Գրքեր

Ծուլության, ձանձրույթի և թախիծի մասին

1. Ոչ մի րոպեն ծուլությանը մի՛ զոհիր (Անտոն Անապատական):

2. Սիրի՛ր աշխատանքը, մարմնավոր աշխատանքը սրտին մաքրություն է տալիս (Անտոն Անապատական):

3. Այստեղ հանգիստ չփնտրեք, որպեսզի այնտեղ ձեռք բերեք (Հովհան Ոսկեբերան):

4. Աստված մեր փոխարեն չի աշխատում, այլ օգնում է մեզ (Հովհան Ոսկեբերան):

5. Մենք այնքան չենք ջանում մեր փրկության համար, որքան սատանան մեր կորստի համար (Հովհան Ոսկեբերան):

6. Մեղքը պատճառ է անպատվության, իսկ այն ծնվում է անբանությունից: Եթե պարապությունը բարիք լիներ, ապա հողը ամեն բան կտար առանց ցանելու և մշակելու, բայց նա ոչ մի նման բան չի անում (Հովհան Ոսկեբերան):

7. Չնայած որ պատիժ և տանջանք է թվում խոսքերը. «Ճակատիդ քրտինքով քո հացը ուտես» (Ծննդ. 3:19), բայց իրականում նրանցում կան որոշ ներշնչանք և ուսուցում, նաև բժշկություն մեղքից առաջացած վերքերի համար (Հովհան Ոսկեբերան):

8. Պողոսն էլ անդադար աշխատում էր ոչ միայն ցերեկն, այլև գիշերը: Սա ի հայտ է բերում նա, երբ ասում է. «Եղբայրներ, հիշեցեք մեր վաստակը և ջանքը, երբ գիշեր-ցերեկ աշխատում էինք» (Ա Թեսաղ. 2:9): Եվ հաճույքի և հոգևոր հանգստի համար չէ, որ նա աշխատում էր, որ անում էին եղբայրներից շատերը, այլ այնպիսի ջանք էր թափում աշխատանքի ժամին, որ օգնում էր նաև ուրիշներին: Մարդ, որ իշխանություն ունի դևերի վրա՝ լինելով տիեզերալույս վարդապետ, որին որ տրված էր հոգ տանել բոլոր երկրավորների համար, որը և մեծ ջանքով աշխատում էր բոլոր եկեղեցիների համար, որոնք գտնվում էին արևի տակ, նաև հոգում էր ցեղերի, ազգերի և քաղաքների համար, աշխատում էր գիշեր ու զօր և մի փոքրիկ իսկ հանգիստ չէր առնում աշխատանքներից: Իսկ մենք չունենալով իսկ մի չնչին մասը նրա հոգսերի և նույնիսկ անկարող լինել մտովի իսկ պատկերացնել նրա ջանքերը, մեր օրերն անցկացնում ենք պարապությամբ և անգործունեությամբ: Եվ ինչ արդարացում պիտի ունենանք, ասա ինձ, կամ ինչ ներում (Հովհան Ոսկեբերան):

9. Ոչինչ չկա աշխարհի վրա, որ չփչանա անշարժությունից: Այսպես անշարժ լճացած ջուրը հոտում է, իսկ հոսող ջուրը պահպանում է իր մաքրությունը և վճիտությունը: Նաև երկաթը, որ անշարժ ընկած է, դառնում է ավելի թույլ՝ ընկնելով որակից և պատվում է ժանգոտությամբ, իսկ գործի մեջ գտնվողը դառնում է թե օգտակար և թե գեղեցիկ՝ չզիջելով իր փայլով արծաթին: Հողը մնալով հանգստի մեջ, ոչ մի լավ բան չի տալիս, որը կարող է ամեն մեկն էլ տեսնել, այլ միայն անպիտան խոտեր և տատասկ, նաև՝ անպտղաբեր ծառեր, իսկ այն, որ մշակվում է, առատապես տալիս է սննդարար պտուղներ: Եվ ընդհանրապես, ամեն մի էակ անգործունեությունից փչանում է, իսկ իրեն հատուկ գործունեությունից դառնում է օգտակար: Եվ այսպես, իմանալով այս բոլորը, թե ինչքան վնասակար է անգործունեությունը և որքան օգտակարություն կա գործունեությունից, խուսափենք առաջինից և ամուր բռնվենք վերջինից, որպեսզի մենք թե այս կյանքում ապրենք բարեվայելչությամբ և կարիքավորներին էլ օգնենք մեր ունեցվածքից ու կատարելագործելով մեր հոգին, ստանանք հավիտենական բարիքները (Հովհան Ոսկեբերան):

10. Ներկա ժամանակը դա պայքարի ժամանակ է, հետևապես ժամանակ է վերքեր ստանալու, վշտեր կրելու և արյուն հեղելու՝ ոչ ուրիշինը, այլ քո սեփականը:

Լսիր, թե ինչ է ասում Պողոսը. «Արդ ես ճիշտ այսպես եմ վազում, ոչ թե աննպատակ, այնպես չեմ կռփահարում, իբրև թե քամի ծեծեի» (Ա Կորնթ. 9:26): Մեր կյանքը համարենք որպես սխրանքների համար նախատեսված, երբեք չփնտրենք հանգստություն և չնայենք նեղություններին և վշտերին, որպես թե մեր համար օտար բաների: Հանգստի համար ուրիշ ժամանակ է հատկացված, իսկ կատարելության հասնելու համար մեզ անհրաժեշտ են վշտեր (Հովհան Ոսկեբերան):

11. Պարապությունը և ճոխությունը ոչնչի պիտանի չեն, այլ ծառայում են միայն սնափառության և հաճույքների համար: Այսպիսի մարդը արհամարհելի է թե տնեցիների կողմից, թե ընկերների և թե բարեկամների: Արդարությամբ կարելի է ասել, որ նա բեռ է երկրի վրա և իզուր է ծնվել և աշխարհ եկել: Ավելի ճիշտ, ոչ իզուր, այլ իր գլխին որպես փորձանք, իր կորստի համար և ի վնաս ուրիշների: Եվ տեսնենք, թե ի՞նչ հաճելի բան կա այդպիսի պարապ և անգործ կյանքում: Ի՞նչ ավելի տհաճ բան կա այն մարդուց, որ չգիտի ինչով զբաղվի: Ի՞նչն է ավելի ամոթալի նրանից, ի՞նչն ավելի խղճուկ (Հովհան Ոսկեբերան):

