Գրքեր

Վերնաշապիկը

Դեպքը տեղի է ունեցել Հայրենական Մեծ պատերազմի օրերին:

Թեոդոսիա Տիմոֆեևնայի ամուսինը քաղցկեղից մահացավ: Չնայած պատերազմին ու սովին, նա հանգուցյալի բոլոր իրերը բաժանեց վերջինիս հոգու հանգստի համար, իսկ իրեն միայն նրա տաք վերնաշապիկը պահեց, որ պատերազմից առաջ միասին էին գնել:

«Թող որպես հիշատակ մնա»,- որոշեց նա:

Թեոդոսիա Տիմոֆեևնան միայնակ էր ապրում: Դժվար էր, կարոտում էր ամուսնուն, բայց համբերում էր և ամենակարևորը՝ վստահում Աստծուն:

Մի անգամ նա նոր էր վերադարձել գիշերային հերթափոխից, երբ լսեց, որ ինչ-որ մեկը դուռն է ծեծում: Բացեց: Ցնցոտիավոր մեկն էր շեմին կանգնած ու խնդրում էր.

- Որևէ հագուստ տվեք, մայրի՛կ:

Թեոդոսիա Տիմոֆեևնան գլուխը տարուբերեց.

- Չկա, հարգելի՛ս: Վաղուց բաժանել եմ հանգուցյալի շորերը:

- Իսկ դուք փնտրե՛ք, մայրի՛կ,- չէր հանձնվում թափառաշրջիկը,- միգուցե ինչ-որ բան ճարվի: Ի սեր Քրիստոսի եմ խնդրում:

«Ախր եղած-չեղածը բաժանել եմ,- մտածում էր Թեոդոսիա Տիմոֆեևնան,- միայն մեկ վերնաշապիկ եմ պահել ինձ, մի՞թե դրանից էլ պետք է բաժանվեմ: Չեմ տա, ափսոս է»: Հաստատ որոշեց: Բայց հանկարծ ամաչեց. «Խեղճը կանգնել է ու ի սեր Քրիստոսի է խնդրում… Սոված է երևի… Կտամ հանուն Տիրոջ»:

Բացեց կոմոդը, հանեց խնամքով ծալված վերնաշապիկը, համբուրեց ու տվեց թափառականին.

- Առո՛ղջ հագնես:

- Շնորհակալ եմ, բարի՛ կին, Տերը հանգուցյալին Երկնային Արքայության արժանացնի:

Նա հեռացավ, իսկ Թեոդոսիա Տիմոֆեևնան այս ու այն կողմ էր գնում սենյակում և չէր կարողանում հանդարտվել. ուրախ էր, որ հանուն Տիրոջ տվեց, բայց ափսոսում էր վերնաշապիկը: Հետո հիշեց, որ դեռ քարտով հաց չի ստացել, հագնվեց ու խանութ գնաց:

Ճանապարհին անցնում էր հնոտիավաճառի կրպակի կողքով, երբ հանկարծ այն ցնցոտիավորին տեսավ, որ իր տուն էր եկել: Կանգնել էր մի բարձրահասակ տղամարդու կողքին, իսկ վերջինս վերնաշապիկը թևի տակ դրած, գումարն էր հաշվում, որ ցնցոտիավորին տա:

Թեոդոսիա Տիմոֆեևնան քար կտրեց: Իսկ թափառականը վերցրեց փողն ու մտավ այնտեղ, որտեղ գաղտնի օղի էին վաճառում: Խեղճ կինը չդիմացավ ու լաց եղավ. վերջին թանկագին իրը հանուն Քրիստոսի էր տվել և իզուր՝ խմիչքի վրա էր գնացել:

Հացը գնեց ու տուն վերադարձավ: Այնքան էր վշտացել, որ այլևս չկարողացավ ոչինչ անել: Պառկեց բազմոցին, ծածկվեց հին վերարկուով ու նույնիսկ չնկատեց, թե ինչպես քնեց: Եվ հանկարծ լսեց, որ ինչ-որ մեկը թեթև քայլքով սենյակ մտավ ու իր գլխավերևում կանգնեց: Նա մի կողմ նետեց վերարկուն գլխից, նայեց, թե այդ ով է սենյակ մտել ու ապշեց՝ Քրիստոսին իր առջև տեսնելով…

Կնոջ սիրտը թրթռաց, իսկ Տերը թեքվեց նրա կողմը, կրծքի մոտ մի կողմ տարավ հագուստի եզրն ու քնքշորեն ասաց. «Վերնաշապիկդ հագս է»: Եվ Թեոդոսիա Տիմոֆեևնան տեսավ, որ իսկապես, ամուսնու այն վերնաշապիկը, որ հանուն Քրիստոսի այն թափառականին էր տվել, Տիրոջ հագին է, և արթնացավ:

 

Լիդիա Զապարինա

Ռուսերենից թարգմանեց Էմիլիա Ապիցարյանը

08.03.19
ԲաԺանորդագրվել
Ընթերցել նաև
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․