Գրքեր

Տեր Հիսուս Քրիստոսի Անվանակոչության տոնի քարոզ

Յայսմ գիտասցեն ամենեքեան՝ եթէ Իմ աշակերտք էք, եթէ սիրիցէք զմիմեանս։

Եթե դուք միմյանց սիրեք, դրանով բոլորը պիտի իմանան, որ դուք Իմ աշակերտներն եք (Հովհաննես 13։35)։

Սիրելի՛ հավատավոր ժողովուրդ հայոց.

Այսօր Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին տոնում է մեր Տեր և Փրկիչ Հիսուս Քրիստոսի անվանակոչությունը։ Իր ծննդյան ութերորդ օրը Մարիամն ու Հովսեփը Նրան թլփատեցին ու կոչեցին Հիսուս, որ նշանակում է Օծյալ։ Հիսուս Քրիստոս մեր Փրկիչն է, Աստվածը, մեր Արարիչը, հույսը, հավատը, սերը, ապավենը, մխիթարիչը, զորությունը։ Նա սիրում է մեզ, հետևաբար հենարան և ապավեն է դառնում, լույս է դառնում անելանելի իրավիճակներում, մխիթարում է մեզ, գոտեպնդում տկարության պահին, խրատում է և փրկում մեզ փորձություններից, ներում է մեր շարունակական մեղքերը, մաքրագործում է մեր հոգիները, ուժ ու զորություն է տալիս մեր հոգնած ոտքերին ու ձեռքերին, Իր պատարագմամբ հաշտեցնում է մեզ Հայր Աստծու հետ ու հավիտենական կյանք խոստանում Իրեն երկրպագողներին։ Սիրելինե՛ր, Հիսուս Քրիստոս՝ Աստծու Միածին Որդին, մարմին է առնում՝ մարդուն սիրելով։ Ուստի, երբ մենք տոնում ենք Սուրբ Ծնունդը, միայն այս օրերին չպիտի հիշենք Հիսուս Քրիստոսի մասին, այլ ամբողջ տարվա ընթացքում մեր մտքերում ու սրտում դրոշմված պիտի լինեն սուրբծննդյան ու Սուրբ Հարության խորհուրդները, որովհետև այդ տոները ազդարարում են մարդու փրկության համար Աստծու կատարած զոհաբերությունը։ Աստծու Որդին հենց այնպես չմարդացավ։ Նա երկնքից երկիր իջավ, մարդուն երկրից երկինք բարձրացնելու համար։ Մենք Նրանով պիտի ապրենք, որովհետև քրիստոնյա անունն ենք կրում։

Անկախ այն բանից, թե ինչ մասնագիտություն ու զբաղմունք ունենք, ինչ կարգավիճակ ունենք, ինչով ենք ներշնչված, որն է մեր կյանքի շարժիչ ուժը, մենք բոլորս քրիստոնյաներ ենք ու պիտի ապրենք որպես քրիստոնյա։ Մարդիկ փորձում են պարզել իրենց անունների նշանակությունը, իրենց ապագան՝ հաճախ ընկնելով գուշակությունների ետևից, սակայն մեր բոլորի անունը քրիստոնյա է, հետևաբար մենք պիտի այնպես ապրենք, ինչպես պատվիրում է Տերը. «Ճրագ վառելով կաթսայի տակ չեն դնում, այլ՝ աշտանակի վրա, և նա լույս է տալիս բոլոր նրանց, որ տան մեջ են։ Թող այդպես փայլի ձեր լույսը մարդկանց առաջ, որպեսզի տեսնեն ձեր բարի գործերն ու փառավորեն ձեր Հորը, որ երկնքում է» (Մատթեոս 5։15, 16)։

Թող մեզ համար քրիստոնեությունը չլինի անցյալով, ազգային մշակույթով, արվեստով ու գրականությամբ, ճարտարապետությամբ հպարտանալու առարկա, այլ լինի ապրվող կյանք, առաքինանալու հնարավորություն, փրկության հույս, հավիտենական կյանքի երաշխիք, սիրո դրսևորում, կյանքի ճանապարհ։

Թող մեզ համար քրիստոնեությունը չլինի ավելորդություն, առաջընթացին խոչընդոտող հանգամանք, ինչպես կարծում են ոմանք, որ իրենք իրենց զրկում են Աստծու հետ երջանիկ լինելու հնարավորությունից։ Ոմանց համար նույնիսկ քրիստոնյա լինելու համար մկրտությունն ու սուրբ մյուռոնը կարևոր չեն։

Թող մեզ համար քրիստոնեությունը լինի կենդանի հավատք, ներկան կառուցելու կարևորագույն ուղի, ապագայի տեսլական։ Թող մեզ համար կարևոր լինեն առ Աստված ունեցած հավատքը, Աստծու հետ անցնելիք մեր ճանապարհը, պատվիրանապահությունը, Աստծու առաջ ծնրադրումը, Սուրբ Պատարագների պարգևած մեղքերի խոստովանությունն ու թողությունը, Աստծու հետ հաղորդակցումը։