12. Անձն իր բնությամբ կարիք ունի շարժման և տանել չի կարող անգործությունը: Աստված այն ստեղծել է որպես գործող էակ, դրա համար էլ նա գործում է իր բնության համեմատ, իսկ անգործությունը հակառակ է նրա բնությանը: Ոչ մի այլ ամոթալի բան չկա պարապությունից և անգործությունից, դրա համար էլ Աստված մեր մեջ դրել է աշխատելու կարիքը: Անգործությունը վնասում է ամեն բան և նույնիսկ մարմնավոր անդամները: Քանզի եթե աչքը, կամ ստամոքսը, կամ որևէ մի այլ անդամ մնա անգործության մեջ՝ չկատարելով իր պարտականությունները, այնժամ այն կընկնի ծայր աստիճան հիվանդության գիրկը, բայց ոչինչ այնպես չի տուժում այդ բանից, ինչպես հոգին: Ասենք նաև, որ ոչ միայն անգործությունը, այլև ոչ պատշաճ գործունեությունը նմանապես վնասակար են: Նման այն բանի, որ երբ մարդը ոչինչ չուտի, կփչացնի ատամները, բայց եթե ուտի ոչ պատշաճ բաներ, կփշրի այն: Այսպես և այս պարագայում, եթե հոգին ոչինչ չի անում, կամ անում է բաներ, որ հարկ չէր անել, այդժամ կորցնում է իր զորությունը: Այս պատճառով իսկ փախչենք թե մեկից, և թե մյուսից:

Այսինքն, թե անգործությունից, և թե այնպիսի գործունեությունից, որ առավել վատ է պարապությունից: Իսկ ահա ինչպիսին են այդ գործերը՝ ագահություն, բարկություն, նախանձ և մյուս այլ կրքերը: Նման գործերից փախչենք, իսկ առաքինության գործերը կատարենք ամենայն ջանասիրությամբ, որպեսզի արժանանանք խոստացված բարիքներին (Հովհան Ոսկեբերան):

13. Աղքատությունը ստիպում է աշխատել, այլ ոչ թե գողանալ: Գողությունը տեղի է ունենում ծուլությունից, աղքատությունը մղում է ոչ թե գողության, այլ աշխատասիրության, և այսպես, գողության պատճառը անհոգությունն է (Հովհան Ոսկեբերան):

14. Թող այն լինի մեր հոգածությունը, որպեսզի ներկա ժամանակը դատարկ չանցնի, այսինքն՝ առանց հոգևոր սխրանքի ու աղոթքի (Եփրեմ Ասորի):

15. Որպես արատների մայր համարիր ծույլ անգործությունը, որովհետև հափշտակում է ունեցած բարիքը, իսկ ինչ որ չունես, չի էլ թողնում, որ ունենաս (Նեղոս Սինայեցի):

16. Ոմանք ցած դնելով իրենց վրայից աշխատանքի ծանրությունը, իրենց ծուլությունը ջանում են ծածկել անցածգնացած գործերով, անվստահ և անհամոզիչ կերպով պատմելով և ցուցադրելով այն որպես ականատես վկաների, որոնք ցավոք ներկա պահին ոչ մի տեղ չեն գտնվում (Նեղոս Սինայեցի):

17. Մոտ է վերջը, պատրաստվիր մտրակահարվելու, ով ծույլ (Նեղոս Սինայեցի):

18. Հարկավոր է Աստծո համար ապրել և սիրել կյանքը նույնպես Աստծո համար (Գրիգոր Սքանչելագործ):

19. Վարժվիր աշխատանքում ու  արհեստների մեջ, որպեսզի կարողանաս աղքատին մի կտոր հաց տալ, իսկ քեզ պահպանել անգործությունից, քանի որ պարապությունն անկում է ու հոգու մահ (Աբբա Եսայի):

20. Աստվածասերը, երբ լսում է Եկեղեցու, առավոտյան ժամերգության կանչող զանգերն, ասում է. «Փառք Աստծո», իսկ ծույլն ասում է. «Ավաղ, ավաղ» (Հովհաննես Սանդուղք):

21. Արթուն աչքը մաքրում է միտքը, իսկ երկար քունը կարծրացնում է հոգին (Հովհաննես Սանդուղք):

22. Ամեն երեկո հավիտենական հրի հիշողությամբ քուն մտիր և այդ հիշողությամբ արթնացիր, և ծուլությունը քեզ չի հաղթի սաղմոսելիս (Հովհաննես Սանդուղք):

23. Ծույլերը, երբ տեսնում են, որ իրենց հանձնարարում են ծանր գործեր, այն ժամ հանձն են առնում նախընտրել աղոթքը, իսկ երբ ծառայության գործերը թեթև են լինում, այն ժամ փախչում են աղոթքից, ինչպես կրակից (Հովհաննես Սանդուղք):

24. Ավելորդ քունը պատճառ է մոռացկոտության, իսկ հսկումը մաքրում է հիշողությունը (Հովհաննես Սանդուղք):

25. Հաճախ պատահում է, որ մարդիկ, որ գնում են բարի քրիստոնեական ուղիով, հանկարծ առանց որևէ պատճառի սկսում են իրենց մեջ զգալ հոգևոր ուժերի կաթվածահար եղած ինչ-որ վիճակ, որի հետևանքով նրանց մոտ առաջանում է սառնություն ամեն ինչի հանդեպ, մինչև իսկ նախկին հոգևոր սխրանքների հանդեպ: Նման բան ժամանակ առ ժամանակ բոլորի հետ էլ լինում է: Այս բանի մասին բոլոր հոգևոր գրքեր գրողները անդրադարձել են: Սբ. Մարկոս Ճգնավորը նման երեք ձևերի թշնամիների է ցույց տալիս, անգիտությունը մոռացության հետ, ծուլությունը հեղգության հետ և զգացմունքների քարացումը (Թեոփիլոս Մենակյաց):

