Գրքեր

Ծնողների ու մեծերի հանդեպ ունեցած երեխաների հարգանքը

Երբ երեխան փոքր է՝ ոչ մի աշխատանք չի անում: Նրա սննդի, հագուստի և այլնի համար ծնողներն են հոգ տանում: Ծնողները սիրուց մղված են օգնում երեխային: Երեխան չի աշխատում, նա կարող է միայն մի փոքր հանձնարարություն կատարել տնային գործերում: Բայց մի՞թե դա կարող է համեմատվել այն աշխատանքի կամ ծախսերի հետ, որ ծնողները հանուն նրա են անում: Եթե երեխան, մեծանալով, չի հասկանում, թե ինչ են տվել իրեն ծնողները` ապա դա շատ մեծ ապերախտություն է:

Նախկինում ծնողները երեխային ֆիզիկապես էին պատժում և նա այդ պատիժներն առանց վիրավորվելու էր ընդունում: Հաճախ նա նույնիսկ չէր էլ հասկանում, թե ինչի համար են իրեն ծեծում: Բայց այժմյան երեխաները համատարած «ինչո՞ւ և ինչի՞ համար» են: Համատարած հակաճառություն: Նրանց մեջ պարզություն չկա: Կատարվող ամեն բան դատի ու գնահատականի են ենթարկում: Սակայն Աստծո բարեշնորհությունն այս կերպ չի գալիս: Եթե երեխան իր հորը որպես հայր չի զգում և չի ընդունում հայրական պատիժը, ապա նա անօրինական երեխա է (Եբր. 12:6-11): Որոշ երեխաներ միանգամից սկսում են սպառնալ. «Երակներս կկտրեմ»՝ հենց ծնողները մի փոքր նկատողություն են անում: Եվ ի՞նչ է մնում ծնողներին անել: Նրանք զիջում են, իսկ արդյունքում երեխաները փչանում ու կործանվում են:

Երեխան պետք է հասկանա, որ եթե ծնողները նրա ծոծրակին են տալիս, ապա դա ոչ թե չարությունից մղված են անում, այլ՝ սիրուց, որպեսզի ինքն ուղղվի, ավելի լավը դառնա ու հետագայում ուրախանա: Մենք ամեն ինչ ընդունում էինք, երբ փոքր էինք, և՛ ծնողական քնքշանքը, և՛ ծնողական ապտակները, և՛ ծնողական համբույրները: Մենք հասկանում էինք, որ ծնողներն այդ ամենը մեր բարօրության համար են անում: Մեր ծնողների հանդեպ մեծ վստահություն ունեինք: Երբեմն նաև այնպես էր պատահում, որ մի եղբայրն էր մեղավոր լինում, իսկ մայրը մյուսին էր նախատում, քանի որ չէր հասցնում «դատաքննություն» անցկացնել: Սակայն, մեղավորը տեսնելով, որ իր պատճառով անմեղն է տուժում՝ խոստովանում էր իր մեղքը, որովհետև խիղճը հանգիստ չէր տալիս: Եվ այդկերպ մեղավոր քույրը կամ եղբայրն արդարացում էին ստանում:

Ընտանիքում փոքրերը պետք է հարգանք ունենան և՛ ծնողների և՛ մեծերի (եղբայրների ու քույրերի) նկատմամբ: Մեծերի նկատմամբ հարգանքը, երախտագիտությունն ու հնազանդությունը փոքրերը որպես անհրաժեշտություն պետք է զգան: Մեծերը, իրենց հերթին, փոքրերի նկատմամբ պետք է սեր ունենան, օգնեն ու պաշտպանեն նրանց: Երբ կրտսերը հարգում է ավագին, իսկ ավագը սիրում է կրտսերին, ապա հրաշալի ընտանեկան մթնոլորտ է ստեղծվում: Հայրս ասում էր մեզ. «Հնազանդվե՛ք ձեր ավագ եղբորը»: Մենք գիտեինք, որ մեր հայրը բոլորիս սիրում էր և մեզ շատ ազատ էինք պահում նրա հետ: Իսկ ահա ավագ եղբորս ավելի շատ էինք հնազանդվում, քանի որ նրա մեջ հայրական սերը չէինք գտնում*:

Երբ ամուսինները հարգում են միմյանց, իսկ երեխաները՝ ծնողներին, ապա ընտանեկան կյանքը, ժամացույցի պես, հարթ է ընթանում: Այդպիսի ընտանիքում ավագ որդին մորը երբեք չի ասի. «Տե՛ս հա՜, մայր, էլ երբեք նման բան չանես» կամ «ինչո՞ւ ես ամեն ինչ թարս ու շիտակ արել»: Բայց և հայրը մոր հետ այդ տոնով չի խոսում այդպիսի ընտանիքում: Մեծը կարող է կատակել երեխայի հետ՝ նրան ուրախացնելու համար, բայց երեխան, մեծի կատակներից ուրախանալով, չպետք է նրա հետ իրեն անքաղաքավարի պահի ու անպատշաճ մտերմություն ցուցաբերի: Երբ ես Ստոմիոն վանքում էի և երբեմն քաղաք էի իջնում գնումների համար, մի փոքրիկ, ում տունը հենց ճանապարհին էր, հենց տեսնում էր ինձ՝ վազում էր մոտս, և ես նրա թաթիկը համբուրում էի: Հետո նա սովորեց դրան ու մոտս վազելով ինքն էր թաթիկը պարզում, որ համբուրեմ: Ես անում էի այն, ինչ ինքն էր ուզում: Բայց հետո նրա ծնողները խնդրեցին. «Հա՛յր, պետք չէ նրա ձեռքը համբուրել, որովհետև վազում է քահանաների ետևից ու ձեռքն է մեկնում, որ համբուրեն, իսկ եթե չեն անում՝ սկսում է լաց լինել»:

 

 

* Հայր Պաիսիոսը յոթ եղբայր ու քույր ուներ:

 

Պաիսիոս Աթոսացու «Ընտանեկան Կյանք» գրքից

Ռուսերենից թարգմանությունը՝ Էմիլիա Ապիցարյանի

 

17.04.15
ԲաԺանորդագրվել
Ընթերցել նաև
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․