Գրքեր

Վախճանի մասին

Առաքյալները Քրիստոսի Հարությունից հետո տարածեցին Ավետարանը ողջ աշխարհով: Քրիստոս, խոսելով Երուսաղեմի տաճարի կործանման և վախճանի մասին, ասում է, որ պիտի լինեն պատերազմներ, աղետներ, Ավետարանը պիտի քարոզվի ամբողջ աշխարհում և ապա պիտի գա վախճանը (Մատթ. 24.6-13, Մարկ. 13.7-10, Ղուկ. 21.9): Որոշ աղանդներ այս վախճանը հասկանում են որպես աշխարհի վախճանը: Հատկապես Եհովայի վկաներն ասում են, որ Ավետարանի այս հատվածում խոսվում է աշխարհի վախճանի մասին, և ներկայիս պատերազմներն էլ վկայում են, որ մոտ է աշխարհի վախճանը: Սակայն Եհովայի վկաների չարահնար աղանդը իր հիմնադրման հենց առաջին օրերից սկսած մինչև այժմ տարիներ շարունակ գուշակում է աշխարհի վախճանը և հերթական անգամ ձախողվում գուշակությունների մեջ` ըստ Հին Կտակարանի քարկոծման ենթակա սուտ մարգարեների նման (Բ Օր. 18.20-22): Բայց եթե միամիտ շարքային աղանդավորները մի քանի անգիր համարներից բացի ավելի լավ իմանային Աստվածաշունչն իր ընդհանրության մեջ, կտեսնեին, թե որքան սուտ են այդ աղանդի պնդումները աշխարհի վախճանի վերաբերյալ, որն ավելի շատ կապված է ոչ թե պատերազմների, այլ խաղաղության հետ: Պողոս առաքյալը թեսաղոնիկեցիներին ուղղված թղթում Տիրոջ օրվա մասին խոսելով` ասում է. «Թող ոչ ոք ձեզ չխաբի, որովհետև այն օրը չի գալու, եթե նախ չգա ապստամբությունը և անօրենության մարդը» (Բ Թեսաղ. 2.3), այսինքն` Նեռը` հակաքրիստոսը: Ու նաև նշում է. «Երբ ասեն, թե` խաղաղություն և ապահովություն է, այն ժամանակ հանկարծակի կհասնի նրանց կործանումը» (Ա Թեսաղ. 5.3): Ըստ Հովհան Ոսկեբերանի և եկեղեցական մյուս մեկնիչների` Ավետարանի այս հատվածում վախճանի հետ կապված պատերազմների և ողջ աշխարհում Ավետարանի քարոզության հիշատակումը վերաբերում է միայն Երուսաղեմի վախճանին, Երուսաղեմի կործանմանը, որը և ճշգրտորեն տեղի ունեցավ, երբ Ներոնից հետո հռոմեական կայսրության գահին բարձրացած Վեսպասիանոս կայսեր որդին` Տիտոսը, 69 թ. պաշարեց և 70 թ. գրավեց և ավերեց Երուսաղեմը: Հրեաները պատժվեցին Քրիստոս Աստծուն խաչելու համար, Երուսաղեմի պաշարման և գրավման ժամանակ ավելի քան մեկ միլիոն հրեաներ սպանվեցին և 97.000 հոգի գերվեցին: Ավերվեց նաև հրեաների ամենամեծ սրբությունը` տաճարը, որի ճիշտ տեղում այժմ կառուցված է մուսուլմանական հայտնի Օմարի մզկիթը: «Լսելու եք պատերազմների ձայներ» (Մատթ. 24.6)-, ասում է Քրիստոս առաքյալներին, այսինքն` մասնակից կամ ականատես չեք լինելու, որովհետև Երուսաղեմի կործանման ժամանակ գրեթե բոլոր առաքյալներն արդեն նահատակված էին: Իսկ կործանումից առաջ ողջ աշխարհում Ավետարանի տարածման մասին վկայում է Պողոս առաքյալը և Հռոմեացիներին ուղղված թղթում ասում է, որ առաքյալների ձայնը ամբողջ երկիրը բռնեց, և նրանց խոսքը հասավ աշխարհի ծագերին (Հռոմ. 10.18): Նաև կողոսացիներին ուղղված թղթում ասում է, որ Ավետարանը քարոզվեց երկնքի տակ եղող բոլոր արարածներին (Կող. 1.23): Եվ Ղուկասի Ավետարանում էլ նշվում է, որ Քրիստոս, վախճանի ժամանակ փախուստի մասին խոսելով, նկատի ուներ հենց Երուսաղեմի կործանումը (21.20-24): Կարճ ժամանակում Ավետարանի տարածումը ամբողջ աշխարհում ցույց է տալիս Տիրոջ խոսքի զորությունը:

 

Տեր Ադամ քհն. Մակարյան

«Քրիստոնեության իսկությունը» գրքից

 

07.08.21
ԲաԺանորդագրվել
Ընթերցել նաև
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․