26. Բոլորից առավել նման վիճակ ստեղծվում է բարկության, ստության, դատելու, սրտնեղության, հպարտության և այլ նման բաների պատճառով: Մնում է միայն մի բան. աղոթել նման հոգևոր չորության և քարացած անզգայության վիճակից դուրս գալու համար: Սառնության և անզգայության վիճակում մտքերը շատ դժվար է պահել աղոթքի ժամին, սակայն ամեն բան էլ հնարավոր է: Պետք է ջանալ հակառակ անձիդ, ծանրաբեռելով քեզ, և դա կլինի միջոց Տիրոջ ողորմությանն արժանանալու և շնորհի նորից ետ գալուն: Իսկ աղոթքը թողնել ոչ մի պարագայում թույլատրելի չէ: Սբ. Մակարն ասում է. «Տերը կտեսնի, որ ի սրտե ձգտում ես ձեռք բերել շնորհը և նորից կուղարկի այն»: Սառեցման դեմ եղող աղոթքը պետք է առաքել աղոթական կարգի սկզբում՝ քո իսկ խոսքերով, և նրա վերջում՝ նորից քո սեփական խոսքերով, և կարգի ընթացքում էլ Աստծուն խնդրել՝ ներկայացնելով նրա առջև մեր մեռած հոգին. «Տեսնում ես, Տեր, ինչպիսին է այն: Բայց առաքիր խոսքդ, և այն կբժշկվի»: Այս խոսքերով հաճախ դիմիր Աստծուն օրվա ընթացքում: Կարևորն այն է, որ հոգիդ չթողնես սառչի: Արթուն եղիր, որ լուսավորի մոմը, և ջերմանա հոգուդ վառարանը: Հաճախակի փայտ նետիր, այսինքն՝ սուրբ մտածումներ պահիր մտքումդ: Սառեցումը դառը և վտանգավոր վիճակ է: Տիրոջ ձեռքում այն մեզ համար հանդիսանում է որպես առողջացնող, հասկացնող և շտկող միջոց, բայց այն լինում է նաև որպես պատիժ: Սրա պատճառը լինում է հայտնապես գործած մեղքը, իսկ եթե ձեզ մոտ նման բան չի նկատվում, այդժամ պատճառը պետք է փնտրել ներքին զգացմունքների և տրամադրվածության մեջ: Արդյո՞ք ներս չի խցկվել ինքնամեծարումը, որ դուք այնպիսին չեք, ինչպես մյուսները: Չե՞ք մտածում, արդյոք, որ փրկարար ուղիով քայլեք ձեր իսկ սեփական ուժերով և բարձրանաք լեռը միայն ձեր միջոցներով: Նման մտքերը հասցնում են անհոգության, իսկ անհոգությունն  առաջին քայլն է սառեցման: Այս պատճառով իսկ, ջանացեք մտածել, որ դուք կարծես թե նույնիսկ չեք էլ սկսել ձեր հոգևոր գործը: Ունեցեք այն համոզումը, որ չնայած հասել եք մեծ աստիճանի, միևնույն է, ապահովված չեք ընկնելուց: Անհոգությունը և հեղգությունը սառեցման ուղեկիցներն են: Հավաքելով բորբոքող, մղող մտածումներ, մի մտածեք, թե դուք ինքներդ դրանով ձեզ կջերմացնեք: Ջերմացնողն Աստված է, երբ որ ժամանակը հասնի: Իսկ ձեր գործը պիտի լինի միայն ջանք և նորից ջանք գործադրելը: Այս ջանքերին մտովի կցեք աղոթքներն առ Տեր՝ այս խոցից բժշկվելու համար: Մյուս այլ բաները մի կողմ թողեք, ծանրացեք միայն սառեցման դեմ եղող աղոթքի վրա, և հանգիստ մի տվեք ձեզ մինչև չջերմանաք: Ջերմացումը  Տիրոջ հպումն է սրտին, իսկ անընդմեջ ջերմությունը՝  Տիրոջ ներկայությունն է սրտի մեջ:

Թող շնորհի ձեզ Աստված այդ շնորհը: Մի հեղգացեք և ձեռքներդ ցած մի իջեցրեք (Թեոփիլոս Միայնակյաց):

27. Ոմանք ասում են. «Քեզ պատկերացրու մահացողի տեղում»: Ոմանք էլ ասում են. «Ավելի լավ է պատկերացրու քեզ դատաստանի ժամին այն պահին, երբ Տիրոջ կողմից պատրաստվում է ազդարարվել քո դատավճիռը»: Չի կարելի չհամաձայնել, որ նման միջոցները կարող են խիստ  կակղեցնել քարացած սիրտը: Ահա ձեզ Իսահակ Ասորու խոսքը սառեցման և անզգայության դեպքում. «Մի խռովվիր մտովին և ձեռք մի մեկնիր հոգևոր թուլությանը, այլ համբերիր, կարդա հոգևոր ուսուցիչների գրքերը, ստիպիր քեզ աղոթքի կանգնել և սպասիր օգնության: Նա կգա շուտով այնպես, որ իսկի գլխի էլ չես ընկնի» (Թեոփիլոս Միայնակյաց):

28. Ես կարծում եմ, որ մեր հոգևոր սառնության մեջ անմեղ չէ նաև մեր մարմինը: Քանզի անժուժկալությունը մարմնի հանդեպ բթացնում է հոգևոր զգացումները և տկարացնում է եռանդն ու կորովը: Ջանացեք ճնշել այս ստրուկին՝ մարմնին, որպեսզի չբարձրանա և տեր չդառնա: Ես կարծում եմ,  ձեզ հայտնի պիտի լինի, որ խոսքը վերաբերվում է կերակրին, քնին և մյուս նման այլ բաներին: Այնպես արեք, որ մարմինն զգա, որ իր վրա ծանր ձեռք կա: Մարմնի հանդեպ ունեցեք անհաշտ անբարյացկամություն: Երբ տկարանում է մարմինը, հոգևոր զգացումները կենդանանում են: Շատ կարևոր է թույլ չտալ մարմնին փլուզվել, այլ պետք է այն պահել ձիգ լարի պես, պահել բոլոր անդամները մկանների ներքին լարմամբ: Սա շատ ուժեղ նպաստում է հոգուն և օգնում է անձին միշտ լինելու սթափ վիճակում: Ձեզ համար որպես օրենք ունեցեք սեղանից ելնել մի քիչ սոված (Թեոփիլոս Միայնակյաց):

29. Մենք ինքներս մեզանից գողանում ենք մեր ժամանակն անգործությամբ, դատարկախոսությամբ, հետաքրքրասիրությամբ, անպտուղ երազանքներով և քնկոտությամբ: Պատկերացրեք, ինչ բարիք կարող էինք գործել` ժամանակն անօգուտ չվատնելով: Փրկարար է այն ժամանակը, որ անցկացնում ենք աղոթքով, հոգևոր գրքեր ընթերցելով, Աստծո Տունն այցելելով, աստվածահաճո զրույցներով, բարի գործեր գործելով և աշխատելով («Հարց և պատասխան»):

