Գրքեր

«Զաքարիայի ավետումը» տեսարանը պատկերների համակարգում

Պատկերագրության մեջ «Զաքարիայի ավետումը» սյուժետային նկարի հանդիպում ենք Էջմիածնի ավետարանի (ձեռ. №229) ձեռագրի վերջում (թերթ 228ա): Զաքարիայի ավետումը ներկայացված է տաճարում, որի սյուներն ու ոսկյա կամարը զարդարված են թանկարժեք քարերով: Զաքարիայի հագին քահանայապետերին հատուկ շքեղ զգեստ է, ինչպես նկարագրված է Աստվածաշնչում (Ելք 28:4-39)՝ խույրը, վակասը, որ միացած է երիզներով «ի վերայ երկոցունց կողմանց», բոժոժներով եզերված պատմուճանը՝ մանրամասնություն, որ հազվադեպ է պատահում: Վաղ միջնադարյան ստեղծագործություններում այս տեսարանը պատմողական նկարաշարի մասն էր կազմում: Այն տեսնում ենք Ռաբուլայի ավետարանում, Քեմբրիջի Ս. Օգոստինոսի ավետարանում, Եգիպտոսի Deir Abou Hennis-ի նկարներում և, հավանաբար, պատկերված է եղել նաև Peruštica-ի կարմիր եկեղեցում: Պետք է նշել, սակայն, որ տերունական մի շարք նկարներ բովանդակող գործերում նշված տեսարանը բնավ չի հանդիպում:

Էջմիածնի ավետարանում Զաքարիայի ավետումը կրկնում է Աստվածածնի ավետման տեսարանը, որը նկարված է թերթի հաջորդ երեսին, նույնանման հորինվածքով: Մարդկանց միևնույն համախմբումը, ճարտարապետական միևնույն  շրջանակը, միայն թե՝ հակառակ կողմից, ընդ որում Աստվածածնի տունը նույնպիսի շքեղ բնակարան է, ինչպիսին է այն տաճարը, որտեղ պատարագում էր Զաքարիան:  Զաքարիայի ավետումը ներկայացված է պատմական տեսանկյունից և Աստվածածնի ավետման տեսարանի զուգորդման շնորհիվ է, որ կարողանում ենք ըմբռնել նկարի բովանդակած խոր միտքը: Երկու նկարների այս առնչությունը մեզ օգնում է ավելի ճիշտ հասկանալ առաջինի իմաստը: Վերջինս ընտրել են ոչ թե նրա համար, որ այն պատկերում է Քրիստոսի ծննդին նախորդած ավետարանական նկարաշարի առաջին դրվագներից մեկը, այլ նրա համար, որ ունի աստվածահայտնության բնույթ, այն է՝ հրեշտակի զարմանահրաշ երևումը, ինչպես նաև Քրիստոսի մարդեղության հետ նրա ունեցած կապի պատճառով, որովհետև, ոչ միայն հրեշտակն է ավետում նրա ծնունդը («եղիցի մեծ առաջի Տեառն»), այլև Զաքարիան է գուշակում, որ իր որդին կքայլի՝ «առաջի երեսաց Տեառն պատրաստել զճանապարհս նորա» (Ղուկաս 1:15, 76):  

Ավստրիացի արվեստի պատմաբան Յոզեֆ Ստրժիգովսկին, որն առաջինն է ուսումնասիրել Էջմիածնի ավետարանի ձեռագիրը, «Զաքարիայի ավետումը» մանրանկարը համարում էր VI դ. սիրիական գործ, առաջնորդվելով այն մտայնությամբ, թե հիշյալ ժամանակաշրջանում հայկական նկարչություն գոյություն չի ունեցել: Թեև հետագայում ապացուցվեց նման ենթադրության ոչ ճիշտ լինելը, այնուամենայնիվ, բոլորի կողմից ընդունված է եղել այն կարծիքը, թե խնդրո առարկա մանրանկարները սիրիական են, որովհետև կատարված արտատպությունների վատ որակը հնարավորություն չէր տալիս ոճական ուսումնասիրություն կատարել: Հետագայում ձեռագրի ուսումնասիրության արդյունքում մասնագետները այն եզրակացության են հանգել, որ նշված մանրանկարը կատարված է հայ նկարիչների ձեռքով՝ VI դ. վերջին, կամ ավելի հավանական է՝ VII դ. սկզբին:

Եթե Զաքարիայի ավետման տեսարանի հրեշտակին համեմատենք Լմբատի քառագլուխ էակի մարդկային դեմքի հետ, կտեսնենք, որ երկուսի նկարներում էլ նույն երկարավուն ձվաձև դեմքն է և նույն ձևով են նկարված նաև դիմագծերը՝ նշաձև աչքեր, ուղիղ քիթ, փոքրիկ բերան: Եկեղեցապետական կեցվածք ունեցող մարդիկ, որոնք հագած են զուգահեռ երիզներ կազմող ծալքերով զգեստներ, սերտորեն առնչվում են այն սրբերի հետ, որոնք պատկերված են Թալինի ավագ խորանի ներքևի մասում և նույն հատկանշական գծերը (ֆակտուրան) երևում են նաև Լմբատում՝ գահին բազմած Քրիստոսի նկարում: Ընդհակառակը, եթե Էջմիածնի մանրանկարները բաղդատենք սիրիական ձեռագրերի մանրանկարների հետ, ինչպես, Ռաբուլայի ավետարանը, Փարիզի Ազգ. Մատենադարանի ավետարանն ու Աստվածաշունչը, կամ Դիարբեքիրի ավետարանի պատառիկը, կնկատենք ոճական նշանակալի տարբերություններ: Հնագույն շրջանի ավանդույթը ավելի լավ է պահպանվել սիրիական ձեռագրերում: Այստեղ մարդկանց շարժումները համարձակ են և նույնիսկ աշխույժ: Հանդերձները, որ ավելի դյուրաթեք են, հաճախ գծագրված են կոպիտ գծերով և ընդգծում են մարմինը: Նույնիսկ այն մանրանկարներում, որտեղ ոճավորումն առավել ցայտուն է արտահայտված, ինչպես Ռաբուլայի ձեռագրի ավետարանիչների նկարները կամ լուսանցքներում արված նկարները, որոնց մի մասում հանդես են գալիս Էջմիածնի ավետարանի հորինվածքներում ներկայացող պատկերագրական նույն տիպերը, ոճական նմանություններն այնքան ակներև չեն, ինչպես նշված մանրանկարների՝ հայկական եկեղեցիների նկարների հետ ունեցած նմանությունը:

Անտարակույս, անհրաժեշտ է հայերին վերագրել այս բարձրորակ մանրանկարները ու հավաստել, որ դեռ վաղ ժամանակներից նկարազարդման արվեստը Հայաստանում ունեցել է հանճարեղ մշակում: Նշված մանրանկարների հետաքրքրությունը, սակայն, դուրս է գալիս տեղական կամ ազգային շրջանակներից, որովհետև նրանք վկայում են ավետարանի նկարազարդման մի այնպիսի տիպի մասին, որից այլ նմուշ չի պահպանվել:

