Գրքեր

Զորավոր Ս. Աստվածածին եկեղեցու համայնքը տարին սկսեց աղոթքով

Հայ Առաքելական Սուրբ եկեղեցին իր բազմադարյան ճանապարհին մշտապես կյանքի է կոչել այն գեղեցիկ ավանդույթը, համաձայն որի, իր զավակներն իրենց քայլերն ուղղել են դեպի Աստծո տուն՝ տարեսկիզբն Աստծով իմաստավորելու: Այսօր էլ դեպի Աստված ընթացողի համար տարվա ավարտն ու սկիզբը նշանավորվում է Տիրոջն ուղղված օրհնաբանությամբ և փառաբանությամբ: Զորավոր Ս. Աստվածածին եկեղեցու սուրբ հարկից ներս բազմաթիվ հավատավոր հայորդիներ էին մեկտեղվել՝ Տարեմուտի գիշերը իրենց փառաբանական աղոթքն առ Տեր հնչեցնելու:

Տարեմուտի արարողությունը սկսվեց Գիշերային ժամերգությամբ, ապա կատարվեց «Վասն Հանրապետութեան Հայաստան աշխարհի» մաղթանքը, որով հայցվեց Տիրոջից Իր ամենաառատ ողորմությունը, որպեսզի պահի և պահպանի Հայաստան աշխարհը խաղաղության, բարօրության և անսասանության մեջ:

Հանրապետական մաղթանքից հետո Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցու խորհրդակատար Տեր Վահան քահանա Առաքելյանն ամանորյա իր շնորհավորանքի խոսքն ուղղեց ներկաներին. «Սիրելի՛ հավատավոր զավակներ Հայ Առաքելական Սուրբ եկեղեցու, գոհություն և փառք Երկնային Տիրոջը, որ Նոր տարին միասնաբար դիմավորում ենք Աստծո սուրբ տաճարում: 2017 թ.-ը սկսում ենք աղոթքով, հույս և վստահություն ունենք, որ Տիրոջ օրհնությամբ և պահպանությամբ կապրենք այն ժամանակահատվածը, որ պարգևել է մեզ մեր Տերը: Հարատևելով աղոթքի մեջ՝ հարատևում ենք հավիտենական կյանքի և հույսի մեջ: Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի բարձր տնօրինությամբ, արդեն երրորդ տարին է, ինչ նռան օրհնության կարգ ենք կատարում՝ գոհանալով Տիրոջից մեզ պարգևած բարիքների համար: Օրհնված նուռը մեր ձեռքն առնելով՝ փառաբանում ենք Աստծուն և վկայակոչում ենք մեր Հայ Առաքելական Սուրբ եկեղեցու զավակների միաբանությունը: Ինչպես որ նուռն իր վառ գույնով և գեղեցիկ տեսքով մեկ է, բայց ունի բազում հատիկներ, այնպես էլ Հայ Առաքելական Սուրբ եկեղեցին մեկ և միասնական է իր բազմաթիվ զավակներով: Մաղթում ենք, որ Տիրոջ օրհնությունը, սերը մշտապես ներկա լինի ձեր կյանքում, սիրելիներ, ապրեք առողջ, խաղաղ ու երջանիկ և գոհությամբ փառավորենք մեր Երկնավոր Տիրոջն այժմ և միշտ և հավիտյանս հավիտենից․ ամեն: Շնորհավոր Ամանոր»:

Գոհաբանական աղոթքից հետո ներկաները մասնակցեցին նռնօրհնեքի կարգին՝ ստանալով օրհնված նռներ: Քրիստոնեության մեջ նռան սիմվոլիկան բավականին տարողունակ է, այն մեր Տիրոջ՝ Հիսուս Քրիստոսի խորհրդապատկերն է՝ Իր՝ գավաթում հեղված արյամբ, իսկ կերպարվեստում, երբ պատկերել են Տիրոջը նռով, արտահայտել են Քրիստոսի հարության գաղափարը: Նուռը խորհրդանշում է աստվածային շնորհների բազմազանությունը, Եկեղեցին՝ իր բազմաթիվ հոտով:

Նոր տարվա նախաշեմին չհնացող և ամեն անգամ նոր կյանք պարգևող Տիրոջ խոսքը բախում է մեր սրտի դուռը ու հորդորում. «Մի՛ ընդօրինակեք այս աշխարհի մարդկանց վարմունքը, այլ նոր մարդ եղեք նորոգված մտքերով, որպեսզի իմանալով Աստծո կամքը, ձեր փորձառությամբ ընտրեք լավը, այսինքն՝ ինչ որ բարի է, ինչ որ ընդունելի է Նրան և կատարյալ» (Հռոմեացիներ 12:2):

Ս. Հովհան Ոսկեբերանը, վերոհիշյալ հատվածը մեկնաբանելով, հորդորում է. «Քանի որ մարդկանց հատուկ է ամեն օր մեղանչելը, ուստի, Ս. Պողոս առաքյալի խոսքի համաձայն, անհրաժեշտ է ամեն օր նորոգվել: Ինչպե՞ս ենք վերաբերվում մեր տան հետ, մշտապես նորոգում ենք այն, ինչ խարխլվել է, այդպես և վարվիր քեզ հետ: Մեղանչե՞լ ես այսօր, քո

հոգին խարխլվե՞լ է, մի՛ հուսահատվիր, այլ նորոգիր այն զղջումով, ապաշխարությամբ, պահքով, բարեգործությամբ և ոչ մի անգամ մի դադարիր դա անելուց»:

 

 

Կարինե Սուգիկյան

31.12.16
ԲաԺանորդագրվել
Ընթերցել նաև
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․