30. Ով ծուլանում է հաճախել եկեղեցի՝ օրհնաբանելու ու փառաբանելու Տիրոջը, այդպիսինը անհաղորդ է գալիք կյանքին (Հոգեշահ գրքերից):

31. Ինչպիսի՞ քունն է ճիշտ:

Քնել պետք է ավելի սակավ, քան պահանջում է բնությունը, քունը պետք է երբեմն ընդհատել հոգոցներով և աղոթքներով (Հոգեշահ գրքերից):

32. Ո՜վ հեղգ և միշտ տրտնջացող ծառա, ամոթ քեզ, որովհետև կան մարդիկ, որոնք ավելի եռանդուն են իրենց կորստի համար, քան թե դու քո փրկության: Նրանց համար ունայնությունը ավելի հմայք ունի, քան ճշմարտությունը՝ քեզ համար: Գծուծ շահի համար մարդիկ ձեռնարկում են երկար ճամփորդություն, բայց հավիտենական կյանքի համար քչերն են, որ հոժարում են մի քայլ անել (Թովմաս Գեմբացի):

33. Այնտեղ ծույլերը պիտի խոցվեն հրավառ խթաններով, անժուժկալ մարդիկ պիտի չարչարվեն քաղցից և ծարավից (Թովմաս Գեմբացի):

34. Ո՞վ է ուժերի գերլարումով պայքարում. այն մարդը, ով ձգտում է հաղթել իր «ես»-ին:

Մեր միակ մտահոգությունը պետք է լինի մեր «ես»-ի դեմ պայքարը, օրեցօր ավելի հզոր լինել, քան մեր «ես»-ը: Եվ ամեն օր արձանագրել բարու մեջ առաջադիմելու ևս մեկ աստիճան: (Թովմաս Գեմբացի):

35. Չար միտքը կարող է գալ որպես հետևանք պարապության, համաձայն այն խոսքի, որ «պարապ մարդու միտքը հարմար վայր է դևի համար»: Զբաղված մարդը հսկում է իր մտքերը, նա ուղղում է դրանք, համաձայն իր զբաղմունքի: Ձեռքի աշխատանքով զբաղված մեկն ուղղում է իր մտքերն իր զբաղմունքի վրա, գիտնականը զբաղվում է իր գիտությամբ, հողագործն իր տնտեսությամբ, վանականը՝ աստվածպաշտությամբ: Սակայն մարդը, որ ժամանակը վատնում է պարապությամբ, իր միտքն արձակ է պահում չար մտքերի համար, նա չի հսկում իր միտքը, այլ նրանք են առաջնորդում իրեն (Շենուդա Գ պատրիարք):

36. Ծուլությունն ու անգործությունը ոչ միայն նեղություն ու ձանձրույթ են առաջ բերում, այլ նաև շատ ուրիշ տեսակի մեղքերի են առաջնորդում, որոնցից առաջ է գալիս հոգու մահը: Այսպես է ասել իմաստուն մեկը. «Եթե վերացնես ծուլությունը, ցանկության աղեղը կկոտրվի»: Չէ՞ որ Դավիթ թագավորն էլ, երբ պատերազմական գործունեությունից վերադարձել էր և իր պալատի մեջ հանգիստ էր վայելում, այն ժամանակ գործեց Աստծո առջև իր ամենածանր մեղքը: Մոլորվեցին ու երկնային պատիժներով պատժվեցին Նոյի ժամանակվա մարդիկ ու Սոդոմ-Գոմորի ժողովուրդը, երբ հանգստության ու ապահովության մեջ գտան իրենք իրենց. ուտում և խմում էին ու իրենց մարմնավոր ցանկությունների ետևից էին գնում (Տեր Գաբրիել քահանա):

37. Քանի որ մեր ոխերիմ թշնամիները՝ մարմինը, աշխարհը ու սատանան, միշտ արթուն հսկում են, մեզ վայել չէ ծուլությամբ խոր քնի մեջ ընկղմվել, քանի որ մեր թշնամիները մեզ կորստի մատնելու համար գիշեր ու ցերեկ անդադար աշխատում են, վայել չէ մեզ ծույլ և անհոգ մնալ: Կարճ է մեր կյանքը ու կատարվելիք գործներս շատ. պարտքեր ունենք Աստծո հանդեպ, պարտքեր՝ նաև մեր անձի ու մեր ընկերների հանդեպ և եթե սրանցից մեկի մեջ թերանանք, մեր հոգիների կորուստը չի ուշանա: Գիշեր ու ցերեկ աշխատելով, հազիվ կարողանանք մեր այս պարտականություններից գլուխ հանել: Ի՞նչ կլինի արդյոք մեր վիճակը, եթե մեր կյանքի օրերը ծուլությամբ ու անհոգությամբ անցկացնենք, արդյունքը հայտնի է. Փեսան հանկարծ կգա, և մենք հիմար կույսերի նման մեր անպատրաստ լապտերներով դուրսը կմնանք, արտաքին խավարի մեջ, որտեղ պետք է լինի լաց և ատամների կրճտոց (Տեր Գաբրիել քահանա):

38. Դառնանք, ուրեմն, և Շնորհալի հայրապետի պես ասենք մեր անձերին. «Փութա, անձ իմ, փախչել չարիքից, փափագել բարուն, քեզ միշտ մահվան և երկնային դատավորի մոտ զգա»: Ո՜վ իմ անձ, կյանքիդ գարնան մեջ ես, տես, ծաղիկները ամեն կողմից բացված, ժրաջան մեղվի նման վեր կաց աշխատելու և մեղրդ պատրաստիր, որովհետև մոտ է մահվան ձմեռը, այնժամ, երբ ուզես աշխատել իսկ, չպիտի կարողանաս, որովհետև ծաղիկները թառամած ու թափված պիտի լինեն, ու քո երիտասարդությունն ու կորովն սպառված (Տեր Գաբրիել քահանա):

39. Դու, որ արարածներից գերազանց ես ու միմիայն Աստծու փառքի համար ստեղծված, ինչո՞ւ ես ծույլ ման գալիս: Ե՛լ, ուրեմն, ով իմ անձ, մեջքդ կապիր, զորացիր և քաջությամբ դիմագրավիր բոլոր արգելքներին ու փորձություններին: Աշխատիր շարունակ, երբ դեռ ժամանակը քո ձեռքն է, որովհետև շուտով պետք է հասնի գիշերը, որից հետո հոգուդ փրկության համար գործելու ոչ ժամանակ և ոչ էլ կարողություն պետք է ունենաս: Ականջ դիր Պողոս Առաքյալին, որ ասում է. «Ուստի, նայեցեք, թե ինչպիսի զգուշությամբ պիտի քայլենք, ոչ թե անմիտների պես, այլ ինչպես իմաստուններ, ժամանակը ծախու առեք, քանզի օրերը չար են» (Տեր Գաբրիել քահանա):

