Գրքեր

Վաճառականը

Արաբական մի քաղաքում Իսմայիլ անունով մի վաճառական էր ապրում: Ամեն անգամ որևէ ապրանք վաճառելիս նա անպայման մի քանի դրահմով խաբում էր գնորդին հաշվի մեջ: Եվ նրա ունեցվածքը բավականին աճել էր: Սակայն նրա զավակները հիվանդ էին, և նա մեծ գումարներ էր ծախսում բժիշկների և դեղորայքի վրա: Եվ որքան ավելի էր ծախսում երեխաների բուժման համար, այնքան ավելի էր խաբում իր գնորդներին: Բայց որքան ավելի էր խաբում գնորդներին, այնքան ավելի էին հիվանդանում երեխաները: Մի անգամ, երբ Իսմայիլը միայնակ նստած էր իր կրպակում և խիստ անհանգստանում էր իր զավակների համար, նրան թվաց, թե մի պահ երկինքը բացվեց: Նա աչքերը վեր հառեց, որպեսզի տեսնի, թե ինչ է այնտեղ կատարվում և տեսավ, որ հրեշտակները կանգնել են մի հսկայական կշեռքի առջև, որը կշռում է այն բոլոր բարիքները, որ Աստված շնորհում է մարդկանց: Եվ ահա, հասավ Իսմայիլի ընտանիքի հերթը: Երբ հրեշտակներն սկսեցին առողջություն կշռել նրա զավակների համար, կշեռքի նժարի վրա ավելի քիչ առողջություն դրեցին, քան կշռաքարերն էին: Զայրացավ Իսմայիլն ու ցանկանում էր բղավել հրեշտակների վրա, բայց նրանցից մեկը շրջվեց դեպի նա ու ասաց. «Չափը ճիշտ է, ինչո՞ւ ես բարկանում: Մենք քո երեխաներին չենք տալիս այնքան, որքան դու քո գնորդներին չես տալիս»: Իսմայիլը վեր ցատկեց տեղից՝ ասես սրով խոցված: Եվ դառնորեն զղջաց իր ծանր մեղքի համար: Այն օրվանից Իսմայիլը ոչ միայն ճիշտ է կշռում, այլև միշտ մի փոքր ավելին է դնում և արդյունքը տեսնում իր երեխաների վրա:

 

Ռուսերենից թարգմանությունը՝ Էմիլիա Ապիցարյանի

27.02.18
ԲաԺանորդագրվել
Ընթերցել նաև
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․