Գրքեր

«Զորավոր Ավետարանը» պատկերագիրք-ուսումնասիրության շնորհանդես. հին ավանդույթները վերականգնվում են

Մայիսի 10-ին ԱՀԹ-ի առաջնորդարանում Գերաշնորհ Տ. Նավասարդ արք. Կճոյանի հանդիսապետությամբ տեղի ունեցավ «Զորավոր Ավետարանը» պատկերագիրք-ուսումնասիրության շնորհանդեսը՝ նվիրված Մեսրոպ Մաշտոցի անվան Մատենադարանի 4060 համարը կրող բժշկարար զորությամբ հռչակված «Զորավոր» Ավետարանին: Այս Ավետարանն արդեն երեք տարի է, ինչ մայիսի 14-ին՝ Սբ. Մովսես Գ Տաթևացի հայրապետի մահվան հիշատակության օրը, Մատենադարանից բերվում է Զորավոր Սբ. Աստվածածին եկեղեցի՝ ի հաղորդակցություն հավատավոր հայորդիների:

Ըստ արձանագրության և մատենագիտական աղբյուրների` Սբ. Աստվածածին անունը կրող եկեղեցին Զորավոր է կոչվել հետևյալ պատճառներով. այս եկեղեցում է ամփոփված Սբ. Անանիա առաքյալի «ամենազոր» նշխարները և այս եկեղեցում է ժամանակին պահվել հրաշագործություններով հայտնի «Զորավոր» Ավետարանը:

Գերաշնորհ Տ. Նավասարդ արք. Կճոյանի նախագահությամբ շնորհանդեսը սկսվեց «Տերունական» աղոթքով, ապա ներկաները հոտնկայս մեկ րոպե լռությամբ հարգեցին Արցախյան քառօրյա պատերազմի ժամանակ զոհվածների հիշատակը:

Շնորհանդեսին բացման և ողջույնի խոսքով հանդես եկավ Զորավոր Սբ. Աստվածածին եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյանը: Անդրադառնալով «Զորավոր Ավետարանը» պատկերագիրք-ուսումնասիրության ստեղծման պատմությանը՝ Տեր Հայրը նշեց, որ գրքի մտահղացումը ծնվեց Սբ. Աստվածածին եկեղեցու Զորավոր անվան բացատրության իր փնտրտուքների և ուսումնասիրության արդյունքում: «Անցյալ տարի՝ մայիսի 14-ին՝ Սբ. Մովսես Գ Տաթևացի հայրապետի մահվան հիշատակության օրը, երբ «Զորավոր» Ավետարանը Մատենադարանից բերվեց եկեղեցի, սրբությունն ուղեկցող գիտաշխատող, պատմական գիտությունների թեկնածու Արսեն Հարությունյանի հետ սկիզբը դրվեց Ավետարանի մասին բացահայտող սույն պատկերագիրք-ուսումնասիրության նախաձեռնությանը, որ Սրբազան Հոր օրհնությամբ մեկ տարի անց կյանքի կոչվեց»,- ասաց Տեր Հայրը և հավելեց, որ եկեղեցու մասին բացահայտող հրատարակությունները շարունակական են լինելու և հաջորդիվ ընթերցասերին կներկայացվի եկեղեցու վիմագրության վերաբերյալ տեղեկություններ:

Իսկ թե որտե՞ղ է նկարազարդվել «Զորավոր» Ավետարանը, ո՞վ է եղել գրիչը, ո՞ր եկեղեցիներում է պահպանվել և ի՞նչ պատմություն ունի ձեռագրի կազմը, այս մասին ներկայացրեց «Զորավոր Ավետարանը» պակերագիրք-ուսումնասիրության համահեղինակ պատմական գիտությունների թեկնածու, Մատենադարանի ձեռագրագիտության և Մայր ցուցակի բաժնի գիտաշխատող Արսեն Հարությունյանը: Պակերագիրք-ուսումնասիրության մյուս համահեղինակ Մատենադարանի ձեռագրագիտության և Մայր ցուցակի բաժնի գիտաշխատող Արփինե Սիմոնյանն էլ ներկայացրեց «Զորավոր» Ավետարանի մանրանկարչության՝ խորանների, անվանաթերթերի, ավետարանիչների, լուսանցային մանրանկարների և լուսանցազարդերի, զարդագրերի վերաբերյալ տեղեկություններ:

