Գրքեր

«Յուրաքանչյուրին հատուկ է սիրելու կարողությունը»

Հոկտեմբերի 28-ին, Զորավոր Սբ. Աստվածածին եկեղեցու համայնքը, ԱՀԹ առաջնորդական փոխանորդ Գերաշնորհ Տ. Նավասարադ արք. Կճոյանի օրհնությամբ և հոգևոր հովիվ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյանի գլխավորությամբ, այցելեց Հույսի ավանի 2-րդ թաղամասի 4/99 հասցեում բնակվող Չիլինգարյան ընտանքին: 52-ամյա Ագապի Չիլինգարյանը միայնակ է խնամում իր երեք զավակներին: Տասնհինգ տարի առաջ նրա ամուսինը մեկնել է Ռուսաստան` արտագնա աշխատանքի և անհետ կորել: Այդ ընթացքում Չիլինգարյան ընտանիքը զրկվել է գրավ դրված իրենց բնակարանից, այնուհետև ապրել է վարձակալությամբ և միայն տասը տարի է, որ բնակվում է Հույսի ավանում՝ «Դիակոնիա» բարեգործական հիմնադրամի կողմից տրամադրած բնակարանում: Կարիքավոր ընտանիքն այլևս ընտանեկան նպաստ չի ստանում, քանի որ երեք զավակները չափահաս են: Տիկին Ագապիի երկու որդիներից առայժմ միայն մեկն է աշխատում, իսկ աղջիկն ուսանում է Երևանի Խ. Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի կուլտուրայի ֆակուլտետի փողային-էստրադային վճարովի բաժնում:

Տեր Գրիգորը բժշկության աղոթք կարդաց և ընտանիքին հանձնեց դրամական օգնություն (100 ԱՄՆ դոլար), որ տրամադրել էր մոսկվաբնակ Կարինա Համբարձումովան՝ ի հիշատակ իր վաղամեռիկ որդու՝ Դավիթ Համբարձումովի:

«Քրիստոսի ողջ երկրային ուղին սիրո պատվիրանի վկայությունը եղավ մեզ համար: Աստվածորդին աշխարհին սիրո մի նոր տեսակ բերեց՝ անմնացորդ նվիրում ու զոհողություն պահանջող սեր: Յուրաքանչյուրին հատուկ է սիրելու կարողությունը և արդարացի է, որ մենք՝ որպես Երկնավոր Հոր զավակներ և ժառանգորդներ, մեր անսահման վստահությունը, անկեղծ սերը, հարգանքն ու ակնածանքը տածենք մեզ Սիրող Հոր հանդեպ: Եթե սիրո պատվիրանի համաձայն՝ Տիրոջն ու մերձավորին չսիրենք անհատույց սիրով, ապա սերը մեր մեջ կկորցնի իր աստվածային բնույթը և կվերածվի անձնասիրության»,- ասաց Տեր Գրիգորը:

 

 

Կարինե Սուգիկյան

28.10.16
ԲաԺանորդագրվել
Ընթերցել նաև
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․