Գրքեր

Ծնողի բարի օրինակը՝ բարի դաստիարակության հիմք

Զորավոր Ս. Աստվածածին եկեղեցու համայնքը, ԱՀԹ առաջնորդական փոխանորդ Գերաշնորհ Տ. Նավասարդ արք. Կճոյանի օրհնությամբ և հոգևոր հովիվ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյանի գլխավորությամբ իրականացնում է սոցիալական ծրագրերի շարք, որոնց իրենց աջակությունն են բերում ինչպես համայնքի անդամները, այնպես էլ Հայաստանում և սփյուռքում բնակվող հավատավոր մեր հայրենակիցները:

Հուլիսի 9-ին Տեր Գրիգորը և եկեղեցու սոցծրագրերին մշտապես աջակցող ամերիկաբնակ Կարեն Վարդանյանն իր ընտանիքի հետ այցելեցին Ավետյան բազմազավակ ընտանիքին, որ վարձակալությամբ բնակվում է Խորենացու 107 հասցեում: Յոթ հոգուց բաղկացած կարիքավոր ընտանիքն ապրում է Վանաձորում՝ Համբարձումյան Դ-17 շենքի տարածքի տնակում, բայց ընտանիքի մայրը՝ Ավետյան Հեղինեն (37 տ.) իր հիվանդ դստեր՝ Լուսինեի (7 տ.) հետ ճարահատյալ տարվա մեծ մասը վարձակալությամբ բնակվում է Երևանում, որպեսզի երեխան կարողանա ֆիզոթերապիայի կուրսեր անցնել:

Ավետյան ընտանիքը հարուստ է հինգ զավակներով՝ մեկ տղա և չորս դուստրեր, դուստրերից երկուսը՝ Լուսինեն և մեկուկեսամյա Մարիամը ծնվել են մանկական ուղեղային կաթվածով (ԴՑՊ): «Լուսինեն չի կարողանում ինքնուրույն քայլել, քայլակով կամ մեր օգնությամբ է տեղաշարժվում: Բարի մարդկանց հովանավորությամբ՝ աղջիկս երկու տարի առաջ վիրահատվեց «Արաբկիր» բժշկակական համալիրում: Վիրահատության արդյունքը նվազ չափով նկատելի էր, բայց ավելի մեծ արդյունքների հասնելու համար մեզ առաջարկում են երեխային տանել Ռուսաստանի Տուլա մարզ, ուր լազերային վիրահատության միջոցով երեխան հնարավորություն կունենա ինքնուրույն քայլելու: Ֆինանսական խնդրի պատճառով արդեն երկու տարի է, որ հետաձգվում է այս վիրահատությունը: Իսկ Մարիամիկի մոտ ԴՑՊ-ի հետևանքներն ավելի թույլ են արտահայտված, փոքրիկս նույնպես ֆիզիոթերապիայի կարիք ունի, բայց առայժմ կարողանում ենք միայն Լուսինեի բուժման համար անհրաժեշտ ծախսերը հոգալ»,- ասաց ընտանիքի մայրը:

Բազմազավակ ընտանիքի ավագ դուստրն անվճար ուսանում է Վանաձորի Կ. Ղարաքեշիշյանի անվ. թիվ 1 արհեստագործական պետական ուսումնարանի դիզայնի բաժնում: Ընտանիքի հայրը մշտական աշխատանք չունի և ընտանիքն իր նվազագույն կարիքները փորձում է հոգալ ընտանեկան նպաստի և երեխաներին հատկացվող հաշմանդամության գումարներով:

Տեր Գրիգորը բժշկության աղոթք կարդաց, Կարեն Վարդանյանն ընտանիքին հանձնեց դրամական օգնություն (100 ԱՄՆ դոլար), իսկ նրա որդին՝ վեցամյա Միքայելը Լուսինեին նվիրեց քաղցրավենիքի փաթեթ: Հեղինեն իր գոհունակությունը հայտնեց Տեր Գրիգորին և աջակից ընտանիքին՝ ուշադրության և հոգածության համար:

«Այս տարի որդիս՝ Միքայելը, ցանկություն հայտնեց Հայաստան գալու և Մասիս սարը տեսնելու: Մենք էլ իրեն մասնակից դարձրինք տնայցերի, որպեսզի նրա մոտ ձևավորվի դիմացինի խնդիրը տեսնելու և աջակցելու կարևոր առաքինությունը: Նա մեզ խոստում է տվել, որ երբ մեծանա, իր հայրենակիցներին օգնելու նպատակով, հաճախակի է գալու Հայաստան»,- ասաց Կարեն Վարդանյանը:

Ըստ Խրիմյան Հայրիկի՝ մեծապես սխալվում են այն ծնողները, եթե հավատում են, որ նյութական բարիքներն առանց հոգեկան ու բարի դաստիարակության մնայուն ու ճշմարիտ բարիք են որդիների համար: Մանուկը քանի դեռ մանուկ է, չարն ու բարին որոշել չգիտի: Ինչ որ իր ծնողների բերանից լսի ու ինչ օրինակ նրանց կյանքում տեսնի, այն էլ միշտ բարի կկարծի:

 

Կարինե Սուգիկյան

09.07.18
ԲաԺանորդագրվել
Ընթերցել նաև
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․