Գրքեր

Վտանգավոր «փրկություն»

Փորձառու ծնողներին հատուկ է իրենց զավակներին զգուշացնել ամենատարբեր վտանգների և փորձանքների մասին: Մեր Տերը՝ որպես փորձառու Վարդապետ, հոգեկործան վտանգի մասին զգուշացնում է մեզ՝ ասելով. «Զգուշացե՛ք սուտ մարգարեներից, որոնք մոտենում են ձեզ ոչխարի կերպարանքով, բայց ներսից հափշտակող գայլեր են: Իրենց գործերի՛ց կճանաչեք նրանց» (Մատթ. 7:15-16): Փրկչի այս խոսքն ամենազդու խրատը պիտի լինի յուրաքանչյուրիս՝ տարբերակելու ճշմարիտ մարգարեին կեղծ մարգարեից, ոչխարազգեստ գայլերին՝ իսկական ոչխարներից, նենգամիտ մարդորսներին՝ ազգասերից և Աստծուց ուղարկվածին՝ ինքնակոչ խռովարարներից: Փրկիչը ցույց է տալիս տարբերակման ակնառու նշանները. «Իրենց գործերի՛ց կճանաչեք նրանց: Մի՞թե փշից խաղող կքաղեն կամ տատասկից՝ թուզ» (Մատթ. 7:16): Մարդը ճանաչվում է ոչ թե խոսքով, այլ իր գործերով, ապրելակերպով և վարքով: Հեշտ է ոչխարի զգեստով խաբել մարդուն, սակայն ոչ միայն հեշտ չէ, այլև անկարելի է պտուղը կեղծել: «Լավ ծառը լավ պտուղ է տալիս, իսկ վատ ծառը՝ վատ պտուղ» (Մատթ. 7:17): Պտուղը մարդկային գործերն է խորհրդանշում, իսկ ծառը՝ մարդկային կյանքը: Պտուղը լավն է, ուրեմն ծառը լավն է, պտուղը վատն է, ծառն էլ է վատ: Նույնը և մարդը: Առաքյալը հոգևոր այդ պտղի մասին է գրում. «Իսկ Սուրբ Հոգու արդյունքներն են՝ սեր, ուրախություն, խաղաղություն, համբերատարություն, ազնվություն, բարություն, հավատարմություն, հեզություն, ժուժկալություն» (Գաղատ. 5:22-23): Ծառը կարող է լինել տերևախիտ, գեղեցիկ ծաղիկներով զարդարված, բայց այս ամենը միայն զարդարանք են, ծառը ճանաչվում է միայն պտղից: Եվ ինչպես փշից խաղող չենք քաղում կամ տատասկից՝ թուզ, նույնպես և չենք կարող սուտ մարգարեներից սպասել ճշմարիտ քրիստոնեական բարեգործություններ, թեև նրանց գործերը բարի գործերի անունն են կրում: Իսկ «այն ծառը, որ լավ պտուղ չի տալիս, կտրվում և կրակն է նետվում» (Մատթ. 7:19):

Հովհաննես աստվածաբան առաքյալը ևս զգոնության և արթնության կոչ է անում. «Սիրելինե՛ր, մի՛ հավատացեք ամեն մարդու, ով ասում է, թե ինքն ունի Աստծո Հոգին: Փորձեցե՛ք նրանց՝ իմանալու համար, թե իսկապես Աստծո՞ Հոգով են խոսում, որովհետև բազում սուտ մարգարեներ են երևան եկել աշխարհում» (Ա Հովհ. 4:1): Ինչպես չի կարելի օգուտ սպասել փշերից ու տատասկներից, այնպես էլ՝ սուտ մարգարեներից, ոչխարազգեստ գայլերից, այդպիսիններից զգուշացնում է և Պողոս առաքյալը՝ ասելով. «Զգո՛ւյշ եղեք, որ որևէ մեկը ձեր միտքը չգրավի իմաստասիրական տեսություններով և խաբեբայական սին խոսքերով, որոնք հիմնված են մարդկային ավանդությունների և բնության ուժերի և ոչ թե Հիսուս Քրիստոսի ճշմարիտ վարդապետության վրա, որովհետև մարդացած Քրիստոսի մեջ է բնակվում աստվածային բնության ամբողջ լիությունը: Եվ դուք ձեր կյանքի լիությունը գտաք՝ միանալով նրան, որ գլուխն է ոգեղեն աշխարհի բոլոր իշխանությունների և պետությունների» (Կողոս. 2:8-10):

Եթե կրոնական կազմակերպությունները, տարատեսակ աղանդավորական շարժումներն ուղղորդում են մարդկանց դեպի վտանգավոր «փրկություն», ապա Հայ Առաքելական Սուրբ եկեղեցին իր զավակներին առաջնորդում է դեպի անվտանգ փրկություն, որը ամրության պարիսպ է, պահպանության պատվար, ցանկապատ բոցեղեն և մեծագույն օրհնություն (Ս. Գրիգոր Նարեկացի, ԲԱՆ ՁԳ):

Սուտ մարգարեները պատրողական, կեղծ և քաղցր խոսքերով, սնոտի խոստումներով մոլորեցնում են մարդկանց մտքերը, պղտորում սրտերը, խախտում հավատքը՝ գերելով և կործանելով հոգիներին: Նրանք հրեշտակի կերպարանքով, փրկարարի պիտակով, գեղեցիկ սուտը շուրթերին գալիս են մոլորեցնելու աստվածապաշտ մի ժողովրդի, որը մանկուց մայրական կաթի հետ սնվել է Ավետարանի լույսով: Մեծ ցավ է հոգու կորուստը, քանի որ. «Ի՞նչ օգուտ, եթե մարդ ամբողջ աշխարհը շահի, բայց իր կյանքը կորցնի. որովհետև նա ի՞նչ փրկագին պիտի տա իր կյանքը հետ վերցնելու համար» (Մատթ. 16:26):

