Գրքեր

Տնային տնտեսությունն ու մոր հոգևոր կյանքը

- Հա՛յր, ինչպե՞ս կարող է տնային տնտեսուհին կարգավորել իր գործերն ու հոգսերը, որպեսզի աղոթքի համար էլ ժամանակ ունենա: Ինչպիսի՞ հարաբերակցություն պիտի լինի աշխատանքի և աղոթքի միջև:

- Սովորաբար կանայք չափ ու սահման չեն ունենում գործերում: Նրանք ուզում են իրենց գործերին ու հոգսերին նորերն ավելացնել: Մեծ սիրտ ունենալով՝ կանայք մեծ հաջողությամբ կարող էին իրենց հոգու «տնային տնտեսությունը» վարել, բայց դրա փոխարեն, նրանք իրենց սիրտը փուչ բաների վրա են ծախսում: Պատկերացրեք, որ օրինակի համար, գեղեցիկ նախշերով, գծերով ու նման այլ բաներով զարդարված մի գավաթ ունենք: Եթե այն զարդարված էլ չլիներ այդ գծերով, ապա միևնույն է, դա չէր խանգարի նրան իր նշանակությանը ծառայել: Սակայն կանայք գնում են խանութ ու սկսում վաճառողին բացատրել. «Ոչ-ոչ, ես ուզում եմ, որ գծերը մինչև այստեղ հասնեն ու ոչ թե այս կերպ նկարված լինեն, այլ՝ այն»: Իսկ եթե այն տեղ ծաղիկ է նկարված լինում, ապա նրանց սիրտն ուղղակի սկսում է ցնծալ: Այդ կերպ, կինն իզուր ծախսում է իր ողջ ներուժը: Հազվադեպ կհանդիպես մի այնպիսի տղամարդու, որ ուշադրություն դարձնի նման բաների վրա: Օրինակի համար, նրա սեղանի լուսամփոփը սև լինի, թե շագանակագույն, տղամարդը նույնիսկ չի էլ նկատի: Իսկ կինն ընդհակառակը, ինչ-որ գեղեցիկ բան է ուզում, ուրախանում է, այդ գեղեցիկ առարկային իր սրտի մի մասն է նվիրում: Մեկ այլ «գեղեցիկի»՝ մի ուրիշ մասնիկ է նվիրում, իսկ ի՞նչ է հետո մնում Քրիստոսի համար: Հորանջում և հոգնածություն՝ աղոթքի ժամանակ: Որքան շատ է կնոջ սիրտը հեռվանում գեղեցիկ իրերից, այնքան շատ է նա մոտենում Քրիստոսին: Իսկ եթե սիրտը Քրիստոսին է տվել, ապա այն մեծ ուժ է ունենում: Օրերս ես մի կնոջ հանդիպեցի, որ իրեն լիովին Աստծուն էր վստահել: Ակնհայտ էր, որ նրա մեջ մի ինչ-որ քաղցր բոց էր վառվում: Ամեն գործի նա եռանդով էր լծվում: Նախկինում այդ կինն ամբողջովին աշխարհիկ մարդ էր, բայց բարի տրամադրվածություն ուներ և ինչ-որ պահի նրա հոգում կայծ վառվեց: Իր բոլոր ոսկե զարդերն ու ճոխ հագուստները նա մի կողմ նետեց: Այժմ նա մի զարմանալի պարզությամբ է ապրում: Ջանք է թափում, ինքն իր վրա հոգևոր աշխատանք է կատարում: Ինչպիսի՜ զոհաբերությամբ են լցված նրա արարքները: Նա սկսել է «խանդել», «նախանձել» սրբերին՝ բառիս բարի իմաստով: Գիտեք, թե քանի անգամ է հաշվում համրիչն աղոթքի ժամանակ, ինչպիսի պահքեր է պահում, որքան ժամանակ է ծախսում սաղմոսներ կարդալու համար… Զարմանալի բան է: Ճգնավորությունն այժմ նրա սնունդն է դարձել:

- Հա՛յր, մի մայր ինձ ասաց. «Ֆիզիկապես ես թույլ եմ և շատ եմ հոգնում: Ո՛չ իմ գործերն եմ հասցնում անել, ո՛չ էլ աղոթքի համար է ժամանակ մնում»:

- Որպեսզի աղոթքի համար ժամանակ մնա՝ նա պետք է պարզեցնի իր կյանքը: Մայրը շատ բաների կարող է հասնել պարզության միջոցով: Եթե մայրը պարզեցրել է իր կյանքը, ապա «ես հոգնել եմ» ասելու իրավունք ունի, իսկ շատ աշխատում է, որովհետև շատ երեխաներ ունի: Սակայն, եթե նա իր ժամանակը կորցնում է ջանալով, որպեսզի իր տունը տպավորություն թողնի այլ մարդկանց վրա, ապա էլ ի՞նչ ասես այդ դեպքում: Որոշ մայրեր, ցանկանալով, որ տան ամեն իրն իր տեղում գեղեցիկ մնա, իրենց երեխաներին ճնշում, խեղդում են նրանով, որ թույլ չեն տալիս տեղից շարժել աթոռը կամ բարձը: Նրանք երեխաներին ստիպում են ապրել զորանոցային կարգ ու կանոնով, և այդ կերպ նորմալ ծնված երեխաները, դժբախտաբար, արդեն լիարժեք նորմալ չեն մեծանում: Եթե ոչ հիմար մարդը տեսնի, որ բազմազավակ տանն ամեն իրն իր տեղում է գտնվում, ապա նա կենթադրի, որ կա՛մ երեխաներն են այստեղ մտավոր հետամնաց, կա՛մ էլ մայրն աչքի ընկնելով իր դաժանությամբ ու բռնակալությամբ՝ նրանց զինվորական կարգապահություն է պարտադրում: Վերջինիս պարագայում, երեխաների հոգում վախն է ապրում և այդ վախից էլ կարգապահ են լինում: Մի անգամ, ես մի տուն է գնացել, որտեղ շատ երեխաներ կային: Ախ, որքա՜ն ուրախություն ինձ պատճառեցին այդ փոքրիկներն իրենց չարաճճիություններով, որոնցով խորտակում էին աշխարհիկ այն կարգը, որ ասում էր. «ամեն իրն իր տեղում պետք է լինի»: Այդ «կարգը» մեծագույն անկարգությունն է, որ ժամանակակից մարդուց բավականին ուժեր է խլում:

Նախկինում հոգևոր գրքեր չկային և մայրերը չէին կարող զբաղեցնել իրենց, իրենք իրենց օգնել ընթերցանությամբ: Այժմ, Սուրբ Հայրերի մեծաքանակ գրական ժառանգություն կա հրատարակված, դրանցից շատերը թարգմանված են արդի լեզվով, սակայն, ցավոք սրտի, մայրերից շատերն անցնում են այդ ամբողջ հարստության կողքով և իրենց ժամանակը հիմարություններով են  լցնում, կամ էլ անդադար աշխատում են, որպեսզի ծայրը ծայրին հասցնեն:

Փոխանակ մանրակրկիտ կերպով տնային տնտեսությամբ՝ անհոգի իրերով զբաղվելու, մայրն ավելի լավ է երեխաների դաստիարակությամբ զբաղվի: Թող նրանց հետ Քրիստոսի մասին խոսի, Սրբերի Վարքից կարդա: Միաժամանակ նա պետք է իր հոգու մաքրությամբ էլ զբաղվի, որպեսզի այն էլ հոգևոր փայլ ունենա: Մոր հոգևոր կյանքն աննկատ, լուռ կերպով կօգնի նաև իր երեխաների հոգիներին: Այդպիսով, նրա երեխաներն ուրախ կապրեն և ինքն էլ երջանիկ կլինի, որովհետև իր ներսում Քրիստոսին է կրում: Եթե մայրը նույնիսկ չի կարող ժամանակ գտնել, որպեսզի «Սուրբ Աստված»-ը կարդա, ապա ինչպե՞ս կօրհնվեն նրա երեխաները:

- Հա՛յր, իսկ ի՞նչ անել, եթե մայրը և՛շատ երեխաներ ունի, և՛շատ աշխատանք:

- Բայց մի՞թե նա չի կարող տնային գործերը անելու հետ միաժամանակ նաև աղոթել: Հիսուսի աղոթքին ինձ իմ մայրն է սովորեցրել: Երբ մենք երեխա էինք և ինչ-որ չարություն էինք անում, և նա արդեն պատրաստ էր լինում բարկանալու, ապա ես լսում էի, թե ինչպես էր սկսում բարձրաձայն աղոթել. «Տեր Հիսուս Քրիստոս, ողորմյա ինձ»: Հացը վառարանը դնելուց, մայրս արտասանում էր. «Հանուն Քրիստոսի և Սուրբ Աստվածածնի»: Խմոր հունցելուց և կերակուր պատրաստելուց ևս՝ միշտ Հիսուսի աղոթքն էր արտասանում: Այդպես նա ինքն էր օրհնվում, օրհնվում էին հացն ու կերակուրը, որ պատրաստում էր և նրանք՝ ովքեր ուտում էին այդ կերակուրը:

Որքա՜ն սրբակենցաղ մայրերի երեխաներ նույնպես օրհնվել են: Օրինակի  համար վերցնենք Հայր Հաջի-Գեորգիի մորը: Այդ օրհնյալ կնոջ նույնիսկ կաթն էր ճգնավորական, որով սնուցել էր մանուկ Գաբրիելին՝ այդպես էին անվանում Հայր Հաջի-Գեորգիին աշխարհիկ կյանքում: Այդ կինը երկու երեխա ծնեց, իսկ դրանից հետո, իր ամուսնու հետ, կուսության մեջ ապրեցին՝ իրար սիրելով որպես քույր ու եղբայր: Հաջի-Գեորգիի մայրը մանկությունից տարբերվում էր ճգնավորական ոգով, որովհետև նրա քույրը ճգնավոր միանձնուհի էր: Իր միանձնուհի քրոջը նա հաճախ էր այցելում և արդեն ամուսնացած լինելով՝ նրա մոտ գալիս էր իր երեխաների հետ միասին: Գաբրիելի հայրը նույնպես բարեպաշտ մարդ էր: Նա առևտրով էր զբաղվում և այդ պատճառով էլ ժամանակի մեծ մասը ճամփորդության մեջ էր անցկացնում: Այդ հանգամանքը նրա մորը բարենպաստ հնարավորություն էր ընձեռում հասարակ կյանքով ապրելու՝ շատ բաների մասին չանհանգստանալով*, այլ կանանց և իր որդու հետ միասին մասնակցելու գիշերային հսկումներին, որ երբեմն քարայրերում էին անցկացվում, երբեմն էլ՝ տարբեր մատուռներում: Այդ պատճառով էլ հետագայում նրա որդին այդ աստիճանի սրբության հասավ**:

Մոր բարեպաշտությունը մեծ նշանակություն ունի: Եթե մայրը խոնարհություն ու Աստծո վախն ունի, ապա տանն ամեն ինչ այնպես է, ինչպես հարկն է: Ես երիտասարդ մայրերի եմ ճանաչում, որոնց դեմքերը շողում են, չնայած որ այդ կանայք ոչ մի տեղից օգնություն չեն ստանում: Երեխաների հետ շփվելով՝ ես հասկանում եմ, թե նրանց մայրերն ինչ վիճակում են գտնվում:

 

 

* Համեմատի՛ր Ղուկ. 10:39-42

** Տե՛ս Γέροντος Παϊσίου Άγιορείτου. Ό Γέρων Χατζη-Γεώργης ό Άθωνήτης. Έκδ. "Ί. Ησυχαστήριον Εύαγγελιστής Ίωάννης ό Θεολόγος", Σουρωτή Θεσσαλονίκης, 6, 2001.

 

 

Պաիսիոս Աթոսացու «Ընտանեկան Կյանք» գրքից

Ռուսերենից թարգմանությունը՝ Էմիլիա Ապիցարյանի

 

23.04.24
ԲաԺանորդագրվել
Ընթերցել նաև
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․