Գրքեր

Ընդունելի և անընդունելի վարդապետներ

Մեր Եկեղեցին ամեն տարի տոնում է տասներկու վարդապետների տոնը: Այդ տասներկու վարդապետներն են` 1. Ռեթեոս Աթենացի, 2. Դիոնիսիոս Արիսպագացի, 3. Սեղբեստրոս` Հայրապետ Հռոմի, 4. Աթանաս, 5. Կյուրեղ Երուսաղեմացի, 6. Եփրեմ Խուրի Ասորի, 7. Բարսեղ Կեսարացի, 8. Գրիգոր Նյուսացի, 9. Գրիգոր Աստվածաբան, 10. Եպիփան Կիպրացի, 11. Հովհան Ոսկեբերան, 12. Կյուրեղ Ալեքսանդրացի: Այս վարդապետներն ապրել են սրբակենցաղ կյանքով և թողել են կարևոր ուսուցումներ, որոնց հիման վրա Եկեղեցին հետագայում կառուցել է Աստվածաշնչից բխող իր դավանաբանական դիրքորոշումները: Այս վարդապետները մեր Եկեղեցում տոնելի ոչ հայ, օտարազգի վարդապետներն են: Հայ վարդապետների տոնը տոնվում է առանձին: Հիշյալ վարդապետներից միայն մեկ անձ` Սեղբեստրոսը` Հռոմի Եկեղեցու եպիսկոպոսը, վարդապետական գրություններ չի թողել, և անգամ Հռոմի Կաթոլիկ Եկեղեցին Սեղբեստրոսին չի ընդունում որպես վարդապետ, որովհետև նա համապատասխան գրվածքներ չունի: Կարծիք կա, որ Սեղբեստրոսը տասներկու վարդապետների շարքում հիշվում է Գրիգոր Լուսավորչի հետ մոտ լինելու և իր գործունեությամբ ճշմարիտ վարդապետությանը հետևելու համար: Հետաքրքրական է, որ կաթոլիկ այլ հեղինակներ չեն ներառնվել վարդապետների շարքում: Բնական է, որ Քաղկեդոնի ժողովից հետո քաղկեդոնական Եկեղեցիների հեղինակներ ընդունելի չեն եղել հակաքաղկեդոնական Եկեղեցիների կողմից` քրիստոսաբանության մեջ բավականին տարբեր դիրքորոշումների պատճառով: Սակայն, օրինակ, Կաթոլիկ Եկեղեցու մեծ վարդապետներից Օգոստինոսը, ով չնայած ապրել ու գործել է 451 թ. տեղի ունեցած Քաղկեդոնի ժողովից առաջ (354-430), նույնպես բառիս բուն իմաստով վարդապետ չի համարվել Առաքելական մեր Սուրբ Եկեղեցու համար: Հավանաբար պատճառն այն է, որ այս հեղինակը արտահայտել է կարծիքներ, որոնք հետագայում հիմք են հանդիսացել Կաթոլիկ Եկեղեցու` մեզ համար անընդունելի վարդապետությունների: Օրինակ` Քրիստոսի այն խոսքից, թե Սուրբ Հոգու դեմ հայհոյությունը «չպիտի ներվի ո՛չ այս աշխարհում և ո՛չ էլ հանդերձյալում» (Մատթ. 12.32), Օգոստինոսը եզրակացրել է, որ ներում հնարավոր է նաև մահից հետո, որով և Կաթոլիկ Եկեղեցին ստեղծել է քավարանի վերաբերյալ իր ուսուցումը:

Այսօր Կաթոլիկ Եկեղեցին բազում հետևորդներ ունի, ովքեր հետևում են այդ Եկեղեցու վարդապետներին: Մեր եկեղեցական հեղինակներից մեկն ասում է, որ կաթոլիկ հավատացյալները չեն պատժվի մոլոր վարդապետության հետևելու համար, այլ կպատժվեն նրանց վարդապետները, որ ժողովրդին ճիշտ չեն սովորեցրել: Կաթոլիկ Եկեղեցում հիմնական համարվող վարդապետական դիրքորոշումներից հատկապես մի քանիսը չեն ընդունվում և ոչ մեկ այլ Եկեղեցու կողմից, ինչպես օրինակ` քավարանի գաղափարը, Սուրբ Երրորդության ուսուցման մեջ Սուրբ Հոգու բխումը նաև Որդուց, պապի անսխալականությունը, Կաթոլիկ Եկեղեցու գերիշխանության հավակնությունը և այլն: Այդ իսկ պատճառով մեր աստվածաբան Կաթողիկոսներից Ղազար Ջահկեցին հորդորում է, որ եթե հայ հավատացյալը ցանկանում է աղոթել, բայց այնպիսի վայրում է, ուր հայկական եկեղեցի չկա, սակայն կան կաթոլիկ և հունական եկեղեցիներ, ապա նախընտրելի է, որ հայ հավատացյալն աղոթի հունական եկեղեցում, քանի որ Հույն Եկեղեցին, որը չնայած, ի տարբերություն մեզ, քաղկեդոնական է, Կաթոլիկ Եկեղեցու վերոնշյալ սխալ կարծիքները չի ընդունում: Իսկ մեր Սուրբ Եկեղեցին այլ Եկեղեցիների հետ հարաբերություններում հետևում է Կաթոլիկ Եկեղեցու մեծագույն հեղինակություններից մեկի` Օգոստոնոսի նշած, և մեր Եկեղեցու Կաթողիկոսներից Սուրբ Ներսես Շնորհալու կողմից շեշտված սկզբունքին` միություն կարևոր բաներում, ազատություն երկրորդական բաներում և սեր ամեն ինչում:

 

Տեր Ադամ քհն Մակարյան

«Քրիստոնեության իսկությունը» գրքից

 

20.11.21
ԲաԺանորդագրվել
Ընթերցել նաև
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․