Գրքեր

Զղջման և արտասուքների մասին

Սկյութիայում ոմն հայր Ապոլոնի մասին ասում էին, թե նախկինում գազանաբարո հովիվ էր եղել. տեսնելով ամայի վայրում մի հղի կնոջ` սատանայից դրդված ասել էր. «Կամենում եմ տեսնել, թե ինչպես է պտուղը բնակվում նրա որովայնում»: Պատռել էր կնոջ որովայնը, տեսել մանկանը, հետո զղջալով եկել էր Սկյութիա և հայրերին պատմել, թե ինչ ոճիր է գործել: Եվ լսելով, թե ինչպես են սաղմոսում և ասում. «Մեր կյանքի տարիների թիվը յոթանասուն է, առավելը` ութսուն, այն էլ` ցավերով ու հեծությամբ» (Սաղմ. ՁԹ 10), ասաց նրանց. «Ահա քառասուն տարեկան եմ և մի ժամ անգամ աղոթքի չեմ կանգնել, եթե սրանից հետո ապրեմ ևս քառասուն տարի, չեմ դադարի Աստծուն աղաչել, որ թողություն տա իմ մեղքերին»: Քանի որ ձեռագործ անել չգիտեր, հանապազ աղոթքի էր կանգնում և ասում. «Տե՛ր, Տե՛ր, իբրև մարդ մեղանչեցի Քո առաջ, իբրև Աստված թողությո՛ւն տուր իմ մեղքերին»: Եվ նա օր ու գիշեր աղոթքների ու խոկման մեջ էր: Ոմն եղբայր, որ նրա մոտ էր բնակվում,  լսում էր, թե նա ինչ­պես էր ասում. «Ձանձրացրի քեզ, Տե՛ր, թողությո՛ւն շնորհիր ինձ, որ գեթ փոքր­ինչ հանգստանամ»: Եվ կատարվեց նրա կամքը, որովհետև Աստված ներեց նրա բոլոր մեղքերը, ինչպես նաև` կնոջ մահը, բայց մանկան առնչությամբ նրա կամքը չկատարվեց: Ծերերից մեկը նրան ասաց. «Մանկան մեղքն էլ քեզ ներեց Աստված, սակայն Իր կամքով թողեց քեզ տքնության մեջ, քանզի դա օգտակար է քո   հոգուն»:

 

«Սուրբ հայրերի վարքն ու կենցաղավարությունը» գրքից, Հատոր Ա, Էջմիածին 2016

24.11.23
ԲաԺանորդագրվել
Ընթերցել նաև
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․