40. Ծույլը, որ չի ուզում աշխատել, կարծում է, թե աշխատանքը պատճառ է անձի տկարության, գուցեև վաղաժամ մահվան (Պողոս Պատրիարք):

41. Եթե մեկն անգործությունը համարի ամենայն չարիքի աղբյուր, սխալված չի լինի, որովհետև չկա մոլորություն, որ չառաջանա ծուլությունից: Իսկ ժրաջան աշխատասիրությունը մարդու միտքը անմերձենալի է պահում դևերից, որովհետև դևերը չեն կարողանում ազատ ժամանակ գտնել աշխատասերին դեպի չարը հրապուրելու համար (Պողոս Պատրիարք):

42. Արդ, Քրիստոսին աթոռակից լինելու պատեհություն է տրված քեզ, մինչդեռ ծուլության պատճառով չար բաներ ես խոսում (Բարսեղ Մաշկևորցի):

43. Ամեն հնար գտնենք, որպեսզի արթուն մնանք: Չե՞ս տեսել պահակներին, որոնք ոչ մի օգուտ չեն ստացել արթուն մնալուց, որովհետև մի փոքր ննջել են այդ ընթացքում, և այդ կարճ ժամանակամիջոցը առիթ է եղել գողերի համար: Ինչպես որ մենք գողերին չենք տեսնում, սակայն իրենք մեզ տեսնում են, սատանան գողերից առավել հնարներ է գտնում՝ կրճտացնելով ատամները: Ուրեմն, սրանից հետո անհոգ չպառկենք և չասենք, թե վախենալու բան չկա, քանի որ գողը վնասում է այնպիսի տեղեր, որ երբեք մեր մտքով չէր անցնի: Նմանապես չարիքը, որի մասին չէինք մտածում, կարող է մեզ կորստյան մատնել (Բարսեղ Մաշկևորցի):

44. Ինչպես որ լարախաղացը մի ակնթարթ իսկ չի ծուլանում, որը կարող է պատճառ դառնալ, որ նա վայր ընկնելով մահանա, մենք ևս չպետք է ծույլ գտնվենք, որովհետև նեղ ճանապարհով ենք ընթանում, որտեղ չի կարելի երկու ոտքը մի տեղ դնել: Չգիտես, որ լարախաղացները ոչ միայն զգուշանում են կերակրի չափազանց հագեցումից և ըմպելիքներից, այլև լինում են կտրիչ: Ոչ մի ավելի բան չեն շալակում կամ կապում ոտքերին, այլ՝ քայլում են ազատորեն, իսկ մենք բազմաթիվ հոգսեր և երկրավոր բեռներ ենք կրում, և ինչպես կարող ենք այս բոլորով հանդերձ անցնել նեղ ճանապարհով: Քրիստոս իզուր չասաց. «Որքան նեղ և դժվար է ճամփան» (Մատթ. 7:14), և իսկապես որ այսպես է, որովհետև մեր բոլոր խորհուրդների, խոսքերի և գործերի համար պիտի պատժվենք (Բարսեղ Մաշկևորցի):

45. Ասա ինձ, եթե մեկը արքունիք հրավիրված լիներ և խոր ձորերից և քարաժայռերից անցներ, իսկ մեկ ուրիշը մահվան դատապարտված լինելով, քաղաքների հրապարակներում և երգերով և ուրախություններով տարվեր, որի՞ն երանի կտայինք մենք: Պարզ է, որ առաջինին, իսկ կողբայինք նրա համար, որ ընթանում էր ազատ ու հանգիստ: Նույնպես և մենք, այժմ երանի չտանք ճոխության մեջ ապրողներին, այլ նրանց, որոնք նեղության մեջ են, որովհետև այդպիսիները շտապում են երկինք հասնել, մինչ մյուսները՝ գեհեն (Բարսեղ Մաշկևորցի):

46. Ով գարնանը հանգիստ է մնում, ձմռանը սովից ու սառնամանիքից սատկում է (Եզնիկ Կողբացի):

47. Հանգիստն առաջարկեց հոգնածների համար և ոչ թե մարմնասերների, որոնք պիտի որդ գիրացնեն (Եզնիկ Կողբացի):

48. Փափկակեցությունը ու հանգիստը ատի՛ր (Եզնիկ Կողբացի):

49. Վաղը գնալու ես հայրենիք՝ «գերեզման», այնտե՛ղ հանգստացիր (Եզնիկ Կողբացի):

50. Մարմինդ նեղիր գիտությամբ՝ գրքի վկայությամբ (Եզնիկ Կողբացի):

51. Եթե անքուն մնալ չենք կարող, գոնե ողջ գիշերը քնելուն չնվիրենք, որպեսզի ամբողջովին չմոռանանք սաղմոսներն և օրհնությունները (Եղիշե):

52. Զանազան տապախառն հովեր են մեզ շրջապատում՝ բանսարկու գողը ու նրա օգնական մեր մարմինը, մեր գրգռիչ զգայարաններն ու փորձիչի հեշտությունները, անմիջական կարիքներն ու մեր անմտությունները, խավարեցուցիչ ծուլությունը և նման սաստիկ հեշտացուցիչ ախտերը մեզ միշտ աշխարհին են կապում (Սարգիս Շնորհալի):

53. Մեր Տերը երկնավոր առաքինություն և հրեշտակային վարք է մեզ առաջարկում, մինչ մենք պատվում ենք ծուլությունը և քունը՝ մայրը բոլոր թշվառությունների (Սարգիս Շնորհալի):

54. Անգործ և պարապ մի մնա, որովհետև դատարկ մարդը սատանայի վայր է, իսկ աշխատավորը՝ Աստծո, ինչպես որ ասել է մի սուրբ, թե «Աշխատասեր անձի վրա Սուրբ Հոգին է իջնում» (Հովհաննես Երզնկացի):

