությամբ, աննկարագրելի երանությամբ և անպատմելի խնդությամբ ցնծում են այսօր Երկինքն ու Երկիրը, Հաղթանակած և Զինվորյալ Եկեղեցիները, հոգեղեններն ու մարմնավորները՝ օրհնաբանելով և փառաբանելով Ամենակալ Աստծուն, քանզի տոներից ամենամեծը, լուսավորն ու հաղթականն է այսօր, և ես մեծագույն սիրով և ուրախությամբ շնորհավորում եմ ամենքիդ՝ Տեր և Փրկիչ Հիսուս Քրիստոսի Սուրբ Հարության տոնի առթիվ՝ ավետելով՝ ՔՐԻՍՏՈՍ ՀԱՐՅԱՎ Ի ՄԵՌԵԼՈՑ:

Չկա ավելի կարևոր իրողություն մահկանացու մարդու համար, քան հարությունն է: Չկա ավելի մեծ մխիթարություն քրիստոնյայի համար, քան հարության գիտակցումն է: Չկա քրիստոնեություն, առանց հարության և չկա կյանք, առանց հարության: Քրիստոս հարյավ ի մեռելոց, սիրելի՛ քրիստոնյաներ և սրանով ասված է ամեն բան: Այս մի արտահայտության մեջ ամփոփված է տիեզերական պատմությունը՝ արարումից մինչև Երկրորդ Գալուստ: Այս մի արտահայտության մեջ պատկերված է մարդու կյանքի իմաստն ու գերագույն նպատակը: Ընդամենը այս մեկ արտահայտությամբ միլիոնավոր քրիստոնյաներ վկայում են միակ ճշմարիտ հավատի մասին: Ուստի, ցնծացեք և ուրախացեք, սիրելի՛ հավատացյալներ, քանզի մենք հարուցյալ Աստծու զավակներն ենք, մահն ու դժոխքը խորտակած Աստծու զավակները, կյանքն ու անմահությունը Հորից ժառանգած զավակները:

Երկու հազար տարի առաջ Բեթանիայի ճանապարհին Ղազարոսի քույր Մարթային ասված Քրիստոսի այն խոսքերը, թե՝ «Ես իսկ եմ հարություն և կյանք. ով հավատում է ինձ, թեպետ և մեռնի, կապրի» այսօր ամրապնդվում են Տիրոջ կայացած հարության անհերքելի փաստով, և հույսի խարիսխ դառնում հավատացյալների համար: Երկնային լուսատուի տեսանելի լույսին այսօր գումարվում է Արդար Արեգակի հարության աստվածային լույսն ու բյուրապատիկ պայծառությամբ լուսավորում Քրիստոսի շավիղներով դեպի սեփական հարություն ընթացողների ճանապարհը:

Երկու հազարամյակ առաջ նոր արշալույս բացվեց համայն մարդկության համար, երբ յուղաբեր կանայք թափուր գտան Տիրոջ գերեզմանը:  Գալիլեայից մինչև Գողգոթա Նրան արիությամբ և հավատարմությամբ հետևած այս սուրբ կանայք լիուլի վարձատրվեցին իրենց հավատարմության դիմաց՝ առաջինը ստանալով Հարուցյալ Աստծու ողջույնն ու հարության ավետիսը: Եվ ես մաղթում եմ ձեզ, սիրելի՛ քրիստոնյաներ, որպեսզի ձեր անձնական սխրանքների, նվիրումի, մեղքի համար մեռնելու վճռականության դիմաց այսօր մշտանորոգ, լուսաշող, աստվածային անգերազանց սիրով բոցավառ արշալույս բացվի ձեզնից յուրաքանչյուրի հոգում՝ դրոշմելով կյանք պարգևող ավետիսը ՝ ՔՐԻՍՏՈՍ ՀԱՐՅԱՎ Ի ՄԵՌԵԼՈՑ: ՕՐՀՆՅԱԼ Է ՀԱՐՈՒԹՅՈՒՆԸ ՔՐԻՍՏՈՍԻ:

 

Տեր Գրիգոր քհն. Գրիգորյան

Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցու հոգևոր հովիվ

20.04.19
ԲաԺանորդագրվել
Ընթերցել նաև
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․