Եթե հիշատակված վաղ շրջանի օրինակները՝ Ռաբուլան, Քեմբրիջի ավետարանը,  Dier Abou Hennis-ը պատկերում են պատմական դեպքը, ապա ուրիշ հուշարձաններ ցույց են տալիս Զաքարիայի և Հովհաննես Մկրտչի կատարած դերը՝ իբրև փրկության մարգարեներ և նրանց պատկերները միացնում Քրիստոսի մարդեղության թեմային: Ամենավաղ օրինակը գտնվում է աղեքսանդրյան հռչակավոր ժամանակագրության մեջ: Զաքարիայի մարգարեության վերջում զետեղված մի մանրանկար մեկ հորինվածքում միացնում է հրեշտակի ավետումն ու նրա պատգամի իրագործումը՝ մանուկ Հովհաննեսը պատկերված է իր հոր գրկում: Պապիրուսի այդ միևնույն պատառիկի մյուս երեսին նկարված մի երկրորդ մանրանկար, որը պատկերում է Մարիամին, Եղիսաբեթի՝ նրան ուղղած խոսքերից հետո, նույնպես ներկայանում է իբրև տեքստի մեկնաբանություն: Այն տալիս է Եղիսաբեթի հետևյալ խոսքերի բացատրությունը՝ «Եւ ուստի՞ է ինձ այս, զի եկեսցէ մայր Տեառն իմոյ առ իս» (Ղուկաս 1:43)՝ ցույց տալով Մարիամի գրկում գտնվող Հիսուսին: Այս երկու հորինվածքները, որոնք նկարված են մի թերթի երկու երեսներին, ինչպիսիք Էջմիածնի ավետարանի մանրանկարներն են, տարբեր ձևով արտահայտում են գաղափարների նույն զուգորդումը:

Bobbio-ի սրվակներից մեկը, որտեղ Աստվածածինը պատկերված է կանգնած՝ Հովհաննես Մկրտչի և Զաքարիայի միջև, գաղափարների զուգորդման մի այլ նմուշ է: Ինչպես նկատել է Ա. Գրաբարը՝ «այն խումբը, որոնց հետ պատկերված է աստղի տակ գտնվող աղոթող Աստվածածինը, իսկ երկնքից աստղի վրա իշխում է իր փառքով ներկայացող Քրիստոսը, այլաբանորեն արտահայտում է Քրիստոսի մարդեղության խորհուրդը: Ս. Հովհաննեսի խոսքերը («Ահաւասիկ Գառն Աստուծոյ»), որոնք գրված են նրա ձեռքում գտնվող գրի վրա, հաստատում են այդ, միաժամանակ հավաստելով, որ փրկությունը լինում է շնորհիվ Բանի մարդեղությանը»: Եվ վերջապես, Պարենցոյի կաթողիկե եկեղեցու ավագ խորանի միջին գոտում Զաքարիան և Հովհաննես Մկրտիչը կանգնած են Ավետման տեսարանի հրեշտակի երկու կողմում՝ Աստվածածնի ավետման և այցելության տեսարանների միջև, մի խմբավորում, որը բացարձակ կերպով արտահայտում է նույն միտքը: Լոնդոնի կարոլինգյան փղոսկրում, որը վաղ միջնադարի նմուշ է, Զաքարիան և Հովհաննես Մկրտիչը կանգնած են գահին նստած և Մանուկը գրկին Աստվածածնի կողքերին:

Մատենադարանի № 7645 ավետարանում տեսնում ենք գծանկարային ոճով արված հարդարանքի և գեղանկարչական ոճով թեմատիկ մանրանկարների համադրություն: Ձեռագիրը նկարազարդել են  չորս մանրանկարիչ: Նրանցից՝  Առաքելը ներկայացրել է  «Զաքարիայի ավետումը» տեսարանը: Այն նկարչի ամենահաջողված մանրանկարն է: Ներկերը տեղ-տեղ թափվել են, սակայն նկարի առանձին հատվածներ, մասնավորապես՝ դեմքը և նուրբ գծագրված դաստակները, լավ են պահպանվել: Զաքարիան, ձեռքը մորուքին տարած, ապշահար և զարմացած նայում է երկնային պատվիրակի հայտնությանը: Այստեղ տեսնում ենք Առաքելին բնորոշ գեղեցիկ դեմքեր, թավ հոնքերի կամարներով ընդգծված խոշոր աչքեր: Ստվերումների և լուսավորումների միջոցով նկարիչը ծավալային լուծման տպավորություն է ստեղծել:

 

Կազմեց Գայանե Սուգիկյանը

 

10.12.20
ԲաԺանորդագրվել
Ընթերցել նաև
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․