«Շատ եմ զարմանում, որ այդպես շուտ եք լքում Աստծո Ավետարանը, որ ձեզ հրավիրեց Քրիստոսի շնորհին, և ականջ եք դնում մի այլափոխված ավետարանի: Իմացե՛ք, որ չկա՛ ուրիշ ավետարան: Սակայն կան մարդիկ, որոնք պղտորում են ձեր մտքերը և ուզում են չարափոխել Քրիստոսի Ավետարանը: Բայց ով որ մեր քարոզածից տարբեր մի ավետարան քարոզի ձեզ, ո՛վ էլ լինի նա, նույնիսկ մենք կամ երկնքից իջած մի հրեշտակ, անիծյա՛լ լինի: Ահա ասացի և կրկնում եմ, ով ձեզ ավանդվածից տարբեր մի ավետարան քարոզի, անիծյա՛լ լինի: Մի՞թե մարդիկ են հավանություն տալու իմ քարոզած Ավետարանի համար, թե՞ Աստված: Մի՞թե ես մարդկանց սիրաշահելու համար եմ աշխատում: Եթե մարդկանց սիրաշահելու հետևից ընկնեի, ապա կդադարեի Քրիստոսի ծառա լինելուց» (Գաղատացիներ 1:6-10):

Կրոնական կազմակերպություններն իրենց փորձառու և լավ պատրաստված «քարոզիչներով», ղեկավարվելով արտաքին գաղտնի հատուկ ծառայությունների կողմից, քայքայիչ գործունեություն են ծավալում: Նրանց գործունեության արդյունքում վտանգվում է ոչ միայն անհատը, այլև հասարակությունը, սկսվում է ազգային ինքնագիտակցության փոփոխություն, որը այս կամ այն կերպ առնչվում է պետականության հետ: Եթե ոչ անմիջականորեն, ապա միջնորդավորված, նրանց գործունեությունն ուղղված է պետական և ազգային անվտանգության դեմ: Այդ ամենը կատարվում է հոգեբանական նուրբ աշխատանքով:

Ինչպես Պողոս առաքյալն է հորդորում (Եբր. 2:1) պետք է ուշադիր լինենք, պահպանելու համար մեր հայրերի հավատը: Առանց ճշմարիտ հավատքի չենք կարող արժանանալ Երկնքի Արքայության: Սուտ մարգարեներն ու վարձկան քարոզիչները փորձում են ապազգայնացնել մեր ազգայինը: Նրանք աղավաղում կամ նենգափոխում են Աստծո խոսքը՝ սուրբգրային համարները բովանդակային վերլուծության չենթարկելով: Նրանք տեսնում են միայն այն, ինչ ցանկանում են տեսնել: «Եվ չմոռանաք երբեք, որ որևէ մեկը ինքն իրենից չի կարող բացատրել Սուրբ գրքերի մարգարեությունները, որովհետև մարգարեությունները բնավ էլ մարդկանց կամքի ծնունդ չեն, այլ Աստծո մարդիկ Սուրբ Հոգու մղումով խոսեցին դրանք» (Բ Պետրոս 1:20):

«Խնդրում եմ, եղբայրնե՛ր, որ զգուշանաք այն մարդկանցից, որոնք երկպառակությունների և գայթակղությունների պատճառ են դառնում՝ շեղվելով այն վարդապետությունից, որը դուք սովորեցիք: Հեռո՛ւ մնացեք նրանցից, որովհետև այդպիսինները մեր Տիրոջը՝ Քրիստոսին չեն ծառայում, այլ իրենց որովայնին՝ քաղցր խոսքերով ու կեղծ գովասանքներով խաբելով պարզամիտներին»,- զգուշացնում է առաքյալը (Հռոմ. 16:17-18):

Քրիստոսի առաքյալը պատվիրում է մեզ ոչ միայն անխախտ պահել Հայ Առաքելական Սուրբ եկեղեցու անբիծ հավատն ու դավանությունը, այլև ճանաչել այնպիսիններին, որոնք այդ դավանությունից դուրս, խմորյալ վարդապետություն անելով, բաժանումներ են առաջացնում մեր սուրբ եկեղեցու մեջ և գայթակղեցնում միամիտներին:

«Հոգին առավել է, քան մարմինը» գիտակցությամբ զգուշանանք և հեռու մնանք հոգևոր գողերից, օձերից ու կարիճներից, որոնք գայթակղեցնելով գողանում են հոգիներին, թունավորում սրտերը, խախտում հավատքը, բաժանում եկեղեցուց, սրբություններից, ուղղափառ դավանանքից: Եվ որովհետև Քրիստոսին չեն ծառայում այդպիսինները, այլ իրենց որովայնին, ուրեմն. «Նրանց կյանքը թշնամանք է Քրիստոսի խաչին: Նրանց վախճանը կորուստ է, որովհետև նրանց Աստվածը իրենց փորն է» (Փիլիպպ. 3:18-19):

 

Կազմեց Գայանե Սուգիկյանը

 

29.01.19
ԲաԺանորդագրվել
Ընթերցել նաև
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․