Գրքեր

«Զորավոր» երիտասարդաց միության ուխտի ճանապարհը

«Քա՛վ լիցի, որ ես մեր Տիրոջ՝ Հիսուս Քրիստոսի Խաչից բացի ուրիշ բանով պարծենամ» (Գաղատացիներ 6:14), Պողոս առաքյալի այս խոսքերը մեջբերելով՝ պատարագիչ քահանան անդրադարձավ «Սուրբ Խաչի երևման» տոնին, նաև Սբ. Կիպրիանոսի դարձի հետ կապված հետևյալ խոսքերին՝ եթե Խաչը այսքան զորավոր է, ապա Խաչյալը որքան զորավոր է: Ապա նշեց՝ ասելով. «Քրիստոս Իր խաչելությամբ հաղթեց չարին՝ փրկություն շնորհելով ողջ աշխարհին: Խաչի երևումով Աստված հիշեցնում է Իր փրկության մասին և հորդորում է գալ դեպի Իրեն: Վերցնել խաչը և գնալ Հիսուսի հետևից, նշանակում է թողնել այս աշխարհի հոգսերը: Սուրբ Խաչի հրաշագործ զորությունը վկայում են այս նշանով առաջնորդված մի շարք պատերազմների հաղթանակները: Այս նշանով է օրհնվում ամեն ինչ: Խաչը ունենալով մեր սրտերում՝ առանց երկմտելու քայլենք խաչի ճանապարհով դեպի մեր Տերը»: Քարոզի ավարտին Տեր Հայրը ներկա երիտասարդներին մաղթեց, որ Աստված ընդունի իրենց ուխտը և պահապան լինի Սուրբ Խաչի զորությամբ:

Ուխտավայրը Սաղմոսավանքն էր, պատարագիչը Մուղնու Սուրբ Գևորգ եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Եղիշե քահանա Բարսեղյանը, ուխտավորները Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցու «Զորավոր» երիտասարդաց միության անդամներն էին, ովքեր ուխտի էին եկել հոգևոր հովիվ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյանի և միության հոգևոր պատասխանատու Տեր Զգոն քահանա Աբրահամյանի ուղեկցությամբ:

Նրանց ուխտի ճանապարհը սկսվեց Սաղմոսավանքից, հաջորդ ուխտավայրը՝ Բյուրականի Սուրբ Հովհաննես եկեղեցին էր:

Թեև ավանդաբար Սուրբ Հովհաննես եկեղեցու կառուցումը վերագրվում է Հովհաննես Ե Դրասխանակերտցի կաթողիկոսին (898-929 թթ.), բայց մի շարք փաստեր վկայում են, որ Բյուրականի Սուրբ Հովհաննես եկեղեցին Հայաստանի հնագույն եկեղեցիներից է: Միանավ, բազիլիկ այս եկեղեցին եղել է որպես վանք, գրչության կենտրոն: Եկեղեցում է ամփոփված Սուրբ Հովհաննես Մկրտչի մասունքները:

Գեղեցկատեսիլ վայրում գտնվող եկեղեցու բակում երիտասարդները սիրո ճաշ ունեցան, որից հետո իրենց օրը հագեցրին ուրախ նոտաներով՝ ժողովրդական և հայրենասիրական երգերով:

Բյուրականում ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ, կոմպոզիտոր, «Երևանյան հեռանկարներ» երաժշտական փառատոնի հիմնադիր Ստեփան Ռոստոմյանը ուխտավորներին հրավիրեց իր իսկ կողմից հիմնադրած «Բյուրական» արվեստի ակադեմիան: Հետաքրքիր լուծումներով՝ սև ու սպիտակի հակադրություններով, կոմպոզիտորի մտահղացմամբ նախագծված և կառուցված ակադեմիայում ուխտավորները հետաքրքիր ժամեր անցկացրին՝ ծանոթանալով մշակութային կյանքին առնչվող կոմպոզիտորի մտածումներին:

Կոմպոզիտորի ուղեկցությամբ ուխտավորները եղան անանուն սրբի մատուռում: Իսկ Սբ. Հովհաննես եկեղեցում Տեր Գրիգորն ու Տեր Զգոնը երեկոյան ժամերգություն անցկացրին, ուխտավորները Սբ. Հովհաննես Մկրտչի բարեխոսությունը խնդրեցին:

Երիտասարդների համար կարևոր են ուխտագնացությունները: Ուխտավորներից Մարիամը նշեց, որ իր համար ամեն մի ուխտագնացություն հոգևոր աճի և Աստծուն մոտենալու մի հնարավորություն է:

«Ամեն անգամ ինձ կարող է ուխտագնացության բերել որևէ հուզմունք, թեև շատ կցանկանայի ուխտագնացության գալ նաև շնորհակալություն հայտնելու նպատակով: Եվ ամեն անգամ հետաքրքիր, հրաշքին հավասար պատասխան եմ ստանում Աստծուց: Յուրաքանչյուր ուխտագնացություն մեզ՝ մասնակիցներիս, անհասականելի կապով միավորում է, մտերմացնում և բարեկամացնում»,- ասաց Կարինեն:

Մեկնելուց առաջ Տեր Զգոնը ուխտավորներին մաղթեց աստվածային շնորհներ և բարի ընթացք երկրային կյանքի ճանապարհին: Իսկ Տեր Գրիգորը շնորհակալություն հայտնեց իր հոգևոր եղբորը՝ Տեր Զգոնին, ուխտագնացության կազմակերպման հրաշալի օրվա համար, նաև իր շնորհակալությունը հայտնեց կոմպոզիտոր Ստեփան Ռոստոմյանին ակադեմիայում հյուրընկալության առիթով:

 

Կարինե Սուգիկյան

03.05.15
ԲաԺանորդագրվել
Ընթերցել նաև
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․