55. Գրված է. «Հիսուս գործում էր և ապա ուսուցանում մյուսներին»: Վայ մեզ, եղբայրներ, որովհետև ծուլացանք, որը բոլոր մեղքերի պատճառն է, և հեռացանք Աստծո օրենքներից բոլորս՝ մեծ ու փոքր, այր ու կին, իշխան ու աղքատ, տգետ ու գիտնական, քահանաներ ու ժողովուրդ: Քանդվեց պահքի պնդությունը ու նզովքների կապը հույժ ամրացավ մեր գլխին: Հեղգացանք ու հեռացանք աղոթքներից և զրկվեցինք Աստծո հետ խոսակցությունից (Վարդան Այգեկցի):

56. Հոգևոր առաջնորդները, որոնց Աստված վերակացու կարգեց ժողովրդին, նաև գլխավորներ ու Քրիստոսի հոտի հովիվներ, աշխարհին՝ լույս և մարդկանց՝ անմահության աղ: Նրանք կոչվում են եպիսկոպոսներ, վարդապետներ ու քահանաներ, կանչվեցին Աստծուց՝ ի պետս բոլորի, նստեցին առաքյալների աթոռներին ու վերցրին նրանց իշխանությունը, սակայն ծուլացան, նստեցին անհոգ և չեն խնամում Քրիստոսի հոտը, չեն սաստում և չեն հանդիմանում, չեն մխիթարում և չեն կանչում քաղցրությամբ (Վարդան Այգեկցի):

57. Եվ չկա մեկը որ կարողանա գործել կատարյալ բարիք, թեպետ և դնի սկիզբը, ինչպես որ Տերն ասում է. «Սառեց երկիրը, և սկսվեց բանսարկվի պիղծ թագավորությունը, որովհետև նշանն այստեղից ճանաչիր, որ ծուլացան մարդիկ, և հայտնապես հանդգնեց մեղքը»: Սա է նրա իշխանության սկիզբը: Եվ որքան օրերն անցնեն, այնքան բազմանալու է չարիքը, ու քիչ-քիչ աճելու է մեղքը: Բայց նա, ով կջանա ու մի փոքր բարիք կգործի այս ցուրտ ժամանակներում, Աստված առավել կուրախանա և բազում վարձ կտա նրան, որովհետև ցանկանում է մեր դարձը դեպի Ինքը: Աստված շատ է սիրում նրան, ով խոստովանությամբ ու արտասուքով ապաշխարում է իր մեղքերն ու անօրենությունները (Վարդան Այգեկցի):

58. Ուստի, աղաչում եմ՝ չծուլանանք, այլ արիաբար միշտ աղոթենք օր ու գիշեր, քուն թե արթուն, քայլելիս թե նստած ժամանակ, առավոտյան թե երեկոյան, աշխատելիս և թե հանգստի պահին, այսինքն՝ միշտ օրհնենք և փառաբանենք Աստծուն, որովհետև, ո՞վ գիտե, գուցե աստվածային այդ շնորհներից մեզ էլ պատահի մի ցանկալի պահ, ջերմ արտասուքը կլվանա մեր հոգու վերքերի շարավը և լույսի յուղ կդառնա մեր լապտերներում (Վարդան Այգեկցի):

59. Որպեսզի ծույլերը չկարծեն, թե շատ աղերսներն անպետք բաներ են, և փոքր-ինչ աղոթելն է լավ, ասում է. «Արթո՛ւն եղեք և ամենայն ժամ աղոթեցե՛ք» (Ղուկ. 2¡:56), և Ինքը ողջ գիշեր աղոթում էր Աստծուն (Իգնատիոս Վարդապետ):

60. Վհատության ոգին չորացնում է արցունքները, իսկ թախծոտության ոգին խեղդում է աղոթքը (Եվագր Պոնտացի):

61. Եթե եղբայրդ տրտմել է, մխիթարիր նրան, իսկ եթե վշտերի մեջ է, վշտակից եղիր նրան, այդ անելով, կուրախացնես նրա սիրտը և մեծ գանձ կդիզես քեզ համար երկնքում (Եվագր Պոնտացի):

62.  Հաստատուն ծառը չի տարուբերվում քամիներից, ձանձրույթն ու տրտմությունն էլ չեն կարողանում խոցել հաստատված հոգուն (Նեղոս Սինայեցի):

63. Երբ գիշերը հսկման մեջ ենք լինում, ապա չնստենք ձանձրույթից մղված, թե չէ կգան դևերը` հավաքելով մտային որոմները և իսկույն կցանեն մեր սրտերում (Նեղոս Սինայեցի):

64. Ձանձրույթն առաջանում է մտքի սավառնումից, իսկ մտքի սավառնումը՝ պարապությունից, (ոչ հոգևոր) ընթերցումներից և ունայնաբանությունից կամ էլ որկորի հագեցումից (Իսահակ Ասորի):

65. Մի հեղգացիր, երբ գործն այն բանի համար է, ինչը քեզ կյանք է տալիս, և այդ բանի համար մի ծուլացիր գնալ անձնազոհության, որովհետև փոքրագույնը դա ձանձրույթի նշան է, իսկ անհոգությունը կարևոր բաների նկատմամբ, մայրն է թե փոքրոգության, և թե ձանձրույթի (Իսահակ Ասորի):

66. Ձանձրույթի և տրտմության դևը առաջացնում է դող, գլխացավ, ջերմություն, փորացավ, ճաշի ժամին վեր է հանում անկողնուց, իսկ աղոթքի ժամին դարձյալ ծանրացնում է մարմինը, աղոթողների վրա քուն է առաջ բերում և հորանջումներով շուրթերից խլում է աղոթքի բառերը (Հովհաննես Սանդուղք):

67. Ձանձրույթը հաղթելով կանգնածներին՝ ստիպում է նրանց նստել, նստածներին՝ հենվել, դուրս նայել պատուհանից: Իր համար սգացողը չգիտի ձանձրանալ (Հովհաննես Սանդուղք):

68. Աղոթողին ձանձրույթի չար դևը հիշեցնում է անհրաժեշտ գործերը և ամեն ջանք գործադրում է, որպեսզի որևէ կարևոր պատճառով շեղի մեզ Աստծո հետ զրույցից (Հովհաննես Սանդուղք):

69. Երբ չկա սաղմոսերգություն, այնժամ ձանձրույթի չար ոգին էլ չի հայտնվում: Եվ աչքերը, որ փակվում էին ննջից՝ կարգի (ժամերգության, քարոզխոսության ) ժամանակ, իսկույն բացվում են կարգի վերջանալուց հետո (Հովհաննես Սանդուղք):

