Գրքեր

«Տերը տվեց, Տերն էլ հետ առավ, թող օրհնյալ լինի Տիրոջ անունը»

Աշխարհում ամենատարածված մեղքերից մեկը տրտունջն է: Մարդը տրտունջի մեջ է ընկնում, քանի որ չի գնահատում այն, ինչ ունի և ձգտում է առավելին: Տրտունջը դեպի Երկնքի Արքայություն տանող գլխավոր խոչընդոտներից մեկն է: Ողջ մարդկային ցեղը միշտ որևէ բանից դժգոհ է, օրինակ՝ եթե տարիքային առումով նայենք, երեխաները ցանկանում են շուտ մեծանալ, մեծերը թաքցնում են իրենց տարիքը և դժգոհում՝ ասելով, թե ո՞ւր կորավ իրենց երիտասարդությունը: Երեխա չունեցողը դժգոհում է, որ երեխա չունի, իսկ ունեցողը՝ թե ծանրաբեռնված է ընտանեկան հոգսերով: Յուրաքանչյուրն իր ցավն է համարում ամենածանրը: Կան նաև մարդիկ, որոնք երջանիկ դառնալու բոլոր պարգևներն ունեն, բայց դժգոհում են իրենց վիճակից:

Որո՞նք են դժգոհության և տրտունջի պատճառները: Առաջինը՝ անհագ և թույլ կամքը. Ալեքսանդր Մակեդոնացին նվաճեց համարյա ողջ Ասիան, բայց դժգոհ էր: Ամուր և քաջ ոգին ջանում է իր ունեցածով բավարարվել: Դժգոհ լինելու մյուս պատճառը ծուլությունն է: Ավետարանում «Մնասների առակ»-ի այն ծառան, ում տերը մեկ մնաս էր տվել, դժգոհում էր իր վիճակից, քանի որ ծույլ էր, եթե անգամ իրեն հինգը մնաս տրվեր, նա կրկին կդժգոհեր (Ղուկ. 19:11-27): Աշխատասիրությունը մարդուն դարձնում է գոհունակ, իսկ ծուլությունը հակառակը՝ մարդուց վերցնում է այն, ինչ նա ունի՝ ավետարանական հետևյալ խոսքի համաձայն. «Ունեցողին ավելիով պիտի տրվի, իսկ չունեցողից պիտի վերցվի իր ունեցած ամենափոքր բաժինը» (Ղուկաս 19:26): Դժգոհության պատճառներից մեկն այն է, երբ մարդն իրեն մեկ ուրիշի հետ է համեմատում և կարծում, որ եթե ինքը լիներ այն վիճակում, որում դիմացինն է գտնվում, ավելի երջանիկ կլիներ: Դա ոչ այլ ինչ է, քան կանխակալ համեմատություն. մարդը տեսնում է դիմացինի կյանքի միայն արտաքին կողմը՝ ծանոթ չլինելով ներքին կյանքին, որ գուցե լի է բազմաթիվ անհանգստություններով: Որպեսզի մարդը դուրս գա դժգոհության մեղսալից ծուղակից, պետք է իր առջև ճշմարիտ նպատակակետ ունենա, իսկ հավատարիմ և անփոփոխ նպատակը մարդու համար նրա հոգու փրկությունն է: Երբ նպատակակետը ճիշտ է դրված, կյանքը հարստանում է բովանդակությամբ, և մարդն այլևս դժգոհելու պատճառ չի ունենում: Անհրաժեշտ է գիտակցել, որ աստվածային անսահման ողորմածության շնորհիվ է, որ մարդն ունի այն, ինչ ունի:

Անհնար է լիարժեք կյանք ապրել՝ ունենալով միայն նյութական բարիքներ: Տրտունջի հիմնական պատճառը հոգևոր կյանքի բացակայությունն է: Հուսահատության պատճառները ոչ թե կյանքի դժվարին հանգամանքներն են, այլ այն, թե մարդն ինչպես է դրանց վերաբերվում: Եթե անձը ներքնապես թույլ է և կյանքից միմիայն «նվերներ» է սպասում, ապա կունենա մշտական անհարմարավետության զգացում, ինչը կաթվածահար կանի նրա կամքը՝ ենթարկելով հուսահատության: Ըստ եկեղեցու հայրերի՝ հուսահատության և տրտունջի դեմ լավագույն դեղամիջոցը Աստծո հանդեպ երախտագետ լինելն է:

Տրտունջը հպարտության և հուսահատության մեղքերի արտահայտությունն է, որ հատուկ է նյութականին կառչած և թերահավատ մարդկանց: Այս մեղքը մարդուն վանում է Աստծուց և անհաղթահարելի պատնեշ կանգնեցնում նրա ու Աստծո միջև: Տրտունջը հոգևոր կուրություն է, որ մարդուն հեռացնում է աստվածային նախախնամությունից, այն անանցանելի խավար է, որ մահաբեր է դարձնում մարդու ուղին թե՛ ժամանակավոր և թե՛ ապագա կյանքի համար: Սուրբ Գիրքն ասում է. «Մի՞թե կավը բրուտին կարող է ասել, թե՝ ի՞նչ ես անում, ինչո՞ւ չես աշխատում, ձեռքեր չունե՞ս. մի՞թե ստեղծվածն իր ստեղծողին կարող է ասել, թե՝ ինչո՞ւ այսպես ստեղծեցիր ինձ»  (Եսայի 45:9): Աստված յուրաքանչյուրի համար նախասահմանել է իր կյանքի ուղին և իր կյանքի խաչը: Յուրաքանչյուրին տվել է առանձնահատուկ օրհնություն, որ պետք է կրի իր ողջ կյանքի ընթացքում և նայած թե ինչպես կապրի, ըստ այդմ էլ կփրկվի կամ կկործանվի:

Շատ հաճախ դժվարության մեջ ընկնող մարդը Աստծո նախախնամության առջև խոնարհվելու, հույսը Տիրոջ վրա դնելու և ապաշխարելու փոխարեն, սկսում է դժգոհել և տրտնջալ, ինչը բացահայտում է նրա մեջ թերահավատության, եսասիրության ու հպարտության մեղքերի առկայությունը և աստվածային սիրո բացակայությունը: Աստվածաշնչի Հոբ Երանելու մասին պատմող գրքում կարդում ենք, որ Հոբն ուներ յոթ հազար ուղտեր, հինգ հարյուր լուծ եզներ և արածող հինգ հարյուր մատակ էշեր և բազմաթիվ սպասավորներ: Մեծամեծ գործեր ուներ նա երկրի վրա: Այդ մարդը բոլոր արևելաբնակներից ամենաազնվականն էր (Հոբ 1:3): Աստծո թույլտվությամբ նա կորցրեց իր զավակներին, իր ունեցվածքը, բայց չտրտնջաց և չհուսահատվեց, այլ ասաց. «Իմ մոր որովայնից ես մերկ դուրս եկա, մերկ էլ կվերադառնամ: Տերը տվեց, Տերն էլ հետ առավ: Թող օրհնյալ լինի Տիրոջ անունը» (Հոբ 1:21): Իսկ այսօր շատ հաճախ մարդիկ, երբ Աստծուց բարիքներ են ստանում, մոռանում են այդ մասին, իսկ դժբախտության հանդիպելիս սկսում են Աստծո դեմ տրտնջալ և թվարկել իրենց արած բարի գործերը: Այնինչ, Հոբի օրինակի համաձայն, անհրաժեշտ է չհուսահատվել, հույսը Տիրոջ վրա դնել և Հոբի նման ասել՝ Տերը տվեց, Տերն էլ հետ առավ, թող օրհնյալ լինի Տիրոջ անունը:   

 

Կարինե Սուգիկյան

03.03.20
ԲաԺանորդագրվել
Ընթերցել նաև
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․