Գրքեր

Ծնողական օրինակ

- Հա՛յր, իսկ ի՞նչ անեն ծնողները, եթե երեխան նրանց չի լսում, կամակորություն է անում:

- Եթե երեխան չի ենթարկվում և իրեն վատ է պահում, ապա դա իր պատճառն ունի: Միգուցե, իր տանը կամ նրանից դուրս, երեխան անպարկեշտ տեսարանների ականատես է լինում կամ անվայելուչ խոսակցություններ է լսում: Ինչ էլ որ լինի, երեխաների հոգևոր զարգացմանը հիմնականում մենք ոչ թե ստիպողաբար ենք նպաստում, այլ` մեր անձնական օրինակով:

Պետք է ասել, որ  մայրն է երեխաներին մեծ օգնություն ցուցաբերողը` իր օրինակով, իր ամուսնու հանդեպ ցուցաբերած հարգանքով ու հնազանդությամբ: Եթե ինչ-որ հարցի շուրջ մոր կարծիքը տարբերվում է հոր կարծիքից, ապա նա երբեք չպետք է այն արտահայտի երեխաների ներկայությամբ, որպեսզի չարը դրանից չօգտվի: Մայրը երբեք չպետք է պղտորի երեխաների մտքերը հոր վերաբերյալ: Եթե նույնիսկ հայրը մեղավոր է` մայրը պետք է արդարացնի նրան: Օրինակի համար, եթե հայրն իրեն վատ է դրսևորել, ապա մայրը երեխաներին պետք է ասի. «Հայրիկը հոգնել է, նա ողջ գիշեր աշխատել է, որպեսզի մի շտապ գործ ավարտի: Եվ նա ձեզ համար է աշխատում»:

Շատ ծնողներ վիճում են երեխաների ներկայությամբ և այդ կերպ նրանց վատ դաս են տալիս: Դժբախտ երեխաները տխրում ու վշտանում են: Հետո ծնողները, որպեսզի նրանց սիրտը շահեն, ձգտում են նրանց բոլոր քմահաճույքները կատարել: Հայրը, ցանկանալով հաճոյանալ երեխային, սկսում է «գնել» նրան. «Դե, թանկագինս, ասա տեսնեմ ի՞նչ գնեմ քեզ համար»: Մայրն իր հերթին է երեխայի քմահաճույքները կատարում, և արդյունքում երեխաները քմահաճ ու իրասածի են մեծանում: Իսկ արդյունքում, եթե ծնողներն ի վիճակի չեն երեխաներին տալու այն՝ ինչ նրանք ուզում են, ապա սպառնում են ծնողներին, որ կվնասեն իրենց կամ ինքնասպան կլինեն:

Ես տեսնում եմ, թե ինչպես է ծնողական բարի օրինակն օգնում երեխաներին: Այսօր ես հյուրեր ունեի` երկու փոքրիկ աղջնակներ, մեկը` երեք, իսկ մյուսը չորս տարեկան, իրենց ծնողների հետ, որ շատ առաքինի մարդիկ էին: Որքա՜ն ուրախություն ինձ պարգևեցին այդ պստիկները: Նրանք կարծես հրեշտակներ լինեին: Կողք-կողքի նստած, շորիկների փեշերով իրենց ծնկներն էին ծածկում: Որքա՜ն համեստություն ու հարգանք կար նրանց մեջ: Եվ այդ ամենն այն պատճառով, որ նրանք տեսել էին, թե ինչպես են իրենց ծնողները վարվում: Տեսնելով, որ ծնողները սիրում ու հարգում են միմյանց, իրենց խելամիտ ձևով են դրսևորում, աղոթում են և այլն, ապա երեխաներն այդ ամենը դրոշմում են իրենց հոգիներում: Այդ պատճառով էլ ասում եմ, որ եթե ծնողներն իրենց երկյուղածությունը երեխաներին փոխանցեն, ապա դա լավագույն ժառանգությունը կլինի, որ կարող են թողնել:

Եթե դուք միայն տեսնեիք մի աղջնակի, որի հետ ես Ավստրալիայում ծանոթացա: Որքա՜ն վեհանձնություն կար նրա մեջ: Մենք Կանբերա գնացինք: Ընդունելով վերջին երկու այցելուներին, որոնք կամենում էին ինձ տեսնել՝ ես պատրաստվում էի  մեկնել: Մեկ էլ տեսնեմ մի մեքենա կանգ առավ ու դուրս ելավ մի ամուսնական զույգ` իրենց փոքրիկ դստեր հետ: «Հա՛յր, մենք այնուամենայնիվ հասցրեցինք հանդիպել ձեզ»,- ասացին նրանք: «Այո,- ասում եմ,- մենք արդեն պատրաստվում էինք մեկնել»:  «Հա՛յր,- այնժամ ասաց ամուսինը,- ինձ ընդունել պետք չէ, սարսափելի բան չկա: Թող միայն կինս կարճ ժամանակով զրուցի Ձեզ հետ, որպեսզի չվշտանա: Թե չէ նա շատ զգայուն մարդ է»: Մենք նրա կնոջ հետ մի կողմ գնացինք, որպեսզի կարողանա ասել ինձ այն, ինչ ուզում է: Նրանց դստրիկը վազեց մոր ետևից: «Նստիր այնտեղ,- ասացի փոքրիկին,- շուտով մայրիկը կգա»: «Իսկ դու մայրիկ ունե՞ս»,- հարցրեց նա ինձ: «Ոչ»,- պատասխանեցի ես: Մեկ էլ տեսնեմ նրա աչուկներում արցունքներ հայտնվեցին: «Իսկ ուզո՞ւմ ես,- հարցրեց նա,- իմ մայրիկին քեզ տամ»: Այդ ժամանակ ես էլ նրան հարցրեցի. «Իսկ դու պապիկ ունե՞ս»: «Ոչ»,- պատասխանեց: «Իսկ ուզո՞ւմ ես պապիկ ունենալ»: «Ուզում եմ, ուզում եմ,- ուրախացավ նա,- Դու ի՞նքդ կտեղափոխվես մեզ մոտ ապրելու, թե՞ ուզում ես, որ մենք տեղափոխվենք քեզ մոտ: Ինչպե՞ս ես ուզում»: Ինչպիսի՜ վեհանձնություն: Փոքրիկ երեխան զոհաբերում է իր մայրիկին: Տեսե՛ք, ախր նա դա իր ծնողներից էր կրկնօրինակել: Նրա հայրը մեծ վեհանձնության տեր մարդ էր: Ես գրկեցի ու համբուրեցի այդ մարդուն, շնորհավորեցի, որ այդքան լավ դուստր ունի: Որքա՜ն ես նրան օրհնեցի: Այդպիսի մարդիկ շարժում են մարդկային նույնիսկ ամենաչոր սրտերը, էլ ի՜նչ ասես Աստծո մասին:

 

Պաիսիոս Աթոսացու «Ընտանեկան Կյանք» գրքից

Ռուսերենից թարգմանությունը՝ Էմիլիա Ապիցարյանի

 

 

22.01.15
ԲաԺանորդագրվել
Ընթերցել նաև
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․