70. Ձանձրույթի ժամանակ է երևում հոգևոր կյանքում առաջադիմողը, և ոչինչ այնքան պսակների չի արժանացնում, ինչպես ձաձրույթի ոգուն հաղթելը: Պատերազմենք այս տանջարարի դեմ, մեր մեղքերի հիշողությամբ, նաև աղոթքով և ծնրադրումներով, հալածենք աշխատանքով և ապագա երանությունների մասին մտածելով (Հովհաննես Սանդուղք):

71. Բժիշկը հիվանդներին այցելում է առավոտները, իսկ ձանձրույթը վրա է հասնում կեսօրին (Հովհաննես Սանդուղք):

72. Երբ չկա սաղմոսերգություն, ձանձրույթն էլ չի այցելում, և աչքերը, որոնք ծանրանում էին աղոթքի պահին, բացվում են, երբ աղոթքը վերջանում է (Հովհաննես Սանդուղք):

73. Ձանձրույթը  հոգու թույլացումն է, մտքի հոգնությունը, հեղգանալը ճգնողական սխրանքներում, ատելությունն ուխտի հանդեպ, աշխարհի բաների գովաբանումը, զրպարտողը Աստծուն, իբր Նա ողորմած չէ և ոչ էլ մարդասեր: Սաղմոսերգությունում նա թույլ է, աղոթքում՝ տկար, իսկ մարմնավոր գործերում ամուր, ինչպես երկաթ, ձեռքի գործերում՝ առույգ, հնազանդության մեջ՝ կեղծավոր (Հովհաննես Սանդուղք):

74. Վանական կյանքն անտանելի է ձանձրույթի համար, իսկ միայնակյացների մոտ նա մշտական բնակիչ է, մինչ մահ նա չի հեռանում նրանցից և մինչ  վերջին օրը պատերազմում է միայնակյացի դեմ: Տեսնելով միայնակյացի խուցը ժպտում է և մոտենալով նրան բնակություն է հաստատում նրա մոտ (Հովհաննես Սանդուղք):

75. Երբ կանգնում են աղոթքի, այս նենգ ոգին սկսում է հիշեցնել կարևոր գործերի մասին և գործի է դնում ամեն տեսակի հնարքներ, որպեսզի մեզ Տիրոջ հետ եղող զրույցից շեղի, և այդ բոլորն անում է, կարծես թե բարի պատճառաբանումներով (Հովհաննես Սանդուղք):

76. Քաջասիրտ անձը կենդանացնում է մահացած միտքը, ձանձրույթն ու ծուլությունը մխսում են ամբողջ հարստությունը (Հովհաննես Սանդուղք):

77. Կապենք այժմ այս տանջարարին՝ ձանձրույթին, մեր մեղքերի հիշողությամբ հարվածենք նրան աշխատանքով, ոտնատակ անենք նրան գալիք երանությունների մտածումներով (Հովհաննես Սանդուղք):

78. Կա բնական ձանձրույթ հոգնածությունից, և կա դիվային ձանձրույթ: Եթե ուզում ես տարբերել, տարբերիր այսպես. դիվայինը վրա է հասնում մինչ այն ժամը, որում դու քեզ հանգիստ պիտի տաս, քանզի երբ մարդն սկսում է ինչ-որ (հոգևոր) բան անել, մինչ նա արդեն մոտենում է գործի մեկ-երրորդ կամ մեկ-չորրորդ մասին, դևը ստիպում է նրան թողնել գործը և վեր կենալ: Այդժամ հարկ չէ լսել նրան, այլ պետք է աղոթք անել և համբերությամբ ջանալ գործն ավարտին հասցնել և թշնամին տեսնելով, որ այդ նպատակի համար մարդն աղոթք է անում, դադարում է նրա դեմ պայքարել, քանզի նա չի ուզում, որ պատճառ դառնա աղոթքի համար:

Իսկ բնական ձանձրույթը լինում է այնժամ, երբ մարդը ջանում է իր ուժերից վեր և ուզում է էլ ավելին ավելացնել դրա վրա, և այսպիսով, առաջ է գալիս բնական ձանձրույթ մարմնավոր տիրության պատճառով, այս պարագայում հարկ է փորձել սեփական ուժերը և հանգիստ տալ մարմնին, Աստծո երկյուղով (Բարսիլիսկոս Մեծ):

79. Եթե հոգին գերեվարվում է ձանձրույթի կողմից, այդժամ հարկ է գործել սխրանք նրանից ձերբազատվելու համար: Այո, նենգ ձանձրույթի ոգին՝ հարակցվելով վշտի ոգու հետ և նրա միջոցով ամրանալով, դառնում է առավել կատաղի, տանջալից, անտանելի և ճնշող: Նա առավել մեծ հզորությամբ հարձակվում է միայնակյացների վրա: Երբ հոգու վրա բարձրանում են ձանձրույթի դաժան ալիքները, մարդը կորցնում է հույսը՝ դրա վերջը տեսնելու: Թշնամին նրան մահաբեր միտք է բերում, թե մեծ է նրա տանջանքները ներկա ժամանակում, իսկ հետագայում էլ ավելի կավելանա, որ նա մոռացված է Աստծո կողմից, որ Աստված նրա մասին էլ չի հոգում: Եվ այնպես է ներշնչում թշնամին, որ ամեն ինչ իբր տեղի է ունենում առանց Աստծո նախախնամության, և այն ինչ տեղի է ունենում իր հետ էլ ուրիշ ոչ մեկի հետ տեղի չի ունենում: Ոչ եղբայրներ, ոչ, Աստված, որդեսեր Հայր է, ոչ միայն մեզ՝ մեղավորներիս, այլ նաև Իր սրբերին, դեռ հնուց, ինչպես Իր երեխաների, ծեծում էր հոգևոր գավազանով՝ ելնելով նրանց հանդեպ սիրուց, որպեսզի էլ առավել առաջանան առաքինի գործերի մեջ: Հոգու նման վիճակը երկար չի մնում, շուտով նրանից հետո հետևում է փոփոխություն, Աստծո ողորմության և մխիթարության ազդեցությամբ (Նեղոս Սորսեցի):

