Գրքեր

Վանականության մեջ պահպանենք այն, ինչ փորձով է ստուգված

- Հա՛յր, եթե քույրը նոր հանձնարարություն է ստանում և այնտեղ հանդիպում է նախկինում ընդունված կարգի, ապա կարո՞ղ է ինչ-որ բան փոխել այդ կարգի մեջ:

- Ոչ, սկզբնական շրջանում պետք չէ ոչինչ փոխել, նույնիսկ եթե նա միայնակ է կատարում այդ հանձնարարությունը: Փոփոխությունները, որոնց մասին խոսում ես, հին մենաստաններ եկած վանական նոր եղբայրություններն են կատարել: Նրանք անհարգալիր են վերաբերվել իրենց նախորդների փորձին: Գործին այդ կերպ մոտենալով, օրակարգի և ժամերգությունների սեփական կարգացուցակ մտցնելով, և այդպիսով հնագույն վանական կանոնները՝ փորձով ստուգված և վանական կյանքին օգնող նախկինում գոյություն ունեցող կարգերը վերացնելով՝ վանականները ոչ միայն Ավանդություն չունեն, այլ նույնիսկ հարգանք չունեն Ավանդության նկատմամբ: Այդ հետո նրանք կհասկանան, թե ինչ օգուտ էր բերում այն ամենն, ինչ նրանք փոփոխել են: Նրանք, ովքեր որևէ կարգ կամ կանոն են հաստատել վանականության մեջ, գիտեին, թե ինչ են անում: Այն, ինչ հնուց է պահպանվում վանականության մեջ՝ կշռադատված է, փորձով ստուգված: Տե՛ս, ախր արվեստի կամ արհեստի յուրաքանչյուր ճյուղում պետք է կանոնները պահպանել: Ես, օրինակ, ատաղձագործ եմ եղել և գիտեմ, որ սովորական սեղանի բարձրությունը պետք է ութսուն, իսկ սանդուղքի աստիճանների լայնությունը քսանյոթ սանտիմետր լինի: Այդ ամենը ստուգված է փորձով, վերցված է որպես կանոն, իսկ աշակերտը պետք է ուղղակի ընդունի դա, կարիք չկա նրան բացատրելու, թե ինչու է այդպես, և ոչ այլ կերպ: Այդ սահմանումները փորձից են ծնվել: Աշակերտից վստահություն է պահանջվում վարպետի հանդեպ և հարգանք՝ նրա փորձի նկատմամբ: Նա, ով արհեստի կանոնները չի հարգում, լավ գործ չի անի: Նա սեղանը չափազանց ցածր կամ բարձր կանի, ինչ-որ բան անպայման կփչացնի:

Ես իմ կյանքում շատ խցեր եմ փոխել, իսկական «կավսոկալիվիտիս» (1) եմ դարձել: Երբեմն նոր վայրը գալով, ինչ-որ բան էի փոխում՝ մեխում էի «ոչ պետքական» դռները, հանում՝ «ավելորդ» մեխերը… Բայց հետո համոզվեցի, որ այն ամենն, ինչ նախկինում արվել է, իմաստ ունի: Այդ պատճառով այժմ, նոր խուց գալով, սկզբնական շրջանում ոչինչ չեմ փոխում այն ամենից, ինչ իմ նախորդներն են արել, նույնիսկ եթե անհարմարություն եմ զգում դրա պատճառով: Ոչ մի մեխ պատերից չեմ հանում: Եթե փորձ չունենալով պատից հանեմ մեխերը, ապա հետո, դրանք մեկ այլ տեղ մեխելու ապարդյուն փորձերից, ծեփը փչացնելուց հետո, միևնույն է, ստիպված եմ լինելու մեխել դրանք այնտեղ, որտեղ նախկինում էին: Քանի որ նա, ով ինձնից առաջ էր այդտեղ բնակվել, դրանք այդտեղ էր մեխել պրակտիկ անհրաժեշտությամբ ստուգելով: Եթե պատին մեխ կա, ապա այն անհրաժեշտ է այնտեղ շապիկը, կապան կամ էլի ինչ-որ բան կախելու համար: Մի խցում, որտեղ ես որոշ ժամանակ ապրեցի, ամեն անկյունում մի հաստ ու ծուռ ցուպ էր դրված: Ես դրանք բաժանեցի ինձ մոտ եկողներին, բայց հետո հասկացա, թե դրանք ինչու էին անհրաժեշտ: Այդ խցում շատ օձեր կային, և նա, ով ինձնից առաջ էր այդտեղ ապրել, անկյուններում ցուպեր էր դրել, որպեսզի անհրաժեշտության դեպքում չվազի փնտրելու:

Ամենակարևորը այն պահպանելն է, ինչը փորձով է ստուգված: Հակառակ դեպքում՝ Ավանդությունը հեռանում է, և մնում է դավաճանությունը (2): Համեմատի՛ր «Ավանդություն» բառն ու «դավաճանությունը»: Որքա՜ն է մեկը մյուսից տարբերվում: Մի՞թե կարելի է Ավանդության դավաճանությունը Ավանդության վերածել: Այսօր որոշ մենաստաններ անում են այն, ինչ խելքներին փչում է և համարում են, որ դա Ավանդության շրջանակներում է: Այդպես, այդ մենաստանները Ավանդության պահպանողներից դավաճանների են վերածվում: Սակայն եթե հոգևոր նրբազգացություն չկա, ապա հետո հոգևոր դատողությունն ինչպե՞ս է գալու: Չէ՞ որ վանականությունը պետք է այլ ուղու վրա մնա: Ո՛չ երթաքայլող զինվորական շարասյունը, ո՛չ «հասարակական ակտիվության ռելսերը», ո՛չ ֆաբրիկայի կամ կոլտնտեսության տիպի արտադրական հոսքագիծը մեզ՝ վանականներիս վայել չէ: Վանականությանը վանական, փորձով ստուգված «ուղի» է անհրաժեշտ, որ իր վրա հայրաբանական ուղու ուրվագիծը՝ բնույթն է կրում: Պատահում է, որ «հայրաբանական» են անվանում նաև այլ՝ «տեսական վանականության» սխալ ճանապարհը, որը «հայրաբանական» է անվանվել, որովհետև դրանով ընթացողները մի կուշտ Սուրբ հայրերին են կարդացել, միևնույն ժամանակ ո՛չ հայրերի, ո՛չ վանականության հետ ընդհանրապես ներքին կապ չունենալով:

Որոշ մենաստաններ այսօր ապրում և գործում են որպես բարեգործական կազմակերպություններ: Իհարկե, նրանք ինչ-որ արդարացում ունեն՝ նրանք թթխմոր չեն գտել: Բայց նրանք վանականության մասին կարող էին հին մենաստաններում հարցնել: Երբ թուրքական լծից հետո առաջին մենաստանները սկսեցին կյանքի կոչվել, ապա նույնպես թթխմոր չկար: Ժամանակավորապես իշխանությունը գրաված բավարացիները (3) ուզում էին ոչնչացնել գոյություն ունեցող մենաստանները, և խլել նրանց սեփականությունը: Ձգտելով մենաստանները վերացնել, նրանք հասան այն բանին, որ կարգադրեցին, որ վանականներն ամուսնանան: Բայց մյուս կողմից, ուղղափառ հույներն էլ չցանկացան հին վանականության որոնումներով զբաղվել, որպեսզի տեսնեին, թե ինչպիսին է այն եղել, և վերադառնային Ավանդությանը: Տեսնելով, որ վանքերը կովեր ու հորթեր ունեն, հույներն ասում էին. «Ահա՛, թե ինչպիսին է այդ վանականությունը: Ե՛վ կովեր ունեն, և՛ հորթեր»: Սակայն, այդ բոլոր կովերը, հորթերն ու խոճկորները մենաստաններում էին, որովհետև թուրքական լծի ժամանակ խեղճ աշխարհիկ մարդիկ իրենց ունեցվածքը մենաստաններին էին տալիս, որպեսզի պահպանեն դրանք թուրքերից: Հիվանդ, խեղված մարդիկ գալիս էին վանքի հաց ուտելու: Վանքերում կերակրում էին չքավորներին ու մուրացկաններին, բոլոր թշվառներն այնտեղ էին հավաքվում: Այն ժամանակ բարեգործական հաստատություններ չկային, և այդ պատճառով վանականները ստիպված էին անասուններով զբաղվել, որպեսզի օգնեն մարդկանց: Բայց հետո, երբ այլևս արդեն այդքան անհրաժեշտություն չկար, որ վանքերը բարեգործությամբ զբաղվեն, նրանք միևնույն է, շարունակում էին կովեր, հորթեր ու ոչխարներ պահել, շարունակում էին անասնաբուծությամբ զբաղվել: Այդժամ, այն ժամանակաշրջանի հոգևոր մարդիկ դա տեսնելով, սկսեցին մատով ցույց տալ. «Տեսե՛ք, հիացե՛ք, թե ինչ վանականություն ունենք», և հայացքները Արևմուտքին հառելով՝ սկսեցին արևմտյան վանականության օրինակը վերցնել, դրա միսիոներական թեքումով: Սկսեցին արևմտյան ամեն ինչին ընդօրինակել: Նրանք չվերադարձան մեր սեփական Ավանդությանը, որպեսզի տեսնելով, թե ինչ է կատարվել և մտածելով՝ ասեին. «Դե լա՜վ, այս ամենը թուրքական լծի ժամանակներից է մնացել: Այն ժամանակ վանքերը ինչպես հարկն է վանականորեն ապրելու հնարավորություն չունեին: Սա հին օրերի հիվանդություն է: Այժմ մենք պետք է կրկին դառնանք Ավանդությանը»: Ո՛չ, նրանք չվերադարձան մեր Ավանդությանը, այլ դարձան այն վիճակին, որում վանականները Արևմուտքում են գտնվում: Նրանք այնտեղի օրինակները վերցրին՝ ցանկանալով դրանք այստեղ կիրառել: Նրանք չվերադարձան Ավանդությանը և դրանում է կայանում նրանց սխալը: Քանի որ նույնիսկ թուրքերն էին հարգանքով վերաբերվում նրան, ինչ Եկեղեցուն էր պատկանում, որովհետև նաև նրանք էին բազմիցս տեսել մեր սրբերի հրաշքները: Եվ վանքերում թուրքերը ոչ թե ուրախ ընդունելություն էին փնտրում, այլ Աստծո օգնությունը:

 

1) Հունարեն «կավսոկալիվիտոս» բառը նշանակում է «խցերն այրող»: Այդպես էին անվանում 14-րդ դարի աթոսացի սուրբ Մաքսիմոսին, որը ճգնավորական կյանք էր վարում՝ հաճախ մի վայրից մյուսը տեղափոխվելով, փոքր խուց-վրաններ իր համար պատրաստելով և այնուհետ դրանք այրելով:

2) Ծերը բառախաղ է անում՝ "παράδοση" - ավանդություն, "παράβαση" - հանցագործություն, խախտում, ոտնահարում: Այս դեպքում, բացառության կարգով, մենք վերջին բառը որպես «դավաճանություն» ենք թարգմանում:

3) 1833թ.-ին ազատագրված Հունաստանի արքա ընտրվեց բավարացի անչափահաս արքայազն Օտտոն: Նրա ու նրա ռեգենտական խորհրդի հետ միասին բազմաթիվ գերմանացիներ ժամանեցին Հունաստան, որոնք հունական կառավարության, բանակի և տնտեսության ղեկավար աթոռների ճնշող մեծամասնությունը կազմեցին: Այդպիսով, Հունաստանում սկսվեց այսպես կոչված «բավարական ճնշող տիրապետության» ժամանակաշրջանը, որը շատ առումներով հույների համար ավելի ծանր էր, քան տապալված թուրքական լուծը: «Բավարական ճնշող տիրապետության» վերջը տրվեց 1843թ.-ի սեպտեմբերի 3-ին՝ բացարձակ միապետության վերացումով և Հունաստանի Սահմանադրության ընդունումով: Թագավոր Օտտոն և բավարացիների մեծ մասն արտաքսվեցին երկրից:

 

Հայր Պաիսիոս Աթոսացու «Ցավով և սիրով՝ ժամանակակից մարդու մասին» գրքից

Ռուսերենից թարգմանությունը՝ Էմիլիա Ապիցարյանի

 

13.09.18
ԲաԺանորդագրվել
Ընթերցել նաև
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․