Գրքեր

Զանազան չարիքներից փրկող ողորմությունը

Ողորմությունը դա հանդիպում է. հանդիպում մարդու և Աստծո միջև: Դա մի հնարավորություն է կյանքի սրընթաց ռիթմի մեջ կանգ առնել Աստծո պատկերը և նմանությունը կրող այն անձի կողքին, ով կարիքի մեջ է և ցուցաբերել գթասրտություն: Ողորմություն-հանդիպումն անհրաժեշտ է և՛ տվողին և՛ վերցնողին, բայց, ըստ Սբ. Գրքի և եկեղեցու հայրերի խոսքի, այն առավել անհրաժեշտ է տվողին: Ամեն անգամ երկու միմյանց մեկնող ձեռքերի հանդիպումն աշխարհը դարձնում է առավել անշահախնդիր և մարդկային:

Եկեղեցական համայնքային կյանքից ներս հոգու պահանջ և կարևոր առաքելություն են ողորմություն-հանդիպումները:

Պահեցողության շրջանում, Զորավոր Սբ. Աստվածածին եկեղեցու համայնքը, հոգևոր հովվի՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյանի գլխավորությամբ, մեծ ուրախությամբ է ընդառաջ գնում այս հանդիպումներին:

Մարտի 18-ին համայնքն իր հերթական հանդիպումով եղավ Բուզանդի 22 հասցեում վարձակալությամբ ապրող Ավետյան ընտանիքում: Բազմազավակ անապահով ընտանիքի մայրը՝ 39-ամյա Մարինե Ավետյանը, իր մայրիկի և չորս զավակների հետ երկու տարի է, ինչ, տեղափոխվելով Արարատի մարզից, ապրում է տարրական պայմաններից զուրկ կիսաքանդ և խոնավ երկու սենյականոց տանը: Հարևաններից յուրաքանչյուրը փորձել է որևէ կերպ օգտակար լինել կարիքի մեջ հայտնված այս ընտանիքին: Ավետյան ընտանիքը Երևան է տեղափոխվել զավակներից երկուսի առողջական խնդիրների պատճառով. 9-ամյա Գևորգն ունի երիկամների խնդիր՝ սուր պոլիոնևֆրիտ, իսկ 4-ամյա Էվելինան կոնքազդրային բնածին հոդախախտի պատճառով արդեն մի քանի անգամ վիրահատվել է և այժմ թե՛ նա և թե՛ Գևորգը պարբերաբար բուժումների կարիք ունեն: Մարինեն և իր մայրը նույնպես երիկամային խնդիր ունեն: Ընտանիքի ավագ որդին զորակոչվել է Հայոց բանակ: Երեք տարի է, որ Մարինեի ամուսինը լքել է ընտանիքը, և նա մեծ դժվարությամբ է խնամում իր զավակներին:

«Ավագ դուստրս և տղաս՝ Գևորգը, մեկ ամիս դպրոց չեն հաճախել՝ հագուստ չունենալու պատճառով և այժմ նպաստ ստանալու ակնկալիքով՝ փորձում ենք գրանցվել Երևանում»,-ասաց Մարինեն:

Տեր Գրիգորը բժշկության աղոթք կարդաց և ընտանիքին հանձնեց համայնքի կողմից տրամադրած հերթական օգնությունը՝ սննդի փաթեթներ, հիգիենայի պարագաներ և դրամական օգնություն՝ Էվելինայի և Գևորգի ընթացիկ բուժումը շարունակելու համար: Ավետյան ընտանիքն իր գոհունակությունը հայտնեց Տեր Հորն ու համայնքին աջակցության համար:

Սիրաքի իմաստության գիրքն իր ընթերցողին հորդորում է. «Քո գանձն օգտագործի՛ր համաձայն Բարձրյալի պատվիրանների, և դա քեզ օգուտ կլինի ոսկուց ավելի: Ողորմությո՛ւն հավաքիր քո շտեմարաններում, և այն կփրկի քեզ զանազան չարիքներից, թշնամու դեմ կճակատի քեզ համար հզոր վահանից և ծանր նիզակից ավելի» (Սիրաքի իմաստություն 29:14-16):

 

 

Կարինե Սուգիկյան

18.03.16
ԲաԺանորդագրվել
Ընթերցել նաև
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․