Թող մենք լինենք ոչ թե քրիստոնեությունը առաջինը պաշտոնապես որպես պետական կրոն ընդունած ազգ, այլ իրապես քրիստոնեական կյանքով ու կենցաղով ապրողներ, և գրենք մեր՝ ճշմարիտ քրիստոնյային վայել կենսագրությունը։ Քրիստոնեությունը քաղցրացնում ու գեղեցկացնում է ոչ միայն քրիստոնյաների կյանքը, այլև ուրիշների, որոնց օգնում ու ձեռք են մեկնում նրանք, որովհետև քրիստոնյաների գլխավոր առաքելությունը սիրո ու ողորմածության գործեր կատարելն է։ Ուստի յուրաքանչյուրս իր տեղում, յուրաքանչյուրն իր առաքելության մեջ հավատարիմ թող մնա Աստծուն, արդարությամբ ու ազնվությամբ կատարի իր աշխատանքը և իր նպաստը բերի այլոց բարօրությանն ու հայրենիքի շենացման գործին։ Թող անտարբերությունը, հուսահատությունն ու հիասթափությունը չթուլացնեն մեզ, այլ աննկուն կամքով ընթանանք առաջ, օգնենք մեկմեկու, չնահանջենք, չչարանանք, մեկս մյուսին ձեռք մեկնելով՝ ամրության պարիսպ դառնանք մեր ժողովրդի ու հայրենիքի համար։

Թող քրիստոնեական անուշահոտությունը լցնի մեր շուրջը։ Սիրենք իրար՝ որպես մեր Տեր և Փրկիչ Հիսուս Քրիստոսի աշակերտներ։ Ի վերջո, մեր հայրերը մոգերի նման գնացել են Բեթղեհեմի աստղի ուղղությամբ, քրիստոնեություն են ընդունել, մկրտվել են հանուն Հոր, Որդու և Սուրբ Հոգու, հետևաբար մենք էլ նրանց հետևությամբ պիտի ապրենք քրիստոնեական արժեհամակարգով, հեռու վանենք նորամուծ կասկածելի ու Աստվածամերժ գաղափարները, ամուր կառչենք քրիստոնեական արմատներից, չտարվենք մոլորեցուցիչ երևույթներին հոգին կապող և մարդկային ազատությունը խլող «ազատ» ապրելակերպով։ Իրականում այդ ազատությունը խաբուսիկ է և հաճախ նաև կործանարար, որ անառակ որդու պես մերժում է հայրական տունը։ Այնինչ քրիստոնեական հավատքը մարդկանց միավորող ուժ է, որովհետև սովորեցնում է անձնազոհություն, իսկ անձնազոհության շնորհիվ միավորվում են ընտանիքի անդամները։ Ներողամտության շնորհիվ բարեկամները հաշտվում են միմյանց հետ, մարդիկ փորձում են խուսափել վեճերից, գժտություններից ու կռիվներից։ Իսկ ժամանակակից անձնակենտրոն գաղափարները անհաշտություն են մտցնում եղբայրների միջև, մոռանալ են տալիս ծնողներին պատվելու Աստվածադիր պատվիրանը։ Մարդու մեջ ծիլ է տալիս եսամոլությունը, և մարդը մտածում է միայն իր անձի հաճույքների բավարարման մասին։ Նրան չեն հոգում իր կողքինների զգացումներն ու կարիքները։ Ապրումակցումը սկսում է վերանալ։  

Շարունակ տխրեցնող ու ինչ-որ տեղ հուսահատական նորություններ ենք լսում, սակայն պետք է ամուր կառչենք մեր հավատքից, չհուսահատվենք, թոթափենք մեր մեղքերը և ապաշխարենք։ Աղոթքով անցնենք մեր խաչի ճանապարհը, չհուսալքվենք, որովհետև ճշմարիտ քրիստոնեության և իրական համբերության առջևում հարությունն է։ 

Սիրելինե՛ր, եկեք այսօր՝ Տիրոջ անվանակոչության տոնին, միասնաբար աղոթք բարձրացնենք առ Աստված, որպեսզի կարողանանք հրաժարվել մեղքերից ու Հիսուս Քրիստոսի արժանավոր հետևորդները լինենք, մոգերի պես մեր սրտերի ընծայումով երկրպագության իջնենք Տիրոջ առջև, պատվով կրենք քրիստոնյայի անունը, քրիստոնյայի խաչից չխուսափենք, զորանանք Տիրոջ պատարագմամբ և խանդավառվենք հարության հույսով։

Շնորհք, սէր և խաղաղութիւն Տեառն մերոյ Յիսուսի Քրիստոսի եղիցի ընդ ձեզ, ընդ ամենեսեանսն․ամեն։  

 

Տեր Վահան քհն. Առաքելյան

 

13.01.22
ԲաԺանորդագրվել
Ընթերցել նաև
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․