80. Այս ձանձրույթի և տրտմության չարանենգ ժամին մարդուն թվում է, թե անհնար է, որ նա մնա իր տեղում, իր կարգավիճակի և գործի մեջ: Թշնամին ամեն ինչ, նույնիսկ ամեն բարի բանը նրան ներկայացնում է որպես թե մի անտանելի և զազրելի բան: Բայց այդ ժամանակամիջոցի անցման հետ, ամեն ինչ լուսավորվում է մարդու համար և ամեն հոգևոր բան սկսում է նրան հաճելի թվալ: Վշտալի բաները չքանում են այնպես, որ կարծես թե դրանք ընդհանրապես չեն էլ եղել: Անձը նորից բորբոքվում է ջերմեռանդության  ջերմությամբ, առաքինի գործերի մեջ և զարմանում իր դեպի լավը փոփոխման համար: Եվ այդժամ, նրա որոշումը՝ միշտ ապրել սրբությամբ և աստվածահաճո կերպով, դառնում է էլ ավելի ամուր այն վստահությունից, որ Աստված Իր ողորմությամբ ամեն բան դասավորում է իր հոգու շահի համար և թույլ է տալիս փորձություններ, միայն իր հանդեպ ունեցած սիրուց, իր իսկ հոգու շահի համար: Այնժամ նա առավել ամուր և ջերմ սիրով է սիրում Աստծուն, հասկանալով, որ հավատարիմ է Աստված և երբեք թույլ չի տալիս մեր ուժերից վեր փորձության մատնվել (Բ Կորնթ 10-13) (Նեղոս Սորսեցի):

81. Դուք միշտ ախ ու վախ եք անում, կարծում եմ, որ դրա պատճառն այն է, որ ձեր հույսը կապել եք ձեր արած գործերին, որպես թե ձեր փրկության արգասիք: Դա հրեական ճանապարհ է: Իսկ քրիստոնեական  արցունքաթաթախ ապաշխարելը և խնդրելը. «Տեր, որ տնօրինում ես ամեն ինչ, փրկիր ինձ»: Չէ որ փրկության համար Տիրոջն ապավինելը  քրիստոնյաների  պարտականությունն է և իրենց հոգու փրկության գրավականը: Այս կետը շատ կարևոր է: Երբ Տիրոջ հանդեպ ունեցած ապավինությունը կամաց-կամաց շեղվում է, այդժամ բոլոր գործերը ծռվում են, քանզի այդժամ Տերը ետ է կանգնում՝ ասելով. «Դե մնա այն բանի հետ, ինչի վրա որ հույս ես դրել»: Տիրոջն ապավինելու զգացումը մեծ գործ է (Թեոփիլոս Միայնակյաց):

82. Պետք է այնպես քեզ զգաս, ինչպես որ զգում է իրեն ծովում խեղդվողը, որ բռնվել է տախտակամածից և պառկել նրա վրա, որով մնում է ու քշվում անդունդների վրայով: Նա միշտ զգում է, որ պատրաստ է կործանվելու, բայց այդ զգացումի հետ միասին զգում է նաև իր տակ փրկարար փայտը: Սա է ճշմարիտ պատկերը բոլոր հոգիների, որոնք ճշմարտապես փրկվում են Տիրոջով: Նա զգում է, որ ինքն իրենով կորսվում է, բայց միևնույն ժամանակ, զգում է, որ Տիրոջով փրկություն կա՝ հավատով առ Աստված (Թեոփիլոս Միայնակյաց):

83. Ձանձրույթն առաջանում է նաև փառամոլությունից, նաև լինում է ուժերից վեր բաներ անելուց, վնասակար է ծուլանալ պետքականի մեջ, բայց և անվտանգ չէ չափից ավելի ջանքերը: Առավել պետք է ամուր բռնել երեք բաներից, Աստծո հանդեպ ունեցած երկյուղից, խոնարհությունից և մշտապես ապաշխարությունից (Ամբրոսիոս Անապատական):

84. Վհատությունը մեղք է և սատանայի գործ («Հոգևոր Պատերազմ» գրքից):

85. Ձանձրույթը առույգության և սթափության հակառակն է և բնորոշվում է անգործությամբ, անտարբերությամբ, ըստ այն չափի, որքան որ անձը ճնշված է ձանձրույթի կողմից: Միգուցե ոչ բոլորին է հասկանալի, թե ինչու են թախիծը և ձանձրույթը սբ. հայրերը համարում կրքեր: Որովհետև թախիծը և ձանձրույթը սարսափելի են հոգու համար այնպես, ինչպես մյուս կրքերը (Ձանձրույթի մասին գրքից):

86. Ոչ մի դեպքում և ոչ մի իրավիճակում մի ընկեք ձանձրույթի մեջ: Ձանձրույթը  դահիճ է, որը ոչնչացնում է եռանդը և կորովը, որը և հարկավոր է, որպեսզի մարդն իր սրտում ստանա Սուրբ Հոգին: Ձանձրացողը կորցնում է աղոթքը և մահանում է հոգևոր սխրանքների համար (Ձանձրույթի մասին գրքից):

87. Թախիծը  առյուծի երախ է, որ կուլ է տալիս թախծողին (Նեղոս Սինայեցի):

88. Բարբարոսների կողմից գերվածը դրվում է երկաթյա կապանքների մեջ, իսկ կրքերից գերվածը՝ կապվում է թախծոտությամբ (Նեղոս Սինայեցի):

89. Ով հաղթել է ցանկություններին, նա հաղթել է կրքերին, իսկ ով հաղթել է կրքերին, նրա վրա թախիծը չի տիրապետի (Նեղոս Սինայեցի):

90. Մթությունը տկարացնում է տեսողությունը, իսկ թախիծը բթացնում է մտքի ինքնախոհականությունը (Նեղոս Սինայեցի):

91. Ով սիրում է աշխարհը, հաճախ է ընկնում տխրության մեջ, իսկ ով արհամարհում է այն ամենը, ինչ որ աշխարհի մեջ է, հարատևում է ուրախության մեջ (Նեղոս Սինայեցի):

92. Հալեցնող վառարանը մաքրում է անմաքուր արծաթը, իսկ Աստծո հանդեպ ունեցած տխրությունը մաքրում է սիրտն ամեն տեսակ պղծությունից (Նեղոս Սինայեցի):

93. Աստծո հանդեպ ունեցած տխրությունը նորոգում է հոգին, նրանում բնակեցնում մոտեցող մահվան և դատաստանի վերաբերյալ հոգալու պատրաստությունը, և կամաց-կամաց սովորեցնում է սպասել այդ օրվան (Նեղոս Սինայեցի):

94. Տխրությունը հոգու համար նույնքան հարկավոր է ու օգտակար, որքան փոթորիկն ու ամպրոպը տեսանելի բնության համար (Եվագր Պոնտացի):

 

Նյութերը վերցված են <<Խրատանի ապաշխարության>> գրքից:

02.08.15
ԲաԺանորդագրվել
Ընթերցել նաև
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․