Գրքեր

«Զորավոր Մանկունք»-ի ելույթը Բուն բարեկենդանին

Հայ Առաքելական Սուրբ եկեղեցում փետրվարի 7-ից սկսվեց Մեծ պահքի կիրակիների ոսկե շղթան: Առաջին կիրակի օրը՝ Բուն բարեկենդանին, Հայաստանի ազգային պատկերասրահի «Հակոբ Կոջոյանի և Արա Սարգսյանի տուն-թանգարան»-ի մասնաճյուղում Զորավոր Սբ. Աստվածածին եկեղեցու «Զորավոր մանկունք» երգչախումբը հանդես եկավ գրական-երաժշտական կոմպոզիցիայով:

«Զորավոր մանկունք»-ը գեղարվեստական ղեկավար Գոհար Հարությունյանի գլխավորությամբ իր յուրահատուկ մեկնաբանությունն էր տվել օրվա խորհրդին:

Բուն բարեկենդանը յուրաքանչյուրիս հիշեցնում է մեր նախածնողների՝ Ադամի և Եվայի դրախտային փափուկ և երանական կյանքը: Չկար ոչինչ, որ տրտմեցներ նրանց, ընդհակառակը, Ադամն ու Եվան ապրում էին անսպառ երկնային հավիտենական ուրախության մեջ, քանի որ վայելում էին Աստծո անմիջական ներկայությունը: Սակայն երանելի օրերը կարճ տևեցին նրանց համար՝ Աստծո հանդեպ անհնազանդության պատճառով:

Եվ «Զորավոր մանկունք»-ն ի ուրախություն հանդիսատեսի հիշեցրեց, որ կորուսյալ դրախտի դուռը մեր առջև փակ չմնաց, այլ երկրորդ Ադամի՝ Հիսուս Քրիստոսի մարդեղությամբ մեր առջև վերստին բացվեց դրախտի ճանապարհը՝ զղջումով, ապաշխարությամբ և առաքինի վարքով մեղքերից մաքրվելով, վերստին արժանի դառնալու դրախտի փափկությանը:

Օրվա ուրախությունը «Զորավոր մանկունք»-ն ազդարարեց «Այսօր տօն է Սբ. Ծննդյան» շարականով: Երեխաներն երգելուն զուգահեռ նաև նվագում էին հարվածային գործիքներով՝ զանգակներով, զանգուլակներով, տամբուրիով, խողովակավոր զանգակներով:

«Սկզբում էր Բանը, և Բանն Աստծո մոտ էր, և Բանն Աստված էր: Ամեն ինչ Նրանով եղավ, ինչ որ եղավ: Եվ առանց Նրա ոչինչ չեղավ, ինչ որ եղավ: Նրանով էր կյանքը, և կյանքը լույսն էր մարդկանց: Եվ լույսը խավարում լույս է տալիս, և խավարը չճանաչեց Նրան: Եվ Բանը մարմին եղավ և բնակվեց մեր մեջ. և Նրա փառքը տեսանք՝ ինչպես Հորից ծնված Միածնի փառք՝ շնորհներով և ճշմարտությամբ լի» (Հովհաննես 1:1-5,14-15): Փրկչի Ծննդյանը վերաբերող Հովհաննես ավետարանչի այս մեջբերումից բացի երեխաներն անդրադարձան Եսայի մարգարեի կանխասացությանը, Աստվածամոր ծննդյանը՝ եզրափակելով այն տոնի բուն պատմությամբ: Գրական-երաժշտական կոմպոզիցիայի ընթացքում «Զորավոր մանկունք»-ը կատարեց Սբ. Պատարագից հատվածներ, շարականներ ու ժողովրդական երգեր՝ «Քրիստոս ծնաւ և յայտնեցաւ», «Սուրբ-սուրբ», «Մեծացուսցէ զանձն իմ զՏէր», «Խնկի ծառի նման ես», «Ջան գառնուկ», «Սարի լանջին մահճակալ», «Լորիկ»:

«Զորավոր մանկունք»-ն իր երգերով, պարերով, ասմունքով և բեմադրությամբ, տոնի հոգեպարար ուրախությունն ապրելով, ապրումակից դարձրեց նաև ներկաներին:

Երգչախմբի գրական-երաժշտական երեկոն առանձնահատուկ կերպով գեղեցկացրել էր Հայաստանի ժողովրդական վարպետ, միջազգային փառատոնների դափնեկիր, հոգևոր առաջնորդության և Աշոտ Երկաթ դրոշների հեղինակ Անահիտ Կարապետյանն իր ձեռքի աշխատանքներով: Փոքրիկ ցուցահանդեսին ներկայացված էր անցյալ տարի մյուռոնօրհնեքին գործածված մյուռոնի կաթսայի ծածկոցը, սկիհի ծածկոցներ և մարմնակալ (գորփուրա), որ Սուրբ Պատարագի ժամանակ փռում են սկիհի տակ՝ որպես պատիվ և հարգանք սրբության:

«Սբ. Ծննդյան հրաշափառ իրողության պատմությունը «Զորավոր մանկունք»-ը զուգորդեց հրաշալի կատարումով՝ պարգևելով բոլորիս հոգևոր մի գանձ՝ մանուկների շուրթերով Տիրոջ ներկայությունը վայելելու առիթ: Սբ. Ծննդյան ուրախությունը մանուկները զուգորդեցին Բուն բարեկենդանի ուրախության խորհրդին: Յուրաքանչյուր մանուկ իր տան ուրախությունն է, և այս մանուկները, համախմբվելով Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցու կամարների ներքո, ի շնորհիվ գեղարվեստական ղեկավար Գոհար Հարությունյանի «Զորավոր մանկունք» են դարձել»,- միջոցառման ավարտին ասաց Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցու խորհրդակատար Տեր Վահան քահանա Առաքելյանն՝ իր շնորհակալությունը հայտնելով «Զորավոր մանկունք»-ին գլխավորությամբ Գոհար Հարությունյանի, ծնողներին, ներկաներին, Անահիտ Կարապետյանին և «Հակոբ Կոջոյանի և Արա Սարգսյանի տուն-թանգարան»-ի մասնաճյուղի տնօրինությանը դահլիճի տրամադրման համար:

Գրական-երաժշտական կոմպոզիցիային ներկա էին նաև «Լեհ ընտանիք» կազմակերպության աշխատակիցները, որոնց առաջարկությամբ օրեր անց՝ փետրվարի 19-ին, «Զորավոր մանկունք»-ը Սբ. Ծննդյան շարականներով հանդես կգա Մերձբալթյան երկրներից Հայաստան ժամանած երգչախմբի հետ, ովքեր հին լեհերենով նույնպես կկատարեն Սբ. Ծննդյանը նվիրված հոգևոր երգեր:

Հարվածային գործիքներից մեկը, որով նվագում էին երեխաները, կոչվում էր խողովակավոր զանգակ, որի հեղինակը միջնադարյան երաժշտության մասնագետ, հայկական վիոլայի մենակատար, կոմպոզիտոր Գրիգոր Առաքելյանն է: «Կոմիտասը իր աշխատության մեջ գրում է, որ, ըստ պեղումների և գիտական տվյալների, հայկական երաժշտական գործիքների մեջ առկա են եղել նաև զանգակներ, զանգուլակներ, թմբուկներ: Եվ քանի որ երեխաների համար հետաքրքիր և դժվար չէ ռիթմ հարվածելը, ուստի այն զուգահեռվեց կատարման հետ»,- ասաց կոմպոզիտորը:

Բուն բարեկենդանին «Զորավոր մանկունք»-ը ներկաներին հիշեցրեց միշտ Տիրոջով ուրախ լինելու կարևոր հորդորը. «Միշտ ուրա՛խ եղեք Տիրոջով, նորից ասում եմ՝ ուրա՛խ եղեք» (Փիլիպպեցիներ 4:4):

 

 

Կարինե Սուգիկյան

07.02.16
ԲաԺանորդագրվել
Ընթերցել նաև
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․