Այնուհետև «Զորավոր Ավետարանը» պակերագիրք-ուսումնասիրության նախաձեռնողի՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյանի, գրքի մեկենասների և գիտաշխատողների կատարած շնորհակալ աշխատանքի մասին բարձր գնահատանքի և շնորհավորանքի խոսք ասաց Նավասարդ Սրբազանը՝ ի մասնավորի նշելով. «Զորավոր Սբ. Աստվածածին եկեղեցու պատմությունն ու հայ ժողովրդի պատմությունը միանման են. տառապանք, չարչարանք, կործանում, բայց և՝ հարություն: Քրիստոնյա ժողովրդի ինքնությանը բնորոշ պատմական մի ընթացք, որտեղ իր անփոխարինելի դերակատարությունն ունի հոգևոր կրթությունն ու մշակութային զարթոնքը: Թուրք-պարսկական պատերազմի վերջավորությանը՝ 1636թ-ին, պարսիկ խանը երևանցիների խնդրանքով դիմում է Մովսես Տաթևացուն, որպեսզի Զորավոր Սբ. Աստվածածին եկեղեցու տարածքում կազմակերպի կրթական կենտրոն: Սբ. Անանիա առաքյալի անապատում հիմնադրված կրթական կենտրոնի համբավը հասնում է մինչև Հունաստան, Վրաստան, Պարսկաստան, Թուրքիա: Այսօր, թեև Սբ. Անանիայի անապատը չի գործում, սակայն վերականգնված ակտիվ համայնքային կյանքը գրավականն է հոգևոր կրթության և մշակույթի զորացման շարունակական ընթացքի: Սբ. Անանիայի անապատը գործել է մինչև 1835 թվականը: Մարաղացի գաղթականներն, ովքեր համախմբվել էին այդ եկեղեցու շուրջ, այն դարձրեցին իրենց ծխական եկեղեցին: Բազմաթիվ անգամներ այն ավերվել է թշնամիների արշավանքներից, երկրաշարժից, փայտաշենից վերածվել է սրբատաշ տուֆով կառուցված եկեղեցու և այդպես շարունակ. և հիմա էլ, շնորհիվ Տեր Գրիգորի, շարունակում է ծխական իր գործունեությունը՝ մշտապես բարեկարգվելով և հին ավանդույթները վերականգնելով:

Այս հրատարակությունը նպատակ ունի բացահայտել ոչ միայն «Զորավոր» Ավետարանի պատմությունն ու առանձնահատկությունը, այլև փաստել մի բացարձակ ճշմարտություն՝ Այբ Բեն Գիմը մեր հոգին է: Ավետարանը, կրթական կենտրոնը, որպես անապատ, ինքնակենտրոնացման տեղ՝ այդ հոգու մարմնացումն է: Այբ Բեն Գիմով մենք վերակերտվեցինք՝ ժողովրդից վերածվելով ազգի և Ավետարանի ոգին թանձրացնելով մեր մեջ, մեր հոգին մեկնեցինք աշխարհին:

Հայի ինքնությունն իր մեջ ամփոփող կենտրոն է Մատենադարանը: Մենք պետք է վերարթնացնենք Մատենադարանի ոգին` որպես կենդանի վկայություն հայի ինքնության և անկոտրում հավատքի: Այս հրատարակությունը ևս մեկ քայլ է այդ առաքելությունը կյանքի կոչելու ճանապարհին:

Շնորհքը, սերը, խաղաղությունը թող լինի ամենքիդ հետ, և «Զորավոր» Ավետարանը ուժ, կորով պարգևի ու առաջնորդի ձեզ հավատքի ճանապարհին. ամեն»:

Նշենք, որ «Զորավոր Ավետարանը» պակերագիրք-ուսումնասիրության պատրաստումն ու հրատարակումն իրականացվել է Զորավոր Սբ. Աստվածածին եկեղեցու համայնքի անդամներ Գեղամ և Արամ Ղուկասյանների մեկենասությամբ՝ ի հիշատակ վաղամեռիկ ծնողների՝ Էդիկ Ղուկասյանի և Ջուլիետա Բեգլարյանի: Մեկենասներից Գեղամ Ղուկասյանն այս տարի Զորավոր Սբ. Աստվածածին եկեղեցու Սբ. Ծննդյան ջրօհնեքի խաչքավորն է:

Շնորհանդեսի ավարտին Զորավոր Սբ. Աստվածածին եկեղեցու «Զորավոր» երգչախումբը, խմբավարությամբ Անուշ Հարությունյանի, հանդես եկավ հոգևոր և աշխարհիկ երգերի կատարմամբ:

Այսուհետ «Զորավոր» Ավետարանի սրբությանը հաղորդակից յուրաքանչյուր անձ հնարավորություն կունենա առավել մանրամասնորեն ծանոթանալու հրաշագործ ձեռագրի ստեղծման պատմությանը «Զորավոր Ավետարանը» պակերագիրք-ուսումնասիրությունից:

 

Կարինե Սուգիկյան

10.05.16
ԲաԺանորդագրվել
Ընթերցել նաև
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․