Գրքեր

Թմրամոլը մեր սիրո կարիքն ունի

Ներկայումս արդեն ոչ ոք չի կասկածում, որ թմրամոլությունը ժամանակակից աշխարհի չարիքն է: Այն անբուժելի հիվանդություն է համարվում, ուստի և թմրամոլներից բոլորը ձեռք են քաշում և՛հարազատներն ու մտերիմները, և՛ բժիշկները, և՛պետությունը, միայն թե ոչ` Եկեղեցին: Միայն Եկեղեցին է ի զորու իրապես օգնելու, փրկելու, եթե իհարկե նրա ձայնը լսվի:

<<19Երդւում եմ ձեզ երկնքով ու երկրով, որ ձեր առջեւն եմ դնում կեանքն ու մահը, օրհնութիւններն ու անէծքները։ Ընտրի՛ր կեանքը, որպէսզի ապրէք դու եւ քո սերունդը։ 20Պէտք է սիրես քո Տէր Աստծուն, լսես նրա ասածը, կապուած մնաս նրան, որովհետեւ նա է քո կեանքն ու քո երկարակեցութիւնը, որպէսզի բնակուես այն երկրում, որ Տէրը երդուեց քո հայրերին՝ Աբրահամին, Իսահակին ու Յակոբին, որ կը տայ նրանց» /Բ. Օր. 30:19-20/։

Վերջին տասնամյակներում թմրամոլությունը գրավել է զարգացած գրեթե բոլոր երկրները: Այսօր այդ խնդիրը մեծապես լուսաբանված է զանգվածային լրատվության միջոցների շնորհիվ. և նշված թեմայի շուրջ գիտաժողովներ են տեղի ունենում, և օգնության հիմնադրամներ են ստեղծվում, և նոր իրավական փաստաթղթեր են ի հայտ գալիս: Երբ մահն ու վշտերը մշտապես մեր կողքին են, աշխարհը, մի տեսակ, հարմարվում է կյանքի նոր պայմանններին: Ամեն ինչ այնպես է, ինչպես պատերազմի ժամանակ, երբ հաճախ ինքներս մեր անտարբերությամբ ու անպատասխանատվությամբ օգնում ենք մեր իսկ թշնամուն: Մեզանից ոչ ոք ապահովագրված չէ այն բանից, որ այդ չարիքի հերթական զոհը չի դառնա մեր ընտանիքը կամ մտերիմներից մեկը: Այդ վտանգն առանձնապես սպառնում է մեր երեխաներին: Ժամանակակից հոգևորականներից մեկը գրում է. <<Թմրանյութերը հայտնի էին դեռևս նախնադարում, սակայն միայն ու միայն մեր ներկա դարաշրջանի հոգևոր վակումն է, որ հարբեցողությունն ու թմրամոլությունը դարձրել է ազգային չարիք ինչպես մեր, այնպես էլ բազում այլ երկրներում: Դա մարդկության` ծանրագույն ճգնաժամ ապրելու նշան է>>:

Հիմնական պատճառն այն բանի, որ մեր ժամանակակիցները ձգտում են հայտնվել ալկոհոլի և թմրանյութերի պատրանքային աշխարհում, հոգևոր դատարկվածությունն է, կյանքի իմաստի կորուստը, բարոյական կողմնորոշիչների խախտումը: Թմրամոլությունն ու հարբեցողությունը ոչ միայն անհատների, այլ ողջ հասարակության հոգևոր հիվանդության դրսևորումներն են: Դա սպառողական գաղափարախոսության վարձն է, իրական կատարելատիպերի ոչնչացման և հոգևորի կորստի վարձը:

Եկեղեցին դաստիարակի ըմբռնումով է վերաբերվում ալկոհոլիզմի և թմրամոլության զոհերին, և նրանց այդ արատների հաղթահարման համար հոգևոր օգնություն է առաջարկում: Եկեղեցին, թմրամոլության սուր փուլում, չի մերժում բժշկակական միջամտության անհրաժեշտությունը, սակայն հատուկ ուշադրություն է դարձնում պրոֆիլակտիկային և վերականգնմանը, ինչն առավելապես արդյունավետ է այն դեպքում, երբ հիվանդներն ակտիվորեն ներգրավվում են համայնքային կյանքում, հաղորդություն են ստանում: Նրանք պետք է գիտակցեն սեփական դրությունը, հասկանան, որ կործանման ճանապարհին են: Ահա այստեղ է, որ անհրաժեշտ է առանձնակի ուժեղ հավատ: Եթե հավատ չկա, մարդը կորցնում է ճանապարհը և կործանվում: Սակայն հենց գրեթե անելանելի վիճակում հայտնվելն էլ հնարավորություն է տալիս, որ ի հայտ գան մարդու հնարավորությունները: Փակուղին սխալ սկզբի, խոտոր կյանքի վերջն է: Փակուղուց դուրս գալով մարդն այլ կենաց ճանապարհ է ընտրում. Ասես թե մեռելներից հարություն է առնում: Նման անելանելի դրությունից ելքը դեպի հավերժություն անցում է որ կա:

Աղոթքն ու Տիրոջ խոսքը թմրամոլության` այդ անողոք թշնամու, դեմ պայքարի գլխավոր զենքն են: Դուք պարտավոր եք պահպանել սթափ դատելու ունակությունը: Դուք չպետք է թույլ տաք, որ դատապարտեն այդ հիվանդության զոհը դարձած մարդուն: Առանց այն էլ նա խիստ ծանր վիճակում է. գլուխը կորցրել է, անկում ապրել: Նա հիմա, առավել քան երբևէ, ձեր կարեկցանքի կարիքն ունի: Նա ձեզանից ջերմություն է ակնկալում. ջերմացրե’ք նրա սիրտը, նա ձեր սիրո կարիքն ունի. տվե’ք նրան այն: Մի շտապեք ո’չ նրան, ո’չ էլ ինքներդ ձեզ մահվան դատավճիռ կայացնելու: Կյանքը չի վերջացել, բայց գլխավոր թշնամին` ձեր հուսահատությունը, արդեն անհամբեր սպասում է:

Թմրամոլության խնդրի շուրջ առաջ եկած բազում անվանարկությունները, նշված հիվանդության վերաբերյալ տեղեկատվության խեղաթյուրումը, պարզապես հասարակ անտարբերությունը հանգեցրել են այն բանին, որ այդ հիվանդության վերաբերյալ սուտ պատկերացումներ և կարծրատիպեր են ձևավորվել: Հասարակության համար դժվար է թմրամոլության զոհերին որպես իր լիիրավ անդամներ ընդունելը, ուստի և նա հաճախ ագրեսիվ վերաբերմունք է ցուցաբերում այդ անձանց նկատմամբ, նվաստացնում է` վերածելով հալածյալների: Բայց չէ որ նրանք, առանց այն էլ, իրենց միայնակ են զգում և տառապում դրանից: Մի’ ունկնդրեք ձեր հպարտության ձայնին. Փրկությունը հնարավոր է և իրական:

Բժշկի անձը որոշիչ դեր է խաղում բուժման դրական արդյունքում, հատկապես` ներարկիչից կախվածություն ունեցող խնամյալների պարագայում: Ներկայումս, բարեբախտաբար, նարկոլոգների մեջ շատ են իրապես, հավատացյալ բժիշկները, որոնք ի վիճակի են մարդկանց սեր և հույս նվիրելու:

Մարդիկ հաճախ Եկեղեցու մասին հիշում են ամենավերջում, ասես ինչ-որ բան նրանց ետ է պահում խոստովանահոր առջև սիրտը բացելուց: Անհրաժեշտ է արմատապես փոխել նման վերաբերմունքը: Պետք է հիշել` եթե չունեք խոստովանահոր հետ շփվելու փորձ, ապա չարժե վշտանալ: Ամեն բան պարզ է, և յուրաքանչյուր եկեղեցում յուրաքանչյուր հոգևորական կնդունի ձեզ, ուշադիր կլսի և կընկալի ձեր ցավը, գործուն հոգևոր պատգամներ կտա: Գլխավորը կողմնորոշվելն ու այդ պարտադիր քայլն անելն է. Չէ որ, որևէ այլ տեղ չեք գտնի ազատագրման ճանապարհին իրական օժանդակություն:

Հիշեցե’ք, մերձավորին օգնելը սկսվում է սեփական անձը ճանաչելուց: Միտրոպոլիտ Անտոնիյ Սուրոժսկին գրում է. <<Առաջինը, ինչ մենք պետք է սովորենք, մեր ողջ կյանքն ընդունելն է. մեր կյանքի բոլոր հանգամանքները, բոլոր մարդկանց, որոնք նրա մեջ են մտել` երբեմն խիստ ցավոտ կերպով: Հարկ է այս ամբողջն ընդունել և ոչ թե մերժել ու հեռու վանել: Մինչև մենք անմնացորդ չընդունենք մեր ողջ կյանքը, նրա ողջ պարունակությունը` ասես Աստծո ձեռքից, չենք կարող ազատագրվել ներքին տագնապից ու ներքին բողոքից, ընդվզումից….. Այդպես էլ անցնում ենք և’ այն իրավիճակի, և’ այն մարդու կողքով, որին Տերն էր ուղարկել մեզ, որպեսզի մեզ բժշկի, որպեսզի խոնարհաբար մտնենք Աստծու Արքայություն, մեր մեղավորության հետևանքները կրենք համբերատարությամբ և Աստծո ձեռքից ամեն բան ընդունելու պատրաստակամությամբ>>:

Մենք պետք է ձգտենք հասկանալ թմրանյութերից կախվածություն ունեցող մարդուն, օգնել նրան փրկության ճանապարհին և, ուժերի ներածի չափով, նրա հետ անցնել այդ ճանապարհի գոնե մի մասը: Սակայն այդ ուղուն ոտք դնելը հնարավոր է միայն Նրա համագործակցությամբ, Ով Ինք Իր մասին ասաց. <<Ես եմ ճանապարհը եւ ճշմարտութիւնը եւ կեանքը>> /Յովհ. 14:6/:

 

Ռուսերենից թարգմանեց՝ Տ. Գրիգոր քհն. Գրիգորյանը

21.10.14
ԲաԺանորդագրվել
Ընթերցել նաև
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․